2010–2019 թթ․
Երկրորդ մեծ պատվիրանը
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


Երկրորդ մեծ պատվիրանը

Մեր մեծագույն ուրախության աղբյուրը մեր եղբայրներին և քույրերին օգնելն է։

Իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, շնորհակալ եմ այն ամենի համար, որ դուք անում եք, որպեսզի օգնեք հավաքել Իսրայելը վարագույրի երկու կողմերում, ձեր ընտանիքներն ամրացնելու և կարիքի մեջ գտնվողների կյանքն օրհնելու համար։ Շնորհակալ եմ, որ ապրում եք որպես Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ։1 Դուք գիտեք և սիրով հնազանդվում եք Նրա երկու մեծ պատվիրաններին՝ սիրել Աստծուն և սիրել ձեր մերձավորներին։2

Վերջին վեց ամիսների ընթացքում Քույր Նելսոնը և ես հանդիպել ենք հազարավոր սրբերի, մինչ ճամփորդել ենք Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում և Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում։ Մինչ մենք ճամփորդում ենք, հուսով ենք, որ ամրացնում ենք ձեր հավատը։ Սակայն մենք միշտ վերադառնում ենք՝ մեր հավատքը զորացված անդամների և ընկերների կողմից, որոնց հանդիպում ենք։ Թույլ տվեք կիսվել վերջերս մեր ունեցած փորձառություններից երեք իմաստալից պահերով։

Նկար
Նախագահ Նելսոնը Նոր Զելանդիայում
Նկար
Նախագահ Նելսոնը Նոր Զելանդիայում

Մայիսին ես և Քույր Նելսոնը ճամփորդեցինք Երեց Ջերիթ Վ․-ի և Քույր Սյուզան Գոնգերի հետ դեպի Խաղաղ օվկիանոսի հարավային ափերը։ Մինչ Օքլենդում էինք (Նոր Զելանդիա), պատիվ ունեցանք հանդիպելու իմամների հետ Քրայսթչրչի (Նոր Զելանդիա) երկու մզկիթներից, որտեղ ընդամենը երկու ամիս առաջ անմեղ երկրպագողները գնդակահարվել էին սարսափելի ահաբեկչության ժամանակ։

Մենք մեր ցավակցությունը հայտնեցինք այլ հավատքի այդ եղբայրներին և վերահաստատեցինք կրոնական ազատության մեր փոխադարձ նվիրվածությունը։

Մենք նաև առաջարկեցինք կամավոր աշխատանք և համեստ ֆինանսական օգնություն` իրենց մզկիթները վերակառուցելու համար։ Այս մուսուլման ղեկավարների հետ հանդիպումը լի էր եղբայրության քնքուշ արտահայտություններով։

Նկար
Անվասայլակներ ստացողները Արգենտինայում
Նկար
Անվասայլակներ ստացողները Արգենտինայում

Օգոստոսին Երեց Քվենթին Լ․ և Քույր Մերի Քուքերի հետ, ես և Քույր Նելսոնը հանդիպեցինք բազմաթիվ անհատների հետ Բուենոս Այրեսում (Արգենտինա)․ նրանցից շատերը մեր հավատքից չէին, սակայն նրանց կյանքը փոխվել էր Վերջին Օրերի Սրբերի Բարեգործության կողմից հատկացված անվասայլակների շնորհիվ։ Մենք ոգեշնչված էինք, տեսնելով նրանց ուրախությունը, մինչ երախտագիտություն էին հայտնում շարժվելու իրենց նոր հնարավորությունների համար։

Երրորդ թանկ պահը տեղի ունեցավ մի քանի շաբաթ առաջ այստեղ՝ Սոլթ Լեյք Սիթիում։ Ես մի յուրահատուկ նամակ ստացա ծննդյանս տոնին տասնչորսամյա մի պարմանուհուց, որին կկոչեմ Մերի։

Մերին գրում էր բաների մասին, որոնցով մենք նման էինք իրար․ «Դուք ունեք 10 երեխա։ Մենք ունենք 10 երեխա։ Դուք խոսում եք մանդարիներեն։ Իմ ընտանիքի երեխաներից յոթը, այդ թվում նաև ես, որդեգրված ենք Չինաստանից, ուստի մանդարիներենը մեր մայրենի լեզուն է։ Դուք սրտի վիրաբույժ եք։ Քույրս սրտի երկու բաց [վիրահատություն] է տարել։ Ձեզ դուր է գալիս երկու ժամանոց եկեղեցին։ Մեզ դուր է գալիս երկու ժամանոց եկեղեցին։ Դուք բացարձակ լսողություն ունեք։ Եղբայրս նույնպես բացարձակ լսողություն ունի։ Նա ինձ պես կույր է»։

Մերիի խոսքերը խորապես հուզեցին ինձ, բացահայտելով ոչ միայն նրա մեծ հոգին, այլ նաև նրա ծնողների նվիրաբերումը։

Վերջին օրերի սրբերը, Հիսուս Քրիստոսի այլ հետևորդների նման, միշտ փնտրում են ուրիշներին օգնելու, բարձրացնելու և սիրելու ուղիներ։ Նրանք, ովքեր պատրաստ են կոչվելու Տիրոջ ժողովուրդը, «հոժար [են] կրելու մեկը մյուսի բեռը, … սգալու նրանց հետ, ովքեր սգում են, … և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության»։3

Նրանք իսկապես ձգտում են ապրել համաձայն առաջին երկու մեծ պատվիրանների։ Երբ մենք սիրում ենք Աստծուն մեր ողջ սրտով, Նա դարձնում է մեր սիրտը դեպի ուրիշների բարեկեցությունը մի գեղեցիկ, առաքինի շրջադարձով։

Անհնար է հաշվել ծառայությունները, որ Վերջին Օրերի Սրբերը մատուցում են ողջ աշխարհում ամեն տարվա ամեն օրը, սակայն հնարավոր է հաշվել, թե Եկեղեցին՝ որպես կազմակերպություն, որքան բարիքներ է հատկացնում՝ օրհնելով տղամարդկանց և կանանց, տղաներին և աղջիկներին, ովքեր ունեն օգնող ձեռքի կարիք։

Եկեղեցու մարդասիրական ծրագրերի տարածումը մեկնարկել է սկսած 1984 թվականից։ Ողջ Եկեղեցին ծոմ էր պահել միջոցներ ստեղծելու համար, որպեսզի օգներ նրանց, ովքեր տուժել էին Արևելյան Աֆրիկայի ավերիչ երաշտից։ Եկեղեցու անդամները նվիրաբերեցին $6,4 միլիոն ծոմապահության այդ մեկ օրվա ընթացքում։

Նկար
Երեց Բալլարդը Եթովպիայում

Երեց Մ․ Ռասսել Բալլարդը և Եղբայր Գլեն Լ․ Փեյսը ուղարկվել էին Եթովպիա՝ պարզելու, թե ինչպես կարող էին այդ նվիրաբերությունները լավագույնս օգտագործվել։ Ահա այդպես սկիզբ դրվեց մի ծրագրի, որը հետագայում հայտնի դարձավ որպես Վերջին Օրերի Սրբերի Բարեգործություն։

Այդ ժամանակից ի վեր Վերջին Օրերի Սրբերի Բարեգործությունը տրամադրել է ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն՝ աջակցելով կարիքի մեջ գտնվողներին ողջ աշխարհում։ Այս աջակցությունն առաջարկվում է մարդկանց՝ անկախ եկեղեցու պատկանելությունից, ազգությունից, ռասայից, սեռական կողմնորոշումից, սեռից կամ քաղաքական համոզմունքներից։

Դա ամենը չէ։ Տիրոջ Եկեղեցու անդամներին օգնելու համար, ովքեր նեղության մեջ են, մենք սիրում և ապրում ենք համաձայն ծոմապահության հնագույն օրենքի։4 Մենք քաղցած ենք մնում, որպեսզի օգնենք ուրիշներին, ովքեր քաղցած են։ Ամեն ամիս մեկ օր մենք ոչինչ չենք ուտում և նվիրաբերում ենք այդ ուտելիքի գումարը (և ավելին), որպեսզի օգնենք կարիքի մեջ գտնվողներին։

Ես երբեք չեմ մոռանա իմ առաջին այցելությունը Արևմտյան Աֆրիկա 1986թ․։ Շատ սրբեր էին եկել մեր ժողովներին։ Չնայած նրանք նյութական ունեցվածքի առումով քիչ բան ունեին, բայց մեծ մասը եկել էր սպիտակ անբիծ հագուստով։

Ես հարցրի ցցի նախագահին, թե նա ինչպես էր հոգ տանում անդամների համար, ովքեր այդքան քիչ բան ունեին։ Նա պատասխանեց, որ եպիսկոպոսները լավ էին ճանաչում իրենց մարդկանց։ Եթե անդամները ի վիճակի էին օրվա մեջ երկու անգամ սնվելու, ապա օգնելու կարիք չկար։ Սակայն, եթե նրանք կարողանում էին միայն մեկ անգամ սնվել կամ ավելի քիչ՝ նույնիսկ ընտանիքի օգնությամբ, եպիսկոպոսները տրամադրում էին սնունդ, որը ֆինանսավորվում էր ծոմի նվիրատվություններից։ Ապա նա ավելացրեց այս ուշագրավ փաստը․ ծոմի նրանց նվիրատվությունները սովորաբար գերազանցում էին նրանց ծախսերը։ Ծոմի նվիրատվության ավելցուկն այնուհետև ուղարկվում էր այլ վայրում գտնվող մարդկանց, որոնց կարիքները գերազանցում էին իրենց կարիքները։ Աֆրիկացի այդ աննկուն Սրբերն ինձ մի մեծ դաս ուսուցանեցին օրենքի զորության և ծոմի հոգու մասին։

Որպես Եկեղեցու անդամներ, մեզ հարազատ են նրանք, ովքեր որևէ կերպ տառապում են։5 Որպես Աստծո որդիներ և դուստրեր, մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք։ Հին Կտակարանում մենք լսում ենք այս հորդորը․ «Ձեռքդ բաց քո երկրումն եղած աղքատ եւ չքաւոր եղբօրդ»։6

Մենք նաև ձգտում ենք ապրել համաձայն Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների, ինչպես արձանագրված են Մատթեոս 25-ում։

«Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. Ծարաւեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք․

Մերկ էի, եւ հագցրիք ինձ. Հիւանդ էի, եւ ինձ այցելեցիք։ …

… Որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»։7

Թույլ տվեք բերել միայն մի քանի օրինակներ, թե ինչպես է Եկեղեցին հետևում Փրկիչի այս ուսմունքներին։

Նկար
Եպիսկոպոսի պահեստ

Քաղցածներին օգնելու համար Եկեղեցում գործում են եպիսկոպոսների 124 պահեստներ ողջ աշխարհով մեկ։ Դրանց միջոցով մոտավորապես 400 000 սննդի պատվերներ են ամեն տարի տրվում կարիքի մեջ գտնվող անհատների։ Այն վայրերում, որտեղ չկան պահեստներ, եպիսկոպոսները և ճյուղերի նախագահներն օգտվում են Եկեղեցու ծոմի նվիրատվություններից, որպեսզի սնունդ և այլ պարագաներ տրամադրեն իրենց կարիքավոր անդամներին։

Այնուամենայնիվ, սովի մարտահրավերը անցնում է Եկեղեցու սահմաններից։ Այն ավելի ու ավելի է շատանում ողջ աշխարհով մեկ։ ՄԱԿ-ի վերջերս կատարած զեկույցում նշվում է, որ աշխարհում թերսնվող մարդկանց թիվն այժմ անցնում է 820 միլիոնը կամ երկրի բնակիչների գրեթե իննից մեկը։8

Ինչպիսի սթափեցնող վիճակագրություն։ Որքան երախտապարտ ենք մենք ձեր նվիրատվությունների համար։ Ձեր սրտաբուխ առատաձեռնության շնորհիվ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կստանան շատ անհրաժեշտ սնունդ, հագուստ, ժամանակավոր կացարան, անվասայլակներ, դեղամիջոցներ, մաքուր ջուր և ավելին։

Աշխարհով մեկ բազմաթիվ հիվանդությունների պատճառ է դառնում անմաքուր ջուրը։ Մինչ օրս Եկեղեցու մարդասիրական նախաձեռնությունն օգնել է մաքուր ջուր ապահովել 76 երկրների հարյուրավոր համայնքներում։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Լուպուտա համայնքի նախագիծը հիանալի օրինակ է։ Ավելի քան 100000 բնակչություն ունեցող համայնքը չուներ հոսող ջուր։ Մարդիկ ստիպված էին քայլելով անցնել երկար տարածություն ջրի ապահով աղբյուր գտնելու համար։ 18 մղոն (29 կմ) հեռավորության վրա հայտնաբերվել էր լեռնային մի աղբյուր, բայց բնակիչները չէին կարող կանոնավոր կերպով օգտվել այդ ջրից։

Նկար
Խրամատ փորել ջրի համար

Երբ բարեգործության մեր միսիոներները տեղեկացան այդ խնդրի մասին, նրանք աշխատեցին Լուպուտայի ղեկավարների հետ, նյութեր և ուսուցում ապահովելով, որպեսզի ջուրը խողովակներով հասցվեր համայնք։ Լուպուտայի բնակիչները երեք տարիների ընթացքում ժայռերի ու ջունգլիների մեջ փորել էին մեկ մետր խորությամբ խրամատ։ Միասին աշխատելու արդյունքում, ի վերջո, հասավ ուրախալի օրը, երբ թարմ, մաքուր ջուրը հասանելի դարձավ ավանի բոլոր բնակիչներին։

Նկար
Ջուր կրողները

Եկեղեցին օգնում է նաև քաղաքացիական բախումների, բնության ավերածությունների կրոնական հետապնդումների հետևանքով հայտնված փախստականներին։ Ավելի քան 70 միլիոն մարդ այժմ տարահանված են իրենց տներից։9

Նկար
Սպասավորել փախստականներին

Միայն 2018թ․ Եկեղեցին արտակարգ իրավիճակների համար անհրաժեշտ նյութեր է տրամադրել փախստականներին 56 երկրներում։ Բացի դրանից, Եկեղեցու շատ անդամներ կամավոր տրամադրում են իրենց ժամանակը՝ օգնելով փախստականներին հաստատվել նոր համայնքներում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզանից յուրաքանչյուրին, ով օգնում է նրանց, ովքեր փորձում են հիմնել նոր տներ։

Նկար
Հագուստի բաշխում

Միացյալ Նահանգների Deseret Industries-ի խանութներին տրվող առատ նվիրատվությունների միջոցով ամեն տարի միլիոնավոր ֆունտերի հագուստ է հավաքվում և տեսակավորվում։ Մինչ տեղի եպիսկոպոսներն օգտագործում են այս բազմաթիվ իրերը՝ կարիքավոր անդամներին օգնելու համար, ամենամեծ մասը նվիրաբերվում է այլ բարեգործական կազմակերպությունների, որոնք բաշխում են իրերն ամբողջ աշխարհում։

Եվ միայն անցյալ տարի եկեղեցին տեսողության խնդիրներ ունեցող ավելի քան 300000 մարդու պարագաներ հատկացրեց 35 երկրներում, նորածինների խնամքի պարագաներ հատկացրեց 39 երկրներում հազարավոր մայրերի և նորածինների համար, և անվասայլակներ ավելի քան 50000 մարդու համար, որոնք ապրում են տասնյակ երկրներում։

Եկեղեցին առաջին արձագանքողներից է, երբ ողբերգություն է պատահում։ Նույնիսկ փոթորիկի հարվածից առաջ տուժող վայրերի Եկեղեցու և տեղի ղեկավարները ծրագրում են, թե ինչպես են օգնություն տրամադրելու և կամավոր օգնելու տուժողներին։

Նկար
Ծառայել Օգնող ձեռքերով

Միայն անցյալ տարի եկեղեցին ամբողջ աշխարհում իրականացրել է աղետներից փրկելու ավելի քան 100 ծրագիր՝ օգնելով փոթորիկների, հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի և այլ աղետներից տուժածներին։ Առաջին իսկ հնարավորության դեպքում մեր Եկեղեցու բազմաթիվ անդամներ դեղին Օգնող Ձեռքեր բաճկոններով օգնության են հասնում աղետներից տուժածներին։ Այդպիսի ծառայությունը, որ մատուցում են ձեզանից շատերը, սպասավորման բուն էությունն է։

Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, իմ նկարագրած միջոցառումները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու աճող բարեգործական և մարդասիրական ծրագրերի լոկ մի փոքր մասն են կազմում։10 Եվ դուք եք, որ այս ամենը հնարավոր եք դարձնում։ Ձեր օրինակելի կյանքի, մեծ սրտի և օգնող ձեռքերի շնորհիվ զարմանալի չէ, որ շատ համայնքներ և կառավարությունների ղեկավարներ գովաբանում են ձեր ջանքերը։11

Եկեղեցու Նախագահ լինելուց ի վեր ես հաճելիորեն զարմացել եմ, թե որքան նախագահներ, վարչապետներ և դեսպաններ անկեղծորեն շնորհակալություն են հայտնել ինձ՝ իրենց ժողովրդին հատկացված մեր մարդասիրական օգնության համար։ Եվ նրանք նաև երախտագիտություն են հայտնել այն զորության համար, որը մեր հավատարիմ անդամները բերում են իրենց երկրին՝ որպես հավատարիմ, ներդրող քաղաքացիներ։

Ես նաև հիացել եմ, երբ աշխարհի ղեկավարներն այցելել են Առաջին Նախագահությանը, իրենց հույսն արտահայտելով, որ Եկեղեցին կհաստատվի իրենց երկրում։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք գիտեն, որ Վերջին Օրերի Սրբերը կօգնեն ստեղծել ամուր ընտանիքներ և համայնքներ, մարդկանց կյանքը դարձնելով ավելի լավը, որտեղ էլ նրանք ապրեն։

Անկախ այն բանից, թե որ վայրն ենք մենք տուն անվանում, Եկեղեցու անդամները քնքշորեն զգում են, որ Աստված մեր բոլորի Հայրն է, իսկ մարդիկ՝ եղբայրներ։ Ուստի, մեր մեծագույն ուրախության աղբյուրը մեր եղբայրներին ու քույրերին օգնելն է՝ անկախ այն բանից, թե այս հրաշալի աշխարհի որ անկյունում ենք ապրում։

Մեր ուրախությունը բխում է ուրիշներին օգնելուց, երբ բարեխղճորեն ջանում ենք հոգ տանել ուրիշների համար նույն կերպ կամ ավելի շատ, քան հոգում ենք ինքներս մեր մասին։ Հատկապես, ես կարող եմ ավելացնել, երբ հարմար չէ, և երբ ստիպված ենք լինում դուրս գալ մեր հարմարավետության գոտուց։ Երկրորդ ամենամեծ պատվիրանի համաձայն ապրելը հանդիսանում է բանալի Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ դառնալու համար։

Իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, դուք կենդանի օրինակներն եք պտուղների, որոնք առաջ են գալիս Հիսուս Քրիստոսի ուսմունքներին հետևելուց։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես սիրում եմ ձեզ։

Ես գիտեմ, որ Աստված ապրում է։ Հիսուսը Քրիստոսն է։ Նրա Եկեղեցին վերականգնվել է այս վերջին օրերում, որպեսզի իրագործի դրա աստվածային նպատակները։ Ես վկայում եմ այդ մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։