Գրքեր և դասեր
Գլուխ 19. Ապաշխարություն


Գլուխ 19

Ապաշխարություն

Նկար
An Hispanic young woman crying. She is holding a handkerchief. Tears are rolling down her face.

Մենք բոլորս պետք է ապաշխարենք

  • Ի՞նչ է մեղքը: Մեզ վրա ի՞նչ ազդեցություն են թողնում մեր մեղքերը:

Հավատքն առ Հիսուս Քրիստոս տանում է մեզ դեպի ապաշխարություն: Աշխարհում Ադամի ժամանակից ի վեր ապաշխարելու կարիք կա: Տերը պատվիրեց Ադամին. «Ուսուցանեք ձեր երեխաներին, որ բոլոր մարդիկ, ամենուրեք, պետք է ապաշխարեն, այլապես նրանք ոչ մի կերպ չեն ժառանգի Աստծո արքայությունը, քանզի ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել այնտեղ, կամ բնակվել նրա ներկայության մեջ» (Մովսես 6.57):

Մենք երկիր ենք գալիս աճելու և առաջադիմելու նպատակով: Սա տևում է ողջ կյանքի ընթացքում: Կյանքի ընթացքում մենք բոլորս մեղանչում ենք (տես Հռովմեացիս Գ.23): Մենք բոլորս պետք է ապաշխարենք: Երբեմն մենք մեղանչում ենք չիմանալով, երբեմն մեր թուլության պատճառով, իսկ երբեմն էլ չցանկանալով հնազանդվել: Աստվածաշնչում մենք կարդում ենք, որ «երկրի վրա արդար մարդ չկա, որ բարի գործե և չմեղանչէ» (Ժողովող Է.20), և որ «եթե ասենք թե մեղք չունինք, մեր անձերը խաբում ենք և ճշմարտությունը չկա մեզանում» (Ա Հովհաննես Ա.8):

Ի՞նչ է մեղքը: Հակոբոսն ասել է. «Ով որ բարին գիտենա և չանե, նորա համար մեղք է» (Հակոբոս Դ.17): Հովհաննեսը մեղքը նկարագրել է որպես «ամեն անիրավություն» (Ա Հովհաննես Ե.17) և «անօրենություն» (Ա Հովհաննես Գ.4):

Ահա թե ինչու է Տերն ասել. «Բոլոր մարդիկ, ամենուրեք, պետք է աապաշխարեն» (Մովսես 6.57): Հիսուս Քրիստոսից բացի, որը կատարյալ կյանքով ապրեց, երկրի վրա ապրած բոլոր մարդիկ մեղանչել են: Մեր Երկնային Հայրն Իր մեծ սիրով մեր մեղքերից ապաշխարելու այս հնարավորությունը տվեց:

Ապաշխարությամբ մեր մեղքերից ազատվելը

  • Ի՞նչ է ապաշխարությունը:

Ապաշխարությունը մեզ տրվել է, որպեսզի ազատվենք մեր մեղքերից և դրանց համար ներում ստանանք: Մեղքերը դանդաղեցնում են մեր հոգևոր առաջընթացը և կարող են նույնիսկ դադարեցնել այն: Ապաշխարությունը մեզ համար կրկին հնարավոր է դարձնում ՝ մեր հոգևոր աճը և զարգացումը:

Ապաշխարելու արտոնությունը հնարավոր դարձավ Հիսուս Քրիստոսի Քավությամբ: Թեև մենք լիովին չենք հասկանում, Հիսուսը վճարեց մեր մեղքերի համար: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն այդ մասին ասել է.

«Ես ցավ եմ զգացել, դուք ցավ եք զգացել, երբեմն դա բավականին սուր ցավ է եղել, սակայն ես չեմ կարող պատկերացնել ցավ … որի ժամանակ արյունը քրտինքի պես դուրս է գալիս մարմնից: Սա ինչ-որ սոսկալի, չափազանց սոսկալի բան է: …

Երբևէ չի եղել երկրի վրա ծնված մարդ, որը կարողանար դիմանալ այն բեռի տակ, որ Աստծո Որդու վրա էր, երբ նա կրում էր իմ և ձեր մեղքերը և մեզ համար հնարավոր էր դարձնում մեղքերից խույս տալը» (Doctrines of Salvation, sel. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:130–31; շեղագիրը բնագրից):

Երբեմն ապաշխարությունը մեծ քաջություն, մեծ ուժ, շատ արցունքներ, անդադար աղոթքներ և Տիրոջ պատվիրաններով ապրելու անխոնջ ջանքեր է պահանջում:

Ապաշխարության սկզբունքները

  • Որո՞նք են ապաշխարության սկզբունքները:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը հայտարարել է. «Չկա ապաշխարելու արքայական ուղի, ներման արտոնված ճանապարհ: Ամեն ոք պետք է գնա նույն ճանապարհով՝ լինի հարուստ թե աղքատ, կրթված թե անկիրթ, բարձրահասակ թե կարճահասակ, արքայազն թե մուրացկան, թագավոր թե հասարակ մարդ» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 38; շեղագիրը բնագրից):

Մենք պետք է գիտակցենք մեր մեղքերը

Ապաշխարելու համար մենք պետք է ընդունենք, որ մեղանչել ենք: Եթե չընդունենք դա, մենք չենք կարող ապաշխարել:

Իր որդի Կորիանթոնին, որը հավատարիմ չէր իր միսիոներական կոչման մեջ և ծանր մեղքեր էր գործել, Ալման խորհուրդ տվեց. «Թող քո մեղքերը խռովեն քեզ այնպիսի մի խռովքով, որը կբերի քեզ վար՝ դեպի ապաշխարություն: … Մի՛ ձգտիր արդարացնել ինքդ քեզ՝ նվազագույն իսկ չափով» (Ալմա 42.29–30): Սուրբ գրությունները խորհուրդ են տալիս մեզ այսուհետ չարդարացնել մեր մեղսավոր ընթացքը (տես Ղուկաս ԺԶ.15–16):

Մենք չենք կարող ինքներս մեզանից կամ Տիրոջից թաքցնել մեր կյանքի որևէ գործողություն:

Մենք պետք է վշտանանք մեր մեղքերի համար

Բացի մեր մեղքերը ընդունելուց, մենք պետք է անկեղծորեն վշտանանք մեր կատարածի համար: Մենք պետք է զգանք, որ մեր մեղքերը սոսկալի են: Մենք պետք է ցանկանանք թողնել դրանք: Սուրբ գրություններն ասում են մեզ. «Բոլոր նրանք, ովքեր իրենց խոնարհեցնում են Աստծո առաջ և ցանկանում են մկրտվել, և առաջ են գալիս կոտրված սրտով և փշրված հոգով, և … ճշմարտապես ապաշխարել են իրենց բոլոր մեղքերից … մկրտությամբ պիտի ընդունվեն իր եկեղեցին» (ՎևՈւ 20.37):

Մենք պետք է թողնենք մեր մեղքերը

Մեր անկեղծ վշտանալը պետք է հանգեցնի մեր մեղքերը թողնելուն: Եթե մենք գողացել ենք ինչ-որ բան, մենք պետք է այլևս չգողանանք: Եթե մենք ստել ենք, մենք այլևս չպետք է ստենք: Եթե մենք շնություն ենք գործել, մենք պետք է դադարեցնենք դա: Մարգարե Ջոզեֆ Սմիթին Տերը հայտնել է. «Այս բանով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից,– ահա նա կխոստովանի և կթողնի դրանք» (ՎևՈւ 58.43):

Մենք պետք է խոստովանենք մեր մեղքերը

Մեր մեղքերը խոստովանելը շատ կարևոր է: Տերը պատվիրել է մեզ՝ խոստովանել մեր մեղքերը: Խոստովանությունը թեթևացնում է մեղսագործի ծանր բեռը: Տերը խոստացել է. «Ես՝ Տերս, ներում եմ մեղքերը և ողորմած եմ նրանց հանդեպ, ովքեր խոնարհ սրտով խոստովանում են իրենց մեղքերը» (ՎևՈւ 61.2):

Մենք պետք է Տիրոջը խոստովանենք մեր բոլոր մեղքերը: Ինչպես նաև, մենք պետք է խոստովանենք մեր ծանր մեղքերը, ինչպիսիք են՝ շնությունը, պոռնկությունը, արվամոլությունը, կնոջ կամ երեխայի հանդեպ բռնությունը, և թմրանյութերի վաճառքն ու օգտագործումը, որը կարող է ազդել Եկեղեցում մեր դիրքի, քահանայության պատշաճ իշխանություն ունենալու վրա: Եթե մեղանչել ենք մեկ ուրիշի հանդեպ, մենք պետք է խոստովանենք այդ անձնավորությանը, որին վնաս ենք պատճառել: Որոշ ծանր մեղքեր կապված են միայն մեր և Տիրոջ հետ: Դրանք պետք է առանձին խոստովանել Տիրոջը:

Մենք պետք է փոխհատուցենք

Ապաշխարության մաս է փոխհատուցումը: Դա նշանակում է, որ որքան հնարավոր է մենք պետք է շտկենք մեր կատարած սխալը: Օրինակ, գողը պետք է վերադարձնի գողունը: Ստախոսը պետք է ճշմարտությունը հայտնի: Բամբասողը, որը ինչ-որ մեկին զրպարտել է, պետք է աշխատի վերականգնել այդ մարդու բարի համբավը: Այդ ամենը անելով, Աստված չի հիշի մեր մեղքերը, երբ մենք դատաստանի առաջ կանգնենք (տես Եզեկիել ԼԳ.15–16):

Մենք պետք է ներենք մյուսներին

Ապաշխարության կարևոր մասն է՝ ներել նրանց, ովքեր մեղանչել են մեր հանդեպ: Տերը չի ների մեզ, եթե մեր սրտերը լիովին չմաքրվեն մյուսների հանդեպ ունեցած ողջ ատելությունից և վատ զգացողություններից (տես 3 Նեփի 13.14–15): «Ուստի, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է ներեք միմյանց. քանզի, ով իր եղբորը չի ներում նրա զանցանքները, դատապարտված կանգնած է Տիրոջ առաջ. քանզի նրա մեջ ավելի մեծ մեղք է մնում» (ՎևՈւ 64.9):

Մենք պետք է պահենք Աստծո պատվիրանները

Որպեսզի մեր ապաշխարությունը ամբողջական լինի, մենք պետք է պահենք Տիրոջ պատվիրանները (տես ՎևՈւ 1.32): Մենք լիովին չենք ապաշխարում, եթե չենք վճարում մեր տասանորդը, սուրբ չենք պահում Կիրակին կամ չենք հնազանդվում Իմաստության Խոսքին: Մենք ապաշխարած չենք լինի, եթե չհաստատենք Եկեղեցու իշխանություններին և չսիրենք Տիրոջը և մեր մերձավորներին: Եթե չենք աղոթում և բարյացկամ չենք ուրիշների հետ, մենք անշուշտ ապաշխարած չենք լինի: Երբ մենք ապաշխարում ենք, մեր կյանքը փոխվում է:

Նախագահ Քիմբալը ասել է. «Նախ, մարդը ապաշխարում է: Դրանից հետո, նա պետք է ապրի Տիրոջ պատվիրաններով, որպեսզի վերադառնա իր նախկին դիրքին: Սա անհրաժեշտ է լիակատար ներում ապահովելու համար» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball, 43):

  • Ինչպե՞ս են այս բաժնի ուսմունքները տարբերվում այն կեղծ գաղափարներից, որ ապաշխարությունը հասարակ քայլերի կամ սահմանված գործողությունների կատարում է:

Ինչպես է ապաշխարությունն օգնում մեզ

  • Ինչպե՞ս է ապաշխարությունն օգնում մեզ:

Ապաշխարելիս Հիսուս Քրիստոսի Քավությունը լիովին գործում է մեր կյանքում, և Տերը ներում է մեր մեղքերը: Մենք ազատվում ենք մեր մեղքերից, և ուրախություն ենք գտնում:

Ալման պատմում է մեղսավոր անցյալից ապաշխարելու իր փորձից.

«Իմ հոգին ծայրաստիճան տակնուվրա էր եղել և պրկվել բոլոր իմ մեղքերից:

Այո, ես հիշեցի բոլոր իմ մեղքերը և անօրինությունները, որոնց համար ես տանջվում էի դժոխքի ցավերով. այո, ես տեսա, որ ես ապստամբել էի Աստծո դեմ, և որ ես չէի պահել նրա սուրբ պատվիրանները:

… Այնքան մեծ էին իմ անօրինությունները, որ միայն Աստծո ներկայության մեջ գալու միտքը պրկում էր իմ հոգին՝ աննկարագրելի սոսկումով:

… Եվ եղավ այնպես, որ երբ ես այսպես … մինչ ես տակնուվրա էի եղած իմ բազում մեղքերի հիշողությունից, ահա, ես հիշեցի նաև լսած լինելս՝ իմ հոր մարգարեանալը … մի Հիսուս Քրիստոսի, մի Աստծո Որդու գալստյան վերաբերյալ՝ քավելու համար աշխարհի մեղքերը:

Արդ, երբ դատողությունս որսաց այս միտքը, ես գոչեցի իմ սրտում. Ո՜վ Հիսուս, դո՛ւ, Աստծո՛ Որդի, ողորմածություն ունեցիր ինձ վրա: …

Եվ արդ, ահա, երբ ես մտածեցի այս, ես այլևս չկարողացա հիշել իմ ցավերը: …

Եվ, Օ՜հ, ինչպիսի ուրախություն, և ինչ սքանչելի լույս ես տեսա. այո, իմ հոգին լցվեց ուրախությամբ՝ նույնքան սաստիկ, ինչպիսին իմ ցավն էր:

… Չէր կարող լինել ոչինչ այնպես ուժգին և քաղցր, ինչպիսին իմ ուրախությունն էր» (Ալմա 36.12–14, 17–21):

  • Ինչպե՞ս ապաշխարությունն ու ներումը Ալմային ուրախություն պարգևեց:

Մեր ապաշխարությունը հետաձգելու վտանգները

  • Որո՞նք են մեր ապաշխարությունը հետաձգելու որոշ հնարավոր հետևանքները:

Մարգարեները հայտարարել են, որ «այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն» (Ալմա 34.32): Մենք պետք է այժմ ապաշխարենք, ամեն օր: Երբ առավոտյան արթնանում ենք, մենք պետք է քննենք ինքներս մեզ, որպեսզի տեսնենք արդյոք Աստծո Հոգին մեզ հետ է: Գիշերը քնելուց առաջ, մենք պետք է վերանայենք այդ օրվա մեր գործերն ու խոսքերը, և խնդրենք Տիրոջը օգնել մեզ, որ տեսնենք այն բաները, որոնց համար մենք պետք է ապաշխարենք: Ամեն օր ապաշխարելով և խնդրելով Տիրոջը ներել մեր մեղքերը, մենք կմնանք կատարյալ դառնալու ուղու վրա: Ինչպես Ալմայի հետ տեղի ունեցավ, մեր երջանկությունն ու ուրախությունը կարող են լինել քաղցր և ուժգին:

Լրացուցիչ սուրբ գրություններ