2010–2019 թթ․
Ինձ մի խաբիր
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


Ինձ մի խաբիր

Եթե մենք հնազանդվենք Աստծո պատվիրաններին, մենք միշտ կառաջնորդվենք ճիշտ ճանապարհով և չենք խաբվի։

Այսօր ես իմ խորհուրդը հղում եմ յուրաքանչյուրին, սակայն հատկապես ձեզ՝ աճող սերունդ Երեխաների Միությանը, պատանիներին ու պարմանուհիներին։ Դուք մեծապես սիրված եք մեր օրերի Տիրոջ մարգարեի՝ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի կողմից, այնքան շատ, որ նա անցյալ տարի խոսեց ձեզանից շատերի հետ երիտասարդների համաշխարհային հատուկ հեռարձակման ժամանակ, որը կոչվում էր «Իսրայելի հույսը»։1 Մենք հաճախ ենք լսում, որ Նախագահ Նելսոնը ձեզ հենց այդպես էլ կոչում է՝ «Իսրայելի հույսը»՝ աճող սերունդը և Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու ապագան։

Իմ երիտասա՛րդ ընկերներ, կցանկանայի նախ կիսվել ձեզ հետ երկու ընտանեկան պատմություններով։

Դալմատին 102

Տարիներ առաջ ես աշխատանքից տուն վերադարձա և զարմացա, տեսնելով ամենուրեք ցրված սպիտակ ներկ՝ գետնի, ավտոտնակի դռան և մեր կարմիր աղյուսով տան վրա։ Ավելի մոտիկից զննելով, ես բացահայտեցի, որ ներկը դեռ չէր հասցրել չորանալ։ Ներկի հետքը ինձ տարավ դեպի տան հետնամասում գտնվող պարտեզը, ուստի, ես հետևեցի դրան։ Այնտեղ ես գտա հնգամյա որդուս, որը վրձինը ձեռքին վազում էր մեր շան հետևից։ Մեր գեղեցիկ սև Լաբրադորը կիսով չափ ներկվել էր սպիտակ։

«Ի՞նչ ես անում»։ Ես հարցրի բորբոքված ձայնով։

Որդիս դադարեցրեց, նայեց ինձ, նայեց շանը, նայեց վրձնին, որից ծորում էր սպիտակ ներկը և ասաց․ «Ես պարզապես ուզում եմ, որ նա նմանվի մուլտֆիլմի սև պտերով շներին․ դու գիտես՝ 101 Դալմատինները»։

Նկար
Սև Լաբրադոր
Նկար
Դալմատին

Ես սիրում էի մեր շանը։ Կարծում էի, որ նա կատարյալ էր, բայց այդ օրը որդիս այլ կարծիք ուներ։

Զոլավոր կատուն

Իմ երկրորդ պատմությունը մեր մեծ հորեղբոր՝ Գրովերի մասին է, ով ապրում էր քաղաքից շատ հեռու գտնվող մի տնակում։ Հորեղբայր Գրովերը շատ էր ծերացել։ Մենք մտածեցինք, որ մեր որդիները պետք է հանդիպեն նրան, մինչև նրա մահանալը։ Ուստի, մի օր մենք երկար ճամփորդեցինք դեպի նրա համեստ տունը։ Մենք միասին նստեցինք ու մեր որդիները ծանոթացան նրա հետ։ Մի փոքր զրուցելուց հետո մեր երկու կրտսեր որդիները, գուցե հինգ և վեց տարեկան, ցանկացան դուրս գնալ և խաղալ։

Հորեղբայր Գրովերը, լսելով նրանց խնդրանքը, դեմքով խոնարհվեց նրանց ուղղությամբ։ Նրա ծերացած ու անծանոթ դեմքը մի փոքր վախեցրեց տղաներին։ Իր խռպոտ ձայնով նա ասաց նրանց․ «Չգույշ եղեք, այնտեղ շատ ժանտաքիսներ կան»։ Սա լսելով Լիզան և ես ավելի քան զարմացած էինք․ մենք անհանգստանում էինք տղաների համար։ Շուտով տղաները դուրս գնացին խաղալու, մինչ մենք շարունակում էինք մեր այցելությունը։

Նկար
Ժանտաքիս

Ավելի ուշ, երբ նստեցինք մեքենան և տուն էինք վերադառնում, ես հարցրի տղաներին․ «Դուք ժանտաքիսի հանդիպեցի՞ք»։ Նրանցից մեկը պատասխանեց․ «Ոչ, մենք ոչ մի ժանտաքիս էլ չտեսանք, բայց մենք տեսանք մի սև կատու՝ մեջքին սպիտակ զոլեր»։

Մեծ խաբեբան

Անմեղ երեխաների վերաբերյալ այս պատմությունները, մինչ նրանք ինչ- որ բան են հայտնաբերել կյանքի և իրականության մասին, կարող են յուրաքանչյուրիս ժպտալու առիթ տալ, սակայն դրանք նաև ավելի խորը իմաստ ունեն իրենց մեջ։

Առաջին պատմության մեջ մեր կրտսեր որդին ուներ գեղեցիկ շուն․ սակայն նա վերցրել էր մի դույլ ներկ և վրձինը ձեռքին որոշել էր ստեղծել իր պատկերացրած իրականությունը։

Երկրորդ պատմության մեջ տղաները բարեբախտաբար անտեղյակ էին իրենց սպառնացող վտանգից, մինչ հանդիպել էին ժանտաքիսի։ Չկարողանալով ճիշտ գնահատել իրականում իրենց տեսածը, արդյունքում կարող էր դժբախտ պատահար տեղի ունենալ։ Սրանք իրականությունը սխալ ընկալելու օրինակներ են, երբ իրականության փոխարեն ենթադրվում է մեկ այլ բան։ Դեպքերից յուրաքանչյուրն էլ լուրջ հետևանքների չհանգեց։

Ինչևէ, շատերն այսօր բախվում են նման խնդիրների ավելի լուրջ հանգամանքներում։ Նրանք կա՛մ անկարող են տեսնել բաներն այնպիսին, ինչպիսին իրականում կան, կա՛մ էլ չեն բավարարվում ճշմարտությամբ։ Դեռ ավելին, այսօր կան ուժեր, որոնք միտումնավոր մշակված են՝ մեզ հեռացնելու բացարձակ ճշմարտությունից։ Այս խաբեությունները և ստերը շատ ավելին են, քան ինչ-որ բանի ինքնությունը անմեղ կերպով սխալ ընկալելը և հաճախ ունենում են ծանր հետևանքներ։

Սատանան՝ ստերի հայրը և մեծ խաբեբան, ստիպում է մեզ հարցականի տակ առնել բաների իսկությունը, և կա՛մ անտեսել հավերժական ճշմարտությունները, կա՛մ ձևափոխել դրանք ավելի հաճելի թվացող բաների։ «Նա պատերազմում է Աստծո սրբերի հետ»2 և հազարամյակներ է անցկացրել, հաշվարկելով և փորձարկելով Աստծո բոլոր զավակներին համոզելու ունակությունը, որ ընդունեն բարին որպես չար և չարը՝ որպես բարի։

Նա իր առջև նպատակ է դրել համոզելու մահկանացուներին, որ ժանտաքիսները պարզապես կատուներ են, կամ որ ներկի կիրառմամբ դուք կարող եք Լաբրադորին վերածել Դալմատինի։

Նկար
Մովսեսը տեսավ Աստծուն դեմառդեմ

Այժմ եկեք անդրադառնանք հենց այս սկզբունքի վերաբերյալ մի օրինակի սուրբ գրություններից, երբ Տիրոջ մարգարե Մովսեսը դեմառդեմ հանդիպեց հենց այս խնդրին։ «Մովսեսը հափշտակվեց մի չափազանց բարձր սար, … նա տեսավ Աստծուն դեմառդեմ, և խոսեց նրա հետ»։3 Աստված ուսուցանեց Մովսեսին նրա հավերժական ինքնության մասին։ Չնայած Մովսեսը մահկանացու էր և անկատար, Աստված ուսուցանեց, որ Մովսեսը «Միածնի նմանությամբ է. և իմ Միածինը … կլինի Փրկիչը»։4

Ամփոփելով ասենք, որ այս փառահեղ տեսիլքում Մովսեսը տեսավ Աստծուն և նաև սովորեց մի կարևոր բան իր մասին․ նա իսկապես Աստծո որդի էր։

Ուշադիր լսեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ փակվեց այս հրաշալի տեսիլքը։ «Եվ եղավ այնպես, որ … Սատանան եկավ՝ նրան փորձելով ասաց. Մովսես, մարդո՛ւ որդի, երկրպագիր ինձ»։5 Մովսեսը խիզախորեն պատասխանեց․ «Ո՞վ ես դու։ Քանզի ահա, ես Աստծո որդի եմ, նրա Միածնի նմանությամբ. և ո՞ւր է քո փառքը, որ ես երկրպագեմ քեզ»։6

Այլ կերպ ասած, Մովսեսն ասաց․ «Դու չես կարող ինձ խաբել, քանզի ես գիտեմ, թե ով եմ ես։ Ես ստեղծվել եմ Աստծո պատկերով։ Դու չունես Նրա լույսը և փառքը։ Ուստի, ինչո՞ւ ես պետք է երկրպագեմ քեզ կամ դառնամ քո խաբեության զոհը»։

Այժմ ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Մովսեսը շարունակում պատասխաներ տալ։ Նա հայտարարում է․ «Դե՛ն գնա, Սատանա. ինձ մի խաբիր»։7

Շատ բան կարող ենք սովորել հակառակորդի գայթակղությանն ուղղված Մովսեսի հզոր արձագանքից։ Հրավիրում եմ ձեզ նույն կերպ արձագանքել, երբ զգում եք գայթակղության ազդեցությունը։ Հրամայեք ձեր հոգու թշնամուն, ասելով՝ «Հեռացի՛ր։ Դու չունես փառք։ Մի՛ գայթակղիր կամ ստիր ինձ։ Քանզի ես գիտեմ, որ ես Աստծո զավակ եմ։ Եվ ես միշտ կկանչեմ առ իմ Աստվածը Նրա օգնության համար»։

Հակառակորդն, ինչևէ, հեշտությամբ չի հրաժարվում մեզ խաբելու և նսեմացնելու իր կործանիչ դրդապատճառներից։ Մովսեսի դեպքում էլ նա ցանկանում էր մոռացնել տալ նրան, թե ով էր նա հավերժության մեջ։

Զայրույթի պոռթկումով «Սատանան գոչեց բարձր ձայնով, և բղավեց երկրի վրա և հրամայեց՝ ասելով. Ե՛ս եմ Միածինը, ի՛նձ երկրպագիր»։8

Եկեք վերանայենք։ Դուք լսեցի՞ք, թե նա նոր ինչ ասաց։ «Ե՛ս եմ Միածինը։ Ի՛նձ երկրպագիր»։

Մեծ խաբեբան ասում էր․ «Մի անհանգստացիր, ես քեզ չեմ վնասի․ ես ժանտաքիս չեմ․ ես պարզապես մի անմեղ սև ու սպիտակ զոլավոր կատու եմ»։

Նկար
Մովսեսը հեռացնում է սատանային

Ապա Մովսեսը կանչեց առ Աստված և ստացավ Նրա աստվածային ուժը։ Չնայած հակառակորդը սկսեց դողալ և երկիրը ցնցվեց, Մովսեսը տեղի չտվեց։ Նրա ձայնը հստակ էր ու պարզ։ «Հեռացի՛ր ինձանից, Սատանա՛,- հայտարարեց նա,- քանզի այս մեկ Աստծուն միայն պիտի երկրպագեմ, որը փառքի Աստվածն է»։9

Ի վերջո, նա «հեռացավ … Մովսեսի ներկայությունից»։10

Ապա հայտնվեց Տերը և օրհնեց Մովսեսին իր հնազանդության համար և ասաց․

«Օրհնված ես դու, Մովսե՛ս, քանզի … դու ավելի ուժեղ կդարձվես, քան շատ ջրերը։ …

Եվ ահա, ես քեզ հետ եմ, նույնիսկ մինչև քո օրերի վերջը»։11

Մովսեսը վառ ու լուսավոր օրինակ տվեց մեզանից յուրաքանչյուրին, թե ինչպես կարող ենք դիմակայել հակառակորդին անկախ այն բանից, թե կյանքի որ փուլում ենք գտնվում։ Դա հզոր ուղերձ է անձամբ ձեզ համար․ իմանալ, թե ինչ անել, երբ նա փորձում է խաբել ձեզ։ Քանզի դուք, Մովսեսի նման, օրհնվել եք երկնային օգնության պարգևով։

Պատվիրաններ և օրհնություններ

Ինչպե՞ս կարող եք գտնել երկնային այս օգնությունը, ճիշտ ինչպես Մովսեսը, և չխաբվել կամ չընկնել փորձության մեջ։ Այս տնտեսության ընթացքում Տերն անձամբ վերահաստատել է աստվածային օժանդակության պարզ մի ուղի, երբ հայտարարել է․ «Ուստի, ես՝ Տերս, իմանալով այն աղետի մասին, որ պիտի գա երկրի բնակիչների վրա, կանչեցի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին, և երկնքից խոսեցի նրա հետ, և նրան պատվիրաններ տվեցի»։12 Ավելի պարզ բառեր օգտագործելով, մենք կարող ենք ասել, որ Տերը, ով ի սկզբանե գիտի վերջը,13 գիտի մեր օրերի առանձնահատուկ դժվարությունները։ Ուստի, Նա ուղի է պատրաստել խնդիրներն ու փորձությունները հաղթահարելու համար, որոնցից շատերը հանդիսանում են հակառակորդի նենգ ազդեցությունների և նրա հարձակումների անմիջական արդյունքը։

Ուղին պարզ է։ Իր ծառաների միջոցով Աստված խոսում է մեր՝ Իր զավակների հետ և տալիս մեզ պատվիրաններ։ Մենք կարող ենք իմ մեջբերած հատվածները կարդալ հետևյալ կերպ․ «Ես՝ Տերս, … կանչեցի իմ ծառա [Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնին] և երկնքից խոսեցի նրա հետ, և նրան պատվիրաններ տվեցի»։ Մի՞թե դա փառահեղ ճշմարտություն չէ։

Ես բերում եմ հանդիսավոր վկայություն, որ Տերն իսկապես խոսել է Ջոզեֆ Սմիթի հետ երկնքից՝ սկսած փառահեղ Առաջին Տեսիլքից։ Նա նաև խոսում է Նախագահ Նելսոնի հետ մեր ժամանակներում։ Ես վկայում եմ, որ Աստված խոսել է մարգարեների հետ անցյալում և տվել նրանց պատվիրաններ, որոնք առաջնորդել են Նրա զավակներին երջանկության այս կյանքում և փառքի՝ հաջորդ կյանքում։

Աստված շարունակում է հայտնություն տալ մեր կենդանի մարգարեին այսօր։ Օրինակները շատ են․ ավելի տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ծրագիրը, տնային ուսուցումը և այցելությամբ ուսուցումը սպասավորությամբ փոխարինելը, փոփոխություններ՝ կապված տաճարային կանոնների և արարողությունների հետ, և Երեխաների և Պատանիների նոր ծրագրերը։ Ես հիանում եմ բարությամբ և կարեկցանքով սիրառատ Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի, ով վերականգնեց Փրկիչի Եկեղեցին երկրի վրա ևս մեկ անգամ և մարգարե կանչեց մեր օրերում։ Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը վտանգավոր ժամանակները փոխհատուցում է ժամանակների լրությամբ։

Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել

Մեր մարգարեին տրված պատվիրաններին հնազանդվելը բանալի է ոչ միայն մոլորեցնողի ազդեցություններից և խաբեություններից խուսափելու, այլ նաև հարատև ուրախություն և երջանկություն ունենալու համար։ Աստվածային այս բանաձևը շատ պարզ է․ արդարակեցությունը կամ պատվիրաններին հնազանդվելը օրհնություններ է բերում, իսկ օրհնությունները բերում են ուրախություն կամ երջանկություն մեր կյանքում։

Ինչևէ, ճիշտ ինչպես սատանան փորձեց մոլորեցնել Մովսեսին, նա ձգտում է խաբել ձեզ։ Նա միշտ իրեն ձևացրել է այն, ինչ իրականում չէ։ Նա միշտ փորձում է թաքցնել իր իսկությունը։ Նա հայտարարում է, որ հնազանդությունը ձեր կյանքն անտանելի կդարձնի, և որ այն կխլի ձեզանից երջանկությունը։

Կարո՞ղ եք մտաբերել խաբելու նրա որոշ խորամանկությունները։ Օրինակ, նա շեղում է մեր ուշադրությունը ապօրինի թմրադեղերի հասցրած վնասներից և դրա փոխարեն հուշում, որ այն հաճույք կպատճառի։ Նա ընկղմում է մեզ զանազան բացասական տարրերի մեջ, որոնք առկա են սոցիալական լրատվամիջոցներում, ներառյալ՝ անիրական համեմատությունները և իդեալականացված իրականությունը։ Բացի դրանից, համացանցի միջոցով նա ներկայացնում է մեզ վնասակար նյութեր, օրինակ պոռնոգրաֆիան, կիբերհարձակումները և ապատեղեկատվությունը, նպատակ ունենալով կասկած և վախ մտցնել մեր սրտում և մտքում։ Նա խորամանկորեն շշնջում է․ «Պարզապես հետևիր ինձ, և դու անպայման երջանիկ կլինես»։

Մորմոնի Գրքի մարգարեի կողմից դարեր առաջ գրված խոսքերը հատկապես վերաբերում են մեր օրերին․ «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»։14 Թող որ մենք տարբերենք սատանայի խաբեությունները, ինչպիսին էլ դրանք լինեն։ Թող որ մենք դիմակայենք և տեսնենք այն մեկի ստերը և ազդեցությունները, ով ցանկանում է կործանել մեր հոգիները և գողանալ մեր ներկայիս ուրախությունն ու ապագա փառքը։

Իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, մենք պետք է շարունակենք լինել հավատարիմ և աչալուրջ, քանզի դա է ճշմարտությունը պարզելու և Տիրոջ ծառաների միջոցով Նրա ձայնը լսելու միակ ուղին։ «Քանզի Հոգին խոսում է ճշմարտությունը և չի ստում։ … Այս բաները մեզ հայտնի են դարձվում հստակորեն՝ մեր հոգիների փրկության համար։ … Քանզի Աստված դրանք խոսել էր նաև մարգարեների հետ հնում»։15 Մենք Ամենազոր Աստծո Սրբերն ենք, Իսրայելի հույսը։ Մի՞թե կտատանվենք։ «Կխուսափե՞նք պատերազմից։ Ո՛չ։ … Աստծո պատվիրաններին հոգով, սրտով հավատարիմ միշտ կլինենք»։16

Ես բերում եմ իմ հատուկ վկայությունը Իսրայելի Սրբի՝ Հիսուս Քրիստոսի մասին։ Վկայում եմ Նրա մեծ սիրո, ճշմարտության և երջանկության մասին, որոնք հնարավոր են դարձվել Նրա անսահման և հավերժական զոհաբերության շնորհիվ։ Եթե մենք հնազանդվենք Նրա պատվիրաններին, մենք միշտ կառաջնորդվենք ճիշտ ճանապարհով և չենք մոլորվի։ Մեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։