Գրքեր և դասեր
Գլուխ 24. Հանգստության օրը


Գլուխ 24. Հանգստության օրը

Հանգստության օրը

Նկար
A congregation gathered in a chapel for sacrament meeting. They are singing a hymn.

Հանգստության օրվա իմաստը

  • Ի՞նչ է հանգստության օրը:

«Հիշիր հանգստության օրը նրան սուրբ պահելու համար» (Ելից Ի.8, տես նաև ՎևՈւ 68.29):

Հանգստության օրը եբրայերեն Շաբաթ բառի թարգմանությունն է, որը նշանակում է հանգիստ:Նախքան Հիսուս Քրիստոսի Հարությունը Հանգստության օրը խորհրդանշում էր Աստծո հանգիստը՝ նրանից հետո, երբ Նա ավարտեց Ստեղծումը: Այն ուխտի նշան էր Աստծո և Իր ժողովրդի միջև: Ծննդոց գրքում կարդում ենք, որ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը վեց ժամակաշրջանում, որոնք Նա կոչեց օրեր. «Եվ Աստուած կատարեց եօթներորդ օրումն իր գործքը որ արավ. և եօթներորդ օրը հանգստացաւ իր բոլոր գործքիցը որ արաւ։ Աստուած օրհնեց եօթներորդ օրը եւ սրբագործեց այն»: Աստուած օրհնեց եօթներորդ օրը եւ սրբագործեց այն» (Ծննդոց Բ.2–3): Այժմ Հանգստության օրը նաև Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է:

Հանգստության օրը կրկնվում է յուրաքանչյուր յոթերորդ օրը: Այն սուրբ օր է՝ Աստծո կողմից կարգված մեզ համար, որ հանգստանանք մեր առօրյա գործերից և երկրպագենք Նրան:

Հանգստության օրվա նպատակը

  • Ինչպե՞ս կբացատրեիք Հանգստության օրվա նպատակը մեկին, որը չգիտի Հանգստության օրվա մասին:

Հիսուսն ուսուցանել է, որ Հանգստության օրը ստեղծվել էր մեր օգտի համար (տես Մարկոս Բ.27): Հանգստության օրվա նպատակը շաբաթվա մեջ մեզ որոշակի օր հատկացնելն է, որ մեր մտքերն ու գործերն ուղղենք առ Աստված: Այն պարզապես մեր գործերից հանգստանալու համար չէ: Այն սրբազան օր է, որը պետք է անցկացնենք երկրպագությամբ ու ակնածանքով: Հանգստանալով մեր առօրյա գործերից՝ մեր մտքերը ազատվում են, որ խորհեն հոգևոր գործերի մասին: Այդ օրը մենք պետք է նորացնենք մեր ուխտերը Տիրոջ հետ և սնենք մեր հոգին Հոգու բաներով:

  • Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի մտքում պահեք Հանգստության օրվա նպատակը, երբ պատրաստվում եք այդ օրվան ամեն օր:

Հանգստության օրվա պատմությունը

Յոթերորդ օրը Աստծո կողմից սրբագործվել է որպես Հանգստության օր երկրի ստեղծման սկզբում (տես Ծննդոց Բ.2–3): Դեռ վաղ ժամանակներից ի վեր յոթերորդ օրը սուրբ պահելու ավանդություն է պահպանվել երկրի տարբեր ժողովուրդների մոտ: Աստված նորացրեց այդ օրվան վերաբերող պատվիրանը Իսրայելացիներին՝ ասելով. «Հիշիր հանգստության օրը նրան սուրբ պահելու համար» (Ելից Ի.8): Հանգստության օրը պահելը նաև նշան էր, որ Իսրայելացիները նրա ուխտի ժողովուրդն են (տես Ելից ԼԱ.12–13, 16, Եսայիա ԾԶ.1–8, Երեմիա ԺԷ.19–27):

Ինչևէ, որոշ հրեա ղեկավարներ բազմաթիվ ոչ անհրաժեշտ կանոններ էին սահմանել Հանգստության օրվա համար: Նրանք որոշել էին, թե որքան կարող էին մարդիկ քայլել, ինչպիսի քարկապներ կարող էին նրանք կապել և այլն: Երբ որոշ հրեա ղեկավարներ քննադատեցին Հիսուս Քրիստոսին Հանգստության օրը հիվանդներին բուժելու համար, Հիսուսը նրանց հիշեցրեց, որ Շաբաթը մարդու համար է:

Նեփիացիները նույնպես պահում էին Հանգստության օրը՝ ըստ Աստծո պատվիրանների (տես Հարոմ 1.5):

Մեր ժամանակներում Տերը կրկնել է Իր պատվիրանը, որ մենք պետք է հիշենք Հանգստության օրը և սուրբ պահենք այն (տես ՎևՈւ 68.29):

Տիրոջ օրը

  • Ինչո՞ւ է Հանգստության օրը յոթերորդ օրից տեղափոխվել առաջին օրը:

Մինչև Իր Հարությունը, Հիսուս Քրիստոսը և Նրա աշակերտները պատվում էին յոթերորդ օրը որպես Հանգստության օր: Նրա Հարությունից հետո Կիրակի օրն էր սուրբ պահվում՝ որպես Տիրոջ օր, ի հիշատակ այդ օրը Նրա Հարությանը (տես Գործք Ի.7, Ա Կորնթացիս ԺԶ.2): Այդ ժամանակից ի վեր Նրա հետևորդները շաբաթվա առաջին օրն էին պահում որպես Հանգստության օր: Երկու դեպքում էլ վեց օր կար աշխատելու համար և մեկ օր՝ հանգստի և երկրպագության համար:

Մեր օրերում Տերը մեզ հստակ պատվիրան է տվել, որ մենք ևս պետք է պատվենք Կիրակին՝ Տիրոջ օրը, որպես Հանգստության օր (տես ՎևՈւ 59.12):

  • Ինչպե՞ս կարող է Հարության մասին հիշողությունը ազդել մեր երկրպագության վրա Հանգստության օրը:

Հանգստության օրը սուրբ պահելը

  • Ի՞նչ է նշանակում Հանգստության օրը սուրբ պահել:

Նախ, Տերը մեզ խնդրում է, որ Հանգստության օրը սրբագործենք: 1831 թվականին Ջոզեֆ Սմիթին տված հայտնության մեջ Տերը Սրբերին պատվիրեց գնալ աղոթքի տուն և մատուցել իրենց հաղորդությունները, հանգստանալ իրենց աշխատանքներից և իրենց տուրքը մատուցել Բարձրյալին (տես ՎևՈւ 59.9–12):

Երկրորդը՝ նա խնդրել է, որ մենք հանգստանանք մեր առօրյա գործերից: Դա նշանակում է, որ մենք չպետք է այնպիսի աշխատանք կատարենք, որը մեր ուշադրությունը կշեղի հոգևոր գործերից: Տերը Իսրայելացիներին ասել է. «Ոչ մի գործ չգործես՝ ոչ դու, ոչ էլ քո որդին՝ ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան ու աղախինը, ոչ քո անասունը» (Ելից Ի.10): Մեր մարգարեները մեզ ասել են, որ այդ օրը մենք չպետք է առևտուր անենք, ոչ որս անենք, ոչ էլ ձուկ որսանք, ոչ սպորտային միջոցառումների գնանք, ոչ էլ նմանատիպ որևէ միջոցառման մասնակցենք:

Նախագահ Սփենսեր Վ. Քիմբալը, այնուամենայնիվ, զգուշացրել է, որ եթե մենք Հանգստության օրը պարզապես նստենք և ոչինչ չանենք, մենք այդ օրը սուրբ չենք պահի: Հանգստության օրը կառուցողական մտքերի ու գործերի է դրդում: (Տես Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 170:)

Ինչպիսի՞ բաներ կարող ենք մենք անել Հանգստության օրը: Եսայիա մարգարեն առաջարկել է, որ մենք պետք է դադարենք մեր հաճույքով բաներ անել և պետք է «շաբաթը կոչենք հիացմունք, Տիրոջ նվիրվածը՝ պատվական» (Եսայիա ԾԸ.13):

Մենք պետք է մտածենք Հանգստության օրը արդար բաներ անելու մասին: Օրինակ՝ մենք կարող ենք Հանգստության օրը սուրբ պահել՝ հաճախելով Եկեղեցական ժողովները, կարդալով սուրբ գրությունները և Եկեղեցու ղեկավարների խոսքերը, այցելելով հիվանդներին, ծերերին և մեր հարազատներին, լսելով վեհացնող երաժշտություն և երգելով օրհներգեր, աղոթելով մեր Երկնային Հորը գովաբանությամբ ու գոհաբանությամբ, կատարելով Եկեղեցական ծառայություն, պատրաստելով ընտանեկան պատմության գրանցումներ և գրի առնելով անձնական պատմություններ, պատմելով հավատք ներշնչող պատմություններ, մեր վկայություններով ու հոգևոր փորձառություններով կիսվելով մեր ընտանիքի անդամների հետ, նամակ գրելով միսիոներներին և հարազատներին. նպատակով ծոմ պահելով, և երեխաների և ընտանիքի մյուս անդամների հետ ժամանակ անցկացնելով:

Որպեսզի որոշենք, թե ուրիշ ինչ գործեր պատշաճ կլինի կատարել Հանգստության օրը, մենք կարող ենք մեզ հարցնել. «Արդյո՞ք այս գործը վեհացում և ոգեշնչում կպարգևի»: Արդյո՞ք այն ցույց է տալիս հարգանք Տիրոջ հանդեպ: Արդյո՞ք այն ուղղում է իմ մտքերը դեպի նա:

Հնարավոր է ժամանակ լինի, որ մեզանից պահանջվի աշխատել Հանգստության օրը: Ամեն անգամ, երբ հնարավոր է, մենք պետք է խուսափենք դրանից, սակայն երբ բացարձակապես անհրաժեշտ է աշխատել, մենք պետք է, որքան որ հնարավոր է, պահենք Հանգստության օրվա երկրպագության ոգին մեր սրտում:

  • Մտածեք ինչ-որ բանի մասին, որ կարող եք անել, որպեսզի բարելավեք Հանգստության օրը սուրբ պահելու ձեր ջանքերը: Եթե դուք ծնող եք կամ տատ կամ պապ, մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի ձեր երեխաներին կամ թոռներին օգնեք ավելի լավ հասկանալ Հանգստության օրվա իմաստը:

Հանգստության օրը պահելու օրհնությունները

  • Որո՞նք են Հանգստության օրը սուրբ պահելու օրհնություններից մի քանիսը:

Եթե մենք պատվում ենք Հանգստության օրը, մենք կարող ենք հոգևոր և նյութական մեծ օրհնություններ ստանալ: Տերն ասել է, որ եթե մենք պահենք Հանգստության օրը գոհունակությամբ ու զվարթ սրտով, մենք կլցվենք ուրախությամբ: Նա խոստացել է.

«Երկրի լիությունը ձերը կլինի… թե սնունդ և թե հագուստ, թե տներ, թե ամբարներ, թե պտղատու այգիներ, թե պարտեզներ և թե խաղողի այգիներ.

Այո, բոլոր բաները, որ բխում են երկրից, իր ժամանակին, ստեղծված են մարդու օգտի և գործածության համար՝ թե աչքը շոյելու և թե սիրտն ուրախացնելու համար.

Այո, սնունդի և հագուստի համար, համի և հոտի համար, մարմինն ամրացնելու և հոգու կենարարության համար» (ՎևՈւ 59.16–19):

Լրացուցիչ սուրբ գրություններ