2010–2019 թթ․
Ուրախություն գտնել ավետարանով կիսվելիս
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


Ուրախություն գտնել ավետարանով կիսվելիս

Մենք ունենք սիրող Երկնային Հայր, ով սպասում է մեր դարձին, որ օրհնի մեր և մեր շուրջը գտնվողների կյանքը։

Երեխաների Միության իմ սիրած երգերից մեկը սկսում է հետևյալ խոսքերով․

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամն եմ ես։

Գիտեմ, թե ով եմ ես։

Գիտեմ Աստծո ծրագիրը։

Հավատքով կհետևեմ նրան։

Ես հավատում եմ Փրկիչին՝ Հիսուս Քրիստոսին։1

Ճշմարտությունների ինչպիսի պարզ ու գեղեցիկ արտահայտում , որոնց մենք հավատում ենք։

Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք գիտենք, թե ովքեր ենք մենք։ Մենք գիտենք, որ «Աստված մեր հոգիների Հայրն է։ Մենք … Նրա զավակներն ենք, և Նա սիրում է մեզ։ Մենք ապրել ենք [Նրա հետ երկնքում], նախքան երկիր [գալը]»։

Մենք գիտենք Աստծո ծրագիրը։ Մենք այնտեղ Նրա հետ էինք, երբ Նա ներկայացրեց այն։ Մեր Երկնային Հոր «ողջ նպատակը՝ Նրա աշխատանքը և Նրա փառքը, մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն տալն է վայելելու Նրա բոլոր օրհնությունները։ Նա … Իր նպատակն իրագործելու կատարյալ ծրագիր տվեց: Մենք հասկացանք և ընդունեցինք … երջանկության, … փրկագնման և … փրկության այդ ծրագիրը» նախքան երկիր գալը։

Փրկիչն առանցքային դեր է խաղում Աստծո ծրագրում։ Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը կատարեց Իր Հոր նպատակը և յուրաքանչյուրիս համար հասանելի դարձրեց փրկությունն ու վեհացումը։ Սատանան կամ դևը Աստծո ծրագրի մի թշնամի է» և եղել է ի սկզբանե։

Կամքի ազատությունը, կամ ընտրելու հնարավորությունը, Իր զավակներին տրված Աստծո մեծագույն պարգևներից է։ … Մենք պետք է ընտրենք՝ կամ հետևել Հիսուս Քրիստոսին կամ հետևել սատանային»։2

Սրանք հասարակ ճշմարտություններ են, որոնցով մենք կարող ենք կիսվել ուրիշների հետ։

Թույլ տվեք պատմել ձեզ, թե ինչպես է մի անգամ մայրս կիսվել նման պարզ ճշմարտություններով, պարզապես պատրաստ լինելով զրուցելու և հնարավորությունը նկատելու համար։

Տարիներ առաջ մայրս վերադառնում էր Արգենտինայից՝ ուր մեկնել էր եղբորս այցելելու։ Մայրս երբեք չի սիրել թռչել ինքնաթիռով, ուստի, նա խնդրեց որդիներիցս մեկին տալ իրեն օրհնություն, որ հանգիստ ու ապահով լինի։ Որդիս հուշում ստացավ օրհնելու նաև իր տատիկին Սուրբ Հոգու հատուկ առաջնորդությամբ՝ ամրացնելով և դիպչելով շատերի սրտերին, ովքեր ցանկություն ունեն սովորելու ավետարանի մասին։

Նկար
Փոլերի ընտանիքը

Սոլթ Լեյքի օդակայանում մայրս և եղբայրս հանդիպեցին մի 7-ամյա աղջնակի, ով իր ընտանիքի հետ տուն էր վերադառնում լեռնադահուկային ուղևորությունից։ Նրա ծնողները նկատեցին, թե որքան երկար էր նա զրուցում մորս և եղբորս հետ և որոշեցին միանալ նրանց։ Նրանք ներկայացրին իրենց և դստերը որպես Էդուարդո, Մարիա Սյուզանա և Ջադա Փոլ։ Այդ հրաշալի ընտանիքի հետ բնական ու ջերմ շփում սկսվեց։

Երկու ընտանիքներն էլ ուրախ էին, որ նույն թռիչքով միասին են մեկնելու Բուենոս Այրես (Արգենտինա)։ Մինչ նրանք շարունակեցին զրույցը, մայրս հասկացավ, որ մինչ այդ պահը նրանք երբևէ չէին լսել Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու մասին։

Սյուզանայի տված առաջին հարցերից մեկը հետևյալն էր․ «Կպատմե՞ք ինձ այն գեղեցիկ թանգարանի մասին, որի վերևում ոսկե արձան կա»։

Մայրս բացատրեց, որ գեղեցիկ շինությունը թանգարան չէր, այլ Տիրոջ Տաճարը, որտեղ մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ, որպեսզի կարողանանք մի օր վերադառնալ ու ապրել Նրա հետ։ Սյուզանան խոստովանեց մորս, որ նախքան Սոլթ Լեյք մեկնելը նա աղոթքով խնդրել էր, որ ինչ-որ բան ամրացներ իր հոգին։

Թռիչքի ընթացքում մայրս բերեց ավետարանի վերաբերյալ իր պարզ, բայց ուժեղ վկայությունը և հրավիրեց Սյուզանային գտնել միսիոներներին իր հայրենիքում։ Սյուզանան հարցրեց մորս․ «Ինչպե՞ս կարող եմ գտնել նրանց»։

Մայրս պատասխանեց․ «Դուք չեք կարող նրանց չնկատել․ նրանք կամ երկու երիտասարդներ են սպիտակ վերնաշապիկով և փողկապով, կամ կոկիկ հագնված երկու երիտասարդ կանայք, և նրանք միշտ կրում են անվանապիտակ, որի վրա գրված է նրանց անունը և նաև «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»։

Ընտանիքները փոխանակեցին հեռախոսահամարները և հրաժեշտ տվեցին միմյանց Բուենոս Այրեսի օդակայանում։ Սյուզանան, ով այդ ժամանակվանից դարձավ իմ լավ ընկերը, բազմիցս ասել է ինձ, որ շատ էր տխրել օդակայանում մայրիկիցս բաժանվելիս։ Նա ասել է․ «Մայրդ փայլում էր։ Չեմ կարող բացատրել, սակայն նրա մեջ լուսավոր մի բան կար, որից ես չէի ուզում բաժանվել»։

Տուն վերադառնալուն պես Սյուզանան և նրա դուստրը՝ Ջադան, գնացին կիսվելու այդ փորձառությամբ Սյուզանայի մոր հետ, ով ապրում էր երկու փողոց այն կողմ։ Մինչ նրանք վարում էին մեքենան, Սյուզանան նկատեց երկու երիտասարդների, որոնք քայլում էին փողոցն ի վար՝ հագնված ճիշտ մորս նկարագրածի պես։ Նա կանգնեցրեց մեքենան փողոցի մեջտեղում, դուրս եկավ մեքենայից և հարցրեց այդ երկու երիտասարդներին․ «Դուք պատահմամբ Հիսուս Քրիստոսի Եկեղեցուց չէ՞ք»։

Նրանք ասացին՝ «Այո»։

«Միսիոներնե՞ր»,- հարցրեց նա։

Նրանք երկուսն էլ ասացին․ «Այո, ճիշտ այդպես»։

Ապա նա ասաց․ «Նստեք մեքենաս․ դուք գալիս եք մեր տուն ինձ ուսուցանելու»։

Նկար
Փոլերի ընտանիքը

Երկու ամիս անց Մարիա Սյուզանան մկրտվեց։ Նրա դուստրը՝ Ջադան, նույնպես մկրտվեց, երբ դարձավ ինը տարեկան։ Մենք դեռևս աշխատում ենք Էդուարդոյի հետ, ում մենք սիրում ենք՝ անկախ ամեն ինչից։

Այդ ժամանակից ի վեր Սյուզանան դարձել է լավագույն միսիոներներից մեկը, որ ես երբևէ հանդիպել եմ։ Նա նման է Մոսիայի որդիներին․ բազում հոգիներ է բերում դեպի Քրիստոսը։

Մեր զրույցներից մեկի ժամանակ ես հարցրի նրան․ «Ո՞րն է քո գաղտնիքը։ Ինչպե՞ս ես ուրիշների հետ կիսվում ավետարանով»։

Նա ասաց ինձ․ «Դա շատ պարզ է։ Ամեն օր տանից դուրս գալուց առաջ ես աղոթում եմ, խնդրելով Երկնային Հորը առաջնորդել ինձ մեկի մոտ, ով ունի ավետարանի կարիքն իր կյանքում։ Երբեմն ես վերցնում եմ Մորմոնի Գիրք, որ կիսվեմ նրանց հետ կամ միսիոներների տված քարտերը, և երբ սկսում եմ խոսել մեկի հետ, ես պարզապես հարցնում եմ, թե արդյոք նա լսել է Եկեղեցու մասին»։

Սյուզանան նաև ասել է․ «Այլ անգամներ ես պարզապես ժպտում եմ, մինչ սպասում եմ գնացքին։ Մի օր մի մարդ նայեց ինձ ու ասաց․ «Ինչո՞ւ եք ժպտում»։ Նրա հարցն ինձ հանկարծակիի բերեց։

Ես պատասխանեցի․ «Ժպտում եմ, որովհետև երջանիկ եմ»։

Ապա նա ասաց․ «Իսկ ինչո՞ւ եք դուք այդքան երջանիկ»։

Ես պատասխանեցի․ «Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ, և դա երջանկացնում է ինձ։ Լսե՞լ եք եկեղեցու մասին»։

Երբ նա պատասխանեց՝ ոչ, նա տվեց նրան քարտ և հրավիրեց հաճախել կիրակնօրյա ծառայությանը։ Հաջորդ կիրակի նա դիմավորեց նրան դռան մոտ։

Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․

«Գոյություն ունեն ավետարանով կիսվելու երեք քայլեր, որոնք կարող են կատարել եկեղեցու բոլոր անդամները։ …

Առաջինը, մենք բոլորս էլ կարող ենք աղոթել փրկության այս աշխատանքի կարևոր մասը դառնալու ցանկության համար։ …

Երկրորդը, մենք կարող ենք պահել պատվիրանները։ … Հավատարիմ անդամները միշտ կունենան Փրկիչի Հոգին … իրենց հետ, որը կառաջնորդի նրանց, երբ նրանք ցանկանան մասնակցել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով կիսվելու հրաշալի գործին։

Երրորդը, մենք կարող ենք աղոթել ոգեշնչման համար, թե մենք ինչ կարող ենք անել … ուրիշների հետ ավետարանով կիսվելու համար … [և] նվիրվածությամբ աղոթել և գործել ըստ ձեր ստացած ոգեշնչման»։3

Եղբայրնե՛ր, քույրե՛ր, երեխանե՛ր և պատանինե՛ր, կարո՞ղ ենք մենք լինել իմ ընկեր Սյուզանայի նման ևավետարանով կիսվել ուրիշների հետ։ Կարո՞ղ ենք հրավիրել մեր ընկերներից մեկին, ով մեր հավատքից չէ, կիրակի օրը մեզ հետ գալ եկեղեցի։ Կամ գուցե կարո՞ղ ենք կիսվել Մորմոնի Գրքի օրինակով մեր բարեկամի կամ ընկերոջ հետ։ Կարո՞ղ ենք մենք օգնել ուրիշներին գտնել իրենց նախնիներին FamilySearch-ում կամ կիսվել ուրիշների հետ, թե ինչ ենք սովորել շաբաթվա ընթացքում, մինչ ուսումնասիրել ենք Եկ, հետևիր ինձ ձեռնարկը։ Կարո՞ղ ենք ավելի նմանվել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին և կիսվել ուրիշների հետ, թե ինչն է մեզ երջանկություն բերում մեր կյանքում։ Այս հարցերից յուրաքանչյուրի պատասխանն է՝ այո՛։ Մենք կարող ենք անել դա։

Սուրբ գրություններում մենք կարդում ենք, որ «Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներն առաջ են ուղարկվում «աշխատելու նրա այգում՝ մարդկանց հոգիների փրկության համար» (Վարդապետություն և Ուխտեր 138․56)։ Փրկության այս աշխատանքը ներառում է անդամների միսիոներական աշխատանքը, նորադարձների պահպանումը, ոչ ակտիվ անդամների ակտիվացումը, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքները և ավետարանի ուսուցումը»։4

Իմ թանկագի՛ն ընկերներ, Տերն ունի մեր կարիքը, որ հավաքի Իսրայելը։ Վարդապետություն և Ուխտերում Նա ասել է. «Ոչ էլ նախօրոք հոգ արեք, թե ինչ եք ասելու. բայց շարունակ ձեր մտքում գանձեք կյանքի խոսքերը, և հենց նույն պահին ձեզ կտրվի ամեն մարդու համար չափված բաժինը»։5

Բացի դրանից, Նա խոստացել է մեզ․

«Եվ, եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում, ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին, և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ, իմ Հոր արքայությունում։

Եվ արդ, եթե ձեր ուրախությունը մեծ կլինի մեկ հոգու հետ, որին դուք բերել եք ինձ մոտ՝ իմ Հոր արքայություն, որքան մեծ կլինի ձեր ուրախությունը, եթե դուք շատ հոգիներ բերեք ինձ մոտ»։6

Երեխաների Միության երգը, որով ես սկսեցի իմ ելույթը, ավարտվում է այս խորիմաստ հայտարարությամբ․

Ես հավատում եմ Փրկիչին՝ Հիսուս Քրիստոսին։

Կփառաբանեմ նրա անունը։

Կանեմ ճիշտը,

Կհետևեմ նրա լույսին։

Կհռչակեմ նրա ճշմարտությունը։7

Ես վկայում եմ, որ այս խոսքերը ճշմարիտ են, և որ մենք ունենք սիրող Երկնային Հայր, ով սպասում է մեր դարձին, որ օրհնի մեր և մեր շուրջը գտնվողների կյանքը։ Թող որ մենք ցանկություն ունենանք բերելու մեր եղբայրներին և քույրերին Քրիստոսի մոտ․ սա է իմ աղոթքը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։