Ընկեր
Ընթերցանության նպատակը
Հունվար 2024 թ․


«Ընթերցանության նպատակը», Ընկեր, հունվ․ 2024, 36-37:

Ընթերցանության նպատակը

Անդերսը չէր սիրում բարձրաձայն կարդալ։

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Նկար
alt text

Անդերսը լսում էր, թե ինչպես է քույրը կարդում՝ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության ժամանակ: Նա փորձում էր հետևել իր գրասալիկի վրա: Բայց դժվար էր կենտրոնանալ բառերի վրա։

Անդերսը միշտ դժվարանում էր կարդալ։ Անցյալ տարի պարզվեց, որ նա դիսլեքսիա ունի։ Դիսլեքսիան այնպիսի խանգարում է, որի դեպքում մարդը դժվարանում է կարդալ: Նրա ուղեղը խառնում էր բառերն ու տառերը, իսկ աչքերը չէին կենտրոնանում, երբ փորձում էր կարդալ:

Նրա քույրն ավարտեց հատվածի ընթերցումը, ապա եղբայրը կարդաց հաջորդ հատվածը։ Բայց Անդերսը չկարդաց։ Նա չէր սիրում բարձրաձայն կարդալ։ Երբ բառերը խոշորացնում էր գրասալիկի վրա, մի փոքր ավելի հեշտ էր դառնում։ Բայց նա ատում էր այն հանգամանքը, որ ինքը դանդաղ ու անվարժ էր կարդում։ Նա այնքան շատ սխալներ էր անում։ Նա պետք է շատ քրտնաջան աշխատեր մի բանի վրա, ինչը բոլորի մոտ շատ հեշտ էր ստացվում։

Կարդալուց հետո Անդերսի ընտանիքը տեսանյութ դիտեց։ Տեսանյութը երեխաների և երիտասարդների ծրագրի մասին էր։

«Անձնական նպատակներ դրեք, որոնք մարտահրավեր են ձեզ համար և խրախուսում են ձեզ կատարելագործվել»,- ասաց երեց Գոնգը տեսանյութում: «Բացահայտեք նոր տաղանդներ, հետաքրքրություններ և հմտություններ»:*

Անդերսը մտածեց նպատակների մասին, որոնք կարող էր դնել։ Միգուցե նա կարող էր սովորել թխվածքաբլիթներ թխել։ Կամ ավելի լավ խաղալ ֆուտբոլ։

Հետո նա նայեց սեղանին դրված Մորմոնի Գրքին: Կարդալու ունակությունը զարգացնելու նպատակը հաճելի զբաղմունք չէր թվում: Բայց նա ցանկանում էր սուրբ գրություններ կարդալ իր ընտանիքի հետ:

«Ես գիտեմ, թե ինչ նպատակ եմ ուզում ունենալ»,- ասաց նա հայրիկին:

«Եվ ո՞րն է դա»,- հարցրեց հայրիկը։

Անդերսը վերցրեց Մորմոնի Գիրքը: «Ես ուզում եմ ամեն օր բարձրաձայն կարդալ Մորմոնի Գրքից մի հատված»:

«Հրաշալի նպատակ է»,- ասաց հայրիկը։ «Ե՞րբ ես ուզում սկսել»:

«Հենց հիմա»:

Անդերսը գնաց իր սենյակ և փակեց դուռը։ Նա չէր ուզում, որ որևէ մեկը լսեր իրեն: Ապա նա բացեց իր Մորմոնի Գիրքը: Նա խառնեց բառերից մի քանիսը, բայց նրանից ընդամենը մեկ րոպե պահանջվեց առաջին հատվածը կարդալու համար։ Այդքան էլ վատ չէր, - մտածեց նա։

Անդերսն ամեն օր սուրբ գրություն էր կարդում: Դա շատ դժվար էր։ Նա նաև չէր զգում, որ հետզհետե ավելի լավ է կարդում։ Բայց շարունակում էր աշխատել այդ ուղղությամբ։

Հետո մի օր դպրոցում նրա ուսուցչուհին ասաց․ «Կեցցե՜ս։ Անհավատալի է, թե որքան արագ ես դու սովորում։

Անդերսը հայացքը վեր բարձրացրեց տնային աշխատանքի տողերից։ «Իսկապե՞ս»։

Ուսուցչուհին գլխով արեց։ «Դու շատ ես առաջադիմել»։

Անդերսը նայեց իր թղթերին գրված բառերին։ Դրանք շատ ավելի հեշտ էր կարդալ, քան նախկինում: Սուրբ գրությունները կարդալու նպատակը նույնիսկ օգնել էր նրան ավելի լավ սովորել դպրոցում:

Երբ նա տուն եկավ, վազեց վերև՝ կարդալու իր սուրբ գրությունները: Երբ նա նայեց էջին, բառերը դեռ խառնվում էին։ Բայց արդեն ավելի հեշտ էր հասկանալ, թե դրանք ինչ են ասում:

Անդերսը ոգևորված էր այդ երեկո սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության սպասումով։

«Հայրիկ», - ասաց նա: «Կարո՞ղ եմ կարդալ այսօր»:

Հայրիկը ժպտաց։ «Ուրախ կլինենք, որ կարդաս»:

Անդերսը ուշադիր հետևում էր, երբ նրա եղբայրներից ու քույրերից յուրաքանչյուրը կարդում էր մի հատված: Երբ հերթը հասավ իրեն, նա դանդաղ կարդաց հատվածը, որպեսզի ճիշտ արտասանի ամեն մի բառը: Կարդալուց հետո նա հայացքը բարձրացրեց։ Բոլորը ժպտում էին նրան։

Չնայած նա կատարյալ ընթերցող չէր, բայց հպարտ էր իրենով: Նա գիտեր, որ ջանասիրաբար աշխատելու դեպքում Երկնային Հայրը միշտ կօգներ իրեն։

Նկար
alt text
Նկար
Պատմություն PDF

Նկարները` Քելլի Սմիթի

  • Դեմ առ դեմ երեց Ջերիթ Վ. Գոնգի հետ (համաշխարհային հեռարձակում, 17 նոյեմբերի 2019 թ.), Ավետարանի գրադարան։