2010–2019 թթ․
Մեր հավատքի փորձությունից հետո
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


Մեր հավատքի փորձությունից հետո

Երբ մենք հետևենք Աստծո ձայնին և Նրա ուխտի ճանապարհին, Նա կզորացնի մեզ մեր փորձություներով:

Երբ ես երեխա էի, Ֆռանկ Թելլի անունով Եկեղեցու մի բարի անդամ առաջարկեց օգնել իմ ընտանիքին՝ իր մասնավոր ինքնաթիռով թռչելու Պուերտո Ռիկոյից Սոլթ Լեյք Սիթի, որպեսզի մենք կարողանայինք կնքվել տաճարում, բայց շուտով խոչընդոտներ հայտնվեցին: Իմ քույրերից մեկը՝ Մերիվիդը, հիվանդացավ: Անհանգստացած, ծնողներս աղոթեցին, որպեսզի իմանան՝ ինչպես վարվել, և, սակայն, հուշում ստացան կատարել ուղևորությունը: Նրանք վստահ էին, որ եթե իրենք հավատարմորեն հետևեն տաճար գնալու Տիրոջ հուշումներին, Նա կհսկի մեր ընտանիքը և կօրհնի մեզ, և այդպես էլ եղավ:

Անկախ նրանից, թե ինչ խոչընդոտների ենք բախվում կյանքում, մենք կարող ենք վստահ լինել, որ Հիսուս Քրիստոսը կպատրաստի առաջընթաց ճանապարհը, երբ մենք քայլենք հավատքով: Աստված խոստացել է, որ բոլոր նրանք, ովքեր ապրում են ըստ Նրա հետ կապած ուխտերի, Նրա ուրույն ժամանակին կստանան բոլոր խոստացված օրհնությունները: Երեց Հոլլանդն ուսուցանել է․ «Որոշ օրհնություններ շուտ են գալիս, մյուսները գալիս են ուշ, իսկ մի մասն էլ չի գալիս, քանի դեռ երկնքում չենք, բայց նրանց համար, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, դրանք գալիս են»:1

Մորոնին ուսուցանել է, որ «հավատքը բաներ են, որոնց համար հույս ունենք և չենք տեսնում, ուստի, մի վիճեք, եթե դուք չեք տեսնում, քանզի նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:2

Մեր հարցը պետք է լինի. «Մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի լավագույնս դիմակայենք փորձություններին, որոնք հանդիպում են մեր ճանապարհին»:

Որպես Եկեղեցու Նախագահ իր առաջին հրապարակային ելույթի ժամանակ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Որպես նոր նախագահություն, մենք ցանկանում ենք սկսել՝ մտքում ունենալով վերջնական նպատակը: Այդ իսկ պատճառով մենք այսօր ձեզ հետ խոսում ենք տաճարից։ Նպատակը, որին մեզանից յուրաքանչյուրը ձգտում է, զորությամբ Տիրոջ տանը օժտվելն է, ընտանիքներով կնքվելը, տաճարում կապած ուխտերին հավատարիմ մնալը, ինչը մեզ արժանի կդարձնի Աստծո մեծագույն պարգևին, որն է՝ հավերժական կյանքը։ Տաճարային արարողությունները և այնտեղ կապած ձեր ուխտերը կարևորագույն հիմք են՝ ձեր կյանքը, ձեր ամուսնությունն ու ընտանիքը ամրացնելու և հակառակորդի հարձակումներին դիմակայելու ձեր ունակության համար։ Տաճարային երկրպագությունը և այնտեղ ձեր ծառայությունը ձեր նախնիների համար կօրհնեն ձեզ ավելի մեծ անձնական հայտնություններով ու խաղաղությամբ, և կամրացնեն ուխտի ուղու վրա մնալու ձեր վճռականությունը»։3

Երբ մենք հետևենք Աստծո ձայնին և Նրա ուխտի ճանապարհին, Նա կզորացնի մեզ մեր փորձություններով:

Տարիներ առաջ իմ ընտանիքի ճամփորդությունը դեպի Սոլթ Լեյք Սիթիի Տաճար դժվար էր, բայց երբ մոտեցանք տաճարին, մայրս, հավատքով լի, ասաց. «Ամեն բան լավ կլինի մեզ հետ, Տերը կպաշտպանի մեզ»: Շուտով մենք կնքվեցինք ընտանիքով, իսկ քույրս առողջացավ։ Այս ամենը տեղի ունեցավ միայն իմ ծնողների հավատքի փորձությունից և այն բանից հետո, երբ նրանք հետևեցին Տիրոջ հուշումներին:

Իմ ծնողների այս օրինակը այսօր դեռևս ազդեցություն ունի մեզ վրա: Նրանց օրինակն ուսուցանեց մեզ ավետարանի վարդապետության ինչուն և օգնեց մեզ հասկանալ այն իմաստը, նպատակն ու օրհնությունները, որոնք ավետարանն է մեզ տալիս: Հասկանալով Հիսուս Քրիստոսի ավետարանի ինչուն, նաև կարող ենք հավատքով դիմակայել մեր փորձություններին։

Ի վերջո, այն ամենը, ինչ Աստված խնդրում ու պատվիրում է մեզ անել, Նրա սիրո արտահայտությունն է մեր հանդեպ և Նրա ցանկությունը՝ տալու մեզ այն օրհնությունները, որոնք պահված են հավատարիմների համար: Մենք չենք կարող ենթադրել, որ մեր երեխաներն ինքնուրույն կսովորեն սիրել ավետարանը. մեր՝ ծնողներիս պարտականությունն է ուսուցանել նրանց: Երբ մենք օգնում ենք մեր զավակներին իմաստուն կերպով օգտագործել իրենց ազատ կամքը, մեր օրինակը կարող է ոգեշնչել նրանց կատարել իրենց արդար ընտրությունները: Նրանց հավատարիմ ապրելակերպը, իր հերթին, կօգնի իրենց զավակներին անձամբ հասկանալ ավետարանի ճշմարտությունը:

Երիտասարդ տղամարդի՛կ և երիտասարդ կանա՛յք, լսեք թե մարգարեն ինչպես է խոսում ձեզ հետ այսօր։ Ձգտեք անձամբ սովորել աստվածային ճշմարտությունները և անձամբ հասկանալ ավետարանը: Նախագահ Նելսոնը վերջերս խորհուրդ է տվել. «Ի՞նչ իմաստություն է պակասում ձեզ: … Հետևեք Մարգարե Ջոզեֆի օրինակին: Գտեք մի խաղաղ վայր: … Խոնարհվեք Աստծո առաջ: Ձեր սիրտը բացեք ձեր Երկնային Հոր առաջ: Դիմեք Նրան պատասխանների համար»:4 Երբ աղոթքով առաջնորդություն խնդրեք ձեր սիրառատ Երկնային Հորից՝ լսելով ապրող մարգարեների խորհուրդները և հետևելով արդար ծնողների օրինակին, դուք ևս կարող եք հավատքի ամուր օղակ դառնալ ձեր ընտանիքում:

Դիմում եմ ծնողներին, ում զավակները, գուցե, շեղվել են ուխտի ճանապարհից, մեղմորեն հետ վերադարձրեք նրանց: Օգնեք նրանց ըմբռնել ավետարանական ճշմարտությունները: Սկսեք հիմա, երբեք ուշ չէ:

Արդար ապրելակերպի մեր օրինակը ևս կարող է նկատելի լինել: Նախագահ Նելսոնն ասել է. «Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք սովոր ենք մտածել «եկեղեցու» մասին որպես մի բանի, որը տեղի է ունենում մեր հավաքատներում և աջակցվում է այն ամենով, ինչը տեղի է ունենում մեր տներում։ Մենք պետք է ճշգրտումներ կատարենք այդ օրինաչափության մեջ։ Այժմ տնակենտրոն Եկեղեցու ժամանակն է, որին աջակցում է այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր ճյուղերի, ծխերի և ցցերի շենքերի ներսում»։5

Սուրբ գրություններն ուսուցանում են. «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ` չի հեռանալ նորանից»:6

Դրանք նաև ասում են. «Եվ արդ, քանի որ խոսքի քարոզելն ուներ մեծ միտում՝ առաջնորդել ժողովրդին անելու այն, ինչն արդար էր, այո, այն ունենում էր ավելի զորավոր ազդեցություն մարդկանց մտքերի վրա, քան սուրը, կամ որևէ այլ բան, որ պատահել էր նրանց. հետևաբար, Ալման մտածեց, որ հարկ էր, որ նրանք փորձեին Աստծո խոսքի ուժը»:7

Մի պատմություն կա մի կնոջ մասին, ով անհանգստացած էր, որ իր որդին շատ կոնֆետ էր ուտում: Մայրը միշտ նախատում էր որդուն, բայց նա շարունակում էր ուտել: Լիովին հուսահատված, մայրը որոշեց որդուն տանել մի իմաստուն մարդու մոտ, որին նա հարգում էր:

Կինը մոտեցավ իմաստունին և ասաց. «Պարո՛ն, իմ որդին չափազանց շատ կոնֆետ է ուտում: Կարո՞ղ էիք խորհուրդ տալ նրան այլևս կոնֆետ չուտել»:

Ուշադիր լսելով կնոջը, իմաստունը շրջվեց ու ասաց նրա որդուն. «Գնա տուն և վերադարձիր երկու շաբաթից»:

Կինը որդու հետ տուն վերադարձավ, սակայն շփոթված ուզում էր իմանալ, թե նա ինչու չխնդրեց տղային այդքան շատ կոնֆետ չուտել:

Երկու շաբաթ անց նրանք վերադարձան: Իմաստունն ուղիղ նայեց տղային և ասաց. «Տղա՛ս, դու պետք է դադարես այդքան շատ կոնֆետ ուտել: Դա վնասակար է քո առողջությանը»:

Տղան գլխով արեց և խոստացավ, որ այլևս չի շարունակի այդ սովորութjունը:

Տղայի մայրը շրջվեց դեպի իմաստունը և հարցրեց. «Դուք ինչո՞ւ չասացիք դա երկու շաբաթ առաջ»:

Իմաստունը ժպտաց: «Մա՛յր, երկու շաբաթ առաջ ես ինքս դեռևս շատ կոնֆետ էի ուտում»:

Այդ մարդն ապրում էր այնպիսի ազնիվ կյանքով, որ գիտեր՝ իր խորհուրդն ուժ կունենա միայն այն դեպքում, եթե ինքն անձամբ հետևի դրան:

Ազդեցությունը, որը մենք ունենք մեր զավակների վրա, ավելի հզոր է, երբ նրանք տեսնում են մեզ ուխտի ճանապարհով հավատարմորեն քայլելիս: Մորմոնի Գրքի Հակոբ մարգարեն այդպիսի արդարակեցության օրինակ է: Նրա որդի Ենովսը գրել է Հակոբի ուսմունքների ազդեցության մասին.

«Ես՝ Ենովսս, գիտենալով իմ հորը, որ նա արդար մարդ էր,– քանզի նա ինձ սովորեցրել էր իր լեզվով և նաև Տիրոջ խրատով ու ուսմունքով,– և օրհնված լինի իմ Աստծո անունը դրա համար:…

… Խոսքերը, որոնք ես հաճախ լսել էի իմ հորն ասելիս, հավերժական կյանքի և սրբերի ուրախության մասին, խորը ընկղմվել էին իմ սրտում»:8

Դեռահաս զինվորների մայրերն ապրում էին ավետարանով, և նրանց զավակները լի էին համոզմունքով: Նրանց զորապետը պատմում է.

«Նրանք սովորեցվել էին իրենց մայրերի կողմից, որ եթե նրանք չկասկածեին, Աստված կազատեր նրանց:

Եվ նրանք կրկնեցին ինձ իրենց մայրերի խոսքերն՝ ասելով. Մենք չենք կասկածում, մեր մայրերը գիտեին դա»:9

Ենովսն ու դեռահաս զինվորները զորացան իրենց ծնողների հավատքով, որն օգնեց նրանց դիմակայել իրենց հավատքի փորձություններին:

Մեր օրերում մենք օրհնված ենք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով, որը բարձրացնում է մեզ, երբ մենք անհանգիստ ենք և հուսահատված։ Մենք համոզվում ենք, որ մեր ջանքերը պտուղ կտան Տիրոջ ժամանակին, եթե մենք առաջ ընթանանք մեր հավատքի փորձությունների միջով:

Վերջերս ես,իմ կինը և Տարածքային Նախագահությունն ուղեկցում էինք Երեց Դեյվիդ Ա. Բեդնարին՝ մասնակցելու Հայիթի Պորտ-աու-Փրինս Տաճարի նվիրագործմանը: Մեր որդի Խորխեն, ով եկել էր մեզ հետ, իր փորձառության մասին ասաց. «Ապշեցուցիչ է, հայրի՛կ: Երբ Երեց Բեդնարը սկսեց նվիրագործման աղոթքը, ես զգացի, որ սենյակը լցվեց ջերմությամբ և լույսով: Աղոթքը այնքան բան ավելացրեց տաճարի նպատակի իմ հասկացողությանը: Այն իրոք Տիրոջ տունն է»:

Մորմոնի գրքում Նեփին ուսուցանում է մեզ, որ երբ մենք ցանկանանք իմանալ Աստծո կամքը, Նա կզորացնի մեզ: Նա գրել է. «Ես՝ Նեփիս, լինելով չափազանց երիտասարդ, … և նաև ունենալով մեծ իղձեր՝ իմանալու Աստծո խորհուրդները, ուստի, ես կանչեցի առ Տերը. և ահա, նա այցելեց ինձ և այնպես փափկացրեց իմ սիրտը, որ ես հավատացի բոլոր այն խոսքերին, որոնք ասվել էին հորս կողմից. այդ պատճառով ես չապստամբեցի նրա դեմ՝ իմ եղբայրների նման»:10

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք օգնենք մեր զավակներին և մեզ շրջապատող բոլոր մարդկանց հետևել Աստծո ուխտի ճանապարհին, որպեսզի Հոգին կարողանա ուսուցանել նրանց և փափկացնել նրանց սրտերը, որ նրանք ցանկանան հետևել Նրան իրենց կյանքի ընթացքում:

Երբ ես մտորում եմ իմ ծնողների օրինակի շուրջ, հասկանում եմ, որ մեր հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ մեզ ցույց կտա ճանապարհը դեպի մեր երկնային տուն: Ես գիտեմ, որ հրաշքները գալիս են հավատքի փորձությունից հետո:

Ես իմ վկայությունն եմ բերում Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության մասին: Ես գիտեմ՝ Նա է մեր Փրկիչն ու Ազատարարը: Նա և մեր Երկնային Հայրը 1820 թվականի գարնան այն առավոտ հայտնվեցին երիտասարդ Ջոզեֆ Սմիթին՝ Վերականգնման մարգարեին: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեր օրերի մարգարեն է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։