2010–2019 թթ․
Փրկիչի ճշմարիտ աշակերտները
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


Փրկիչի ճշմարիտ աշակերտները

Մենք կարող ենք տևական ուրախություն զգալ, երբ մեր Փրկիչը և Նրա ավետարանը դառնում են առանցք, որի շուրջ մենք կառուցում ենք մեր կյանքը։

Հին Կտակարանի Անգեի գրքում թաքնված է մարդկանց մի խմբի նկարագիր, ովքեր կարող էին օգտագործել Երեց Հոլլանդի խորհուրդը։ Նրանց սխալն այն էր, որ նրանց կյանքը և ծառայությունը չէր կենտրոնանում Քրիստոսի վրա։ Անգեն մտածելու տեղիք տվող որոշ խոսքերով հանդիմանում է մարդկանց, որ Տիրոջ տաճարը կառուցելու փոխարեն նստել են իրենց հարմարավետ տներում․

«Ձեզ համար ժամանա՞կ է արդեօք, որ ձեր ձեղունազարդ տներումը բնակուէք, իսկ այս տունը աւերակ մնայ։

Եւ հիմա այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին։

Սերմել էք շատ, բայց բերել էք քիչ, կերել էք, բայց չէք կշտացել, խմեցիք, բայց ծարաւը չհանգցրիք, հագնուեցաք, բայց չտաքացաք. Եւ վարձկանը վարձի համար գործում է ծակուած քսակով։

Այսպէս է ասում Զօրաց Տէրը, Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին»։1

Որքան լավ է նկարագրված Աստծո բաների փոխարեն հավերժական հետևանքներ չունեցող բաներին անիմաստ առաջնահերթություն տալը։

Վերջերս հաղորդության ժողովի ժամանակ մի վերադարձած միսիոներ մեջբերեց մի հոր խոսքերը, ով հրաշալի ամփոփել էր այս գաղափարը, երբ ասել էր իր զավակներին․ «Ահա, թե ինչ է մեզ անհրաժեշտ այժմ․ ավելի քիչ Wi-Fi, և ավելի շատ Նեփի»։

Հինգ տարի ապրելով Արևմտյան Աֆրիկայում, ես տեսել եմ բազում օրինակներ, երբ մարդիկ առաջնահերթությունը սրտանց տվել են ավետարանին՝ առանց ամաչելու։ Նման օրինակներից է Գանայում անվադողերի վերանորոգման և անիվների հավասարակշռման բիզնեսի անվանումը։ Սեփականատերն այն անվանել է «Քո կամքի հավասարակշռումը»։

Մենք կարող ենք տևական ուրախություն2 զգալ, երբ մեր Փրկիչը և Նրա ավետարանը դառնում են առանցք, որի շուրջ մենք կառուցում ենք մեր կյանքը։ Սակայն այդ առանցքը շատ հեշտությամբ կարող է փոխարինվել աշխարհիկ բաներով, իսկ ավետարանը դառնալ լրացուցիչ մի բան, կամ պարզապես երկու ժամով եկեղեցի հաճախել կիրակի օրերին։ Դա նման է մեր աշխատավարձը «ծակուած քսակի» մեջ դնելուն։

Անգեն հորդորում է մեզ լինել նվիրված, ինչպես մենք Ավստրալիայում ենք ասում, «գործել շիտակ» ավետարանով ապրելիս։ Մարդիկ գործում են շիտակ, երբ նրանց խոսքը և գործը համահունչ է։

Շիտակ գործելու և նվիրված լինելու մասին ես մի փոքր սովորել եմ ռեգբի խաղալիս։ Սովորել եմ, որ երբ խաղում էի ողջ ջանասիրությամբ, անում ամեն հնարավոր բան, առավելագույնս վայելում էի խաղը։

Նկար
Երեց Վինսոնը ռեգբիի իր խմբի հետ

Ռեգբիի իմ լավագույն տարին ավագ դպրոցից հետո էր։ Մեր թիմը տաղանդավոր էր և նվիրված։ Մենք այդ տարվա հաղթող թիմն էինք։ Ինչևէ, մի օր մենք խաղալու էինք ցածր կարգի թիմի հետ, իսկ խաղից հետո բոլորս ժամադրություն ունեինք քոլեջի ամենամյա պարերում։ Ես կարծեցի, որ քանի որ սա հեշտ խաղ է լինելու, պետք է խուսափեմ վնասվածքներից, որպեսզի լիովին վայելեմ պարերը։ Այդ խաղի ընթացքում մենք չցուցաբերեցինք առավելագույն նվիրվածություն և պարտվեցինք։ Դրան գումարվեց նաև այն, որ ես խաղն ավարտեցի այտուցված շրթունքով, փչացնելով իմ տեսքն իմ կարևորագույն ժամադրության համար։ Անշուշտ, ես պետք է ինչ-որ բան սովորեի։

Լիովին այլ փորձառություն ունեցանք հետագա մի խաղի ժամանակ, երբ ես մեծ նվիրում ցուցաբերեցի։ Մի պահ ես ուժերս լարած առաջ էի մղվում, երբ ցավ զգացի դեմքիս։ Հիշելով հորս խրատները, որ հակառակորդը երբեք չպիտի իմանա, որ ես վնասվել եմ, ես շարունակեցի խաղը։ Այդ երեկո, մինչ փորձում էի ճաշել, ես հասկացա, որ չեմ կարողանում ծամել։ Հաջորդ առավոտ ես գնացի հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ ծնոտի կոտրվածք ունեմ։ Հաջորդ վեց շաբաթների ընթացքում բերանս անշարժացված էր։

Դասեր քաղեցի այտուցված շրթունքի և կոտրված ծնոտի առակից։ Անկախ վեց շաբաթների ընթացքում պինդ սննդի անհագ փափագի հիշողություններից, երբ ես միայն հեղուկներ կարող էի ընդունել, ես չեմ զղջում իմ կոտրված ծնոտի համար, քանի որ դա արդյունքն էր իմ ողջ ջանասիրության։ Սակայն ես զղջում եմ այտուցված շրթունքիս համար, քանի որ այն խորհրդանշում է ինձ հետ պահելը։

Մեր բոլոր ջանքերը ներդնելը չի նշանակում, որ մենք շարունակ պարուրված ենք լինելու օրհնություններով կամ միշտ հաջողություններ ենք ունենալու։ Սակայն դա նշանակում է, որ մենք ուրախ ենք լինելու։ Ուրախությունը ակնթարթային հաճույք կամ ժամանակավոր երջանկություն չէ։ Ուրախությունը հարատև է և հիմնվում է այն բանի վրա, որ Տերն ընդունում է մեր ջանքերը։3

Նման կերպ ընդունված լինելու օրինակ է Օլիվեր Գրենջերի պատմությունը։ Ինչպես նշել է Բոյդ Ք․ Փաքերը․ «Երբ սրբերը քշվեցին Կիրթլենդից, … Օլիվերը մնաց այնտեղ, որպեսզի վաճառեր իրենց սեփականությունները թեկուզ փոքր գումարով։ Հաջողության հասնելու մեծ ակնկալիքներ չկային։ Եվ, իսկապես, նա հաջողության չհասավ»։4 Առաջին Նախագահությունը տվեց նրան մի հանձնարարություն, որի իրականացումը դժվար էր լինելու, եթե ոչ անհնար։ Սակայն Տերը հետևյալ խոսքերով արձագանքեց նրա անհաջող թվացող ջանքերին․

«Ես հիշում եմ իմ ծառա Օլիվեր Գրենջերին. ահա, ճշմարիտ ասում եմ նրան, որ նրա անունը պիտի պահվի սրբազան հիշողության մեջ՝ սերնդե-սերունդ, հավիտյանս հավիտենից, ասում է Տերը։

Հետևաբար, թող նա լրջորեն պայքարի իմ Եկեղեցու Առաջին Նախագահության փրկագնման համար, … և երբ նա ընկնի, նա կրկին կբարձրանա, քանզի նրա զոհաբերությունն ինձ համար ավելի սրբազան կլինի, քան նրա աճը, ասում է Տերը»։5

Սա վերաբերում է նաև մեզ․ ոչ թե մեր հաջողությունները, այլ մեր զոհաբերությունն ու ջանքերն են, որ կարևոր են Տիրոջ համար։

Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտի մեկ այլ օրինակ է մեր թանկագին ընկերը Արևմտյան Աֆրիկայից՝ Կոտ դԻվուարից։ Այս հրաշալի, հավատարիմ քույրը բավականին երկար ժամանակ իր ամուսնու կողմից ենթարկվել է սարսափելի էմոցիոնալ և նույնիսկ որոշ ֆիզիկական բռնության, ապա նրանք, ի վերջո, բաժանվել են։ Նրա հավատը երբեք չի տատանվել, և նա շարունակել է բարի մնալ, սակայն նրա հանդեպ ցուցաբերված դաժանության արդյունքում, երկար ժամանակ նա մեծ ցավ է զգացել։ Ահա նրա իսկ խոսքերը պատահածի վերաբերյալ․

«Չնայած ասում էի, որ ներել եմ նրան, ես միշտ քնում էի ցավն իմ սրտում․ օրերս անցնում էին ցավով։ Սիրտս կարծես այրվում էր։ Բազմիցս ես աղոթել եմ Տիրոջը, որ հեռացնի այն ինձանից, սակայն ցավն այնքան մեծ էր, որ ես խորապես համոզված էի, որ զգալու էի այն ողջ կյանքիս ընթացքում։ Ես ավելի մեծ ցավ էի զգում, քան այն ժամանակ, երբ երիտասարդ հասակում կորցրի մորս․ ավելի մեծ ցավ, քան երբ կորցրի հորս և նույնիսկ որդուս։ Կարծես այն մեծանում ու ծածկում էր սիրտս, ստեղծելով այնպիսի տպավորություն, թե ամեն վայրկյան կարող եմ մեռնել։

Լինում էին պահեր, երբ հարցնում էի ինքս ինձ, թե ինչ կաներ Փրկիչն իմ իրավիճակում, ապա ասում․ «Տեր, սա չափից ավելի է»։

Ապա, մի առավոտ ես փնտրեցի այդ ցավն իմ սրտում, որ գալիս էր այդ ամենից և գնացի ավելի հեռուն՝ փնտրելով այն իմ հոգում։ Այն այլևս չկար։ Միտքս արագ վերանայեց իմ ցավերի բոլոր պատճառները, սակայն ես չէի զգում ցավը։ Ամբողջ օրը սպասում էի, թե արդյոք նորից եմ իմ սրտում ցավ զգալու․ ես չէի զգում այն։ Ուստի, ես ծնկի իջա և շնորհակալություն հայտնեցի Աստծուն, որ Տիրոջ քավող զոհաբերությունը գործեց ինձ համար»։6

Այս քույրն այժմ երջանիկ է․ նա կնքված է մի հրաշալի, հավատարիմ մարդու հետ, ով շատ է սիրում նրան։

Այսպիսով, ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը, եթե մենք Քրիստոսի ճշմարիտ աշակերտներն ենք։ Եվ ի՞նչ արժեք ունի ավետարանը մեզ համար, երբ մենք «[մեր] ուշը դարձնում [ենք մեր] ճանապարհներին», ինչպես խորհուրդ է տալիս Անգեն։

Ինձ դուր է գալիս Լամոնի թագավորի հոր ցուցաբերած ճիշտ վերաբերմունքը։ Դուք հիշում եք նրա զայրույթը սկզբում, երբ իմացավ, որ իր որդին ընկերացել է Ամմոնի՝ մի նեփիացու հետ. ժողովուրդ, որին լամանացիներն ատում էին։ Նա դուրս բերեց իր թուրը, որ կռվի Ամմոնի դեմ և շուտով Ամմոնի թուրը հայտնվեց իր կոկորդի մոտ։ «Արդ, թագավորը, վախենալով, թե ինքը պիտի կորցնի իր կյանքը, ասաց. Եթե դու խնայես ինձ, ես կշնորհեմ քեզ, ինչ որ դու խնդրես, մինչև իսկ թագավորության կեսը»։7

Ուշադրություն դարձրեք նրա առաջարկին․ իր թագավորության կեսը իր կյանքի դիմաց։

Սակայն ավելի ուշ, ավետարանը հասկանալուց հետո, նա մեկ այլ առաջարկ արեց։ «Թագավորն ասաց. Ի՞նչ պիտի ես անեմ, որ կարողանամ ունենալ այդ հավերժական կյանքը, որի մասին դու խոսեցիր։ Այո, ի՞նչ պիտի ես անեմ, որ կարողանամ ծնվել Աստծուց, այս ամբարիշտ հոգին արմատախիլ անելով իմ կրծքից, և ստանամ նրա Հոգին, որպեսզի կարողանամ լցվել ուրախությամբ, որպեսզի ես չվտարվեմ վերջին օրը։ Ահա, ասաց նա, ես կհրաժարվեմ բոլոր բաներից, ինչ ես ունեմ, այո՛, ես կթողնեմ իմ թագավորությունը, որպեսզի կարողանամ ստանալ այդ մեծ ուրախությունը»։8

Այս անգամ նա պատրաստ էր տալու իր ողջ թագավորությունը, քանի որ ավետարանն ավելին արժեր, քան իր բոլոր ունեցածը։ Նա լուրջ մոտեցում ցուցաբերեց ավետարանի հանդեպ։

Ուստի, մեզանից յուրաքանչյուրը կանգնած է հետևյալ հարցի առաջ․ արդյո՞ք մենք ամենայն լրջությամբ ենք վերաբերվում ավետարանին։ Որովհետև, եթե մենք տատանվում ենք, ուրեմն շիտակ չենք կարող գործել։ Իսկ մեզ հայտնի է, որ Աստված չի գովաբանում գաղջ վիճակը։9

Չկա որևէ գանձ, սիրած զբաղմունք, հասարակական դիրք, սոցիալական լրատվամիջոց, տեսախաղ, սպորտ, շփում հանրաճանաչ մարդու հետ կամ որևէ բան երկրի վրա, որն ավելի թանկ է, քան հավերժական կյանքը։ Ուստի, Տերը խորհուրդ է տալիս յուրաքանչյուրին՝ «Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին»։

Իմ զգացողությունները լավագույնս արտահայտված են Նեփիի խոսքերում․ «Ես հրճվում եմ պարզությամբ. ես հրճվում եմ ճշմարտությամբ. ես հրճվում եմ իմ Հիսուսով, քանզի նա փրկագնել է իմ հոգին դժոխքից»։10

Արդյո՞ք մենք ճշմարիտ հետևորդներն ենք Նրա, ով ամեն բան տվեց մեզ համար։ Նա, ով մեր Քավիչն է և մեր Բարեխոսը Հոր առաջ։ Նա, ով անձամբ ամբողջությամբ նվիրաբերվեց Իր քավիչ զոհաբերությամբ և այժմ էլ նվիրված է Իր ողջ սիրով, Իր գթությամբ և Իր ցանկությունն է, որ մենք ունենանք հավերժական ուրախություն։ Ես աղերսում եմ բոլոր նրանց, ովքեր լսում կամ կարդում են այս խոսքերը. Խնդրում եմ, խնդրում եմ, մի դադարեք ձեր ողջ նվիրվածությամբ հետամուտ լինել ձեր պարտականություններին, մինչև որ կատարեք դրանք ապագա ինչ-որ անհայտ մի ժամանակահատվածում։ Այս պահից սկսած գործեք շիտակ և զգացեք դրանից բխող ուրախությունը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։