Նախագահների ուսմունքները
Գլուխ 23․ «Ոչ պակաս պիտանի»


Գլուխ 23

«Ոչ պակաս պիտանի»

«Մեզանից շատերը կլինեն խոնարհ, համեմատաբար չճանաչված մարդիկ, ովքեր … անում են մեր աշխատանքն առանց փող հնչեցնելու։ Ձեզանից նրանց, ովքեր դա գուցե համարեն … առանձնապես ոչ լավ, ես ասում եմ՝ դուք «ոչ պակաս պիտանի» եք, քան ձեր ազդու ընկերներից շատերը»։

Հովարդ Վ. Հանթերի կյանքից

Նախագահ Հովարդ Վ․ Հանթերը հայտնի էր ոչ միայն որպես նվիրված ղեկավար և սիրելի մարգարե, այլ նաև խոնարհությամբ ծառայելու իր եղանակով։ Նա գիտեր, որ ծառայությունն ինքնին կարևոր էր՝ անկախ որևէ գնահատական ստանալուց։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա․ Մաքսվելը մի անգամ նրա մասին ասել է․ «Նախագահ Հովարդ Վ․ Հանթերը խոնարհ մարդ է։ … Նա այն նույն համեստ մարդն է, երբ ես արթնացա նրա հետ անցկացրած հոգնատանջ և փոշոտ օրվանից հետո Եգիպտոսում հանձնարարություն կատարելիս, ով լուռ փայլեցնում էր իմ կոշիկները, մի գործ, որը նա հույս ուներ անտես ավարտելու»։1

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնն առաջին անգամ նկատել է Նախագահ Հանթերի ծառայելու խոնարհ ուղին, երբ 1956թ․ նվիրագործվեց Լոս Անջելես Կալիֆորնիա Տաճարը, որպես Առաքյալ նրանց կանչվելուց մի քանի տարի առաջ։ Նա վերհիշել է․

«Իմ … առաջին հանդիպումը Նախագահ Հանթերի հետ տեղի ունեցավ, երբ նա ծառայում էր որպես Փասադենա Կալիֆորնիա Ցցի Նախագահ և պատասխանատվություն էր կրում համաձայնեցնելու տեղի կառավարությունների հետ պայմանավորվածությունները Լոս Անջելես (Կալիֆորնիա) Տաճարի նվիրագործման համար։ Ես արտոնություն ունեի տպելու տոմսերը: Նրա հանձնարարությունը վիթխարի էր։ Ես տեսա միայն այն մասը, որը վերաբերում էր տոմսերին, որոնք գունավորված էին, պիտակավորված և համարակալված ամենակարգապահ ձևով, որը ես երբևէ տեսել էի։ Նա շռայլորեն գովաբանում էր ուրիշներին և ապահովում էր, որ իր անվանը չափից ավելի ուշադրություն չդարձվի, չնայած, որ նա խթանիչ ուժ էր հանդիսանում այս վիթխարի նախաձեռնության համար»։2

Տասներկուսի Քվորումից Երեց Ջեյմս Ի․ Ֆաուստը հետագայում նկատում է․ «Նա չուներ սեփական անձը կարևորելու կարիք։ Իր ողջ իմաստությամբ նա կարող էր նստել իր եղբայրների հետ և շատ քիչ բան ասել։ Նա ինքն իր հետ կատարյալ խաղաղության մեջ էր»։3

Նախագահ Հանթերը հասկանում էր, որ ցանկացած ծառայություն կարևոր է Աստծո աչքում, անկախ այն բանից, թե որքան աննկատ է այն։ Նախագահ Հանթերի մահվանից մի քանի շաբաթ առաջ ընկերներից մեկը հարցրել է․ «Թանկագին Նախագահ, ո՞րն է ամենավեհ պաշտոնը կամ կոչումը․ թանկագին և վստահելի ընկեր լինելը, թե՞ Աստծո մարգարե լինելը»։ Հարցը լսելուց հետո «Նախագահը լուռ խորհում էր, որը թվում էր, թե տևեց մի քանի րոպե, ապա դանդաղորեն ձեռքում սեղմելով ընկերոջ ձեռքը և շրջելով իր գլուխը դեպի նա, մինչ արցունքը սահում էր նրա անառողջ այտի վրայով, նա պատասխանեց․ «դրանք երկուսն էլ վստահության սրբազան կոչումներ են»։4

Նկար
տղամարդը և տղան բեյսբոլի գնդակով

Կյանքը փոխող ծառայություն է մատուցվել շատերի կողմից, «ովքեր համբավ չունեն, ովքեր չեն արժանանում աշխարհի ուշադրությանը»։

Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները

1

Նրանք, ովքեր ծառայում են խոնարհաբար և առանց աչքի ընկնելու, «ոչ պակաս պիտանի» են, քան նրանք, ովքեր արժանանում են աշխարհի քաջալերանքին։

Երիտասարդ և անվեհեր Մորոնի Զորապետի մասին ասվել է․ «Եթե բոլոր մարդիկ եղած լինեին, և մնային, և երբևէ լինեին Մորոնիի նման, ահա, նույնիսկ դժոխքի զորությունները հավիտյան կսասանվեին. այո, դևը երբեք զորություն չէր ունենա մարդկանց զավակների սրտերի վրա»: (Ալմա 48.17:)

Ինչպիսի հաճոյախոսություն հայտնի և ազդեցիկ մարդու համար։ Ես չեմ կարող պատկերացնել ավելի մեծ գնահատական մի մարդու կողմից` մյուս մարդուն ուղղված։ Երկու հատված հետո ակնարկ է արվում Հելամանի և նրա եղբայրների մասին, ովքեր ավելի քիչ ակներև դեր են խաղացել, քան Մորոնին․ «Եվ ահա, Հելամանը և նրա եղբայրները ոչ պակաս պիտանի էին ժողովրդի համար, քան Մորոնին էր»։ (Ալմա 48.19:)

Այլ կերպ ասած, չնայած, որ Հելամանն այդքան էլ նկատելի կամ աչքի ընկնող չի եղել, ինչպես Մորոնին, նա նույնքան պիտանի էր․ սա նշանակում է, որ նա նույնքան պատրաստակամ կամ օգտակար էր, որքան Մորոնին։

Ակնհայտ է, որ մենք մեծ օգուտ կարող ենք քաղել Մորոնի Զորապետի կյանքն ուսումնասիրելիս։ Նա հավատքի, ծառայության, նվիրվածության, մեծ վճռականության և շատ այլ աստվածային հատկանիշների օրինակ է։ Այս հոյակապ մարդու վրա կենտրոնանալու փոխարեն, այնուամենայնիվ, ես ընտրել եմ խորհել նրանց մասին, ովքեր չեն գտնվում ուշադրության կենտրոնում, ովքեր չեն արժանանում աշխարհի ուշադրությանը, սակայն նրանք «ոչ պակաս պիտանի» են, ինչպես ձևակերպված է սուրբ գրություններում։

Մեզանից ոչ բոլորն են նման լինելու Մորոնիին՝ արժանանալով մեր գործընկերների գովեստին ողջ օրվա ընթացքում ամեն օր։ Մեզանից շատերը կլինեն խոնարհ, համեմատաբար չճանաչված մարդիկ, ովքեր գալիս ու գնում են և անում են մեր աշխատանքն առանց փող հնչեցնելու։ Ձեզանից նրանց, ովքեր գուցե համարեն այդ [միտքը] վախեցնող կամ առանձնապես ոչ լավ, ես ասում եմ՝ դուք «ոչ պակաս պիտանի» եք, քան ձեր ազդու ընկերներից շատերը։ Դուք նույնպես Աստծո բանակի մասն եք։

Խորհեք օրինակ, հսկայական ծառայության մասին, որը մայրը կամ հայրը կատարում են խոնարհաբար և գաղտնաբար՝ որպես Վերջին Օրերի Սրբերի արժանի տուն։ Խորհեք Ավետարանի Վարդապետության ուսուցիչների, Երեխաների Խմբի երգչախմբի անդամների, սկաուտների ղեկավարների և Սփոփող Միության այցելող ուսուցիչների մասին, ովքեր ծառայում և օրհնում են միլիոնավոր մարդկանց, սակայն ում անունները երբեք չեն հնչի հասարակայնորեն կամ ցուցադրվի երկրի լրատվամիջոցների կողմից։

Տասնյակ հազարավոր չնկատված մարդիկ ամեն օր հնարավոր են դարձնում մեր հնարավորությունները և երջանկությունը։ Ինչպես նշվում է սուրբ գրություններում, նրանք «ոչ պակաս պիտանի» են, քան նրանք, ում կյանքը թերթերի առաջին էջում է։

Պատմության և ներկա ժամանակների ուշադրությունը շատ հաճախ կենտրոնանում է մեկի վրա՝ շատերի վրա կենտրոնանալու փոխարեն։ Անհատները հաճախ առանձնացվում են իրենց հասակակիցներից և բարձրացվում որպես հերոսներ։ Ես գիտակցում եմ, որ այսպիսի ուշադրությունը ուղիներից մեկն է, որով կարող ենք բացահայտել այն, ինչը խորին հարգանք է առաջացնում կամ արժեք է ներկայացնում մարդկանց համար։ Սակայն երբեմն այդ ճանաչմանը արժանի չեն լինում, կամ այն նույնիսկ կարող է գովերգել սխալ արժեքներ։

Մենք պետք է իմաստությամբ ընտրենք մեր հերոսներին և օրինակներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնենք ընկերների և քաղաքացիների այն բազմության համար, ովքեր այդքան էլ հայտնի չեն, սակայն ովքեր «ոչ պակաս պիտանի» են, քան մեր օրերի Մորոնիները։5

2

Սուրբ գրություններում շատ մարդիկ, ովքեր ծառայել են ուրիշների ստվերում, հսկայական ավանդ են ներդրել։

Հավանաբար դուք կարող եք ինձ հետ գտնել որոշ ուշագրավ մարդկանց սուրբ գրություններից, ովքեր չեն եղել ուշադրության կենտրոնում, սակայն ողջ պատմության ընթացքում ապացուցել են, որ իրենք իսկապես հերոսներ են։

Շատերը, ովքեր կարդում են մեծ մարգարե Նեփիի պատմությունը, գրեթե լիովին անտեսում են Լեքիի մեկ այլ արժեքավոր որդուն, ում անունը Սամ էր։ Նեփին ողջ Մորմոնի Գրքի ամենահայտնի անձանցից մեկն է։ Իսկ Սա՞մը։ Սամի անունն այնտեղ նշվում է ընդամենը տասն անգամ։ Երբ Լեքին խորհուրդներ տվեց և օրհնեց իր ժառանգներին, նա Սամին ասաց․

«Օրհնված ես դու և քո սերունդը. քանզի դու կժառանգես երկիրը քո եղբայր Նեփիի նման: Եվ քո սերունդը կհամարվի նրա սերնդի հետ. և դու կլինես ճիշտ քո եղբոր պես, և քո սերունդը՝ նրա սերնդի պես. և դու օրհնված կլինես քո բոլոր օրերում: (2 Նեփի 4.11:)

Սամը հիմնականում աջակցում և օժանդակում էր իր ավելի հանրաճանաչ երիտասարդ եղբորը, և նա, ի վերջո, ստացավ նույն օրհնությունները, որոնք խոստացվել էին Նեփիին և նրա ժառանգներին։ Նեփիին խոստացված ոչ մի բան հետ չպահվեց հավատարիմ Սամից, չնայած, որ մենք շատ քիչ մանրամասներ գիտենք Սամի ծառայության և օժանդակության մասին։ Նա գրեթե չճանաչված անձնավորություն էր կյանքում, սակայն նա ակնհայտորեն հաղթական առաջնորդ և հաղթող է հավերժության գրքում։

Շատերն իրենց ներդրումներն անում են խոնարհ ձևով։ Իսմայելը ճամփորդեց Նեփիի ընտանիքի հետ անձնական մեծ զոհաբերության շնորհիվ, տանելով «շատ չարչարանքներ, քաղց, ծարավ և հոգնածություն»։ (1 Նեփի 16.35:) Ապա, այս բոլոր չարչարանքների ընթացքում, նա մահացավ անապատում։ Մեզանից մի քանիսը նույնիսկ կարող են սկսել հասկանալ նման մարդու զոհաբերությունը այդ հին ժամանակներում և պայմաններում։ Հավանաբար, եթե մենք լինեինք ավելի դյուրըմբռնող և հասկացող, մենք նույնպես կսգայինք, ինչպես նրա դուստրերն արեցին անապատում, քանի որ նման մի մարդ տվեց և հրաժարվեց շատ բաներից, որպեսզի մենք կարողանանք ունենալ Մորմոնի Գիրքն այսօր։

Նման տղամարդկանց և կանանց անուններ և հիշողություններ, ովքեր «ոչ պակաս պիտանի» էին, բազմաթիվ են Մորմոնի Գրքում։ Լինի դա մայր Սարիան կամ աղախին Աբիսը՝ լամանացի թագուհու ծառան, յուրաքանչյուրը կատարել են ներդրումներ, որոնք աննկատ են եղել մարդկային աչքի համար, սակայն չեն վրիպել Աստծո աչքից։

Մենք ունենք սուրբ գրության ընդամենը տասներկու հատվածներ, որոնք վերաբերում են Մոսիայի՝ Զարահեմլայի երկրի թագավորի և հայտնի Բենիամին թագավորի հոր կյանքին։ Այնուամենայնիվ, մարդկանց մատուցած նրա ծառայությունն էական նշանակություն ունեցավ։ Նա առաջնորդեց մարդկանց «մեծաքանակ քարոզներով և մարգարեացումներով» և նրանք «շարունակ խրատվում էին Աստծո խոսքով»։ (Օմնի1․13։) Լիմքին, Ամուղեկը և Պաորանը, ում նամակում առկա էր մեծահոգություն չմեղադրել, երբ իրեն շատ անարդարացիորեն մեղադրել էին, այլ օրինակ են այնպիսի մարդկանց, ովքեր անձնվիրաբար ծառայել են ուրիշների փառքի ստվերի ներքո։

Զինվոր Թեանկումը, ով զոհաբերեց իր իսկ կյանքը, կամ Լաքոնիուսը՝ գլխավոր դատավորը, ով սովորեցրեց մարդկանց ապաշխարել Գադիանթոնի հետ կապված խնդիրների ժամանակ, կամ Օմներ և Հիմնի միսիոներները, որոնց մասին գրեթե ոչինչ չի նշվում, բոլորն էլ «ոչ պակաս պիտանի» էին, քան իրենց զուգընկերները, չնայած, որ նրանք սուրբ գրություններում շատ քիչ ուշադրության են արժանացել։

Մենք շատ բան չգիտենք Սիբլոնի՝ Ալմայի հավատարիմ որդու մասին, ում պատմությունը միախառնված է Հելամանի՝ ապագա առաջնորդի և Կորիանթոնի՝ օրինազանցի պատմության հետ․ սակայն նշանակալից է այն, որ նա նկարագրվում է որպես «արդար մարդ, [ով] քայլում էր ուղիղ Աստծո առաջ»։ (Ալմա 63.2:) Մեծ մարգարե Նեփին, ում մասին նշվում է Հելամանի գրքում, ուներ Լեքի անունով եղբայր, ում մասին թվում է, թե անցողակի է նշվում, սակայն նշվում է, որ «ամենևին հետ չէր մնում [Նեփիից], ինչ վերաբերում է արդարությանը պատկանող բաներին»։ [Հելաման 11․19, տես նաև հատված 18։]6

Նկար
Բենիամինը և Մոսիան

Երբ Աբիսը դիպավ լամանացիների թագուհու ձեռքին, թագուհին բարձրացավ գետնից (տես Ալմա 19․15-29):

3

Չնայած, որ մենք միգուցե հայտնի չլինենք, մենք կարող ենք մեծ ծառայություն մատուցել թագավորությունում։

Իհարկե, մեր տնտեսությունում նույնպես կան պիտանի անհատների նման օրինակներ։ Օլիվեր Գրենջերը խոնարհ, աջակցող անձնավորություն է վերջին օրերում, ում Տերը հիշել է Վարդապետություն և Ուխտերի 117 բաժնում։ Օլիվերի անունը միգուցե անծանոթ լինի շատերին, ուստի, օգտվելով առիթից, ես կցանկանայի ներկայացնել ձեզ այս վաղ շրջանի աննկուն անձնավորությանը։

Օլիվեր Գրենջերը տասնմեկ տարով մեծ էր Ջոզեֆ Սմիթից և, ինչպես Մարգարեն, Նյու Յորքի հյուսիսից էր։ Երբ Օլիվերը երեսուներեք տարեկան էր, խիստ ցրտերի ու ցրտահարության պատճառով նա գրեթե կորցրել էր իր տեսողությունը։ Անկախ իր սահմանափակ տեսողությունից, նա երեք լիաժամկետ միսիա ծառայեց։ Նա նաև աշխատեց Կիրթլենդի Տաճարի վրա և ծառայեց Կիրթլենդի բարձրագույն խորհուրդում։

Երբ Սրբերից շատերը ստիպված եղան հեռանալ Կիրթլենդից, Օհայո, Եկեղեցին որոշ պարտքեր թողեց չմարված։ Օլիվերն ընտրվեց, որպեսզի ներկայացներ Ջոզեֆ Սմիթին և Առաջին Նախագահությանը, հետ վերադառնալով Կիրթլենդ՝ Եկեղեցու բիզնեսները կարգավորելու համար։ Այս հանձնարարության մասին Վարդապետություն և Ուխտերում գրված է․ «Հետևաբար, թող նա լրջորեն պայքարի իմ Եկեղեցու Առաջին Նախագահության փրկագնման համար, ասում է Տերը»։ (ՎևՈւ 117.13:)

Նա այս հանձնարարությունը կատարելիս այնքան էր գոհացրել ներգրավված պարտատերերին, որ նրանցից մեկը գրել էր․ «Հեռավոր Արևելք տեղափոխված մարդկանց անավարտ բիզնեսները կարգավորելիս Օլիվեր Գրենջերի ղեկավարությունը մարման նրանց խոստումը պահելու և դրանով նրանց անարատությունը հաստատելու հարցում իսկապես գովեստի էր արժանի և խորին հարգանք ու երախտագիտության հուշեր են արթնացնում իմ մեջ»։ (Horace Kingsbury, as cited in Joseph Smith, History of the Church, 3:174.)

Երբ Օլիվերը Կիրթլենդում էր, որոշ մարդիկ, ներառյալ ընդդիմացող Եկեղեցու անդամները, ջանքեր էին գործադրում Առաջին Նախագահությանը հեղինակազրկելու և նրանց ազնվությունը հարցականի տակ դնելու համար՝ տարածելով կեղծ մեղադրանքներ։ Օլիվեր Գրենջերը իսկապես ամեն բան արեց «Առաջին Նախագահության փրկագնման համար»՝ իր հավատարիմ ծառայության միջոցով։ … Օլիվեր Գրենջերի վերաբերյալ Տերն ասել է․ «Նրա անունը պիտի պահվի սրբազան հիշողության մեջ՝ սերնդե-սերունդ՝ հավիտյանս հավիտենից»: ( ՎևՈւ 117․12։) «Ես վեր կբարձրացնեմ իմ ծառա Օլիվերին, և լավ անվան կարժանացնեմ նրան երկրի վրա ու իմ մարդկանց մեջ՝ նրա հոգու ազնվության շնորհիվ»։ (History of the Church, 3:350.)

Երբ 1841 թվականին նա մահացավ, չնայած, որ Կիրթլենդի տարածքում մի քանի Սրբեր և Սրբերի մի քանի ընկերներ էին մնացել, Օլիվեր Գրենջերի թաղման արարողությանը հարևան քաղաքներից եկել էին բազմաթիվ մարդիկ։

Չնայած, որ Օլիվեր Գրենջերն այդքան էլ ճանաչված չէ այսօր, ինչպես Եկեղեցու վաղ շրջանի այլ ղեկավարներ, այնուամենայնիվ, նա մեծ ու կարևոր մարդ էր այն ծառայության մեջ, որը մատուցեց արքայության համար։ Եվ եթե նույնիսկ միայն Տերը հիշի նրա անունը, դա բավարար օրհնություն կլինի նրա համար, կամ մեզանից յուրաքանչյուրի համար։7

4

Նեփին մի օրինակ է, ով հիշում էր Աստծուն որպես իր ուժի և օրհնությունների աղբյուր։

Կարծում եմ, որ մենք պետք է գիտակցենք, որ հոգևոր վտանգ կարող է սպառնալ նրանց, ովքեր սխալ են հասկանում միշտ ուշադրության կենտրոնում լինելու առանձնահատկությունը։ Նրանց մոտ կարող է հայտնի դառնալու ցանկություն առաջ գալ և այդպիսով մոռանան մատուցած ծառայության նշանակությունը։

Մենք մեզ չպետք է թույլ տանք կենտրոնանալ հայտնի դառնալու ցանկության վրա կամ հրապուրիչ փառասիրությամբ փոխարինենք աշխատանքի իրական էությունը, որը հաճախ անհայտ է մնում, սակայն արժանանում է Աստծո ուշադրությանը, եթե նույնիսկ այն չի լուսաբանվում օրվա նորություններում։ Ի դեպ, ծափահարությունների և ուշադրության արժանանալը կարող են հոգևոր առումով դառնալ Աքիլլեսյան գարշապար նույնիսկ մեր մեջ եղած առավել շնորհալիների համար։

Եթե երբևէ ձեր կյանքում դուք կբախվեք հայտնի դառնալու ցանկության հետ, լավ կլինի, որ դուք հետևեք սուրբ գրությունների այն մարդկանց օրինակին, ովքեր մեծ համբավ էին վայելում։ Նեփին հրաշալի օրինակներից մեկն է։ Այն ամենից հետո, ինչ նա իրականացրեց իր ընտանիքի հետ անապատում ճամփորդելիս, նա շարունակում էր կենտրոնացած մնալ բաների վրա, որոնք ամենակարևորն էին։ Նա ասաց.

«Եվ երբ ես ցանկանում եմ ուրախանալ, սիրտս հառաչում է՝ իմ մեղքերի պատճառով. այնուամենայնիվ, ես գիտեմ՝ ում եմ ապավինել:

Իմ Աստվածն է եղել իմ ապավենը. նա իմ չարչարանքների միջով առաջնորդել է ինձ անապատում, և նա պահպանել է ինձ մեծ անդունդի ջրերի վրա:

Նա լցրել է ինձ իր սիրով՝ այն աստիճան, որ մարմինս այրվում է:

Նա ամաչեցրել է իմ թշնամիներին՝ ստիպելով նրանց դողալ իմ առջև»: (2 Նեփի 4.19-22:)

Ուշադրության կենտրոնում լինելը երբեք չկուրացրեց Նեփիին, որ նա հիշեր իր ուժի և օրհնությունների աղբյուրը։8

5

Երբ մենք հասկանում ենք, թե ինչու ենք ծառայում, մենք չենք մտահոգվի այն մասին, թե որտեղ ենք ծառայում։

Ուշադրության կենտրոնում եղած ժամանակ կարող է օգտակար լինել մեզ համար պատասխանելը հետևյալ հարցին՝ Ինչո՞ւ ենք մենք ծառայում։ Երբ մենք հասկանանք, թե ինչո՞ւ, մենք չենք մտահոգվի այն մասին, թե որտեղ ենք ծառայում։

Նախագահ Ջ․ Ռուբեն Քլարկ Կրտ. ուսուցանել է այս կարևորագույն սկզբունքն իր իսկ կյանքում։ Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթի մահից հետո 1951թ․ գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Դեյվիդ Օ․ Մակքեյը հաստատվեց որպես Եկեղեցու Նախագահ։ Մինչ այդ Նախագահ Քլարկը ծառայել էր որպես Նախագահ Հեբեր Ջ․ Գրանտի և հետո Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթի Առաջին Խորհրդական։ Նախագահ Մակքեյը եղել էր Երկրորդ Խորհրդական այդ երկու մարդկանց համար։

Համաժողովի վերջին նիստի ժամանակ, երբ ներկայացվեցին Եկեղեցու գործերը, Եղբայր Ստեփան Լ. Ռիչարդսը կանչվեց ծառայելու Առաջին Նախագահությունում և հաստատվեց որպես Առաջին Խորհրդական։ Նախագահ Ջ․ Ռուբեն Քլարկ Կրտ. ուսուցանել է այս կարևորագույն սկզբունքն իր իսկ կյանքում։ Եկեղեցու պաշտոնյաներին հաստատելուց հետո Նախագահ Մակքեյը բացատրեց, թե ինչու էր նա այդ կարգով ընտրել իր խորհրդականներին։ Նա ասաց.

«Ես զգացի, որ այս ընտրությունում առաջնորդող սկզբունքը պետք է լինի [Տասներկուսի] Խորհրդում ավագությանը հետևելը։ Այս երկու մարդիկ նստած էին իրենց տեղերում Եկեղեցու այդ նախագահող օղակում, և ես զգացի, որ նպատակահարմար կարող էր լինել շարունակելը այդ նույն ավագության սկզբունքը Առաջին Նախագահության նոր քվորումում»։ (In Conference Report, 9 April 1951, p. 151.)

Այնուհետև, Նախագահ Քլարկին խնդրեցին խոսել Նախագահ Մակքեյից հետո։ Այդ առիթով նա հակիրճ ելույթ ունեցավ, սակայն ուսուցանեց մի զորեղ դաս․ «Տիրոջը ծառայելիս կարևոր չէ, թե որտեղ ես ծառայում, այլ թե ինչպես ես ծառայում։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մարդը գրավում է այն տեղը, որտեղ նա պատշաճ կերպով կանչվում է, որին նա ոչ ձգտում է, ոչ էլ հրաժարվում է։ Ես խոստանում եմ Նախագահ Մակքեյին և Նախագահ Ռիչարդսին լիովին հավատարիմ նվիրված ծառայություն այն հանձնարարությունները կատարելիս, որոնք կտրվեն ինձ, իմ ողջ ուժի և կարողությունների սահմաններում, և այնքան ժամանակ, որքան նրանք ինձ հնարավորություն կտան կատարելու դրանք, որքան էլ ես անհամապատասխան լինեմ»։ (Ibid., p. 154.)

Դասը, որն ուսուցանեց Նախագահ Քլարկը, մեկ այլ ձևով արտահայտված է Մեդի Մքգուայրի այս բանաստեղծության մեջ, որը կրկնվել է շատ անգամներ․

«Հայր, որտե՞ղ ես պետք է աշխատեմ այսօր»։

Եվ իմ սերը հորդեց ջերմ ու անշահախնդիր։

Ապա Նա նշեց մի փոքրիկ վայր

Եվ ասաց․ «Հոգա դրա համար հանուն ինձ»։

Ես անմիջապես պատասխանեցի․ «Օ՜, ոչ․ ոչ դա։

Ինչու, ոչ ոք երբևէ չի տեսնի,

Նշանակություն չունի, թե որքան լավ կկատարվի իմ աշխատանքը․

Այդ փոքրիկ վայրն ինձ համար չէ»։

Եվ բառերը, որոնք Նա ասաց, խիստ չէին․

Նա քնքշորեն պատասխանեց ինձ․

«Օ՜, իմ փոքրիկ, քննիր քո սիրտը։

Դու աշխատում ես նրա՞նց համար, թե՞ ինձ համար։

Նազարեթը փոքրիկ վայր էր,

Ինչպես նաև Գալիլեան»:

[Տես Best-Loved Poems of the LDS People, comp. Jack M. Lyon and others (1996), 152:]

Բենիամին թագավորը հայտարարել է․«Ահա, ես ասում եմ ձեզ՝ քանի որ ես ասացի, որ ես անցկացրել եմ իմ օրերը ձեզ ծառայելով, ես չեմ ցանկանում պարծենալ, քանզի ես միայն եղել եմ Աստծո ծառայության մեջ: Եվ ահա, ես ասում եմ ձեզ այս բաները, որ դուք կարողանաք իմաստություն սովորել. որ դուք կարողանաք սովորել, որ երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»: (Մոսիա 2․16-17։)9

Նկար
պահածոների գործարանում աշխատող կանայք

Մենք «ամենաերջանիկն ու ամենահաջողակն ենք կյանքում», երբ մեր «հետաքրքրությունները զուգորդվում են ուրիշներին աջակցելով և օգնելով նրանց` գտնելու ճանապարհը»։

6

Մենք պետք է ծառայենք հավատարմորեն և խոնարհաբար` զգոն լինելով՝ անկախ ուրիշների գովասանքից։

Նա է ամենաերջանիկը և ամենահաջողակը կյանքում, ում հետաքրքրությունները զուգորդվում են ուրիշներին աջակցելով և օգնելով նրանց` գտնելու ճանապարհը։

Երկաթուղային անցումի ազդանշանը, որը զգուշացնում է մեզ կանգնել, նայել և լսել, կարող է ուղեցույց լինել մեզ համար։ Կանգ առեք, մինչ մենք առաջ ենք սլանում այս կյանքում։ Փնտրեք այն բոլոր ընկերական, մտահոգ, սիրալիր արարքները, որոնք մենք կարող ենք կատարել, և բոլոր փոքրիկ մարդկային կարիքները, որոնք մենք կարող ենք հոգալ։ Լսեք ուրիշներին և ծանոթացեք նրանց հույսերի և խնդիրների հետ, որպեսզի մենք կարողանանք փոքր միջոցներով աջակցել նրանց հաջողություններին և երջանկությանը։10

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ասել է … ․«Քրիստոսանման ծառայությունը վեհացնում է։ … Տերը խոստացել է, որ նրանք, ովքեր կորցնում են իրենց կյանքը ուրիշներին ծառայելով, կգտնեն իրենց։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է մեզ, որ մենք պետք է «մաշենք մեր կյանքը»՝ իրականացնելով Նրա նպատակները (ՎևՈւ 123․13)»։ (Ensign, Nov. 1989, pp. 5–6.)

Եթե զգում եք, որ ձեր արած գործերից շատերը ձեզ շատ հայտնի չեն դարձնում, քաջացեք։ Լավագույն մարդկանց մեծ մասը, ովքեր երբևէ ապրել են, նույնպես շատ հայտնի չեն եղել։ Ծառայեք և աճեք` հավատարմորեն և խոնարհաբար։ Զգոն եղեք՝ անկախ ուրիշների գովասանքից։ Հիսուսը Լեռան Քարոզում ասել է․

«Զգոյշ կացէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առաջին չանէք, նորանցից տեսնուելու համար, եթէ ոչ՝ վարձք չունիք ձեր Հօրիցն, որ երկնքումն է:

Արդ՝ երբոր ողորմութիւն անես, փող մի հնչեցնիր քո առաջին․ ինչպէս կեղծաւորներն են անում ժողովարանների մէջ եւ փողոցների մէջ, որ փառաւորուին մարդկանցից: Ճշմարիտն ասում եմ ձեզ․ նորանք իրանց վարձքն առած են:

Բայց դու երբոր ողորմութիւն անես, թող չիմանայ քո ձախ ձեռքը, թե ինչ է գործում քո աջը.

Որպէս զի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կհատուցանէ քեզ»: (Մատ. Զ.1-4:)

Թող որ մեր Երկնային Հայրը միշտ այդպես պարգևատրի ձեզ։11

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Ի՞նչ է մեզ փորձում օգնել հասկանալ Նախագահ Հանթերը, նշելով, որ Հելամանը և նրա եղբայրները «ոչ պակաս պիտանի» էին, քան զորապետ Մորոնին։ (Sես բաժին 1:) Ինչպե՞ս կարող է այս հասկացողությունն օգնել ձեզ:

  • Ի՞նչ կարող են մեզ ուսուցանել բաժին 2-ի սուրբ գրքից բերված օրինակները։ Ինչպե՞ս կարող են այս օրինակներն ազդել մեր իսկ զգացմունքների վրա, երբ մենք ծառայում ենք։ Ինչպե՞ս եք դուք օրհնվել ուրիշների կողմից, ովքեր ծառայել են լուռ, առանց գովասանքի ակնկալիքի։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այն պատմությունից, որը Նախագահ Հանթերը պատմում է Օլիվեր Գրենջերի մասին։ (Sես բաժին 3:) Ինչո՞ւ մեզ չպիտի մտահոգի գնահատանքի արժանանալու փաստը, երբ մենք ծառայում ենք։

  • Ինչպե՞ս կարող է «ուշադրության կենտրոնում լինելու, հանրաճանաչության» կամ համբավի ձգտումը վտանգավոր լինել։ (Sես բաժին 4:) Ի՞նչ կարող է ձեզ ուսուցանել Նեփիի օրինակն այն մասին, թե ինչպես մնալ «հաստատուն այն բաներում, որոնք ամենակարևորն են»։

  • Վերանայեք Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ Կրտ. պատմությունը բաժին 5-ում։ Ի՞նչն է ձեզ վրա տպավորություն գործում Նախագահ Քլարկի վերաբերմունքի և խոսքերի հետ կապված: Խորհեք «Ինչո՞ւ եմ ես ծառայում» հարցին տրված ձեր պատասխանի շուրջ։ Ինչպե՞ս մենք կարող ենք զարգացնել լավագույնը տալու վերաբերմունք՝ անկախ այն բանից, թե որտեղ ենք ծառայում։

  • Բաժին 6-ում Նախագահ Հանթերն անդրադառնում է Տիրոջ խոստումին, որ «նրանք, ովքեր կորցնում են իրենց կյանքը ուրիշներին ծառայելով, կգտնեն իրենց» (տես Մատ․ Ժ․39, 16․25): Ի՞նչ է դա նշանակում: Ինչպե՞ս եք համոզվել դրա ճշմարտացիության մեջ: Ինչպե՞ս է ծառայությունը ձեզ երջանկություն բերել։

Առնչվող սուրբ գրություններ

Մատթեոս Զ․2–7, 24, Ի․25–28, Հակոբոս Ա․27, ՎևՈւ 76․5–7, 121․34–37

Օգնություն ուսումնասիրողին

«Կիսվեք նրանով, ինչ սովորում եք: Երբ դա անեք, ձեր մտքերն ավելի հստակ կդառնան և հիշողության մեջ պահելու ձեր ուժը կմեծանա» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 17):

Հղումներ

  1. Neal A. Maxwell, “Meek and Lowly” (Brigham Young University devotional, Oct. 21, 1986), 8; speeches.byu.edu.

  2. Thomas S. Monson, “President Howard W. Hunter: A Man for All Seasons,” Ensign, Apr. 1995, 31.

  3. James E. Faust, “Howard W. Hunter: Man of God,” Ensign, Apr. 1995, 27.

  4. Jon M. Huntsman Sr., “A Remarkable and Selfless Life,” Ensign, Apr. 1995, 24.

  5. “No Less Serviceable,” Ensign, Apr. 1992, 64–65.

  6. “No Less Serviceable,” 65.

  7. “No Less Serviceable,” 65–66.

  8. “No Less Serviceable,” 66.

  9. “No Less Serviceable,” 66-67.

  10. The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams (1997), 267.

  11. “No Less Serviceable,” 67.