Գրքեր և դասեր
Գլուխ 5. Արարում


Գլուխ 5

Արարում

Նկար
The Earth as seen from space.

Աստծո ծրագիրը մեզ համար

  • Ինչո՞ւ մենք երկիր գալու կարիքը ունեինք:

Երբ մենք ապրում էինք որպես հոգևոր զավակներ մեր երկնային ծնողների հետ, մեր Երկնային Հայրն ասաց մեզ Իր ծրագրի մասին, որ մենք ավելի նմանվեինք Նրան: Երբ լսեցինք Նրա ծրագիրը, մենք ուրախությունից բացականչում էինք (տես Հոբ ԼԸ.7): Մենք նոր փորձառություններ էինք ցանկանում ունենալ: Որպեսզի այդ ամենը կատարվեր, մենք պետք է հեռանայինք մեր Հոր ներկայությունից և մահկանացու մարմին ստանայինք: Մեզ անհրաժեշտ էր ապրելու մեկ այլ վայր, որտեղ մենք կարող էինք պատրաստվել, որպեսզի Նրան նմանվեինք: Մեր նոր տունը կոչվեց երկիր:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք ուրախությունից բացականչեցինք, երբ լսեցինք փրկության ծրագրի մասին:

Հիսուսն արարեց երկիրը

Հիսուս Քրիստոսն արարել է այս երկիրը և այն ամենը, ինչ կա դրանում: Նա նաև արարել է շատ այլ աշխարհներ: Նա դա կատարեց քահանայության զորությամբ՝ մեր Երկնային Հոր ղեկավարության ներքո: Հայր Աստվածն ասաց. «Անթիվ աաշխարհներ եմ ես ստեղծել … և Որդու միջոցով եմ ես ստեղծել դրանք, որն իմ Միածինն է» (Մովսես 1.33): Մենք այլ վկայություններ ունենք այս ճշմարտության մասին: Ջոզեֆ Սմիթն ու Սիդնի Ռիգդոնը տեսիլքով տեսան Հիսուս Քրիստոսին: Նրանք վկայեցին, «որ նրանով, նրա միջոցով, և նրանից է, որ աշխարհները կան և ստեղծվել են, և դրանց բնակիչները ծնված որդիներն ու դուստրերն են Աստծո» (ՎևՈւ 76.24):

Արարման իրագործումը

  • Որո՞նք են Արարման նպատակները:

Երկիրը և երկրի վրա ամեն ինչ ստեղծվեց հոգևոր ձևով, նախքան դրանք կստեղծվեին ֆիզիկապես (տես Մովսես 3.5): Պլանավորելով ստեղծել ֆիզիկական երկիր, Քրիստոսն ասաց նրանց, ովքեր Իր հետ էին. «Մենք կիջնենք ներքև, քանզի մի տարածություն կա այնտեղ, … և կստեղծենք մի երկիր, որի վրա սրանք [մեր Երկնային Հոր զավակները] կկարողանան բնակվել» (Աբրահամ 3.24):

Հոր ղեկավարությամբ Քրիստոսը կազմավորեց և կազմակերպեց երկիրը: Նա առանձնացրեց լույսը խավարից, որպեսզի ստեղծի օր ու գիշեր: Նա կազմավորեց արևը, լուսինը և աստղերը: Նա ջրերն առանձնացրեց ցամաքից, որպեսզի ստեղծի ծովեր, գետեր և լճեր: Նա երկիրը դարձրեց գեղեցիկ և պտղաբեր: Նա ստեղծեց խոտեր, ծառեր, ծաղիկներ և այլ տեսակի բույսեր: Այս բույսերը սերմ ունեին, որից նոր բույսեր կարող էին աճել: Այնուհետև Նա ստեղծեց կենդանիներին՝ ամեն տեսակի ձկներ, անասուններ, միջատներ և թռչուններ: Այդ կենդանիները կարող էին վերարտադրել իրենց տեսակը:

Այժմ երկիրը պատրաստ էր արարումներից մեծագույնի՝ մարդկության համար: Մեր հոգիներին պետք է մսից և արյունից մարմին տրվեր, որպեսզի նրանք ապրեին երկրի վրա: «Եվ ես՝ Աստվածս, ասացի իմ Միածնին, որն ինձ հետ էր ի սկզբանե. Եկ մարդ արարենք մեր պատկերով՝ մեր նմանությամբ. և այդպես եղավ» (Մովսես 2.26): Եվ այդպես առաջին տղամարդը՝ Ադամը, և առաջին կինը՝ Եվան, ստեղծվեցին ու նրանց տրվեցին մարմիններ, որոնք նման էին մեր երկնային ծնողների մարմիններին: «Աստծո պատկերովը ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդոց Ա.27): Երբ Տերն ավարտեց Իր արարումը, Նա գոհ էր և գիտեր, որ Իր աշխատանքը լավ էր, և Նա որոշ ժամանակ հանգստացավ:

Աստծո արարումը ցույց է տալիս Նրա սերը

  • Ինչպե՞ս են Աստծո ստեղծածները ցույց տալիս, որ Նա սիրում է մեզ:

Մենք այժմ ապրում ենք այս գեղեցիկ աշխարհում: Մտածեք արևի մասին, որը մեզ ջերմություն և լույս է տալիս: Մտածեք անձրևի մասին, որը աճեցնում է բույսերը և մաքրում ու թարմացնում է աշխարհը: Մտածեք, թե որքան հաճելի է լսել թռչունի երգն ու ընկերոջ ծիծաղը: Մտածեք, թե որքան հրաշալի են մեր մարմինները՝ ինչպես կարող ենք աշխատել, խաղալ և հանգստանալ: Երբ մտածում ենք այս բոլոր ստեղծագործությունների մասին, մենք սկսում ենք հասկանալ, թե որքան իմաստուն, հզոր և սիրող էակներ են Հիսուս Քրիստոսն ու մեր Երկնային Հայրը: Նրանք մեծ սեր են ցուցաբերել մեր հանդեպ՝ բավարարելով մեր բոլոր կարիքները:

Բուսական և կենդանական աշխարհները նույնպես ստեղծվել են մեզ ուրախություն պարգևելու համար: Տերն ասաց. «Այո՛, բոլոր բաները, որ բխում են երկրից, իր ժամանակին, ստեղծված են մարդու օգտի և գործածության համար՝ թե՛ աչքը շոյելու և թե՛ սիրտն ուրախացնելու համար. այո՛, սննդի և հագուստի համար, համի և հոտի համար, մարմինն ամրացնելու և հոգու կենարարության համար» (ՎևՈւ 59.18–19): Թեպետ Աստծո արարչագործությունները շատ են, Նա ճանաչում և սիրում է նրանց բոլորին: Նա ասաց. «Ինձ համար բոլոր բաները հաշվելի են, քանզի դրանք իմն են, և ես գիտեմ դրանց» (Մովսես 1.35):

  • Թվեք մի քանի բաներ, որ դուք գնահատում եք Աստծո արարչագործությունների մեջ:

Լրացուցիչ սուրբ գրություններ