Ընկեր
Սեմիի սուրբ գրությունները
Հունվար 2024 թ․


«Սեմիի սուրբ գրությունները», Ընկեր, հունվ․ 2024, 10-11:

Սեմիի սուրբ գրությունները

Սեմին նույնպես ցանկանում էր կարդալ։

Այս պատմությունը տեղի է ունեցել Բոլիվիայում։

Նկար
alt text

Ընտանեկան երեկոյի վերջում հայրիկը ձեռքերն իրար խփեց: «Ես մի միտք ունեմ ընտանեկան նպատակի համար»,- ասաց նա: «Եկեք ամեն օր միասին կարդանք Մորմոնի Գիրքը»։

Սեմիի ավագ եղբայրները՝ Անդրեսը և Խուանը, գլխի շարժումով համաձայնեցին այդ մտքին և ուրախ ժպտացին:

«Շատ լավ»,- ասաց Անդրեսը։

Սեմին նույնպես ոգևորվեց։ Բայց հետո նա մի բան հիշեց։ Նա ձեռքը բարձրացրեց։ «Ես կարդալ չեմ կարողանում։ Ուրեմն, ինչպե՞ս օգտակար լինեմ»։

Խուանը ուսերը թոթվեց։ «Դու կարող ես պարզապես լսել»:

Սեմիի եղբայրներն արդեն կարդում էին։ Բայց Սեմին դեռ հինգ տարեկան էր։ Նա դեռ չէր սովորել կարդալ։

«Բայց ես էլ եմ ուզում օգնել», - խոժոռվելով ասաց Սեմին։

Մայրիկը գրկեց Սեմիին: «Եվ դու կօգնես», - ասաց նա: «Միշտ ճանապարհ կա անելու այն, ինչ Աստված մեզ պատվիրում է»:

Հաջորդ օրը երեկոյան Սեմիի ընտանիքը հավաքվեց՝ կարդալու Մորմոնի Գիրքը: Նրանք բոլորը բերել էին իրենց սուրբ գրությունները՝ բացի Սեմիից: Մայրիկը նրան տվեց Մորմոնի Գրքի պատմությունների պատկերագիրքը:

«Դու չես կարող բառերը կարդալ։ Բայց դու կարող ես կարդալ նկարները», - ժպիտով ասաց նա:

Սեմին գիրքը մոտեցրեց իրեն։ Այժմ նա նույնպես կարող էր կարդալ իր ընտանիքի հետ միասին։

Նրանք հերթով կարդում էին։ Սեմին նայում էր նկարներին, որոնք պատկերում էին պատմությունը: Երբ գալիս էր իր հերթը, նա պատմում էր մյուսներին, թե ինչ է տեսնում նկարներում։ Պատմելիս նա հնարավորինս շատ մանրամասներ էր ասում։

Նկար
alt text

Ժամանակի հետ Սեմին ցանկանում էր ավելի շատ կարդալ։ Մայրիկը սովորեցնում էր նրան, թե յուրաքանչյուր տառն ինչպես է հնչում։ Այնուհետև՝ նա ցույց տվեց, թե ինչպես բառեր կազմել։ Ամիսներ անց Սեմին արդեն պատկերագրքի կարիքն այնքան շատ չուներ։ Նա արդեն կարդում էր իր ընտանիքի կարդացած յուրաքանչյուր հատվածի վերջին բառը: Նախ մայրիկն էր կարդում բառը, ապա Սեմին կրկնում էր։

Սկզբում նրանք դանդաղ էին կարդում։ Յուրաքանչյուր գլխի ավարտին հասնելու համար երկար ժամանակ էր պահանջվում։ Անդրեսն ու Խուանը հորանջում էին, երբ Սեմիի հերթն էր լինում։ Սակայն նրանք շարունակում էին ընտանիքով կարդալ։

Քիչ-քիչ Սեմին ավելի շատ էր կարդում։ Նա կարդում էր հատվածից մի բառ, հետո՝ երկու, ապա՝ երեք բառ։ Այնուհետև նա սկսեց կարդալ ամբողջ հատվածը։

Երբ նրանց նպատակն արդեն մոտ էր իրականացմանը, Սեմին կարողանում էր ինքնուրույն կարդալ մի քանի հատված։ Նրա կարդալու ունակությունը զգալիորեն բարելավվել էր։ Նրա սերը Մորմոնի Գրքի հանդեպ նույնպես աճել էր:

Ի վերջո, Սեմիի ընտանիքը ավարտեց Մորմոնի Գրքի ընթերցանությունը։ Դա տևեց երկու տարի։ Այժմ Սեմին յոթ տարեկան էր և սովորել էր վարժ կարդալ։

«Շնորհավորում եմ»,- ասաց հայրիկը։ «Մենք դա արեցինք»։

Սեմին ուրախանում էր իր ընտանիքի հետ։ Նա օգնեց նրանց կարդալ Մորմոնի Գիրքը:

Խուանը ամուր գրկեց Սեմիին։ «Ո՞րն է լինելու քո նպատակը հաջորդ երկու տարիների համար»:

Սեմին ժպտաց: Նա ուղղեց մեջքն ու ասաց. «Ես նորից կկարդամ Մորմոնի Գիրքը»:

Նկար
Պատմություն PDF

Նկարները՝ Մելիսսա Մանվիլ Կաշիվագիի