Գրքեր և դասեր
Գլուխ 37. Ընտանեկան պատասխանատվություններ


Գլուխ 37

Ընտանեկան պատասխանատվություններ

Նկար
An Asian family gathered for scripture study. They are sitting on sofas and the floor.

Ծնողների պատասխանատվությունները

  • Ի՞նչ համատեղ պարտականություններ ունեն ամուսիններն ու կանայք իրենց երեխաներին մեծացնելիս:

Յուրաքանչյուր մարդ կարևոր տեղ ունի իր ընտանիքում: Մարգարեների միջոցով Տերը բացատրել է, թե ինչպես պետք է հայրերը, մայրերը և երեխաները պետք է իրենց պահեն և վերաբերվեն միմյանց: Որպես ամուսիններ, կանայք և երեխաներ, մենք պետք է իմանանք, թե ինչ է Տերը մեզանից ակնկալում անել, որպեսզի իրականացնենք մեր նպատակը որպես ընտանիք: Եթե մենք բոլորս կատարենք մեր մասը, մենք հավերժորեն կմիավորվենք:

Ըստ ծնողական սուրբ պատասխանատվության, «հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Ensign, Nov. 1995, 102): Նրանք պետք է միասին աշխատեն, որպեսզի ապահովեն ընտանիքի հոգևոր, էմոցիոնալ, ինտելեկտուալ և ֆիզիկական կարիքները:

Որոշ պատասխանատվություններ ամուսինը և կինը պետք է համատեղ կատարեն: Ծնողները պետք է ավետարանը ուսուցանեն իրենց երեխաներին: Տերը զգուշացրել է, որ եթե ծնողները չեն ուսուցանում իրենց զավակներին հավատքի, ապաշխարության, մկրտության և Սուրբ Հոգու պարգևի մասին, մեղքը կլինի ծնողների գլխին: Ծնողները նաև պետք է ուսուցանեն իրենց զավակներին աղոթել և Տիրոջ պատվիրաններին հնազանդվել: (Տես ՎևՈւ 68.25, 28:)

Լավագույն ձևերից մեկը, որ ծնողները կարող են ուսուցանել իրենց զավակներին, օրինակն է: Ամուսինները և կանայք պետք է սեր և հարգանք ցուցաբերեն միմյանց և իրենց զավակների հանդեպ՝ թե խոսքով և թե գործով: Կարևոր է հիշել, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ Աստծո զավակն է: Ծնողները պետք է իրենց զավակներին սիրով և հարգանքով վերաբերվեն՝ նրանց նկատմամբ լինելով վճռական, սակայն բարի:

Ծնողները պետք է հասկանան, որ նույնիսկ ճշմարտությունը սովորեցնելուց հետո երեխաները երբեմն սխալ ընտրություններ կկատարեն: Երբ դա տեղի է ունենում, ծնողները չպետք է անձնատուր լինեն: Նրանք պետք է շարունակեն ուսուցանել իրենց զավակներին, նրանց հանդեպ սեր ցուցաբերելով, նրանց համար լավ օրինակ ծառայելով և նրանց համար ծոմ պահելով ու աղոթելով:

Մորմոնի Գիրքը պատմում է մեզ, թե ինչպես հոր աղոթքներն օգնեցին ըմբոստ որդուն վերադառնալ Տիրոջ ուղու վրա: Ալմա Կրտսերը հեռացել էր իր արդարակյաց հոր, Ալմայի, ուսմունքներից և ձգտում էր կործանել Եկեղեցին: Հայրը հավատքով աղոթեց իր որդու համար: Ալմա Կրտսերին այցելեց հրեշտակը, և նա ապաշխարեց իր չար ապրելակերպից: Նա դարձավ Եկեղեցու մեծ ղեկավար: (Տես Մոսիա 27.8–32:)

Ծնողները կարող են ակնածալից և հարգալից մթնոլորտ ստեղծել տանը, եթե նրանք սիրով ուսուցանում և առաջնորդում են իրենց զավակներին: Ծնողները պետք է նաև ուրախ փորձառություններ ստեղծեն իրենց երեխաների համար:

  • Ինչպե՞ս կարող են ամուսինները և կանայք աջակցել միմյանց իրենց այդ դերում: Ո՞ւմ կարող են միայնակ ծնողները դիմել օգնության համար:

Հոր պատասխանատվությունները

  • Իրենց երեխաներին մեծացնող հայրերի ի՞նչ դրական օրինակներ եք տեսել:

«Աստվածային ծրագրով, հայրերը իրենց ընտանիքում պետք է սիրով և արդարակեցությամբ նախագահեն, և պատասխանատու լինեն կյանքի համար անհրաժեշտ կարիքները հոգալու և իրենց ընտանիքին պաշտպանություն ապահովելու գործում» (Ensign, Nov. 1995, 102): Արժանի հայրը, որը Եկեղեցու անդամ է, քահանայություն կրելու հնարավորություն ունի, որը նրան դարձնում է իր ընտանիքի քահանայության ղեկավարը: Նա պետք է առաջնորդի իր ընտանիքը խոնարհությամբ և բարությամբ, ոչ թե ուժով կամ դաժանորեն: Սուրբ գրություններն ուսուցանում են, որ քահանայություն կրողը պետք է առաջնորդի մյուսներին համոզումով, մեղմորեն, սիրով և բարությամբ (տես ՎևՈւ 121.41–44; Եփեսացիս Զ.4):

Հայրը քահանայության օրհնություններ է տալիս իր ընտանիքի անդամներին: Երբ տղամարդը կրում է Մելքիսեդեկյան Քահանայություն, նա կարող է օրհնություններ տալ՝ հիվանդներին սպասավորելով և քահանայության հատուկ օրհնություններ տալով: Քահանայության նախագահող ղեկավարի ղեկավարության ներքո, նա կարող է երեխաներին օրհնել, մկրտել, հաստատել և քահանայության արարողություններ կատարել: Նա պետք է լավ օրինակ ծառայի իր ընտանիքի համար՝ պատվիրանները պահելով: Նա պետք է նաև հավաստիանա, որ ընտանիքը միասին աղոթում է օրը երկու անգամ և ընտանեկան երեկոներ է անցկացնում:

Հայրը պետք է անհատապես ժամանակ անցկացնի յուրաքանչյուր երեխայի հետ: Նա պետք է իր երեխաներին սովորեցնի ճիշտ սկզբունքները, զրուցի նրանց հետ իրենց խնդիրների և մտահոգությունների շուրջ և սիրով խորհուրդ տա: Մի քանի լավ օրինակներ են տրված Մորմոնի Գրքում (տես 2 Նեփի 1.14–3:25; Ալմա 36–42):

Նաև հոր պարտականությունն է իր ընտանիքի ֆիզիկական կարիքները հոգալը, հավաստիանալով, որ նրանք ունեն անհրաժեշտ սնունդը, տունը, հագուստը և կրթությունը: Նույնիսկ եթե նա անկարող է ինքնուրույն այդ ամենը ապահովել, նա չպետք է թողնի իր ընտանիքի համար հոգալու պատասխանատվությունը:

Մոր պատասխանատվությունները

  • Իրենց երեխաներին մեծացնող մայրերի ի՞նչ դրական օրինակներ եք տեսել:

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն ասել է, որ մայրությունը ամենավեհ կոչումն է (տես Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 156): Դա սուրբ կոչում է, Աստծո հետ համագործակցություն՝ Նրա հոգևոր զավակներին աշխարհ բերելու համար: Երեխաներ ծնելը բոլոր օրհնություններից ամենամեծ օրհնությունն է: Եթե հայր չկա տանը, մայրն է նախագահում ընտանիքում:

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը գովաբանում է կանանց, որոնք չեն կարողացել ունենալ իրենց երեխաները, սակայն ձգտել են հոգ տանել ուրիշների համար: Նա ասել է. «Երբ ես խոսում եմ մայրերի մասին, ես խոսում եմ ոչ միայն այն կանանց մասին, ովքեր երեխաներ են ծնել, այլ նրանց մասին, ովքեր խնամել են ուրիշների ունեցած երեխաներին, և այն բազմաթիվ կանանց մասին, ովքեր չունենալով իրենց սեփական երեխաները մայր են եղել ուրիշների երեխաների համար» (Mothers [1977], 8):

Վերջին Օրերի մարգարեները ուսուցանել են. «Մայրերը հիմնականում պատասխանատու են իրենց երեխաներին դաստիարակելու համար» (Ensign, Nov. 1995, 102): Մայրը պետք է ժամանակ անցկացնի իր երեխաների հետ և նրանց ավետարանը ուսուցանի: Նա պետք է խաղա և աշխատի նրանց հետ, որպեսզի նրանք ճանաչեն իրենց շրջապատող աշխարհը: Նա նաև պետք է օգնի, որ իր ընտանիքը իմանա, ինչպես դարձնի տունը հաճելի վայր: Լինելով ջերմ և սիրալիր, նա օգնում է իր երեխաներին լավ կարծիք ունենալ իրենց մասին:

Մորմոնի Գիրքը նկարագրում է 2000 երիտասարդների մի խումբ, որոնք իրենց մայրերի դաստիարակության շնորհիվ դարձել էին հրաշալի երիտասարդներ (տես Ալմա 53.16–23): Հելաման մարգարեի առաջնորդությամբ նրանք գնացին ճակատամարտելու իրենց թշնամիների դեմ: Նրանք իրենց մայրերից սովորել էին ազնվություն, քաջություն և հուսալիություն: Նրանց մայրերը նաև սովորեցրել էին, որ եթե իրենք չկասկածեն, Աստված կազատեր իրենց (տես Ալմա 56.47): Նրանք բոլորը գոյատևեցին այդ ճակատամարտում: Նրանք հավատացին իրենց մայրերի ուսմունքներին, ասելով. «Մենք չենք կասկածում, մեր մայրերը գիտեին դա» (Ալմա 56.48): Յուրաքանչյուր մայր, ով վկայություն ունի, կարող է մեծ ազդեցություն գործել իր երեխաների վրա:

Երեխաների պատասխանատվությունները

  • Ինչպե՞ս են երեխաները օգնում իրենց ծնողներին երջանիկ տուն կառուցել:

Երեխաները կիսում են երջանիկ տուն կառուցելու իրենց ծնողների պատասխանատվությունները: Նրանք պետք է հնազանդվեն պատվիրաններին և համագործակցեն ընտանիքի մյուս անդամների հետ: Տիրոջը հաճելի չէ, երբ երեխաները վիճում են (տես Մոսիա 4.14):

Տերը պատվիրել է երեխաներին պատվել իրենց ծնողներին: Նա ասել է. «Պատուիր քո հորը և մորը, որ քո օրերը երկարանան երկրի վրա» (Ելից Ի.12): Ծնողներին պատվել նշանակում է սիրել և հարգել նրանց, ինչպես նաև հնազանդվել նրանց: Սուրբ գրությունները պատվիրում են երեխաներին՝ «հնազանդ եղեք ձեր ծնողներին Տերովը. որ այն է արժանը» (Եփեսացիս Զ.1):

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է, որ երեխաները պետք է սովորեն աշխատել և կիսել տան և բակի հետ կապված պարտականությունները: Նրանց պետք է հանձնարարություններ տրվեն, որպեսզի պահեն տունը կոկիկ ու մաքուր: (Տես Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 120:)

  • Ի՞նչ պետք է երեխաները անեն, որպեսզի պատվեն և հարգեն իրենց ծնողներին:

  • Ի՞նչ են արել ձեր ծնողները, որի արդյունքում դուք պատվել և հարգել եք նրանց:

Պատասխանատվություններ ստանձնելը օրհնություններ է բերում

  • Ի՞նչ կարող է ընտանիքի յուրաքանչյուր անդամն անել, որպեսզի տունը ուրախությամբ լցվի:

Սիրող և երջանիկ ընտանիքը պատահական չի ստեղծվում: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է կատարի իր մասը: Տերը պատասխանատվություններ է տվել և ծնողներին և երեխաներին: Սուրբ գրություններն ուսուցանում են, որ մենք պետք է լինենք հոգատար, ուրախ և քաղաքավարի մյուսների հանդեպ: Երբ մենք զրուցում, աղոթում, երգում կամ աշխատում ենք միասին, մենք կարող ենք վայելել ներդաշնակության օրհնությունները մեր ընտանիքում: (Տես Կողոսացիս Գ:)

  • Նշեք մի քանի ավանդույթներ և սովորույթներ, որոնք տունը ուրախությամբ են լցնում:

Լրացուցիչ սուրբ գրություններ

  • Առակաց ԻԲ.6 (կրթիր երեխային)

  • Եփեսացիս Զ.1–3 (երեխաները պետք է հնազանդվեն ծնողներին)

  • ՎևՈւ 68.25–28; Եփեսացիս Զ.4 (ծնողների պատասխանատվությունները)

  • «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», (մատչելի է LDS.org կայքում և Եկեղեցու հրապարակումներում, ներառյալ Ensign, Nov. 1995, էջ 102; Երիտասարդներին զորացնելու համար [item number 36550], էջ 44; և Հավատքին հավատարիմ [item number 36863], էջեր 59–61)

  • Ընտանեկան ուղեցույց (item number 31180)