2010–2019 թթ․
Իմանալ, սիրել և աճել
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


Իմանալ, սիրել և աճել

Թող մենք բոլորս հասկանանք մեր դերը սպասավորության այս հրաշալի աշխատանքում, որպեսզի ավելի նմանվենք Նրան:

2016թ. Տաճարային Հրապարակի Թաբերնաքլ երգչախումբը այցելեց Նիդեռլանդներ և Բելգիա: Եվ քանի որ ես մասնակցում էի այդ ոգևորիչ իրադարձությանը, հնարավորություն ունեցա երկու անգամ վայելել նրանց կատարումը:

Նկար
Գոնգ նվագողը

Նրանց կատարման ժամանակ ես մտածում էի, թե ինչ հսկայական ջանքեր էին պահանջվել այդքան մեծ երգչախումբը տեղափոխելու համար: Ինձ շատ հետաքրքրեց մեծ գոնգը, որի տեղափոխումը շատ դժվար էր, և հավանաբար, շատ թանկ կարժենար` ջութակի, շեփորի և այլ գործիքների համեմատ, որոնք հեշտությամբ կարելի է տեղափոխել թևի տակ դրած: Բայց ինչ վերաբերում է գոնգի իրական ներգրավվածությանը, ես հասկացա, որ նրան միայն մի քանի անգամ հարվածեցին համերգի ժամանակ, մինչդեռ ուրիշ ավելի փոքր գործիքներ ակտիվորեն ներգրավված էին համերգի մեծ մասում: Ես մտածեցի, որ առանց գոնգի ձայնի կատարումը չէր լինի նույնը, ուստի այդ ջանքերը պետք է գործադրվեին, որպեսզի այդ մեծ գոնգը տեղափոխվեր օվկիանոսից այն կողմ:

Նկար
Գոնգ նվագողը նվագախմբի հետ

Երբեմն մենք, գուցե, համարենք, որ մեր հնարավորությունններով այդ գոնգի նման կարող ենք միայն փոքր դեր կատարել ներկայացման մեջ: Բայց թույլ տվեք ասել, որ ձեր ձայնը շատ կարևոր է:

Մենք ունենք բոլոր գործիքների կարիքը: Մեզանից ոմանք դպրոցում հեշտությամբ են սովորում և առաջադիմում են, մինչդեռ մյուսները տաղանդներ ունեն արվեստի տարբեր բնագավառներում: Ոմանք նախագծում ու կառուցում են, խնամում են, պաշտպանում կամ ուսուցանում են ուրիշներին: Մենք բոլորս անհրաժեշտ ենք, որպեսզի բազմազանություն, հետաքրքրություն և իմաստ հաղորդենք այս աշխարհին:

Ես ցանկանում եմ իմ ուղերձը հղել նրանց, ովքեր համարում են, որ իրենք ոչինչ չունեն ներդնելու, կամ, որ իրենք ոչ մեկի համար կարևորություն և արժեք չունեն, նրանց, ովքեր կարծում են, որ իրենց կյանքում ամեն բան հրաշալի է, կամ նրանց, ովքեր գտնվում են այս երկու վիճակների միջև:

Որտեղ էլ լինեք ձեր կյանքի ճանապարհին, ձեզանից ոմանք կարող են համարել, որ այնքան ծանրաբեռնված են, որ նույնիսկ չեն զգում, որ ճանապարհի վրա են: Ես ցանկանում եմ հրավիրել ձեզ դուրս գալ խավարից և քայլել դեպի լույսը: Ավետարանի լույսը ձեզ ջերմություն ու բժշկում կտա և կօգնի հասկանալ, թե ով եք դուք իրականում, և որն է ձեր նպատակն այս կյանքում:

Մեզանից ոմանք թափառել են արգելված ճանապարհներով՝ փորձելով այնտեղ գտնել երջանկությունը:

Մեր սիրառատ Երկնային Հայրը հրավիրում է մեզ քայլել աշակերտության ճանապարհով և վերադառնալ Իր մոտ: Նա սիրում է մեզ կատարյալ սիրով:1

Ուրեմն ո՞րն է ճանապարհը: Ճանապարհը հետևյալն է՝ սպասավորելով միմյանց, օգնենք մեկս մյուսին հասկանալ, թե ովքեր ենք մենք:

Ինձ համար սպասավորությունը աստվածային սիրո գործադրումն է:2 Այդ եղանակով մենք ստեղծում ենք մի միջավայր, որտեղ թե՛ տվողը, և թե՛ ընդունողը ձեռք են բերում ապաշխարելու ցանկություն: Այլ կերպ ասած, մենք փոխում ենք ուղղությունը, մոտենում և ավելի ենք նմանվում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Օրինակ՝ կարիք չկա մշտապես հիշեցնել մեր կանանց, ամուսիններին ու երեխաներին, թե նրանք ինչպես կարող են կատարելագործվել. նրանք արդեն գիտեն դա: Այս սիրո մթնոլորտը ստեղծելով է, որ նրանք հնարավորություն կունենան կատարել անհրաժեշտ փոփոխություններն իրենց կյանքում և դառնալ ավելի լավ մարդիկ:

Այս եղանակով ապաշխարությունը դառնում է ամենօրյա մաքրման գործընթաց, որը կարող է ներառել վատ վարքագծի համար ներում խնդրելը: Ես հիշում եմ ու դեռևս վերապրում եմ այնպիսի իրավիճակներ, երբ շատ արագ եմ դատել մարդկանց կամ հապաղել եմ լսել նրանց: Եվ օրվա վերջում, իմ անձնական աղոթքի ժամին ես զգացել եմ երկնքից ուղարկված սիրառատ խորհուրդն առ այն, որ պետք է ապաշխարեմ ու ավելի լավը դառնամ: Այդ սիրառատ միջավայրը, որը նախապես ստեղծվել է իմ ծնողների, եղբայրների, քույրերի, իսկ ավելի ուշ՝ իմ կնոջ, երեխաների, ինչպես նաև ընկերների կողմից, օգնել է ինձ ավելի լավ մարդ դառնալ:

Մենք բոլորս գիտենք, թե որտեղ կարող ենք առաջադիմել: Կարիք չկա մշտապես հիշեցնել միմյանց, այլ կարիք կա սիրել ու ծառայել միմյանց, և այդպես վարվելով, ստեղծել փոխվելու պատրաստակամության միջավայր:

Այս նույն միջավայրում մենք սովորում ենք, թե ովքեր ենք մենք իրականում, և որը կլինի մեր դերը աշխարհի պատմության վերջին օրերում՝ Փրկիչի Երկրորդ Գալուստից առաջ։

Եթե դուք ցանկանում եք իմանալ ձեր դերը, ես կկամենայի հրավիրել ձեզ գտնել մի վայր, որտեղ կարող եք մենակ լինել և խնդրել Երկնային Հորը ցույց տալ, թե որ դերը կատարեք: Հավանաբար պատասխանը կգա աստիճանաբար, իսկ հետո ավելի հստակ, երբ ավելի ամուր հիմնավորվենք ուխտի և սպասավորության արահետի վրա:

Մենք ունենք նույն դժվարությունները, որոնց բախվում էր Ջոզեֆ Սմիթը, մինչ «խոսքերի պատերազմի և տարաձայնությունների այդ աղմուկի մեջ էր»: Ինչպես կարդում ենք նրա պատմության մեջ, նա հաճախ էր հարցնում ինքն իրեն. «Ի՞նչ անել: Այս բոլոր խմբակցություններից ո՞րն է ճիշտ. կամ, միգուցե նրանք բոլորը սխա՞լ են: Եթե դրանցից որևէ մեկը ճիշտ է, ապա ո՞րն է այն, և ի՞նչպես կարող եմ դա իմանալ»:3:

Գիտելիքով, որը Ջոզեֆը գտավ Հակոբոսի թղթում, որտեղ գրված է, «եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կտրուի նորան»,4 նա, ի վերջո, վճռեց «խնդրէ[լ] Աստուածանից»:5

Ապա կարդում ենք, որ «դա առաջին անգամն էր [նրա] կյանքում, որ նման փորձ էր անում, քանզի, [իր] բոլոր անհանգստություններով հանդերձ, [նա] երբևէ չէր փորձել բարձրաձայն աղոթել»:6

Հետևաբար, մեզ համար ևս կարող է լինել առաջին անգամը, երբ մենք դիմում ենք Աստծուն այնպիսի եղանակով, որով երբեք նախկինում չենք դիմել:

Ջոզեֆի փորձի շնորհիվ Երկնային Հայրը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը հայտնվեցին նրան՝ կոչելով նրան իր անունով, և արդյունքում մենք ավելի պարզ պատկերացում ունենք այն մասին, թե ով ենք մենք, և որ մենք իրոք նշանակություն ունենք:

Այնուհետև կարդում ենք, որ իր պատանեկության տարիներին Ջոզեֆը «հետապնդվում էր նրանց կողմից, ովքեր պետք որ է [նրա] ընկերները լինեին, և բարյացակամ վերաբերվեին [նրան]»:7 Ուստի մենք կարող ենք որոշակի ընդդիմություն ակնկալել, քանի որ ապրում ենք աշակերտի կյանքով:

Եթե դուք ներկայումս համարում եք, որ չեք կարող նվագախմբի մասը լինել և ապաշխարության ճանապարհը դժվար է թվում ձեզ, իմացեք, որ եթե մենք շարունակեք փորձել, բեռը կվերցվի մեր ուսերից, և նորից լույս կլինի: Երկնային Հայրը երբեք չի լքի մեզ, երբ մենք դիմենք Նրան։ Մենք կարող ենք ընկնել և բարձրանալ, իսկ Նա կօգնի մեզ թոթափել մեր ծնկների փոշին:

Մեզանից շատերը վիրավորված են, բայց Տիրոջ առաջին օգնության դեղատուփը մեծ վիրակապեր ունի մեր բոլոր վերքերը կապելու համար:

Ուստի սա այդ սերն է՝ այդ անվերապահ սերը, որը մենք կոչում ենք գթություն կամ «Քրիստոսի մաքուր սեր»,8 որի կարիքն ունենք մեր տներում, որտեղ ծնողները սպասավորում են իրենց զավակներին, իսկ զավակներն՝ իրենց ծնողներին: Այդ սիրո միջոցով սրտեր կփոխվեն և ցանկություն կառաջանա՝ կատարելու Նրա կամքը։

Այդ սերն է, որն անհրաժեշտ է միմյանց հետ մեր հարաբերություններում՝ որպես մեր Երկնային Հոր զավակներ և Նրա Եկեղեցու անդամներ: Այն մեզ հնարավորություն կտա մեր նվագախմբում ընդգրկել բոլոր երաժշտական գործիքները, որպեսզի մենք կարողանանք երկնային հրեշտակների երգչախմբի հետ փառահեղ նվագել, երբ Փրկիչը կրկին գա:

Այդ սերն է, այդ լույսն է, որ պիտի փայլի ու պայծառացնի մեր շրջակայքը, մինչ մենք զբաղված ենք մեր առօրյա գործերով: Մարդիկ կնկատեն այդ լույսը և կմոտենան դրան: Սա այնպիսի միսիոներական աշխատանք է, որը կմոտեցնի ուրիշներին, որ «գան և տեսնեն, գան և օգնեն, գան և մնան»:9 Երբ դուք ստանանք ձեր վկայությունը այս մեծ աշխատանքի մասին և այդ գործում ունեցած ձեր բաժնի վերաբերյալ, եկեք ուրախանանք մեր սիրելի մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ միասին, ով հայտարարել է. «Ես տեսել էի տեսիլք. ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ»:10

Ես վկայում եմ, որ գիտեմ, թե ով եմ ես, և գիտեմ, թե ով եք դուք: Մենք բոլորս մեր Երկնային Հոր զավակներն ենք, ով սիրում է մեզ: Նա մեզ ուղարկել է այստեղ ոչ թե ձախողվելու համար, այլ Իր մոտ փառահեղ կերպով վերադառնալու համար: Թող որ մենք բոլորս սկսենք հասկանալ մեր բաժինը այս հրաշալի միսիոներական աշխատանքում, որպեսզի ավելի նմանվենք Նրան, երբ Փրկիչը կրկին գա, սա է իմ աղոթքը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: