Գրքեր և դասեր
Գլուխ 11. Քրիստոսի կյանքը


Գլուխ 11

Քրիստոսի կյանքը

Նկար
Jesus Christ at the home of Jairus. Christ is standing beside the bed of the twelve-year-old daughter of Jairus. The girl's father and mother are standing on the other side of the bed. Christ is holding the hand of the girl as He helps her rise from her bed. The girl, who had been declared dead, is looking up at Christ. Light from a window is shining on the girl's face, and on the back of Christ.

Քրիստոսի կյանքը կանխատեսվել էր Իր ծնունդից շատ առաջ

Երկիր եկող յուրաքանչյուր ոք կախված է Հիսուս Քրիստոսից, որն իրականացնում է մեր Փրկիչը լինելու երկնքում տված Իր խոստումը: Առանց Նրա փրկության ծրագիրը կձախողվեր: Քանի որ Նրա առաքելությունը անհրաժեշտ էր, բոլոր մարգարեները, Ադամից մինչև Քրիստոս, վկայել են, որ Նա գալու է (տես Գործք Ժ.43): Քրիստոսից հետո բոլոր մարգարեները վկայել են, որ Նա եկել է: Մենք բոլորս պետք է ուսումնասիրենք Փրկչի կյանքը և հավատարմորեն հետևենք Նրան մեր ողջ կյանքի ընթացքում:

Ադամն իմացավ, որ Փրկչի անունը լինելու է Հիսուս Քրիստոս (տես Մովսես 6.51–52): Ենովքը տեսավ, որ Հիսուսը կմահանա խաչի վրա և հարություն կառնի (տես Մովսես 7.55–56): Նոյը և Մովսեսը նույնպես վկայեցին Նրա մասին (տես Մովսես 1.11; 8.23–24): Մոտ 800 տարի առաջ Փրկիչը ծնվեց երկրի վրա, Եսայիան կանխատեսել էր Նրա կյանքը: Երբ Եսայիան տեսավ, թե ինչպիսի տառապանք և վիշտ պետք է կրի Փրկիչը, որպեսզի վճարի մեր մեղքերի համար, նա բացականչեց.

«Նա անարգուած և մարդկանց երեսից ընկած. հարուածների տեր, և ցավի տեղեակ եղավ: …

… Հիրավի՜ նա մեր ցավերը վեր առավ, և մեր վշտերը բեռնեց իր վրա: …

Նա մեր մեղքերի համար վիրավորուեցավ, մեր անօրենությունների համար հարուածվեցավ: …

Նա անիրավություն կրեց և չարչարուեցավ, բայց իր բերանը չբացավ, ինչպես մի ոչխար որ մորթուելու է տարվում» (Եսայիա ԾԳ.3–5, 7):

Նեփին նաև տեսավ Փրկչի ծննդի և առաքելության տեսիլքը: Նա տեսավ մի գեղեցիկ կույս, և հրեշտակը բացատրեց. «Նայի՛ր, կույսը, որին դու տեսնում ես, Աստծո Որդու մայրն է՝ մարմնական ձևով» (1 Նեփի 11.18): Այնուհետև Նեփին տեսավ կույսին՝ երեխան գիրկը: Հրեշտակը հայտարարեց. «Ահա՛ Աստծո Գառը, այո, հիրավի, Հավերժական Հոր Որդին» (1 Նեփի 11.21):

Հիսուսի ծնունդից մոտ 124 տարի առաջ մեկ այլ Նեփիացի մարգարե Բենիամին թագավորը նույնպես կանխատեսեց Փրկչի կյանքը.

«Քանզի ահա, ժամանակը գալիս է և հեռու հեռվում չէ, երբ Ամենակարող Տերը, որն իշխում է զորությամբ, որն էր, և է, ողջ հավերժությունից ողջ հավերժություն, կիջնի ներքև երկնքից՝ մարդկանց զավակների մեջ և կբնակվի կավե տաղավարում, և առաջ կգնա մարդկանց մեջ՝ գործելով հզոր հրաշքներ, ինչպես՝ բժշկելով հիվանդներին, հարություն տալով մեռածներին, իրականացնելով կաղերի քայլելը, կույրերին շնորհելով իրենց տեսողությունը, խուլերին՝ լսելը, և բուժելով ամեն ձևի հիվանդություններ:

Եվ նա դուրս կհանի դևեր կամ չար ոգիներ, որոնք բնակվում են մարդկանց զավակների սրտերում:

Եվ ահա, նա կտանի փորձություններ, և մարմնի ցավ, քաղց, ծարավ և հոգնածություն, նույնիսկ՝ ավելին, քան մարդը կարող է տանել, բացի մահից. քանզի ահա, արյուն կգա յուրաքանչյուր ծակոտիից, այնքան մեծ կլինի նրա տվայտանքն իր ժողովրդի ամբարշտության և պղծությունների համար:

Եվ նա կկոչվի Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, երկնքի և երկրի Հայր, բոլոր բաների Ստեղծող՝ ի սկզբանե. և նրա մայրը կկոչվի Մարիամ» (Մոսիա 3.5–8):

  • Նշեք Հիսուս Քրիստոսի մասին մի քանի հին մարգարեություններ:

Նա Հոր Միածինն էր

  • Ի՞նչ ժառանգեց Հիսուս Քրիստոսը Իր Հորից: Ի՞նչ ժառանգեց Նա Իր մորից:

Փրկչի ծննդյան և կյանքի պատմությունը տրված է Նոր Կտակարանում Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերում: Նրանց պատմություններից մենք իմանում ենք, որ Հիսուսը ծնվել է Մարիամ անունով կույսից: Նա նշանված էր և պետք է ամուսնանար Հովսեփի հետ, երբ Տիրոջ հրեշտակը հայտնվեց նրան: Հրեշտակն ասաց նրան, որ նա պետք է լինի Աստծո Որդու մայրը: Նա հարցրեց, թե ինչպես է դա հնարավոր (տես Ղուկաս Ա.34): Հրեշտակն ասաց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրեալի զորությունը քեզ վրա կհովանավորե, վասն որոյ և այն ծնուած սուրբն էլ Աստուծոյ Որդի կկոչուի» (Ղուկաս Ա.35): Այսպիսով, Հայր Աստվածը դարձավ Հիսուս Քրիստոսի Հայրը:

Հիսուսը միակ մարդն է երկրի վրա, որ ծնվել է մահկանացու մորից և անմահ Հորից: Այդ պատճառով Նա կոչվում է Միածին Որդի: Նա ժառանգեց աստվածային զորություններ Իր Հորից: Իր մորից Նա ժառանգեց մահկանացու մարմին և քաղց, ծարավ, հոգնածություն, ցավ և մահ կրեց: Ոչ ոք չէր կարող Փրկչի կյանքը վերցնել Իրենից, եթե Նա չցանկանար դա: Նա զորություն ուներ այն ցած դնելու և զորություն՝ մահանալուց հետո կրկին բարձրացնելու Իր մարմինը: (Տես Հովհաննես Ժ.17–18:)

Նա կատարյալ կյանք էր վարում

  • Ի՞նչ է Փրկչի կյանքը նշանակում մեզ համար:

Մանկուց ի վեր Հիսուսը հնազանդվել է այն ամենին, ինչ Երկնային Հայրը պահանջել է Իրենից: Մարիամի և Հովսեփի խնամքի ներքո, Հիսուսն աճում էր մյուս երեխաների պես: Նա սիրում էր ճշմարտությունը և հնազանդվում դրան: Ղուկասն ասում է մեզ. «Երեխան աճում էր և զորանում հոգիով՝ իմաստությունով լցուած. և Աստուծոյ շնորհքը նրա վրա էր» (Ղուկաս Բ.40; տես նաև ՎևՈւ 93.12–14):

Երբ արդեն 12 տարեկան էր, Հիսուսը հասկանում էր, որ ուղարկվել էր Իր Հոր կամքը կատարելու: Նա իր ծնողների հետ գնաց Երուսաղեմ: Երբ ծնողները վերադառնում էին տուն, հայտնաբերեցին, որ Նա իրենց խմբի հետ չէր: Նրանք ետ դարձան Երուսաղեմ, որպեսզի փնտրեն Նրան: «Եվ երեք օրից հետո եղավ, որ նրան տաճարում գտան, վարդապետների մեջ նստած, և նրանք լսում էին նրան, և հարցեր էին տալիս նրան» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ղուկաս 2.46): «Եվ ամենքն, որ նրանից լսում էին, զարմանում էին նրա իմաստության և պատասխանների վրա» (Ղուկաս Բ.47):

Հովսեփն ու Մարիամը ուրախացան գտնելով Նրան, սակայն «սքանչացան. և նորա մայրն ասեց նորան. Որդեակ, ի՞նչու համար մեզ այսպես արիր. ահա, հայրդ և ես ցավելով որոնում էինք քեզ»: Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Դուք չգիտեի՞ք թե պետք է, որ ես իմ Հոր տանը լինեմ» (Ղուկաս Բ.48–49):

Իր առաքելությունը կատարելու համար Հիսուսը պետք է կատարեր Իր Երկնային Հոր կամքը: «Ես իմ անձիցը ոչինչ չեմ անում,- հայտարարեց Նա,- այլ ինչպես իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում: … Ես միշտ նորան հաճելի բաներն եմ խոսում» (Հովհաննես Ը.28–29):

Երբ Հիսուսը 30 տարեկան էր, Նա եկավ Հովհաննես Մկրտչի մոտ, որպեսզի մկրտվի Հորդանան Գետում: Հովհաննեսը չէր կամենում մկրտել Հիսուսին, քանի որ գիտեր, որ Հիսուսն ավելի մեծ էր, քան ինքը: Հիսուսը խնդրեց, որ Հովհաննեսը մկրտի Իրեն, որպեսզի «ամեն արդարություն կատարվի»: Հովհաննեսը մկրտեց Հիսուսին, Նրան ամբողջովին ընկղմելով ջրի մեջ: Երբ Հիսուսը մկրտվեց, Նրա Հայրը խոսեց երկնքից, ասելով. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»: Սուրբ Հոգին իջավ աղավնու տեսքով: (Տես Մատթեոս 3.13–17:)

Մկրտվելուց հետո, Հիսուսը 40 օր ու գիշեր ծոմ պահեց, որպեսզի լինի Աստծո հետ: Ապա Սատանան եկավ գայթակղելու Նրան: Հիսուսը հաստատակամ դիմադրեց սատանայի բոլոր գայթակղություններին և ապա Սատանային հրամայեց, որ հեռանա: (Տես Մատթեոս Դ.1–11; տես նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 4.1, 56, 89, 11:) Հիսուս Քրիստոսը մնաց անմեղ, միակ կատարյալ էակը, որ երբևէ քայլել է երկրի վրա (տես Եբրայեցիս Դ.15; Ա Պետրոս Բ.1–22):

  • Փրկչի կյանքից ո՞ր պատմություններն են հատկապես նշանակալից ձեզ համար:

Նա ուսուցանեց մեզ, ինչպես պետք է սիրել և ծառայել միմյանց

  • Ըստ Փրկչի ուսմունքի, ինչպե՞ս պետք է սիրել և ծառայել միմյանց:

Ծոմ պահելուց և Սատանայի հետ հանդիպելուց հետո, Հիսուսը սկսեց հանրությանը ծառայել: Նա եկավ երկիր ոչ թե միայն մահանալու, այլև մեզ ուսուցանելու, թե ինչպես պետք է ապրել: Նա ուսուցանեց, որ կան երկու մեծ պատվիրաններ. առաջինը՝ սիրել Աստծուն մեր ողջ սրտով, մտքով և զորությամբ, իսկ երկրորդը՝ սիրել մյուսներին, ինչպես սիրում ենք ինքներս մեզ (տես Մատթեոս ԻԲ.36–39): Նրա կյանքը օրինակ է, թե ինչպես մենք պետք է հնազանդվենք այդ երկու պատվիրաններին: Եթե մենք սիրում ենք Աստծուն, մենք պետք է վստահենք և հնազանդվենք Նրան, ինչպես Հիսուսը: Եթե սիրում ենք մյուսներին, մենք կօգնենք նրանց բավարարել իրենց ֆիզիկական և հոգևոր կարիքները:

Հիսուսը իր կյանքը անցկացրեց, ծառայելով մյուսներին: Նա բժշկեց նրանց: Նա կույրին տեսողություն շնորհեց, խուլին լսողություն և արեց այնպես, որ կաղը քայլի: Մի անգամ, երբ Նա բժշկում էր հիվանդներին, արդեն ուշ էր, և մարդիկ քաղցած էին: Նրանց իրենց տներն ուղարկելու փոխարեն, Նա օրհնեց հինգ հատ հացը և երկու ձուկը և հրաշքով կարողացավ կերակրել 5000 մարդու: (Տես Մատթեոս ԺԴ.14–21:) Նա ուսուցանեց, որ երբ տեսնում ենք մարդիկ քաղցած են, մրսած, մերկ կամ միայնակ, մենք պետք է օգնենք նրանց, ինչով կարող ենք: Երբ մենք օգնում ենք մյուսներին, մենք ծառայում ենք Տիրոջը: (Տես Մատթեոս ԻԵ.35–46:)

Հիսուսը սիրում էր մուսներին Իր ողջ սրտով: Երբեմն Նրա սիրտն այնքան էր կարեկցանով լցվում, որ Նա արտասվում էր: Նա սիրում էր փոքր երեխաներին, մեծերին և հեզ ու հասարակ մարդկանց, ովքեր հավատում էին Իրեն: Նա սիրում էր մեղավորներին, և մեծ կարեկցանքով ուսուցանում էր նրանց, որ ապաշխարեն և մկրտվեն: Նա ուսուցանում էր. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես ԺԴ.6):

Հիսուսը նույնիսկ սիրում էր նրանց, ովքեր մեղանչել էին իր հանդեպ և չէին ապաշխարել: Իր կյանքի վերջում, խաչի վրա կախված, Նա աղոթեց Հորը այն զինվորների համար, ովքեր խաչել էին Իրեն, աղերսելով. «Հայր, թողիր դորանց. որովհետև չգիտեն թե ինչ են անում» (Ղուկաս ԻԳ.34): Նա ուսուցանեց. «Սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի» (Հովհաննես ԺԵ.12):

  • Ինչպե՞ս կարող ենք մենք ցույց տալ Տիրոջը, որ սիրում ենք Նրան:

Նա կազմակերպեց միակ ճշմարիտ Եկեղեցին

  • Ինչո՞ւ Փրկիչը կազմակերպեց Իր Եկեղեցին և Առաքյալներ կարգեց:

Հիսուսը ցանկացավ Իր ավետարանն ուսուցանել երկրի վրա ապրող բոլոր մարդկանց, և Նա տասներկու Առաքյալներ ընտրեց, որ վկայեն Իր մասին: Նրանք Իր Եկեղեցու առաջին ղեկավարներն էին: Նրանք իշխանություն ստացան Իր անունով գործելու և կատարելու այն, ինչ Նա էր կատարում: Նրանք, ովքեր իշխանություն ստացան նրանցից, նույնպես կարողացան ուսուցանել, մկրտել և Նրա անունով այլ արարողություններ կատարել: Նրա մահից հետո, նրանք շարունակեցին անել Նրա գործը մինչև մարդիկ այնքան չարացան, որ սպանեցին Առաքյալներին:

Նա մեզ փրկագնեց մեր մեղքերից և փրկեց մահից

  • Այս բաժինը ուսումնասիրելիս ժամանակ տրամադրեք խորհելու Քավության իրադարձությունների մասին:

Այս մահականցու ծառայության ավարտին մոտ Հիսուսը պատրաստվեց կատարել ամենամեծ զոհաբերությունը մարդկության բոլոր մեղքերի համար: Նրան մահվան դատապարտեցին, որովհետև Նա վկայեց մարդկանց, որ Ինքը Աստծո Որդին էր:

Իր Խաչելության նախորդ գիշերը, Հիսուսը գնաց Գեթսեմանի կոչվող այգին: Շուտով Նա մեծ տառապանք կրեց և աղոթելիս արտասվեց: Վերջին Օրերի Առաքյալ Օրսոն Ֆ. Վիթնիին թույլատրվեց տեսիլքով տեսնել Փրկչի տառապանքը: Տեսնելով Փրկչին արտասվելիս, նա ասաց. «Ես այնքան էի հուզվել այդ գիշեր, որ ես նույնպես արտասվում էի՝ անկեղծ կարեկցանքից ելնելով: Սիրտս ամբողջովին Նրա հետ էր. ես սիրեցի Նրան իմ ողջ հոգով, և ես միայն ցանկանում էի Նրա հետ լինել» (“The Divinity of Jesus Christ,” Improvement Era, Jan. 1926, 224–25; տես նաև Ensign, Dec. 2003, 10): Հիսուսը «մի քիչ առաջ գնալով իր երեսի վրա ընկավ, աղոթք էր անում և ասում. Իմ Հայր, եթե կարելի է, թող այս բաժակն իմ անցնի. սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու» (Մատթեոս ԻԶ.39):

Մեր օրերի հայտնության մեջ Փրկիչը նկարագրում է, թե որքան մեծ էր Իր տառապանքը, ասելով, որ այն ստիպեց Իրեն «ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե՛ մարմնով, թե՛ ոգով» (ՎևՈւ 19.18): Նա տառապեց «համաձայն մարմնի», իր վրա վերցնելով մեր ցավերը, հիվանդությունները, թուլությունները և մեղքերը (տես Ալմա 7.10–13): Մահկանացու մարդը չի կարող ըմբռնել, թե որքան մեծ էր Նրա բեռը: Մահկանացու մարդը չէր կարող կրել մարմնի և հոգու նման հոգևարք: «Նա վայր իջավ բոլոր բաներից ցած … որ կարողանա ամենի մեջ և ամենուրեք լինել ճշմարտության լույսը» (ՎևՈւ 88.6):

Սակայն Նրա տառապանքը դեռևս չէր ավարտվել: Հաջորդ օրը, Հիսուսին ծեծեցին, անարգեցին, նվաստացրեցին՝ նրա վրա թքելով: Նրան տվեցին, որ Իր խաչը տանի, այնուհետև Նրան գամեցին այդ խաչին: Նրան տանջեցին ամենադաժան ձևով, որ մարդը երբևէ հորինել է: Խաչի վրա տանջվելով, Նա հոգևարքի մեջ աղաղակեց. «Իմ Աստուած, իմ Աստուած, ինչո՞ւ թողիր ինձ» (Մարկոս ԺԵ.34): Հիսուսի համար ամենածանր պահին Հայրը հեռացավ Նրանից, որպեսզի Հիսուսը կարողանար ավարտել ողջ մարդկության մեղքերի համար տառապելը, որպեսզի Հիսուսը իր ավարտին հասցներ մեղքի և մահվան ուժերի դեմ հաղթանակը (տես James E. Talmage, Jesus the Christ, 3rd ed. [1916], 660–61):

Երբ Փրկիչը իմացավ, որ իր զոհաբերությունը ընդունվել էր Հոր կողմից, Նա բարձրաձայն բացականչեց. «Կատարուած է» (Հովհաննես ԺԹ.30): «Հայր, հոգիս քո ձեռն եմ ավանդում» (Ղուկաս ԻԳ.46): Նա խոնարհեց Իր գլուխը և կամովին Իր Հոգին տվեց: Փրկիչը մահացավ: Դաժան երկրաշարժը ցնցեց երկիրը:

Մի քանի ընկերներ Փրկչի մարմինը դրեցին գերեզմանի մեջ, որտեղ այն մնաց մինչև երրորդ օրը: Այդ ընթացքում Նրա հոգին գնաց և միսիոներական աշխատանք կազմակերպեց մյուս հոգիների համար, որոնք Իր ավետարանը ստանալու կարիքն ունեին (տես Ա Պետրոս Գ.18–20; ՎևՈւ 138): Երրորդ օրը, որ կիրակի էր, Նա վերադարձավ Իր մարմնի մեջ: Նա առաջինն էր, որ հաղթեց մահին: Կատարվեց մարգարեությունը, որ «պետք է նա մեռելներից հարություն առնի» (Հովհաննես Ի.9):

Իր Հարությունից շատ չանցած Փրկիչը հայտնվեց Նեփիացիներին և Իր Եկեղեցին հիմնադրեց Ամերիկաներում: Նա ուսուցանեց մարդկանց և օրհնեց նրանց: Այս հուզիչ պատմությունը տրված է 3 Նեփի 11-28-ում:

Նրա Զոհաբերությունը ցույց տվեց Նրա սերը Իր Հոր և մեր հանդեպ

Հիսուսն ուսուցանեց. «Ոչ ով նորանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնե իր բարեկամների համար: Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ ձեզ» (Հովհաննես ԺԵ.13–14): Նա կամովին և խոնարհաբար անցավ Գեթսեմանի տանջանքների միջով և խաչի վրա տառապեց, որ մենք կարողանանք ստանալ փրկության ծրագրի բոլոր օրհնությունները: Այդ օրհնությունները ստանալու համար, մենք պետք է գանք Նրա մոտ, ապաշխարենք մեր մեղքերից և սիրենք Նրան մեր ողջ սրտով: Նա ասաց.

«Եվ այս է ավետարանը, որ ես տվել եմ ձեզ, որ ես եկա աշխարհ՝ կատարելու իմ Հոր կամքը, որովհետև իմ Հայրն ուղարկեց ինձ:

Եվ իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ. իսկ հետո, երբ խաչի վրա էի բարձրացվել, որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ … որպեսզի նրանք կարողանան դատվել՝ համաձայն իրենց գործերի: …

Քանզի այն գործերը, որոնք դուք տեսաք ինձ անելիս, դրանք պետք է նաև դո՛ւք անեք: …

Հետևաբար, ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ» (3 Նեփի 27.13–15, 21, 27; շեշտադրումն ավելացված է):

  • Ի՞նչ զգացումներ եք ունենում, երբ մտածում եք ձեզ համար կատարած Փրկչի զոհաբերության մասին:

Լրացուցիչ սուրբ գրություններ