Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 115


Բաժին 115

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Ֆար Վեստում, Միսսուրի, 1838թ. ապրիլի 26-ին, որը հայտնի դարձրեց Աստծո կամքն այդ վայրի կառուցման և Տիրոջ տան վերաբերյալ (History of the Church, 3.23–25): Այս հայտնությունն ուղղված է Եկեղեցու նախագահող պաշտոնյաներին:

1–4՝ Տերն իր եկեղեցին անվանում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի. 5–6՝ Սիոնը և նրա ցցերը պաշտպանության վայր և ապաստան են Սրբերի համար. 7–16՝ Սրբերին պատվիրվում է Տիրոջ տուն կառուցել Ֆար Վեստում. 17–19՝ Ջոզեֆ Սմիթը կրում է Աստծո արքայության բանալիները երկրի վրա:

1 Ճշմարիտ, այսպես է Տերն ասում ձեզ՝ իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին և նաև իմ ծառա Սիդնի Ռիգդոնին և նաև իմ ծառա Հայրում Սմիթին, և քո խորհրդականներին, որոնք նշանակված են և պիտի նշանակվեն ապագայում.

2 Եվ նաև ձեզ՝ իմ ծառա Էդվարդ Պատրիջին և նրա խորհրդականներին.

3 Եվ նաև իմ հավատարիմ ծառաներին, որոնք Սիոնի իմ եկեղեցու բարձրագույն խորհրդից են, քանզի այդպես պետք է այն կոչվի, և նաև Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի իմ Եկեղեցու ողջ աշխարհով ամենուրեք ցրված բոլոր երեցներին ու ժողովրդին.

4 Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին վերջին օրերին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի:

5 Ճշմարիտ ասում եմ ձեզ բոլորիդ. Վեր կացեք և շողացեք, որպեսզի ձեր լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար.

6 Եվ որպեսզի միասին հավաքվելը՝ Սիոնի հողի վրա և նրա ցցերում, պաշտպանություն և ապաստան լինի փոթորկից ու ցասումից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա:

7 Թող Ֆար Վեստ քաղաքը սուրբ և նվիրաբերված հող լինի ինձ համար. և այն պիտի կոչվի ամենայն սուրբ, քանզի հողը, որի վրա դու կանգնած ես, սուրբ է:

8 Հետևաբար, ես պատվիրում եմ ձեզ մի տուն կառուցել ինձ համար, իմ սրբերի միասին հավաքվելու համար, որ նրանք կարողանան ինձ երկրպագել:

9 Եվ թող այդ աշխատանքի սկիզբը և հիմնադրումը և նախապատրաստական աշխատանքը սկսվի այս գալիք ամռանը.

10 Եվ թող սկիզբը դրվի հաջորդ հուլիսի չորրորդ օրը. և այդ ժամանակից սկսած թող իմ ժողովուրդը ջանասիրաբար աշխատի, որպեսզի տուն կառուցի իմ անվան համար.

11 Եվ այս օրից մեկ տարի անց թող նրանք վերսկսեն իմ տան հիմքը դնելը:

12 Այդպիսով, թող նրանք այդ ժամանակից սկսած ջանասիրաբար աշխատեն, մինչև նրա ավարտը, նրա անկյունաքարից մինչև գագաթը, մինչև որ ոչինչ չի մնա, որ ավարտված չլինի:

13 Ճշմարիտ ասում եմ ձեզ. Թող ոչ իմ ծառա Ջոզեֆը, ոչ իմ ծառա Սիդնին, ոչ էլ իմ ծառա Հայրումը, այլևս պարտքի տակ չընկնեն՝ իմ անվան համար տուն կառուցելու պատճառով.

14 Այլ թող իմ անվան համար տունը կառուցվի այն օրինակով, որը ես ցույց կտամ նրանց:

15 Եվ եթե իմ ժողովուրդը չկառուցի այն օրինակով, որը ես ցույց կտամ իրենց նախագահությանը, ես այն չեմ ընդունի նրանց ձեռքից:

16 Բայց եթե իմ ժողովուրդը կառուցի այն՝ համաձայն այն օրինակի, որը ես ցույց կտամ իրենց նախագահությանը, այսինքն՝ իմ ծառա Ջոզեֆ Սմիթին և նրա խորհրդականներին, այնժամ ես կընդունեմ այն իմ ժողովրդի ձեռքից:

17 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Իմ կամքով է, որ Ֆար Վեստ քաղաքն արագ կառուցվի իմ սրբերի հավաքվելով.

18 Եվ նաև, որ ցցերի համար այլ վայրեր նշանակվեն մերձակա շրջաններում, ինչպես որ դրանք ժամանակ առ ժամանակ հայտնի կդարձվեն իմ ծառա Ջոզեֆին:

19 Քանզի ահա, ես կլինեմ նրա հետ, և ես կսրբագործեմ նրան՝ ժողովրդի առաջ. քանզի ես նրան եմ տվել այս արքայության և ծառայության բանալիները: Ճիշտ այդպես: Ամեն: