2010–2019 թթ․
Կանգնել մեր խոստումների և ուխտերի կողքին
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


Կանգնել մեր խոստումների և ուխտերի կողքին

Ես հրավիրում եմ ձեզ ամենայն լրջությամբ խորհել Տիրոջը և ուրիշներին տված խոստումների և ուխտերի մասին, իմանալով, որ ձեր խոսքը կապում է ձեզ։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, փակելով այս նիստը, թող որ մեզանից յուրաքանչյուրն իր սրտում պահի Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ այս օրը ծնված վկայությունը։ Մենք օրհնված ենք, որ միասին վայելում ենք այս սուրբ ժամանակը, ամրապնդելով Տեր Հիսուս Քրիստոսին տված մեր խոստումը, որ մենք Նրա ծառաներն ենք և Նա մեր Փրկիչն է։

Ես մեծ կարևորություն եմ տալիս խոստումներ և ուխտեր կապելուն և պահելուն։ Որքա՞ն կարևոր է ձեզ համար պահել ձեր խոսքը, լինել վստահելի, անել այն, ինչ խոստացել եք, փորձել պատվել ձեր սրբազան ուխտերը, լինել ազնիվ։ Հավատարիմ մնալով Տիրոջը և ուրիշներին տված խոստումներին, մենք բռնում ենք դեպի մեր Երկնային Հայրը տանող հետադարձի ճամփան, և զգում ենք Նրա սերը մեր կյանքում։

Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը մեր մեծ օրինակն է, երբ հարցը վերաբերում է խոստումներ և ուխտեր կապելուն և պահելուն։ Նա երկիր եկավ՝ խոստանալով կատարել Հոր կամքը։ Նա ուսուցանել է ավետարանի սկզբունքները խոսքով և գործով։ Նա քավել է մեր մեղքերը, որ մենք կարողանանք կրկին ապրել։ Նա պատվել է Իր խոստումներից յուրաքանչյուրը։

Կարո՞ղ ենք նույնն ասել մեզանից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Որո՞նք են վտանգները, եթե մի փոքր խաբում ենք, մի փոքր սայթաքում կամ մեր ստանձնած պարտավորություններից մի փոքր շեղվում ենք։ Ի՞նչ կպատահի, եթե մենք հեռանանք մեր ուխտերից։ Արդյո՞ք ուրիշները կգան Քրիստոսի մոտ՝ տեսնելով մեր օրինակը։ Արդյո՞ք կարելի է վստահել ձեր խոսքին։ Խոստումները պահելը սովորություն չէ․ դա Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու հատկանիշ է։

Մշտապես հիշելով աշխարհիկ կյանքում մեր ունեցած թուլությունների մասին՝ Տերը խոստացել է․ «Ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին»։1 Ես զգացել եմ Նրա ներկայությունը, երբ ունեցել եմ հավաստիացման, մխիթարության, ավելի մեծ հոգևոր խորաթափանցության կամ ուժի կարիք, և ես շատ զգացված եմ ու երախտապարտ Նրա աստվածային օժանդակության համար։

Տերն ասել է․ «Կլինի այնպես, որ ամեն հոգի, որ թողնում է իր մեղքերը և գալիս է ինձ մոտ, և կանչում է իմ անունը, և հնազանդվում է իմ ձայնին, և պահում է իմ պատվիրանները, պիտի տեսնի իմ երեսը և իմանա, որ ես եմ»։2 Սա հավանաբար Նրա ամենամեծ խոստումն է։

Իմ խոսքը պահելու կարևորության մասին ես սովորել եմ իմ պատանեկության տարիներին։ Նման մի օրինակ է, երբ ես կանգնեցի բոլորի առջև՝ տալու իմ սկաուտական երդումը։ Ամերիկայի սկաուտների հետ մեր ընկերակցությունը միշտ կարևոր ժառանգություն կլինի իմ և Եկեղեցու համար։ Սկաուտական կազմակերպությանը, այն տղամարդկանց և կանանց, ովքեր ջանասիրաբար ծառայել են որպես սկաուտների առաջնորդներ, մայրերին, ովքեր իսկապես արժանի են գնահատանքի, և այն երիտասարդներին, ովքեր մասնակցել են սկաուտական ծրագրին, ես ասում եմ՝ շնորհակալություն։

Այս նիստի ընթացքում մեր թանկագին մարգարեն՝ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը, և Երեց Քվենթին Լ․ Քուքը հայտարարեցին փոփոխությունների մասին, որոնք մեր ուշադրությունը կվերահրավիրեն պատանիների վրա և կհամապատասխանեցնեն մեր կազմակերպությունները հայտնությամբ տրված ճշմարտության հետ։ Բացի դրանից, անցյալ կիրակի, Նախագահ Նելսոնը և Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը բացատրեցին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Երեխաների և Պատանիների նոր ծրագիրը ողջ Եկեղեցու համար։ Դա հրաշալի նախաձեռնություն է, որը կենտրոնացած է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա։ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը միասին են սկսել այս նախաձեռնությունը, և ես անձամբ բերում եմ իմ վկայությունը, որ Տերն այս ճանապարհին առաջնորդել է մեր ամեն մի քայլը։ Ես շատ ուրախ եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երեխաներն ու պատանիները վայելելու են այդ ամբողջ ուշադրությունը թե՛ տանը, և թե՛ եկեղեցում՝ ավետարանն ուսումնասիրելու, ծառայելու, միջոցառումների և անձնական զարգացման ընթացքում։

Գալիք 2020թ․ պատանիների թեման խոսում է Նեփիի դասական խոստումի մասին՝ «կգնամ և կանեմ»։ Նա գրել է․ «Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, ասացի հորս. Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է, քանզի գիտեմ, որ Տերը պատվիրաններ չի տալիս մարդկանց զավակներին՝ առանց ուղի պատրաստելու նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է իրենց»։3 Չնայած սրանք վաղուց ասված խոսքեր են, մենք այսօր Եկեղեցում հետևում ենք այդ խոստումին։

«Կգնամ և կանեմ» նշանակում է՝ վեր կանգնել աշխարհի ուղիներից, ստանալով և գործելով ըստ անձնական հայտնության, ապրելով արդար՝ հույսով և ապագայի հանդեպ հավատով, կապելով և պահելով Հիսուս Քրիստոսին հետևելու ուխտեր, որով ավելի է մեծանում մեր սերը Նրա՝ աշխարհի Փրկիչի հանդեպ։

Ուխտը երկկողմանի խոստում է մեր և Տիրոջ միջև։ Որպես Եկեղեցու անդամներ մկրտվելիս, մենք ուխտում ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, ապրել Նրա նման։ Մորմոնի ջրերում մկրտվածների նման մենք ուխտում ենք դառնալ Նրա ժողովուրդը, «հոժար կրելու մեկը մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն, … սգալու նրանց հետ, ովքեր սգում են. … մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում»։4 Եկեղեցում միմյանց ծառայելով մենք կատարում ենք հենց այդ խոստումները պատվելու մեր պարտավորությունը։

Երբ ճաշակում ենք հաղորդությունը, մենք նորոգում ենք Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու ուխտը և այլ խոստումներ տալիս մեր զարգացման համար։ Մեր ամենօրյա մտքերը և գործողությունները, լինեն մեծ, թե՝ փոքր, արտացոլում են նրա հանդեպ մեր նվիրվածությունը։ Ի պատասխան՝ Նա տալիս է սրբազան խոստում․ «Եթե դուք միշտ հիշեք ինձ, դուք իմ Հոգին կունենաք ձեզ հետ»։5

Այսօր իմ հարցը հետևյալն է․ արդյո՞ք մենք կատարում ենք մեր խոստումներն ու ուխտերը, թե՞ երբեմն մոտենում ենք դրանց մասնակի նվիրվածությամբ, որոնք պատահականորեն ենք կապել, ուստի և հեշտությամբ խախտում ենք։ Երբ մեկին ասում ենք․ «Ես կաղոթեմ ձեր համար», անո՞ւմ ենք։ Երբ խոստանանք․ «Ես կգամ ու կօգնեմ», կանե՞նք։ Երբ պարտավորվում ենք վճարել մեր պարտքը, վճարո՞ւմ ենք։ Երբ մենք բարձրացնում ենք մեր ձեռքը հաստատելու մեր կողքի անդամին նոր ծառայության մեջ, որը նշանակում է աջակցել, արդյո՞ք անում ենք։

Երբ պատանի էի, մի երեկո մայրս նստեց ինձ հետ իր անկողնու մոտ և ջերմեռանդորեն խոսեց Իմաստության Խոսքով ապրելու կարևորության մասին։ «Տարիների ընթացքում ուրիշների փորձից ես գիտեմ,- ասաց նա,- որ հոգևոր և զգայունության անկում են ապրում նրանք, ովքեր չեն հետևում Իմաստության Խոսքին»։ Նա նայեց ուղիղ իմ աչքերին և ես զգացի, որ նրա խոսքերը ներթափանցում են սրտիս մեջ․ «Խոստացիր ինձ, Ռո՛ննի, այս օրը (նա կոչում էր ինձ Ռոննի), որ դու միշտ կապրես Իմաստության Խոսքով»։ Ես հանդիսավոր կերպով տվեցի նրան այդ խոստումը, և այս բոլոր տարիների ընթացքում ես պահել եմ այն։

Այդ պարտավորությունը ծառայել է ի օգուտ ինձ իմ պատանեկության շրջանում, իսկ ավելի ուշ՝ բիզնեսի շրջանակներում բազմաթիվ առիթների ժամանակ։ Ես ի սկզբանե կայացրել էի կարևոր որոշում՝ հետևելու Աստծո օրենքներին, և երբեք կարիք չեմ ունեցել վերադառնալու այդ հարցին։ Տերն ասել է. «Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ. բայց երբ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ, դուք խոստում չունեք»։6 Ի՞նչ է Նա ասում նրանց, ովքեր պահում են Իմաստության Խոսքը։ Որ մենք կունենանք առողջ լինելու խոստումը, ուժ, իմաստություն, գիտելիք, իսկ հրեշտակները կպաշտպանեն մեզ։7

Մի քանի տարի առաջ Քույր Բեդնարը և ես Սոլթ Լեյքի Տաճարում էինք մեր դուստրերից մեկի կնքման առիթով։ Մինչ մենք կանգնած էինք տաճարի բակում մեր կրտսեր դստեր հետ, ով բավականաչափ մեծ չէր արարողությանը մասնակցելու համար, մենք խոսեցինք Աստծո սուրբ տաճարում կնքվելու կարևորության մասին։ Ինչպես մայրս էր սովորեցրել ինձ տարիներ առաջ, մենք ասացինք մեր դստերը․ «Մենք ցանկանում ենք, որ դու ապահով կնքվես տաճարում, և մենք ուզում ենք, որ դու խոստանաս մեզ, որ երբ կգտնես քո հավերժական զուգընկերոջը, դուք նրա հետ կորոշեք օրը, թե երբ եք կնքվելու տաճարում»։ Նա մեզ խոստում տվեց։

Նկար
Երեց Ռասբենդի դուստրը և նրա ամուսինը

Դրանից հետո նա բազմիցս նշել է, որ մեր զրույցը և նրա խոստումը պաշտպանել են իրեն և հիշեցրել, «ամենակարևոր բանի մասին»։ Ավելի ուշ նա սրբազան ուխտեր կապեց, երբ տաճարում կնքվեց իր ամուսնու հետ։

Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Մենք … հզորացնում ենք Փրկիչի ուժը մեր կյանքում, երբ կապում ենք սրբազան ուխտեր և ճշգրտությամբ պահում այդ ուխտերը։ Մեր ուխտերը կապում են մեզ Նրա հետ և տալիս մեզ աստվածային զորություն»։8

Երբ մենք պահում ենք միմյանց տված խոստումները, ավելի հավանական է, որ մենք կպահենք նաև Տիրոջը տված խոստումները։ Հիշեք Տիրոջ խոսքերը․ «Որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»։9

Եկեք միասին անդրադառնանք սուրբ գրություններում առկա խոստումների օրինակներին։ Ամմոնը և Մոսիայի որդիները Մորմոնի Գրքում պարտավորվել էին «Աստծո խոսքը քարոզել»։10 Երբ Ամմոնը գերի վերցվեց լամանացիների զորքի կողմից, նրան տարան լամանացիների թագավոր Լամոնիի մոտ։ Նա խոստացավ թագավորին․ «Ես կլինեմ քո ծառան»։11 Երբ ավազակները եկան գողանալու թագավորի ոչխարները, Ամմոնը կտրեց նրանց բազուկները։ Թագավորն այնքան հիացած էր, որ լսեց ավետարանի վերաբերյալ Ամմոնի ուղերձը և դարձի եկավ։

Հռութը Հին Կտակարանում խոստացավ իր սկեսուրին․ «Ուր որ գնաս գնալու եմ»։12 Նա հավատարիմ մնաց իր խոստումին։ Բարի Սամարացին Նոր Կտակարանի առակում խոստացավ իջևանատիրոջը, որ եթե նա հոգ տաներ վիրավոր ճամփորդի համար, «ինչ որ աւելի ծախք անես, ես միւսանգամ ետ դառնալիս կ’վճարեմ քեզ»։13 Զորամը Մորմոնի Գրքում խոստացավ անապատ գնալ Նեփիի և նրա եղբայրների հետ։ Նեփին գրել է․ «Երբ Զորամը երդում տվեց մեզ, նրա վերաբերյալ մեր մտավախությունները փարատվեցին»։14

Իսկ ինչ կասեք «հայրերին տված» հնադարյան խոստումի մասին, ինչպես նկարագրված է սուրբ գրություններում, որ «զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը»։15 Նախաերկրային կյանքում, երբ մենք ընտրեցինք Աստծո ծրագիրը, մենք խոստացանք օգնել հավաքելու Իսրայելը վարագույրի երկու կողմերում։ Տարիներ առաջ Երեց Ջոն Ա․ Վիթսոն բացատրել է․ «Մենք ընկերակցեցինք Տիրոջը։ Ծրագրի մշակումը դարձավ ոչ միայն Հոր աշխատանքը և Փրկիչի գործը, այլ նաև մեր աշխատանքը»։16

«Այսօր հավաքումն ամենակարևոր բանն է երկրի վրա»,- ասել է Նախագահ Նելսոնը, մինչ շրջագայում էր աշխարհում։ «Երբ մենք խոսում ենք հավաքման մասին, մենք պարզապես ասում ենք այս հիմնարար ճշմարտությունը. մեր Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրը վարագույրի երկու կողմերում արժանի է լսել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը»։17

Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ, ես ավարտում եմ հրավերով և խոստումով։ Առաջին՝ հրավերը․ ես հրավիրում եմ ձեզ խորհել Տիրոջը և ուրիշներին տված խոստումների և ուխտերի մասին ամենայն լրջությամբ, իմանալով, որ ձեր խոսքը կապում է ձեզ։ Երկրորդ, ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք անեք դա, Տերը կհաստատի ձեր խոսքերը և հավանություն կտա ձեր գործերին, մինչ դուք ջանասիրաբար կկառուցեք ձեր կյանքը, ձեր ընտանիքը և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին։ Նա կլինի ձեզ հետ, իմ թանկագին եղբայրներ և քույրեր, և դուք կարող եք վստահ առաջ նայել, քանի որ «ընդունվում եք երկնքում, որի շնորհիվ [դուք] կարողանում եք բնակվել Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում … քանզի Տեր Աստված է ասել դրանք»։18

Սրա մասին ես վկայում և խոստանում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։