Նախագահների ուսմունքները
Գլուխ 4. Ի վերուստ եկող օգնություն


Գլուխ 4

Ի վերուստ եկող օգնություն

«Հավանաբար, ոչ մի խոստում կյանքում ավելի հավաստիացնող չէ, քան կարիքի պահին աստվածային աջակցության և հոգևոր առաջնորդության խոստումը»:

Հովարդ Վ. Հանթերի կյանքից

Հովարդ Վ. Հանթերը սովորել է աղոթել, երբ նա երիտասարդ տղա էր: «Մայրս սովորեցրեց ինձ աղոթել և շնորհակալություն հայտնել Երկնային Հորն այն ամենի համար, ինչը ես վայելում էի», ասել է նա: «Ես հաճախ շնորհակալություն էի հայտնում Նրան աշխարհի գեղեցկության և հրաշալի ժամանակների համար, որ անց էի կացնում ագարակում, գետի ափին և սկաուտների հետ: Ես նաև սովորել էի խնդրել Նրանից բաներ, որոնք ես ուզում էի կամ անհրաժեշտ էին ինձ: … Ես գիտեի, որ Աստված սիրում և լսում է ինձ»:1

Իր ողջ կյանքի ընթացքում Նախագահ Հանթերը դիմել է աղոթքին` որպես աստվածային աջակցության աղբյուրի, և նա ուսուցանել է ուրիշներին անելու նույնը: Օրինակ, երբ նա ծառայում էր որպես եպիսկոպոս, մի մարդ իր ծխում զայրույթ էր արտահայտել մեկ այլ մարդու հանդեպ: Նախագահ Հանթերի խորհուրդը արտացոլել էր նրա վկայությունը օգնության մասին, որը գալիս է աղոթքի միջոցով.

«Ես ասացի նրան. «Եղբայր իմ, եթե դուք տուն գնաք և աղոթեք նրա համար ամեն առավոտ և ամեն երեկո, ես կհանդիպեմ ձեզ հետ ուղիղ երկու շաբաթ անց, հենց այս նույն ժամին, և ապա մենք կորոշենք, թե ինչ պիտի արվի»:

Այս խորհրդին հետևելուց հետո մարդը վերադարձավ և խոնարհաբար ասաց այն մարդու վերաբերյալ. «Նա օգնության կարիք ունի»:

«Դուք ցանկանո՞ւմ եք օգնել նրան»: Հարցրել էր Նախագահ Հանթերը:

«Այո, իհարկե», ասել էր մարդը:

«Ողջ ատելությունն ու ողջ վիրավորանքն անցել էին», ավելի ուշ վերհիշում էր Նախագահ Հանթերը: «Այդպես է պատահում, երբ մենք աղոթում ենք միմյանց համար»:2

Նկար
աղոթող կինը

«Տերը խոստացել է, որ եթե մենք խոնարհ լինենք … կարիքի պահին և օգնություն խնդրենք նրանից, մենք կարող ենք «զորացվել և օրհնվել բարձրից» (ՎևՈւ 1.28):

Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները

1

Մեր Երկնային Հայրը խոստացել է կարիքի պահին աստվածային աջակցություն և հոգևոր առաջնորդություն տալ մեզ:

Բոլորիս կյանքում էլ լինում են պահեր, երբ մենք երկնային օգնության կարիք ենք զգում` առանձնահատուկ և հրատապ ձևով: Բոլորս էլ ունենում ենք պահեր, երբ մեզ ճնշում են իրավիճակները կամ շփոթության մեջ են գցում ուրիշներից ստացած խորհուրդները, և մենք հոգևոր առաջնորդություն ստանալու մեծ կարիք ենք զգում` ճիշտ ուղին գտնելու և ճիշտ գործելու մեծ կարիք: Այս վերջին օրերի տնտեսության սուրբ գրքերի ներածական մասում Տերը խոստացել է, որ եթե մենք խոնարհ լինենք կարիքի պահին և օգնություն խնդրենք նրանից, մենք կարող ենք «զորացվել և օրհնվել բարձրից, և ժամանակ առ ժամանակ գիտելիք ստանալ»: (ՎևՈւ 1.28:) Մենք կունենանք այդ օգնությունը, եթե միայն փնտրենք այն, վստահենք դրան և հետևենք այն բանին, որ Մորմոնի Գրքում Բենիամին թագավորը կոչում է «Սուրբ Հոգու հորդորներ»: (Մոսիա 3.19:)

Հավանաբար, ոչ մի խոստում կյանքում ավելի հավաստիացնող չէ, քան կարիքի պահին աստվածային աջակցության և հոգևոր առաջնորդության խոստումը: Դա երկնքից տրված ձրի պարգև է. պարգև, որի կարիքը մենք ունենք մեր վաղ երիտասարդության տարիքից մինչև մեր կյանքի ամենավերջին օրերը: …

Հիսուս Քրիստոսի ավետարանով մենք ունենք օգնություն բարձրից: «Ուրախ եղեք»,- ասում է Տերը,- «քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ»: (ՎևՈւ 78.18:) «Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց, որը կլուսավորի քո միտքը, որն ուրախությունով կլցնի քո հոգին»: (ՎևՈւ 11.13:)

Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին: Աստված ապրում է և տալիս է մեզ իր Հոգին: Կյանքում դժվարությունների հանդիպելիս և կյանքի խնդիրների առջև կանգնելիս` թող որ մենք բոլորս էլ խնդրենք այդ պարգևը Աստծուց` մեր Հորից և հոգևոր ուրախություն գտնենք:3

2

Ջոզեֆ Սմիթի նման մենք էլ կարող ենք դիմել սուրբ գրություններին և աղոթքին, որպեսզի ուսուցանվենք ի վերուստ:

Պատանի մարգարե Ջոզեֆ Սմիթը … ձգտում էր իմանալ Տիրոջ միտքը և կամքը` իր կյանքի խառնաշփոթ ու մտահոգող ժամանակներում: … Պալմիրայի, Նյու Յորք, մոտակայքում գտնվող տարածքը դարձել էր «կրոնի շուրջ անսովոր հուզումների» մի վայր` Ջոզեֆի այնտեղ անցկացրած պատանեկության տարիներին: Հիրավի, նրան թվում էր, որ այն կլանել էր երկրի այդ ողջ շրջանը, և նա գրում էր, որ «մարդկանց մեծ բազմություններ» միանում էին կրոնական տարբեր խմբակցությունների, որոնք մարդկանց մեջ առաջացնում էին նկատելի «իրարանցումներ և բաժանումներ» [Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.5]:

Տասնչորսը նոր բոլորած պատանու համար ճշմարտության իր որոնումներն ավելի դժվարին ու շփոթեցնող էին դարձել, քանի որ Սմիթների ընտանիքի անդամներն այդ պահին տարբեր կրոնական նախապատվություններ ունեին:

Այժմ, երբ ծանոթ եք այդ ենթատեքստին, ես հրավիրում եմ ձեզ խորհել դյուրազգաց տարիքում գտնվող տղայի այս ուշագրավ մտքերի և զգացումների շուրջ: Նա գրել է.

«Այս մեծ հուզումների ժամանակ միտքս համակված էր լուրջ մտախոհությամբ ու մեծ անհանգստությամբ. բայց չնայած իմ զգացումները խորն էին ու հաճախ շատ սուր, ես շարունակում էի ինձ հեռու պահել բոլոր այդ խմբակցություններից, … այնքան մեծ էին տարբեր դավանանքների միջև եղած տարաձայնություններն ու վիճաբանությունները, որ մարդկանց ու իրերին անծանոթ այնպիսի մի երիտասարդի համար, ինչպիսին ես էի, անհնար էր որոշակի եզրակացության գալ, թե ով է ճիշտ, և ով է սխալ:

Ժամանակ առ ժամանակ միտքս խորապես հուզվում էր, քանի որ աղմուկն ու ժխորը շատ մեծ էր ու անդադար: …

Խոսքերի պատերազմի և տարաձայնությունների այդ աղմուկի մեջ, ես հաճախ ինքս ինձ հարց էի տալիս. Ի՞նչ անել: Այս բոլոր խմբակցություններից ո՞րն է ճիշտ. կամ, միգուցե նրանք բոլորը սխա՞լ են: Եթե դրանցից որևէ մեկը ճիշտ է, ապա ո՞րն է այն, և ի՞նչպես կարող եմ դա իմանալ:

Ճգնելով այդ ծայրագույն դժվար կացության մեջ, որի պատճառը կրոնամոլների այդ խմբավորումների վիճաբանություններն էին, մի օր ես ընթերցում էի Հակոբոսի Թուղթը, որի առաջին գլխի հինգերորդ հատվածում ասվում է. Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուց, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում. և կտրվի նրան:

Սուրբ գրքի ոչ մի հատված երբևէ այդպիսի ուժով չի ազդել մարդու սրտի վրա, ինչպես այդ ժամանակ եղավ ինձ հետ: Այն ասես մեծ ուժով ներթափանցեց սրտիս զգացմունքների խորքը: Ես նորից ու նորից վերընթերցեցի այն, իմանալով, որ եթե կար մեկը, որն իմաստության կարիք ուներ Աստծուց, այդ ես էի. քանզի, թե ինչպես վարվել, ես չգիտեի և երբեք չէի իմանա, եթե չստանայի ավելի շատ իմաստություն, քան այդ ժամանակ ունեի» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.8-12):

Իհարկե այն, ինչ պատահեց հետո, փոխեց մարդկության պատմության ուղղությունը: Որոշելով «խնդրել Աստծուց»` պատանի Ջոզեֆը գնաց իր գյուղական տան մոտ գտնվող պուրակը: Այնտեղ, ի պատասխան նրա ջերմեռանդ աղոթքի, Աստված` Հավերժական Հայրը, և Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին Ջոզեֆին և խորհուրդներ տվեցին նրան: Այդ մեծ հայտնությունը, որի մասին ես խոնարհաբար վկայում եմ, պատասխանեց մեր տնտեսության ավելի շատ հարցերի, քան լոկ այն հարցին, թե որ եկեղեցուն պատանի Ջոզեֆը պիտի կամ չպիտի միանար:

Սակայն իմ նպատակը … չէ Վերականգնման առաջին պահերն ուրվագծելը, չնայած, որ այն սուրբ գրությունների ամենասուրբ պատմություններից մեկն է: Դրա փոխարեն ես ցանկանում եմ ընդգծել այս շատ երիտասարդ և անուսում տղայի ցուցաբերած հոգևոր զգայնության տպավորիչ աստիճանը:

Մեզանից քանի՞սը կարող էին տասնչորս տարեկանում կամ ցանկացած տարիքում հաստատուն մնալ և խելամտությունը պահպանել, երբ բազմաթիվ ուժեր են ձգում ու հրապուրում մեզ, հատկապես, երբ դա վերաբերում էր մեր հավերժական փրկության կարևոր թեմային: Մեզանից քանի՞սը կարող էին դիմանալ հուզական պայքարին, որը կարող է առաջանալ, երբ ծնողները տարբեր կրոնական նախապատվություններ ունեն: Մեզանից քանի՞սը կարող էին տասնչորս կամ հիսուն տարեկանում մեր հոգում և սուրբ գրություններում փնտրել այն հարցերի պատասխանները, որոնք Պետրոս Առաքյալը կոչում է «Աստուծոյ խորքն»: (Ա Կոր. Բ.10:)

Որքան ուշագրավ է … որ այս պատանին պիտի խորապես փնտրեր սուրբ գրություններում, և ապա դիմեր անձնական աղոթքին, որոնք թերևս հանդիսանում են հոգևոր խորաթափանցության և հոգևոր տպավորության երկու մեծագույն աղբյուրները, որոնք հասանելի են տիեզերքի ողջ մարդկության համար: Իհարկե, նրան մտատանջում էին տարբեր կարծիքներ, սակայն նա որոշել էր անել ճիշտը և գտնել ճիշտ ուղին: Նա հավատում էր, ինչպես դուք և ես պետք է հավատանք, որ նա կարող էր ուսուցանվել և օրհնվել ի վերուստ, ինչն էլ տեղի ունեցավ:

Սակայն, մենք կարող ենք ասել, որ Ջոզեֆ Սմիթը շատ հատուկ հոգի էր, և նրա դեպքը յուրահատուկ էր: Ի՞նչ է սպասվում մեզ, երբ այժմ միգուցե ավելի մեծ ենք, առնվազն տասնչորս տարեկանից բարձր, և մեզ տրված չէ բացելու ավետարանի տնտեսություն: Մենք նույնպես պետք է որոշումներ կայացնենք, ճիշտ կողմնորոշվենք խառնաշփոթության մեջ և ճիշտ լուծումներ գտնենք բազում խնդիրների վերաբերյալ բանավեճերում, որոնք իրենց ազդեցությունն են թողնում մեր կյանքի վրա: Աշխարհը լի է նման բարդ որոշումներով և, երբեմն, երբ հանդիպում ենք դրանց, մենք կարող ենք զգալ մեր տարիքը կամ մեր տկարությունները:

Երբեմն մեզ կթվա, որ մեր հոգևոր մակարդակն իջել է: Որոշ օրերի, երբ փորձում ենք լարել մեր ողջ ուժերը, մենք կարող ենք նույնիսկ զգալ, որ Աստված մոռացել է մեզ, մեզ մենակ է թողել մեր խառնաշփոթության և մտահոգության մեջ: Սակայն այդ զգացումն այլևս արդարացված չէ մեր միջի ավելի տարիքավորների համար, քան նրանց, ովքեր ավելի երիտասարդ են և ավելի անփորձ: Աստված ճանաչում և սիրում է մեզ` բոլորիս: Մենք` յուրաքանչյուրս նրա դուստրերն ու որդիներն ենք, և ինչ էլ կյանքի դասերը բերեն մեզ, խոստումը շարունակում է ճշմարիտ մնալ. «Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան»: (Հակոբոս Ա.5:)4

Նկար
Ջոզեֆ Սմիթը պուրակում

Մենք կարող ենք հետևել Ջոզեֆ Սմիթի օրինակին` իմաստություն փնտրելով Աստծուց:

3

Աղոթքը հոգևոր գիտելիք և առաջնորդություն ստանալու ուղիներից մեկն է:

Աշխարհիկ գիտելիքները և իմաստությունը և բոլոր ժամանակավոր բաները տրվում են մեզ մեր ֆիզիկական զգայարանների միջոցով` աշխարհիկ, անցողիկ միջոցներով: Մենք շոշափում ենք, մենք տեսնում ենք, մենք լսում ենք, համտեսում ենք, զգում ենք հոտը և սովորում ենք: Այնուամենայնիվ, հոգևոր գիտելիքը, ինչպես Պետրոսն է ասել, հոգևոր ձևով է մեզ տրվում` դրա հոգևոր աղբյուրից: Պետրոսը շարունակում է.

«Բայց շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար. եւ չէ կարող էլ գիտենալ` որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում»: (Ա Կոր. Բ.14:)

Մենք հասկացել ենք և գիտենք, որ հոգևոր գիտելիք ստանալու միակ ուղին մեր Երկնային Հորը խնդրելն է Սուրբ Հոգու միջոցով, Հիսուս Քրիստոսի անունով: Երբ մենք անում ենք սա, և եթե մենք հոգևոր առումով պատրաստված ենք, մենք տեսնում ենք բաներ, որոնք մեր աչքերը նախկինում չեն տեսել, և մենք լսում ենք բաներ, որոնք միգուցե մենք չենք լսել նախկինում` բաներ, որոնք «պատրաստեց Աստուած», եթե օգտագործենք Պետրոսի բառերը: (Ա Կոր. Բ.9:) Այս բաները մենք ստանում ենք Սուրբ Հոգու միջոցով:

Մենք հավատում ենք և վկայում ենք աշխարհին, որ այսօր հնարավոր է հաղորդակցվել Երկնային Հոր հետ և առաջնորդություն ստանալ Տիրոջից: Մենք վկայում ենք, որ Աստված խոսում է մարդու հետ, ինչպես նա արել է Փրկչի օրերում և Հին Կտակարանի ժամանակներում:5

4

Մենք միշտ կարող ենք աղոթել, և ոչ միայն հուսահատության պահերին:

Մեր ներկա ժամանակները թվում է, թե հուշում են, որ աղոթքով լի նվիրվածությունը և ակնածանքը սրբությունների հանդեպ ողջամիտ չէ, կամ ցանկալի չէ, կամ երկուսն էլ: Սակայն, այնուամենայնիվ, թերահավատ «ժամանակակից» մարդիկ ունեն աղոթքի կարիքը: Վտանգավոր պահեր, մեծ պատասխանատվություն, խորը անհանգստություն, ճնշող վիշտ` այս մարտահրավերները, որոնք ցնցում են մեզ մեր նախկին ինքնավստահ վիճակից և խախտում մեր սովորական ապրելակերպը, ի հայտ կբերեն մեր ներքին մղումները: Եթե թույլ տանք, դրանք կխոնարհեցնեն մեզ, կփափկացնեն մեզ և կդարձնեն դեպի հարգալից աղոթքը:

Եթե աղոթքը լոկ ջղաձգական աղաղակ է ճգնաժամի պահին, ապա դա չափազանց եսասեր մոտեցում է, և մենք սկսում ենք ընկալել Աստծուն` որպես մեր վիճակը բարելավող կամ ծառայությունների գործակալություն, որ պետք է օգնի մեզ միայն դժվարին իրավիճակներում: Մենք պետք է հիշենք Ամենաբարձրյալին օր ու գիշեր, միշտ, ոչ թե լոկ այն պահերին, երբ մնացած բոլոր աջակցությունները ձախողվում են, և մենք անհապաղ օգնության կարիք ունենք: Եթե մարդկային կյանքում կա որևէ տարր, որը մեզ հանգեցնում է զարմանահրաշ հաջողության և անգնահատելի արժեք է ներկայացնում մարդկային հոգու համար, դա աղոթքով լի, ակնածալից, անկեղծ հաղորդակցությունն է մեր Երկնային Հոր հետ:

«Տէր, ականջ դիր իմ խօսքերին, եւ միտքդ առ իմ աղաղակը:

Միտքդ դիր իմ աղաղակի ձայնին, ով իմ Թագաւոր եւ իմ Աստուած. որովհետեւ դէպի քեզ եմ աղաչում:

Տէր, առաւօտանց լսիր իմ ձայնը, առաւօտանց պատրաստ կլինիմ քեզ համար ու կսպասեմ: (Սաղ. Ե.1–3:)

Թերևս այն, ինչի կարիքն այս աշխարհն ունի ամեն բանից առավել, Տիրոջը սպասելն է, ինչպես ասել է Սաղմոսացը, սպասել մեր ուրախության մեջ, ինչպես նաև մեր չարչարանքների մեջ, մեր առատության մեջ, ինչպես նաև մեր կարիքի մեջ: Մենք պետք է մշտապես սպասենք և ընդունենք Աստծուն որպես ամեն լավ բան տվող և որպես մեր փրկության աղբյուր: …

Մեր հասարակության զգալի մասից աղոթքի, ակնածանքի և երկրպագության հոգին հեռացվել է: Տղամարդիկ և կանայք զանազան առումներով խելացի են, հետաքրքիր կամ հաջողակ, սակայն լիարժեք կյանքի համար նրանց պակասում է մեկ կարևորագույն տարր: Նրանք չեն սպասում: Նրանք չեն տալիս խոստումներն արդարությամբ [տես ՎևՈւ 59.11]: Նրանց խոսքերը փայլում են, սակայն սուրբ չեն: Նրանց քննարկումները սրամիտ են, սակայն իմաստուն չեն: Լինի դա գրասենյակում, առանձնասենյակում կամ լաբորատորիայում, նրանք ունեն արժանապատվության շատ ցածր մակարդակ, ովքեր ցուցադրում են իրենց սահմանափակ լիազորությունները և ապա գտնում, որ անհրաժեշտ է հայհոյել այդ անսահմանափակ լիազորությունները, որոնք գալիս են վերևից:

Ցավոք, մենք երբեմն տեսնում ենք ակնածանքի այդ պակասը նույնիսկ Եկեղեցում: Երբեմն մենք ներս ենք մտնում մեծ աղմուկով, մտնում և դուրս ենք գալիս ժողովներից անհարգալից ձևով, մինչդեռ այն պետք է լինի աղոթքի և մաքրագործման երկրպագություն: Ակնածանքը երկնային մթնոլորտ է ստեղծում: Աղոթքի միջոցով Հայր Աստծուն արտահայտում ենք մեր հոգում եղածը: Մենք ավելի ենք նմանվում մեր Հորը նրան սպասելով, միշտ նրան հիշելով և մեծապես մտահոգվելով նրա աշխարհով և նրա աշխատանքով:6

Նկար
աղոթող կինը

«Աղոթքի միջոցով Հայր Աստծուն արտահայտում ենք մեր հոգում եղածը»:

5

Մենք զարգացնում ենք հոգևոր գիտելիք ստանալու մեր ունակությունը, երբ ժամանակ ենք տրամադրում խորհելու, մտորելու և աղոթելու համար:

Հոգևոր առումով զարգանալը և աստվածային ամենավեհ ազդեցություններին ենթարկվելը հեշտ բան չէ: Դա ժամանակ է պահանջում և հաճախ ներառում է պայքար: Դա տեղի չի ունենում պատահաբար, այլ իրականանում է միայն կանխամտածված ջանքերի, առ Աստված կանչելու և նրա պատվիրանները պահելու միջոցով: …

Մարգարե Ջոզեֆ Սմիթը … մեզ տվել է հավանաբար ամենապարզ հայտարարությունը այն ամենի մասին, թե ինչ է անհրաժեշտ հոգևոր դառնալու համար, ներառելով նաև ժամանակը և համբերությունը, որոնք մենք պետք է ընդունենք, որ այդ գործընթացի մի մասն են կազմում: [Նա] ասել է. «Մենք համարում ենք, որ Աստված մարդուն ստեղծել է ուղեղով, որը սովորելու կարողություն ունի, և ընդունակությամբ, որը կարող է ավելանալ այն ուշադրությանը և ջանասիրությանը համաչափ, որը տրվում է երկնքից բանականությանը հաղորդվող լույսին. և որ մարդ որքան մոտենում է կատարելությանը, այնքան մաքրվում են նրա հայացքները և այնքան մեծանում է նրա ուրախությունը, մինչև որ նա հաղթահարում է իր կյանքի չար բաները և կորցնում է մեղք գործելու ամեն ցանկություն, և հին սրբերի նման, հասնում է հավատքի այն աստիճանին, երբ նա պարուրվում է իր Արարչի զորությամբ ու փառքով և հափշտակվում է երկինք՝ Նրա հետ բնակվելու: Այնուամենայնիվ, մենք համարում ենք, որ սա մի կայարան է, որին ոչ ոք չի հասել մեկ ակնթարթում» [Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 224]:7

Մենք պետք է ժամանակ տրամադրենք, որպեսզի նախապատրաստենք մեր մտքերը հոգևոր բաների համար: Հոգևոր ներուժի զարգացումը չի գալիս իշխանությունը շնորհելու հետ: Պետք է լինի ցանկություն, ջանք և անհատական նախապատրաստություն: Այն անշուշտ պահանջում է … ծոմապահություն, աղոթք, սուրբ գրությունների ուսումնասիրություն, փորձառություն, խորհրդածություն և արդարակյաց կյանքի սով և ծարավ:

Ես օգտակար եմ գտնում Ամենակարող Աստծո այս խորհուրդները վերանայելը.

«Եթե խնդրես, դու կստանաս հայտնություն հայտնության վրա, գիտություն գիտության վրա, որ կարողանաս իմանալ խորհուրդներն ու խաղաղարար բաները, որոնք բերում են ուրախություն, որոնք բերում են կյանք հավերժական» (ՎևՈւ 42.61):

Խնդրեք Հորը՝ իմ անունով, հավատքով հավատալով, որ պիտի ստանաք, և դուք կունենաք Սուրբ Հոգին, որը ցույց է տալիս բոլոր բաները, որոնք նպատակահարմար են մարդկանց զավակների համար» (ՎևՈւ 18.18):

«Թող հավերժության հանդիսավոր բաները հանգչեն ձեր մտքերում» (ՎևՈւ 43.34):

«Ոչ էլ նախօրոք հոգ արեք, թե ինչ եք ասելու. բայց շարունակ ձեր մտքում գանձեք կյանքի խոսքերը, և հենց նույն պահին ձեզ կտրվի ամեն մարդու համար չափված բաժինը» (ՎևՈւ 84.85):

«Փնտրեք ջանասիրաբար, աղոթեք անդադար և եղեք հավատացող, և բոլոր բաները միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար, եթե դուք ուղիղ քայլեք և հիշեք ուխտը, որով ուխտ եք կապել միմյանց հետ» (ՎևՈւ 90.24):

«Աստված ձեզ գիտելիք կտա իր Սուրբ Հոգու միջոցով, այո, Սուրբ Հոգու անասելի պարգևով, որը հայտնի չի դարձվել աշխարհի սկզբից մինչև հիմա» (ՎևՈւ 121.26):

Սրանք խոստումներ են, որոնք Տերն անշուշտ կկատարի, եթե մենք նախապատրաստենք մեր անձերը:

Ժամանակ տրամադրեք խորհրդածելու, մտորելու համար և աղոթեք հոգևոր հարցերի վերաբերյալ:8

6

Աստված կօգնի մեզ աճել հոգևոր առումով քայլ առ քայլ:

Երբ մենք ձգտում ենք հոգևոր լինել, դժվարություններից մեկը կայանում է նրանում, որ մենք այնպիսի զգացողություն ենք ունենում, որ շատ բան կա անելու, իսկ մենք շատ հարցերում թերանում ենք: Կատարելությունը մի բան է, որին մեզանից յուրաքանչյուրը դեռ պիտի հասնի. սակայն մենք կարող ենք օգտագործել մեր ուժեղ կողմերը, սկսել այնտեղից, որտեղ գտնվում ենք և երջանկություն փնտրել, որը կարող ենք գտնել Աստծո բաներին հետամուտ լինելով: Մենք պետք է հիշենք Տիրոջ խորհուրդը.

«Ուստի, մի ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Եվ փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է:

Ահա, Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը. և պատրաստակամն ու հնազանդը կճաշակեն Սիոնի հողի բարիքն այս վերջին օրերին»: ( ՎևՈւ 64.33-34:)

Ինձ համար միշտ քաջալերող է եղել այն, որ Տերն ասել է, որ «պատրաստակամն ու հնազանդը կճաշակեն Սիոնի հողի բարիքն այս վերջին օրերին»: Մենք բոլորս կարող ենք լինել պատրաստակամ և հնազանդ: Եթե Տերն ասեր, որ կատարյալները կճաշակեն Սիոնի հողի բարիքն այս վերջին օրերին, ես ենթադրում եմ, որ մեզանից ոմանք կհուսահատվեին և կհանձնվեին: …

Սկսելու վայրն այստեղ է: Սկսելու ժամանակը հիմա է: Մենք պետք է առաջ շարժվենք դեպի մեր նպատակը քայլ առ քայլ: Աստված, ով «ծրագրել է մեր երջանկությունը», կառաջնորդի մեզ ինչպես փոքր երեխաների, և մենք այդ գործընթացի ժամանակ կհասնենք կատարելության:

Մեզանից ոչ մեկը չի հասել կատարելության կամ հոգևոր աճի գագաթնակետին, որը հնարավոր է մահկանացու կյանքում: Յուրաքանչյուր ոք կարող է և պետք է ունենա հոգևոր առաջընթաց: Հիսուս Քրիստոսի ավետարանը այդ հոգևոր աճի աստվածային ծրագիրն է հավերժորեն: Այն ավելին է, քան վարքի օրենսգիրքը: Այն ավելին է, քան կատարյալ հասարակական պատվերը: Այն ավելին է, քան ինքնակառավարման բարելավման և ինքնորոշման մասին լավը մտածելը: Ավետարանը Տեր Հիսուս Քրիստոսի փրկող զորությունն է` իր քահանայությամբ և աջակցությամբ և Սուրբ Հոգով: Հավատալով Տեր Հիսուս Քրիստոսին և հնազանդվելով նրա ավետարանին, քայլ առ քայլ կատարելագործվելով մեր ճանապարհին, խնդրելով ամրություն, բարելավելով մեր մոտեցումները և ձգտումները, մենք հաջողությամբ կհայտնվենք Բարի Հովվի հոտում: Դա պահանջում է կարգապահություն, ուսուցում, աշխատանք և ուժ: Բայց, ինչպես ասել է Պողոս Առաքյալը. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»: (Փիլ. Դ.13:)

Ժամանակակից հայտնությունը տալիս է այս խոստումը. «Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել. այո, արդար գործել, խոնարհ քայլել, արդարությամբ դատել. և դա է իմ Հոգին:

Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց, որը կլուսավորի քո միտքը, որն ուրախությունով կլցնի քո հոգին.

Եվ այն ժամանակ դու կիմանաս, կամ դրանով դու կիմանաս բոլոր բաները, ինչ-որ կցանականաս ինձանից, որոնք վերաբերում են արդարության բաներին, հավատքով հավատալով ինձ, որ դու պիտի ստանաս: (ՎևՈւ 11.12–14:)9

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Բաժին 1-ը կարդալուց հետո խորհեք ժամանակների մասին, երբ դուք երկնային օգնության կարիք եք ունեցել: Ինչպե՞ս է աստվածային օգնության խոստումը դժվարին պահերին օրհնել ձեր կյանքը:

  • Բաժին 2-ում ի՞նչ կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթի օրինակից, որը կօգնի մեզ, երբ խառնաշփոթության մեջ լինենք: Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ հոգևոր զգայնություն զարգացնել, ինչպիսին էր Ջոզեֆինը:

  • Խորհեք Նախագահ Հանթերի ուսմունքների մասին, թե ինչպես ենք մենք հոգևոր գիտելիք ստանում (տես բաժին 3): Ինչպե՞ս կարող ենք մեծացնել մեր ցանկությունը և ունակությունը` հոգևոր գիտելիք ստանալու համար: Ի՞նչ ճանապարհներով է հոգևոր գիտելիքն օգնել ձեզ:

  • Ինչո՞ւմ է կայանում վտանգը, եթե ընկալում ենք Աստծուն «որպես մեր վիճակը բարելավող կամ ծառայությունների գործակալություն, որ պետք է օգնի մեզ միայն դժվարին իրավիճակներում»: (Sես բաժին 4:) Ինչպե՞ս է աղոթքն օրհնություն եղել ձեզ համար:

  • Բաժին 5-ում Նախագահ Հանթերը սովորեցնում է մեզ, թե ինչպես զարգացնել հոգևորը: Ինչո՞ւ է ջանք անհրաժեշտ հոգևոր ուժ զարգացնելու համար: Ի՞նչ կարող ենք սովորել սուրբ գրություններից, որոնք Նախագահ Հանթերը մեջբերում է այս բաժնում:

  • Վերանայեք հոգևոր աճի վերաբերյալ Նախագահ Հանթերի ուսմունքները բաժին 6-ում: Ինչպե՞ս է հոգևոր աճը ձեզ համար եղել քայլ առ քայլ գործընթաց: Ինչպե՞ս կարող են Նախագահ Հանթերի ուսմունքներն այս բաժնում լինել օգտակար, եթե դուք զգում եք, որ թերանում եք ձեր հոգևոր աճի մեջ:

Առնչվող սուրբ գրություններ

Սաղմոս ԻԵ.5, Առակաց Գ.6, 2 Նեփի 32.8–9, Ալմա 5.46, 34.17–27, 37.36–37, ՎևՈւ 8.2–3, 88.63, 112.10, Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.13–17

Օգնություն ուսուցչին

Հրավիրեք դասարանի անդամներին` ուսումնասիրել գլուխը, փնտրելով նախադասություններ կամ պարբերություններ, որոնք կարևոր են նրանց համար: Խնդրեք նրանց` կիսվել այս նախադասություններով կամ պարբերություններով և բացատրել, թե ինչու են դրանք կարևոր:

Հղումներ

  1. Kellene Ricks, “Friend to Friend: From an Interview with Howard W. Hunter, President of the Quorum of the Twelve Apostles,” Friend, Apr. 1990, 6.

  2. The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams (1997), 39-40.

  3. “Blessed from on High,” Ensign, Nov. 1988, 59, 61.

  4. “Blessed from on High,” 59, -60.

  5. “Conference Time,” Ensign, Nov. 1981, 13.

  6. “Hallowed Be Thy Name,” Ensign, Nov. 1977, 52–53.

  7. “Developing Spirituality,” Ensign, May 1979, 25.

  8. The Teachings of Howard W. Hunter, 36-37.

  9. “Developing Spirituality,” 25-26.