Նախագահների ուսմունքները
Գլուխ 6. Հիսուս Քրիստոսի Քավությունը և Հարությունը


Գլուխ 6

Հիսուս Քրիստոսի Քավությունը և Հարությունը

«Մենք կբարձրանանք մահկանացու մահից` ունենալու հավիտենական կյանք` Փրկչի քավող զոհաբերության և հարության շնորհիվ»:

Հովարդ Վ. Հանթերի կյանքից

1934թ. մարտին ծնվեց Հովարդ և Քլեյր Հանթերների առաջին երեխան. մի որդի, ում նրանք անվանեցին Հովարդ Վիլյամ Հանթեր կրտսեր, իսկ կոչում էին Բիլլի: Ամռանը նրանք նկատեցին, որ Բիլլին կարծես թմրած լիներ: Բժիշկները նրա մոտ ախտորոշեցին սակավարյունություն և Հովարդը երկու անգամ արյուն տվեց փոխներարկումների համար, սակայն Բիլլիի վիճակը չլավացավ: Հետագա անալիզներից պարզվեց, որ առկա էր ծանր աղիքային խնդիր, որի պատճառով Բիլլը արյուն էր կորցնում: Բժիշկները վիրահատություն կատարեցին, որի ընթացքում Հովարդը պառկած էր իր որդու կողքին` արյուն տալու համար, սակայն արդյունքները քաջալերող չէին: Երեք օր անց` 1934 թվականի հոկտեմբերի 11-ին, փոքրիկ Բիլլին լուռ մահացավ, մինչ նրա ծնողները նստած էին նրա անկողնու կողքին: «Մենք վշտից մտատանջ և ընդարմացած էինք, երբ գիշերը դուրս եկանք հիվանդանոցից», գրել է Հովարդը:1

Բիլլի մահվան և մյուս սիրելիների մահվան փորձառությունների ընթացքում Նախագահ Հանթերին օգնեց Փրկչի Քավության և Հարության իր վկայությունը: «Մենք խորապես համոզված ենք, որ [Քավությունը] իրականություն է,- վկայել է նա,- ոչինչ ավելի կարևոր չէ փրկության աստվածային ծրագրում, քան Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերությունը: Մենք հավատում ենք, որ փրկությունը գալիս է քավության շնորհիվ: Առանց դրա արարման ողջ ծրագիրը ոչինչ կդառնա: … Առանց այս քավող զոհաբերության ժամանակավոր մահը վերջը կլիներ և չէր լինի հարություն և նպատակ մեր հոգևոր կյանքում: Չէր լինի հավերժական կյանքի հույս»:2

Ապրիլի գերագույն համաժողովներին, որոնք տեղի են ունենում մոտավորապես Զատկի տոների ժամանակ, Նախագահ Հանթերը հաճախ խոսել է Հիսուս Քրիստոսի Հարության մասին: 1983 թվականի ապրիլի գերագույն համաժողովին նա ասել է.

«Զատկի այս տոներին ես խիստ զգում եմ Փրկչի հարության իրականության մասին վկայելու իմ հանձնարարության կարևորությունը: Իմ եղբայրներ և քույրեր, Աստված կա երկնքում, ով սիրում և հոգ է տանում ձեզ և ինձ համար: Մենք ունենք Երկնային Հայր, ով ուղարկեց իր հոգեղեն զավակներից Անդրանիկին` մարմնում իր Միածնին` լինելու աշխարհիկ օրինակ մեզ համար, իր վրա վերցնելու աշխարհի մեղքերը և, ի վերջո, խաչվելու աշխարհի մեղքերի համար և հարություն առնելու: …

Դա իսկապես գեղեցիկ ուղերձ է` կյանք է լինելու մահից հետո. մենք կարող ենք վերադառնալ` կրկին ապրելու մեր Երկնային Հոր հետ, այն զոհաբերության շնորհիվ, որը Փրկիչն է կատարել մեզ համար և մեր իսկ ապաշխարության և պատվիրաններին հնազանդվելու շնորհիվ:

Զատկի առավոտի փառահեղ լուսաբացին, երբ Քրիստոնյա աշխարհի մտքերը մի քանի անցողիկ պահերի դառնում են դեպի Հիսուսի հարությունը, եկեք մենք երախտագիտություն հայտնենք մեր Երկնային Հորը փրկության մեծ ծրագրի համար, որը նախապատրաստվել է մեզ համար»:3

Նկար
գերեզմանի այգի

Փրկչի դատարկ գերեզմանը «հայտարարում է ողջ աշխարհին. «Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ»» (Ղուկաս ԻԴ.6):

Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները

1

Քավությունը սիրո ամենամեծ արարքն է` գործված մեր Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի կողմից:

Հիսուս Քրիստոսի Քավությունը նախասահմանված հանձնարարություն էր` տրված մեր Երկնային Հոր կողմից` փրկելու իր զավակներին նրանց ընկած վիճակից հետո: Դա սիրո արարք էր, գործված մեր Երկնային Հոր կողմից` թույլ տալու իր Միածնին` կատարելու քավող զոհաբերություն: Եվ դա սիրո ամենամեծ արարքն էր, գործված նրա Սիրելի Որդու կողմից` իրականացնելու Քավությունը:

Ես բազմաթիվ առիթներով կանգնել եմ Գեթսեմանի պարտեզում: Ես խորհել եմ իմ մտքում Փրկչի տառապանքների, ցավի մասին, այն ցավի, որը նա զգացել էր, երբ մեր Երկնային Հայրը թույլ տվեց նրան, մեզ համար անըմբռնելի ձևով, իր վրա վերցնել ողջ մարդկության ցավն ու մեղքերը: Իմ հոգին լցվում էր ցավով, երբ ես մտածում էի մարդկության համար նրա կատարած մեծ զոհաբերության մասին:

Ես կանգնել եմ Գողգոթայի` գանգի տեղի ստորոտում, և խորհել խաչելության նվաստացման մասին, որը հանգեցրեց մեր Փրկչի ֆիզիկական մահվանը, որը սակայն իրականացրեց նրա և ողջ մարդկության անմահությունը: Եվ կրկին իմ հոգին ճնշվել է:

Եվ ես կանգնել եմ պարտեզի գերեզմանի առջև և պատկերացրել եմ հարության այն փառահեղ օրը, երբ Փրկիչը դուրս է եկել գերեզմանից կենդանի, հարություն առած, անմահ: Այդ մտորումների մեջ իմ սիրտը լցվել է ուրախությամբ:

Այս փորձառությունների շնորհիվ ես զգացել եմ, որ պետք է դուրս թափեմ իմ հոգին գոհունակությամբ և երախտագիտությամբ առ մեր Երկնային Հայրը, այն սիրո համար, որ նա և նրա Որդին տվել են մեզ փառահեղ քավող զոհաբերության միջոցով: Չարլզ Գաբրիելի խոսքերով ասած` «Հիսուսի մեծ սիրուց ես մնում եմ զարմացած, շփոթված շնորհներից, որ տալիս է ինձ սրտանց: Դողում եմ այն մտքից, որ խաչվեց նա ինձ համար, որ ինձ՝ մեղավորիս համար մեռավ տանջահար: Հրաշալի է, որ հոգում է իմ մասին կյանքը տալու չափ: Հրաշալի, հոյակապ է, հոյակապ»: …

Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը, իմ եղբայրներ և քույրեր, որ մեր Երկնային Հայրն աշխարհ ուղարկեց իր սիրելի Որդուն` Հիսուս Քրիստոսին, իրագործելու պայմանները, որոնց հիման վրա իրականանալու էր փրկության ծրագիրը: Քավությունը ներկայացնում է նրա մեծ սերը մեր հանդեպ:4

2

Փրկիչն Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, թուլությունները, վիշտը և ցավը:

Երբ նրանք հանդիպեցին նշելու Զատիկը, Հիսուսը և նրա Առաքյալները ճաշակեցին հաղորդության խորհրդանիշերը, որը նա նախաձեռնեց այս վերջին ընթրիքի հետ միասին և հետո քայլեց դեպի Ձիթենյաց սարը:

Մինչև վերջ լինելով ուսուցիչ, ինչպես միշտ, նա շարունակեց իր ուսուցումը զոհաբերության գառան թեմայով: Նա ասաց նրանց, որ ինքը զարկվելու էր, և որ նրանք ցրվելու էին ինչպես առանց հովիվ ոչխարները (տես Մատթեոս ԻԶ.31): «Բայց իմ յարութիւն առնելուցը յետոյ»,- ասել է նա,- «ձեզանից առաջ կգնամ Գալիլեա» (Մատթեոս ԻԶ.32):

Հետագա ժամերի ընթացքում նրա քրտինքը թափվեց արյան կաթիլներով, խարազանվեց հենց ղեկավարների կողմից, ովքեր հայտարարում էին, որ իրենք էին նրա օրենքը պահողները և խաչվեց ավազակների հետ միասին: Դա եղել է այնպես, ինչպես Բենիամին թագավորն է մարգարեացել Մորմոնի Գրքում. «Նա կտանի փորձություններ և մարմնի ցավ, քաղց, ծարավ և հոգնածություն, նույնիսկ ավելին, քան մարդ կարող է տանել և չմահանալ. քանզի ահա, արյուն կգա յուրաքանչյուր ծակոտիից, այնքան մեծ կլինի նրա տվայտանքն իր ժողովրդի ամբարշտության և պղծությունների համար: …

Նա գալիս է յուրայինների մոտ, որպեսզի փրկություն գա մարդկանց զավակներին, … և նույնիսկ այս բոլորից հետո, նրանք մարդ կհամարեն նրան և կասեն, որ նա դև ունի և կխարազանեն ու կխաչեն նրան» (Մոսիա 3.7, 9):

Մենք պարտական ենք Ալմա մարգարեին` նրա տառապանքների վերաբերյալ մեր լիակատար գիտելիքի համար. «Նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և դա՝ որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները:

Եվ նա իր վրա վեր կառնի մահ, որ կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.11–12):

Մտածեք այդ մասին: Երբ նրա մարմինը վերցվեց խաչի վրայից և հապճեպորեն դրվեց փոխառված գերեզմանում, նա` Աստծո անմեղ Որդին, արդեն իսկ վերցրել էր իր վրա ոչ միայն ամեն մարդկային հոգու մեղքերը և գայթակղությունները, ովքեր կապաշխարեին, այլ նաև մեր բոլոր հիվանդությունները, վշտերը և ամեն տեսակի ցավերը: Նա տարավ այս չարչարանքները, ինչպես մենք ենք տանում դրանք համաձայն մարմնի: Նա տառապեց դրանց բոլորի համար: Նա արեց սա` կատարելագործելու իր ողորմությունը և իր կարողությունը` բարձրացնելու մեզ ամեն աշխարհիկ փորձությունից վեր:5

Մենք կարող ենք, ըստ էության, սխալ ընտրություններ, վատ ընտրություններ, վնասակար ընտրություններ կատարել: Եվ երբեմն մենք հենց դա էլ անում ենք, սակայն այդտեղ է, որ Հիսուս Քրիստոսի առաքելությունն ու ողորմությունը հանդես են գալիս ողջ ուժով և փառքով: … Նա մեր կատարած սխալ ընտրությունների համար պատրաստել է միջնորդական քավություն: Նա մեր բարեխոսն է Հոր մոտ և ի սկզբանե վճարել է սխալների և անմտությունների համար, որոնք մենք հաճախ ենք տեսնում մեր ազատության կիրառման ժամանակ: Մենք պետք է ընդունենք նրա պարգևը, ապաշխարենք այդ սխալները և հետևենք նրա պատվիրաններին, որպեսզի կարողանանք լիարժեք օգտվել այս փրկագնումից: Առաջարկը միշտ մատչելի է. ճանապարհը միշտ բաց է: Մենք միշտ կարող ենք` նույնիսկ մեր ամենամութ ժամին և ամենակործանարար սխալների դեպքում, նայել Աստծո Որդուն և ապրել:6

3

Հիսուս Քրիստոսը բարձրացավ գերեզմանից և Հարության առաջին պտուղն էր:

Եկեք ինձ հետ ետ գնանք ժամանակի մեջ` դեպի Սուրբ Երկրի այն վերջին դրվագները: Մոտ էր մեր Տիրոջ մահկանացու կյանքի վերջը: Նա բժշկեց հիվանդներին, կենդանացրեց մահացածներին և մեկնաբանեց սուրբ գրությունները` ներառյալ իր իսկ մահվան և հարության մարգարեությունները: Նա ասաց իր աշակերտներին.

«Ահա վեր ենք ելնում Երուսաղէմ, եւ մարդի Որդին կմատնուի քահանայապետներին եւ դպիրներին եւ կդատապարտեն նորան մահով,

Եւ կմատնեն նորան հեթանոսներին` խայտառակելու եւ ծեծելու եւ խաչ հանելու. եւ նա երրորդ օրը հարութիւն կառնէ» (Մատթեոս Ի.18-19): …

Երբ սկսվում էր այդ երրորդ օրը, Մարիամ Մագդաղենացին և «միւս Մարիամը» եկան գերեզմանը, որում դրվել էր նրա անշունչ մարմինը [Մատթեոս ԻԸ.1, տես նաև Մարկոս ԺԶ.1, Ղուկաս ԻԴ.10]: Քահանայապետները և Փարիսեցիները նախօրոք գնացել էին Պիղատոսի մոտ և համոզել էին նրան, որ պահակներ դներ գերեզմանի դռան մոտ` «մի գուցէ աշակերտները գիշերը գան` նորան գողանան. եւ ժողովրդին ասեն` Մեռելներից յարութիւն առաւ» (Մատթեոս ԻԷ.64): Սակայն երկու մեծ հրեշտակ գլորել էին գերեզմանի դռան քարը, և այնտեղ գտնվող պահակները այդ տեսարանից սարսափած փախել էին:

Երբ կանայք մոտեցան գերեզմանին, նրանք գտան այն բաց և դատարկ: Հրեշտակները սպասել էին, որ հայտնեին նրանց ամենամեծ ավետիսը, որ մարդկային ականջները երբևէ լսել էին. «Այստեղ չէ.. որովհետեւ յարութիւն առաւ, ինչպէս ասեց» (Մատթեոս ԻԸ.6):7

Քրիստոնեության ոչ մի վարդապետություն ավելի կարևոր չէ ողջ մարդկության համար, քան Աստծո Որդու հարության վարդապետությունը: Նրա միջոցով եկավ բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների հարությունը, ովքեր երբևէ ծնվել են կամ երբևէ կծնվեն աշխարհում:

Չնայած որ մեր վարդապետությունում մենք մեծ կարևորություն ենք տալիս հարությանը, հավանաբար մեզանից շատերը գուցե դեռ լիովին չեն հասկանում դրա հոգևոր նշանակությունը և հավերժական վեհությունը: Եթե մենք հասկանայինք, մենք կհիանայինք դրա գեղեցկությամբ, ինչպես արեց Հակոբը` Նեփիի եղբայրը, և մենք կսարսռայինք այլընտրանքից, որին կհանդիպեինք, եթե ստացած չլինեինք այս աստվածային պարգևը: Հակոբը գրել է.

«Օ՛հ, իմաստությունն Աստծո, նրա ողորմությունը և շնորհը: Քանզի, ահա, եթե մարմինն այլևս չբարձրանա, մեր հոգիները պետք է դառնան ենթակա այն հրեշտակին, որն ընկել էր Հավերժական Աստծո ներկայությունից և դարձել դև՝ այլևս չբարձրանալու (2 Նեփի 9.8):

Անշուշտ, հարությունը ամեն քրիստոնյայի հավատքի կենտրոնն է. դա ամենամեծն է այն բոլոր հրաշքներից, որոնք կատարվել են աշխարհի Փրկչի կողմից: Առանց դրա, մենք իսկապես անհուսալի վիճակում կլինենք: Թույլ տվեք ինձ մեջբերել Պողոսի խոսքերը. «Եթէ մեռելների յարութիւն չկայ, … ուրեմն ունայն է մեր քարոզութիւնը, … եւ մենք էլ Աստուծոյ սուտ վկաներ ենք գտնվում, որ Աստուծոյ համար վկայեցինք, թէ Քրիստոսին յարութիւն տուավ: … Եթէ Քրիստոս յարութիւն չէ առել` ունայն է ձեր հաւատքը. եւ դեռ ձեր մեղքերի մեջ էք» (Ա Կորնթացիս ԺԵ.13–15, 17):8

Առանց Հարության Հիսուս Քրիստոսի ավետարանը դառնում է իմաստուն ասացվածքների և կարծես թե անբացատրելի հրաշքների շարան, սակայն ասացվածքներ և հրաշքներ` առանց վերջնական հաղթանակի: Ոչ, վերջնական հաղթանակը վերջին հրաշքի մեջ է ամփոփված. մարդկության պատմության մեջ առաջին անգամ մեկը, ով մահացած էր, բարձրացրեց իրեն կենդանի անմահության մեջ: Նա Աստծո Որդին էր` մեր անմահ Երկնային Հոր Որդին, և նրա հաղթանակը ֆիզիկական և հոգևոր մահվան դեմ այն բարի լուրն է, որ ամեն քրիստոնյա լեզու պետք է հայտարարի:

Հավերժական ճշմարտությունն այն է, որ Հիսուս Քրիստոսը բարձրացավ գերեզմանից և Հարության առաջին պտուղն էր: (Տես Ա Կոր. ԺԵ.23:) Այս հրաշալի իրադարձության վկաները չեն կարող կասկածի ենթարկվել:

Ընտրյալ վկաների շարքում են Տիրոջ Առաքյալները: Անշուշտ, սուրբ առաքյալի կոչման պարտականություններից մեկն է վկայություն բերել աշխարհին Տեր Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին: Ջոզեֆ Սմիթն ասել է. «Մեր կրոնի հիմնական սկզբունքները Առաքյալների և Մարգարեների վկայությունն է Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա մահացավ, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ և համբարձվեց երկինք. իսկ մեր կրոնի բոլոր մյուս բաները լոկ դրա հավելումներն են»: (History of the Church, 3:30.) …

Իր Առաքյալներին ուսուցանելիս Քրիստոսը նրանց հայտնել էր, «թէ պէտք է մարդի Որդին շատ չարչարուի, եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երեք օրից յետոյ յարութիւն առնէ»: (Մարկոս Ը.31:) Այդպես էլ եղավ: Նա խաչվեց և դրվեց գերեզմանում: Երրորդ օրը նա բարձրացավ կրկին ապրելու` ողջ մարդկության Փրկիչը և Հարության առաջին պտուղը: Այս քավող զոհաբերության շնորհիվ բոլոր մարդիկ կազատվեն գերեզմանից և կրկին կապրեն: Սա միշտ եղել է Առաքյալների վկայությունը, որին ես ավելացնում եմ իմ վկայությունը:9

Նկար
Քրիստոսը և Մարիամ Մագդաղենացին

Հիսուս Քրիստոսը հայտնվեց Մարիամ Մագդաղենացուն Իր հարությունից կարճ ժամանակ անց (տես Հովհաննես Ի.1-18):

4

Հիսուսը շատերին հայտնվեց Իր Հարությունից հետո:

Իր հարությանը հաջորդող օրերին Տերը շատերին հայտնվեց: Նա նրանց ցույց տվեց իր հինգ առանձնահատուկ վերքերը: Նա քայլեց, խոսեց և կերավ նրանց հետ, կարծես թե ապացուցելու համար, որ կասկածից դուրս է այն փաստը, որ հարություն առած մարմինը իսկապես ֆիզիկական մարմին է` շոշափելի մսից ու ոսկորից: Ավելի ուշ նա ծառայեց նեփիացիներին, ում նա պատվիրեց. «Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ, որ դուք կարողանաք մտցնել ձեր ձեռքն իմ կողը, և նաև, որ դուք կարողանաք շոշափել բևեռների նշաններն իմ ձեռքերի ու իմ ոտքերի վրա, որ դուք կարողանաք իմանալ, որ ես եմ Իսրայելի Աստվածը, և ամբողջ երկրագնդի Աստվածը, և սպանվել եմ աշխարհի մեղքերի համար:

Եվ … բազմությունն առաջ եկավ, և մտցրեց իրենց ձեռքերը նրա կողը, և շոշափեց բևեռների նշանները նրա ձեռքերի ու նրա ոտքերի վրա. և դա նրանք արեցին, առաջ գալով մեկ առ մեկ, մինչև որ նրանք բոլորն առաջ եկան և տեսան իրենց իսկ աչքով, և շոշափեցին իրենց ձեռքերով, և իմացան անկասկած ու վկայեցին, որ այդ նա էր, որի մասին գրվել էր մարգարեների կողմից, որ պիտի գար» (3 Նեփի 11.14–15):

Բոլոր տղամարդկանց ու կանանց պարտականությունն ու ուրախությունն է «փնտրել այս Հիսուսին, որի մասին [վկայել] են մարգարեներն ու առաքյալները» (Եթեր 12.41) և ունենալ հոգևոր վկայություն նրա աստվածայնության մասին: Դա իրավունքն ու օրհնությունն է բոլոր նրանց, ովքեր խոնարհաբար փնտրում են լսել Սուրբ Հոգու ձայնը, որ վկայություն է բերում Հոր և նրա հարություն առած Որդու մասին:10

Նրանց վկայությունը, ովքեր տեսել են [Հիսուսին] որպես կենդանի մարդ իր մահից հետո, երբեք չեն հերքվել: Նա հայտնվել է առնվազն տասը կամ տասնմեկ անգամ` Մարիամ Մագդաղենացուն և մյուս կանանց պարտեզում, երկու աշակերտներին Էմմաուսի ճանապարհին, Պետրոսին Երուսաղեմում, առաքյալներին, երբ Թովմասը ներկա չէր և կրկին, երբ նա այնտեղ էր, առաքյալներին` Գալիլեայի ծովում և սարի վրա` միանգամից ավելի քան 500 եղբայրների, Հակոբոսին` Տիրոջ եղբորը և առաքյալներին համբարձման ժամանակ:11

Որպես մեկը, ով կանչվել և կարգվել է վկայություն բերելու Հիսուս Քրիստոսի անվան մասին ողջ աշխարհին, ես վկայում եմ Զատկի այս շրջանում, որ նա ապրում է: Նա ունի փառավորված, անմահ մարմին` մսից ու ոսկորներից: Նա Հոր Միածին Որդին է մարմնում: Նա է Փրկիչը` Լույսը և Կյանքն աշխարհի: Իր խաչելությունից և մահից հետո նա, որպես հարություն առած էակ, հայտնվեց Մարիամին, Պետրոսին, Պողոսին և շատ ուրիշների: Նա իրեն ցույց տվեց նեփիացիներին: Նա ցույց տվեց իրեն Ջոզեֆ Սմիթին` պատանի մարգարեին, և բազմաթիվ այլ մարդկանց մեր տնտեսությունում:12

5

Մենք կբարձրանանք մահից և հավիտենական կյանք կունենանք:

Զատիկը տոն է անմահության ձրի պարգևի` տրված բոլոր մարդկանց, որը վերականգնում է կյանքը և բուժում բոլոր վերքերը: Չնայած, որ բոլորը կմահանան որպես աճի ու զարգացման հավերժական ծրագրի մի մաս, այնուամենայնիվ, մենք բոլորս կարող ենք մխիթարություն գտնել Սաղմոսիչի հայտարարությունում. «Իրիկունը լաց է գալիս, իսկ առաւօտը ցնծութիւն»: (Սաղ. Լ.5:)

Հոբն էր, որ տվեց մի հարց, որը կարող է կոչվել բոլոր ժամանակների հարց. «Եթէ մարդս մեռաւ, մի՞թէ կկենդանանայ»: (Հոբ ԺԴ.14:) Քրիստոսի պատասխանը հնչում է ժամանակների միջով մինչև հենց այս ժամը. «Որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինիք»: (Հովհաննես ԺԴ.19:)13

Մահվան ժամանակ հոգին և մարմինը առանձնանում են: Հարությունը կրկին կմիավորի հոգին մարմնի հետ, և մարմինը դառնում է հոգեղեն մարմին, որն ունի միս և ոսկոր, սակայն կենդանացած հոգով` արյան փոխարեն: Այսպիսով, հարությունից հետո մեր մարմինները, կենդանացած հոգով, կդառնան անմահ և երբեք չեն մահանա: Սա է Պողոսի հայտարարությունների իմաստը, որ «կայ շնչաւոր մարմին, կայ եւ հոգեւոր մարմին» և «որ մարմին եւ արիւն չեն կարող Աստուծոյ արքայութիւնը ժառանգել» [տես Ա Կորնթացիս ԺԵ.44,50]: Բնական մարմինը միս և արյուն է, սակայն կենդանացած հոգով` արյան փոխարեն, այն կարող է և կմտնի արքայությունը: …

Ես համոզված եմ, որ Աստված ապրում է և որ Հիսուսը Քրիստոսն է: Ինչպես Պողոսը վկայություն բերեց Կորնթոսի սրբերին իր նամակով Զատկի այդ տոնին շատ տարիներ առաջ, ես ավելացնում եմ իմ վկայությունը, որ մենք կբարձրանանք ժամանակավոր մահից, ունենալու հավիտենական կյանք` Փրկչի քավող զոհաբերության և հարության շնորհիվ: Ես մտովի պատկերացնում եմ նրան բազուկներն առաջ մեկնած բոլոր նրանց, ովքեր կլսեն.

«… Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կապրի:

Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ»: (Հովհաննես ԺԱ.25-26:)14

Քրիստոսի հարությունը ազդարարում է անմահության օրհնությունը և հավերժական կյանքի հնարավորությունը: Նրա դատարկ գերեզմանը հայտարարում է ողջ աշխարհին. «Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ»: (Ղուկաս ԻԴ.6:) Այս խոսքերը պարունակում են ողջ հույսը, վստահությունը և համոզմունքը, որ անհրաժեշտ են մեզ աջակցելու համար մեր դժվար և երբեմն վշտով լցված կյանքում:15

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Ինչպե՞ս է Քավությունը ներկայացնում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը մեր հանդեպ: (Sես բաժին 1:) Ինչպե՞ս կարող ենք երախտագիտություն ցույց տալ սիրո այս պարգևի հանդեպ: (Տես ՎևՈւ 42.29:)

  • Երբ դուք վերանայեք բաժին 2-ը, փնտրեք բազմաթիվ ուղիները, որով Քավությունն օրհնում է մեզ: Ինչպե՞ս են Նախագահ Հանթերի ուսմունքները և սուրբ գրություններն օգտագործելը մեծացնում ձեր հասկացողությունը Քավության վերաբերյալ: Ինչպիսի՞ փորձառություններ են ամրացրել ձեր վկայությունը Քավության վերաբերյալ: Ինչպե՞ս կարող է Քավության զորությունը ամրացնել ձեզ` ձեր փորձությունների ժամանակ:

  • Ի՞նչ տպավորություններ ունեցաք մինչ ուսումնասիրեցիք Նախագահ Հանթերի ուսմունքները Հարության մասին: (Sես բաժին 3:) Ինչպե՞ս մենք կարող ենք ավելի լավ գնահատել Հարության նշանակությունը:

  • Վերանայեք բաժին 4-ը, որում Նախագահ Հանթերը մանրամասնում է Հիսուս Քրիստոսի Հարության բազմաթիվ վկայությունները: Ինչո՞ւ է այս վկաների վկայությունն այդքան արժեքավոր։

  • Խորհեք Նախագահ Հանթերի ուսմունքի շուրջ, ըստ որի Հարությունը տալիս է «ողջ հույսը, վստահությունը և համոզմունքը, որ անհրաժեշտ են մեզ աջակցելու համար մեր դժվար և երբեմն վշտով լցված կյանքում» (բաժին 5): Ինչպե՞ս է Հարությունը հույսի և մխիթարության աղբյուր հանդիսանում ձեզ համար: Ինչպե՞ս է Հարության մասին վկայությունը հարստացրել ձեր կյանքը:

Առնչվող սուրբ գրություններ

Հովհաննես 10.17–18, 2 Նեփի 2.6–9, 22–27, 9.19–25, 3 Նեփի 27.13–16, ՎևՈւ 18.10–16, 19.15–20, Մովսես 6.59–60

Օգնություն ուսումնասիրողին

«Պլանավորեք ուսումնասիրության այնպիսի վարժություններ, որոնք կկառուցեն Փրկչի հանդեպ ձեր հավատքը» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 22): Օրինակ, երբ դուք ուսումնասիրում եք, դուք կարող եք ինքներդ ձեզ հետևյալ հարցերը տալ. «Ինչպե՞ս կարող են այս ուսմունքներն օգնել ինձ` մեծացնել իմ հասկացողությունը Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ: Ինչպե՞ս կարող են այս ուսմունքներն օգնել ինձ Փրկչին ավելի նմանվել»:

Հղումներ

  1. Eleanor Knowles, Howard W. Hunter (1994), 88; see also 86–87.

  2. Conference Report, Oct. 1968, 139.

  3. “Evidences of the Resurrection,” Ensign, May 1983, 16.

  4. “The Atonement of Jesus Christ” (address given at mission presidents’ seminar, June 24, 1988), 2–3, 7, Church History Library, Salt Lake City; see also The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams (1997), 8–9.

  5. “He Is Risen,” Ensign, May 1988, 16–17.

  6. “The Golden Thread of Choice,” Ensign, Nov. 1989, 18.

  7. “He Is Risen,” 16–17.

  8. “He Is Risen,” 16.

  9. “An Apostle’s Witness of the Resurrection,” Ensign, May 1986, 16–17.

  10. “He Is Risen,” 17.

  11. In Conference Report, Apr. 1963, 106.

  12. “He Is Risen,” 17.

  13. “An Apostle’s Witness of the Resurrection,” 16.

  14. In Conference Report, Apr. 1969, 138-39.

  15. “An Apostle’s Witness of the Resurrection,” 15–16.