Գրքեր և դասեր
Գլուխ 8. Աղոթել մեր Երկնային Հորը


Գլուխ 8

Աղոթել մեր Երկնային Հորը

Նկար
A woman sitting at a desk with the scriptures open in front of her. She has her hands clasped and eyes closed in prayer.

Ի՞նչ է աղոթքը:

Հիսուսն ուսուցանել է. «Դուք պետք է միշտ աղոթեք Հորը՝ իմ անունով» (3 Նեփի 18.19):

Աղոթքը ամենամեծ օրհնություններից մեկն է, որ մենք ունենք, մինչ այստեղ երկրի վրա ենք: Աղոթքի միջոցով մենք կարող ենք հաղորդակցվել մեր Երկնային Հոր հետ և ամեն օր Նրա առաջնորդությունը փնտրել:

Աղոթքն անկեղծ, սրտառուչ զրույց է մեր Երկնային Հոր հետ: Մենք պետք է աղոթենք Աստծուն և ուրիշ ոչ ոքի: Մենք չենք աղոթում մեկ այլ էակի, մարդու կամ Աստծո կողմից ստեղծված որևէ բանի (տես Ելից Ի.3–5):

Ինչո՞ւ ենք մենք աղոթում:

Աղոթքը եղել է ավետարանի կարևոր մասը աշխարհի սկզբից ի վեր: Տիրոջ հրեշտակը պատվիրեց Ադամին և Եվային, որ ապաշխարեն և առ Աստված կանչեն՝ Որդու անունով (տես Մովսես 5.8): Այս պատվիրանը երբեք ետ չի վերցվել: Աղոթքը կօգնի մեզ ավելի մոտենալ Աստծուն: Մեր աղոթքներն ազդում են մեր բոլոր մտքերի, խոսքերի և գործերի վրա:

Մենք պետք է աղոթենք, որ ուժ ունենանք դիմակայելու Սատանայի և նրա հետևորդների գայթակղություններին (տես 3 Նեփի 18.15; ՎևՈւ 10.5): Մենք պետք է աղոթենք՝ խոստովանելով մեր մեղքերն Աստծուն և խնդրելով Նրան, որ ների մեզ (տես Ալմա 38.14):

Մենք պետք է աղոթենք մեր առօրյա կյանքում Տիրոջ առաջնորդությունն ու օգնությունն ունենալու համար: Մենք պետք է աղոթենք մեր ընտանիքների և ընկերների, մեր հարևանների, մեր բերքի և մեր կենդանիների, մեր ամենօրյա աշխատանքի և մեր մյուս գործերի համար: Մենք պետք է աղոթենք մեր թշնամիներից պաշտպանվելու համար: (Տես Ալմա 34.17–27:)

Մենք պետք է աղոթենք, որպեսզի մեր սերը արտահայտենք մեր Երկնային Հորը և ավելի մոտ զգանք Նրան: Մենք պետք է աղոթենք մեր Հորը՝ շնորհակալություն հայտնելով Նրան մեր բարօրության, հարմարավետության և այն ամենի համար, որ Նա տալիս է մեզ ամեն օր (տես Ա Թեսաղոնիկեցիս Ե.18): Մենք պետք է աղոթենք՝ խնդրելով մեր Երկնային Հորը, որպեսզի ուժ ունենանք ավետարանով ապրելու համար:

Մենք պետք է աղոթենք, որպեսզի մնանք դեպի հավերժական կյանք տանող նեղ ու անձուկ ճանապարհի վրա: Մենք պետք է աղոթենք Աստծուն, ամեն արդարության հեղինակին, որպեսզի կարողանանք արդարակյաց լինել մեր մտքերով, խոսքերով և գործերով:

  • Ինչպե՞ս է աղոթքն օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը:

Ե՞րբ պետք է մենք աղոթենք:

Մենք կարող ենք աղոթել, երբ զգում ենք մեր Երկնային Հոր հետ հաղորդակցվելու կարիքը՝ լինի դա լուռ թե բարձրաձայն: Երբեմն մենք պետք է միայնակ լինենք, երբ կարող ենք մեր հոգին դուրս թափել Նրա առաջ (տես Մատթեոս Զ.6): Նաև մենք կարող ենք աղոթել մեր առօրյա գործերի ժամանակ: Մենք կարող ենք աղոթել Եկեղեցու ժողովներին, տանը, ճանապարհով կամ փողոցով քայլելիս, աշխատելիս, ճաշ պատրաստելիս, կամ ցանկացած վայրում և ցանկացած գործ կատարելիս: Մենք կարող ենք աղոթել ցանկացած ժամանակ՝ օրվա մեջ կամ գիշերը: Մենք կարող ենք աղոթել, երբ միայնակ ենք կամ ուրիշ մարդկանց հետ: Մենք կարող ենք միշտ մեր Երկնային Հորը պահել մեր մտքում (տես Ալմա 34.27): Մենք կարող ենք «միշտ աղոթել» (ՎևՈւ 10.5):

Երբեմն աղոթելու ցանկություն չենք ունենա: Մենք հնարավոր է բարկացած, հիասթափված կամ անտրամադիր լինենք: Երբեմն մենք պետք է հատուկ ջանք գործադրենք, որ աղոթենք (տես 2 Նեփի 32.8–9):

Մենք պետք է յուրաքանչյուրս առանձին աղոթենք՝ առնվազն ամեն գիշեր ու ամեն առավոտ: Սուրբ գրությունները խոսում են առավոտյան, կեսօրին և երեկոյան աղոթելու մասին (տես Ալմա 34.21):

Մեզ պատվիրվել է ընտանիքով աղոթել, որ մեր ընտանիքները օրհնվեն (տես 3 Նեփի 18.21): Մեր Եկեղեցու ղեկավարները խորհուրդ են տվել մեզ ընտանիքով աղոթել առավոտյան և երեկոյան:

Մենք նաև աղոթելու արտոնություն ունենք, որպեսզի ճաշելուց առաջ շնորհակալություն հայտնենք և օրհնություն խնդրենք ուտելիքի համար:

Մենք աղոթքով բացում և փակում ենք մեր Եկեղեցու բոլոր ժողովները: Մենք շնորհակալություն ենք հայտնում Տիրոջն Իր օրհնությունների համար և խնդրում ենք, որ մեզ օգնի այնպես երկրպագենք, ինչպես Իրեն է հաճելի:

Ինչպե՞ս մենք պետք է աղոթենք:

Կարևոր չէ, թե որտեղ ենք մենք գտնվում, կանգնած ենք, թե ծնկի իջած, բարձրաձայն ենք աղոթում, թե լուռ, առանձին ենք աղոթում, թե խմբի անունից, մենք պետք է միշտ աղոթենք հավատքով, «մաքուր սրտով, անկեղծ միտումով» (Մորոնի 10.4):

Մեր Երկնային Հորն աղոթելիս մենք պետք է ասենք, թե իրականում ինչ ենք զգում մեր սրտում, Նրան վստահենք, Նրա ներողամտությունը խնդրենք, Նրան աղերսենք, Նրան շնորհակալություն հայտնենք, Նրան մեր սերը հայտնենք: Մենք չպետք է անիմաստ խոսքեր կամ արտահայտություններ կրկնենք (տես Մատթեոս Զ.7–8): Մենք պետք է միշտ խնդրենք, որ Նրա կամքը կատարվի, հիշելով, որ մեր ցանկությունը հնարավոր է լավագույնը չլինի մեզ համար (տես 3 Նեփի 18.20): Մենք աղոթքն ավարտում ենք Հիսուս Քրիստոսի անունով (տես 3 Նեփի 18.19):

Ինչպե՞ս են աղոթքները պատասխանվում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ աղոթքների պատասխանները միշտ չեն ակնհայտ: Ձեր կարծիքով, ինչո՞ւ աղոթքների պատասխանները միշտ չեն գալիս մեր ցանկացած ժամանակ և մեր ցանկացած ձևով:

Մեր անկեղծ աղոթքները միշտ պատասխանվում են: Երբեմն պատասխանը կարող է լինել՝ ոչ, քանի որ այն, ինչ խնդրել ենք, լավագույնը չի մեզ համար: Երբեմն պատասխանն է՝ այո, և մենք ունենում ենք ջերմ, հանգիստ զգացում, իմանալով, թե ինչ պետք է անենք (տես ՎևՈւ 9.8–9): Երբեմն պատասխանն է՝ «մի փոքր սպասիր»: Մեր աղոթքները միշտ պատասխանվում են ժամանակին և այնպես, ինչպես Տերը գիտի, թե որն է մեզ համար լավագույնը:

Երբեմն Տերը մեր աղոթքներին պատասխանում է ուրիշների միջոցով: Լավ ընկերոջ, ամուսնու կամ կնոջ, ծնողի կամ ընտանիքի այլ անդամի, Եկեղեցու ղեկավարի, միսիոների միջոցով, այդ մարդկանցից յուրաքանչյուրը կոգեշնչվի կատարելու այնպիսի արարք, որը կպատասխանի մեր աղոթքին: Դրա օրինակն է՝ մի երիտասարդ մոր փորձառությունը, որի երեխայի հետ տանը դեպք էր պատահել և նա վնասվել էր: Նա ոչ մի կերպ չէր կարողանում իր երեխային բժշկի տանել: Նա նոր էր այդ թաղամասում և չէր ճանաչում հարևաններին: Երիտասարդ մայրն աղոթեց օգնության համար: Մի քանի րոպեից, մի հարևան մոտեցավ դռանը և ասաց. «Ես զգացի, որ պետք է գամ և տեսնեմ, արդյոք ինչ-որ օգնության կարիք ունեք»: Հարևանն օգնեց այդ երիտասարդ մորը երեխային բժշկի տանել:

Հաճախ Աստված մեզ զորություն է տալիս՝ օգնելով պատասխանել մեր իսկ աղոթքներին: Երբ մենք աղոթում ենք օգնության համար, մենք պետք է մեր ուժերի սահմանում անենք ամեն ինչ, որպեսզի իրագործենք մեր ցանկությունը:

Ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով և միշտ աղոթելով մենք ուրախություն և երջանկություն կունենանք: «Եղիր խոնարհ. և Տերը՝ քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին» (ՎևՈւ 112.10):

  • Ի՞նչ ճանապարհներով է Երկնային Հայրը պատասխանել ձեր աղոթքներին:

Լրացուցիչ սուրբ գրություններ