Գրքեր և դասեր
Գլուխ 43. Երկրորդ Գալստյան նշանները


Գլուխ 43

Երկրորդ Գալստյան նշանները

Նկար
The resurrected Jesus Christ (wearing white robes with a magenta sash) standing above a large gathering of clouds. Christ has His arms partially extended. The wounds in the hands of Christ are visible. Numerous angels (each blowing a trumpet) are gathered on both sides of Christ. A desert landscape is visible below the clouds. The painting depicts the Second coming of Christ. (Acts 1:11)

Հիսուս Քրիստոսը կվերադառնա երկիր

  • Նշեք Երկրորդ Գալստյան մի քանի նշաններ:

Փրկիչն ասել է Ջոզեֆ Սմիթին. «Ես կհայտնվեմ երկնքից զորությամբ ու մեծ փառքով, նրա ողջ զորքով, և մարդկանց հետ արդարության մեջ կբնակվեմ երկրի վրա, հազար տարի, և ամբարիշտները կանգուն չեն մնա (ՎևՈւ 29.11; տես նաև այս գրքի 44 և 45 գլուխները): Հիսուսն ասել է մեզ, որ որոշ նշաններ և իրադարձություններ կզգուշացնեն մեզ, երբ Նրա Երկրորդ Գալստյան ժամանակը մոտենա:

Հազարավոր տարիներ շարունակ Հիսուս Քրիստոսի հետևորդները անհամբեր սպասել են Երկրորդ Գալստին որպես խաղաղության և ուրախության ժամանակ: Բայց Փրկչի գալուց առաջ աղետներ կլինեն և երկրի մարդիկ մեծ փորձությունների կըենթարկվեն: Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք պատրաստ լինենք այդ նեղություններին: Նա նաև ակնկալում է մեզանից լինել հոգեպես պատրաստ, երբ Փրկիչը կգա Իր փառքով: Հետևաբար, Նա տվել է մեզ նշաններ, իրադարձությունների տեսքով, որոնք կասեն մեզ, որ Փրկչի Երկրորդ Գալուստը մոտ է: Դարերի ընթացքում Աստված հայտնել է այդ նշանները Իր մարգարեներին: Նա ասել է, որ Քրիստոսի բոլոր հավատարիմ հետևորդները կիմանան, թե որոնք են նշանները և կհետևեն դրանց (տես ՎևՈւ 45.39): Եթե մենք հնազանդ ենք և հավատարիմ, մենք կուսումնասիրենք սուրբ գրությունները և կիմանանք նշանները:

Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը կանխատեսող որոշ նշաններ արդեն եղել են կամ այժմ են կատարվում: Մյուսները կլինեն ապագայում:

Ամբարշտություն, պատերազմ և խառնաշփոթ

Նշաններից շատերը ահաբեկող և սոսկալի են: Մարգարեները զգուշացրել են, որ երկիրի վրա կլինի խառնաշփոթ, ամբարշտություն, պատերազմ և տառապանք: Դանիել մարգարեն ասել է, որ Երկրորդ Գալստին նախորդող ժամանակը կլինի նեղության ժամանակ, որ երբևէ չի եղել երկիրի վրա (տես Դանիել ԺԲ.1): Տերն ասել է. «Եվ մարդկանց սերը կսառչի և անօրինությունը կշատանա» (ՎևՈւ 45.27): «Եվ բոլոր բաները կլինեն խառնաշփոթության մեջ. և … երկյուղը կպատի բոլոր մարդկանց» (ՎևՈւ 88.91): Կլինեն երկրաշարժեր, հիվանդություն, սով, մեծ փոթորիկներ, կայծակներ և ամպրոպ (տես Մատթեոս ԻԴ.7; ՎևՈւ 88.90): Կարկտահողմերը կավերեն երկրի բերքը (տես ՎևՈւ 29.16):

Հիսուսն ասաց Իր աշակերտներին, որ պատերազմներ կլինեն երկրի վրա. «Պատերազմներ և պատերազմների համբավներ կլսեք: … Որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա, և թագավորություն թագավորության վրա» (Մատթեոս ԻԴ.6–7): Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Մի հուսահատվեք, երբ ձեզ ասում ենք վտանգավոր ժամանակների մասին, քանզի դրանք շուտով կգան, սուր, սով և համաճարակներ են մոտենում: Կլինեն մեծ կործանումներ այս երկրի երեսին, չպետք է մտածել, որ բոլոր սուրբ մարգարեների մարգարեություններից անգամ մի կետ կամ բառ չի կատարվի, և դեռևս շատ բաներ կկատարվեն» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 252):

Այդ նշաններից շատերը կատարվում են: Ամբարշտությունն ամենուր է: Ազգերը մշտապես պատերազմի մեջ են: Երկրաշարժեր և այլ աղետներ են տեղի ունենում: Շատ մարդիկ այժմ տառապում են ավերիչ փոթորիկներից, երաշտից, սովից ու հիվանդություններից: Մենք կարող ենք վստահաբար ասել, որ Տիրոջ գալստից առաջ այդ աղետներն ավելի կսաստկանան:

Ինչևէ, Երկրորդ Գալստյանը նախորդող ոչ բոլոր իրադարձությունները կլինեն սոսկալի: Դրանցից շատերը ուրախություն են բերում աշխարհ:

Ավետարանի վերականգնումը

Տերն ասել է. «Լույս կծագի խավարում նստածների մեջ, և դա կլինի իմ ավետարանի լրիվությունը» (ՎևՈւ 45.28): Հին մարգարեները կանխատեսել են ավետարանի Վերականգնումը: Հովհաննես Առաքյալը տեսավ, որ ավետարանը կվերականգնվի հրեշտակի կողմից (տես Հայտնություն ԺԴ.6–7): Ի կատարումն այս մարգարեության, Մորոնի հրեշտակը և այլ երկնային այցելուներ բերեցին Հիսուս Քրիստոսի ավետարանը Ջոզեֆ Սմիթին:

Մորմոնի Գրքի ի հայտ գալը

Տերն ասաց Նեփիացիներին մեկ այլ նշանի մասին՝ Մորմոնի Գիրքը կգա իրենց հետևորդներին (տես 3 Նեփի 21): Հին Կտակարանի ժամանակներում Եսայիա և Եզեկիել մարգարեները կանխատեսեցին Մորմոնի Գրքի ի հայտ գալը (տես Եսայիա ԻԹ.4–18; Եզեկիել ԼԷ.16–20): Այդ մարգարեություններն այժմ կատարվում են: Մորմոնի Գիրքը ի հայտ է եկել և տարվում է ողջ աշխարհին:

Ավետարանը քարոզվում է ողջ աշխարհին

Վերջին օրերի մեկ այլ նշանն է, որ «արքայության ավետարանը բոլոր տիեզերքումը կքարոզուի ամեն ազգերին վկայություն լինելու համար» (Մատթեոս ԻԴ.14; տես նաև Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.31): Բոլոր մարդիկ իրենց լեզվով կլսեն ավետարանի լրիվությունը (տես ՎևՈւ 90.11): Եկեղեցու Վերականգնումից ի վեր միսիոներները քարոզել են ավետարանը: Միսիոներական ջանքերն ավելացել են մինչ այժմ՝ տասնյակ հազարավոր միսիոներներ են քարոզում աշխարհի շատ երկրներում տարբեր լեզուներով: Մինչև Երկրորդ Գալուստը և Հազարամյակի ընթացքում, Տերը միջոցներ կտրամադրի ճշմարտությունը բոլոր ազգերին տանելու համար:

Եղիայի գալուստը

Մաղաքիա մարգարեն մարգարեացել է, որ նախքան Փրկչի Երկրորդ Գալուստը, Եղիա մարգարեն կուղարկվի երկիր: Եղիան պետք է վերականգներ կնքման զորությունները, որպեսզի ընտանիքները կնքվեին միասին: Նա նաև պետք է ոգեշնչեր մարդկանց հոգալ իրենց նախնիների և հետնորդների համար: (Տես Մաղաքիա Դ.5–6; ՎևՈւ 2:) Եղիա մարգարեն այցելեց Ջոզեֆ Սմիթին 1836թ. ապրիլին: Այդ ժամանակից ի վեր, տոհմաբանության և ընտանիքի պատմության հանդեպ հետաքրքրությունն ավելացել է: Մենք նաև կարող ենք կնքման արարողություններ կատարել տաճարներում՝ ապրողների և մահացածների համար:

Լեքիի հետնորդները կդառնան մեծ ժողովուրդ

Տերն ասել է, որ երբ Նրա գալուստը մոտենա, Լամանացիները կդառնան արդարակյաց և հարգված ժողովուրդ: Նա ասել է. «Նախքան Տիրոջ մեծ օրվա գալը, … Լամանացիները պիտի փթթեն, ինչպես վարդը» (ՎևՈւ 49.24): Լեքիի հետնորդների մեծ մասն այսօր ստանում են ավետարանի օրհնությունները:

Նոր Երուսաղեմի կառուցումը

Հիսուս Քրիստոսի գալստյանը մոտ, հավատարիմ Սրբերը կկառուցեն արդարակյաց քաղաք, Աստծո քաղաքը, որը կկոչվի Նոր Երուսաղեմ: Հիսուս Քրիստոսն Ինքը կկառավարի այնտեղ: (Տես 3 Նեփի 21.23–25; Մովսես 7.62–64; Հավատո Հանգանակներ 1.10:) Տերն ասել է, որ քաղաքը կկառուցվի Միացյալ Նահանգների Միսսուրիի նահանգում (տես ՎևՈւ 84.2–3):

Կան միայն մի քանի նշաններ, որ Տերը տվել է մեզ: Սուրբ գրությունները շատ ավելին են նկարագրում:

  • Նշանների կատարվելու ի՞նչ ապացույցներ եք տեսնում:

Ժամանակների նշանները իմանալը կօգնի մեզ

  • Ինչպե՞ս կարող ենք մենք հանգիստ և խաղաղ մնալ, նույնիսկ երբ որոշ նշաններ սարսափեցնում և ահաբեկում են մեզ:

Խոսելով Իր Երկրորդ Գալստի մասին, Տերն ասել է. «Ժամը և օրը ոչ մի մարդ չգիտի, ոչ էլ հրեշտակները երկնքում» (ՎևՈւ 49.7): Նա ուսուցանել է դա թզենու առակով: Նա ասել է, որ երբ մենք տեսնում ենք թզենին տերևներ է արձակում, կարող ենք ասել, որ ամառը մոտենում է: Նմանապես, երբ մենք տեսնում ենք սուրբ գրություններում նկարագրված նշանները, կարող ենք ասել, որ Նրա գալուստը մոտ է: (Տես Մատթեոս ԻԴ.32–33:)

Տերը տալիս է այս նշանները՝ մեզ օգնելու համար: Մենք կարող ենք մեր կյանքը կարգավորել, պատրաստվել և մեր ընտանիքներին պատրաստել գալիք իրադարձություններին:

Մեզ նախազգուշացվել է աղետների մասին և կոչ է արվել, որ պատրաստվենք դրանց, սակայն մենք նաև անհամբեր սպասում ենք Փրկչի գալստյանը և ուրախանում ենք: Տերն ասել է. «Մի՛ խռովվեք, քանզի, երբ բոլոր այս բաները տեղի ունենան, դուք կարող եք իմանալ, որ խոստումները, որոնք տրվել էին ձեզ, կկատարվեն» (ՎևՈւ 45.35): Նա ասել է, որ երբ Ինքը գա արդարակյացները չեն կործանվի, «այլ պիտի մնան այդ օրը: Եվ երկիրը պիտի տրվի նրանց, որպես ժառանգություն. և նրանք պիտի բազմանան ու զորանան, և նրանց զավակները պիտի մեծանան առանց մեղքի: … Քանզի Տերը պիտի լինի նրանց մեջ, և նրա փառքը պիտի լինի նրանց վրա, և նա պիտի լինի նրանց թագավորն ու նրանց օրենսդիրը» (ՎևՈւ 45.57–59):

Լրացուցիչ սուրբ գրություններ