Գրքեր և դասեր
Գլուխ 14. Քահանայության կազմակերպությունը


Գլուխ 14

Քահանայության կազմակերպությունը

Նկար
Three priests (one kneeling, two standing) while the sacrament is being blessed.

Քահանայությունն այսօր երկրի վրա է

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ղեկավարվում է քահանայության կողմից: Քահանայությունը, որը միշտ կապված է Աստծո աշխատանքի հետ «շարունակվում է Աստծո եկեղեցում, բոլոր սերունդների մեջ, և չունի օրերի սկիզբ կամ տարիների վերջ» (ՎևՈւ 84.17): Այն երկրի վրա է այսօր: Թե երիտասարդ և թե ծեր տղամարդիկ մկրտվում են Եկեղեցում, և երբ նրանք արժանի են համարվում, կարգվում են քահանայությանը: Նրանց իշխանություն է տրվում գործելու Տիրոջ համար և կատարելու Նրա գործը երկրի վրա:

Քահանայության երկու բաժինները

  • Ինչպե՞ս են Մելքիսեդեկյան և Ահարոնյան Քահանայությունները ստացել իրենց անունները:

Քահանայությունը բաժանված է երկու մասի. Մելքիսեդեկյան Քահանայություն և Ահարոնյան Քահանայություն (տես ՎևՈւ 107.1): «Առաջինը կոչվում է Մելքիսեդեկյան Քահանայություն … որովհետև Մելքիսեդեկը շատ մեծ քահանայապետ էր:

Նախքան նրա օրերը, այն կոչվում էր Սուրբ Քահանայություն ըստ Աստծո Որդու Կարգի:

Սակայն, ելնելով Գերագույն Էակի անվան հանդեպ ունեցած հարգանքից կամ պատկառանքից, նրա անունը շատ հաճախ կրկնելուց խուսափելու նպատակով, նրանք՝ հին օրերի եկեղեցին, այդ քահանայությունը կոչեցին Մեքիսեդեկի անունով, կամ Մելքիսեդեկյան Քահանայություն» (ՎևՈւ 107.2–4; շեղագրումն ավելացված է):

Փոքրագույն քահանայությունը հավելումն է Մելքիսեդեկյան Քահանայության: Այն կոչվում է Ահարոնյան Քահանայություն, որովհետև այն շնորհվել է Ահարոնին և նրա որդիներին և նրանց բոլոր սերունդներին: Ահարոնյան Քահանայություն կրողները իշխանություն ունեն սպասավորելու հաղորդության և մկրտության արտաքին արարողությունները: (Տես ՎևՈւ 20.46; 107.13–14, 20:)

Մելքիսեդեկյան Քահանայություն կրողները զորություն և իշխանություն ունեն ղեկավարելու Եկեղեցին և ուղղորդելու ավետարանի քարոզելը աշխարհի բոլոր մասերում: Նրանք սպասավորում են Եկեղեցու ամբողջ հոգևոր աշխատանքը (տես ՎևՈւ 84.19–22; 107.8): Նրանք ղեկավարում են տաճարային աշխատանքը. նրանք նախագահում են ծխերում, ճյուղերում, ցցերում և միսիաներում: Տիրոջ ընտրյալ մարգարեն՝ Եկեղեցու Նախագահը, նախագահող քահանայապետն է Մելքիսեդեկյան Քահանայության վրա (տես ՎևՈւ 107.65–67):

Քահանայության բանալիները

  • Ո՞րն է քահանայության և քահանայության բանալիների միջև տարբերությունը: Ո՞ր քահանայության ղեկավարներն են ստանում բանալիները:

Տարբերություն կա քահանայության պաշտոնին կարգված լինելու և քահանայության բանալիները ստանալու միջև: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ուսուցանել է.

«Ընդհանրապես Քահանայությունը իշխանություն է, որը տրվում է մարդուն՝ գործելու Աստծո համար: Այս իշխանությունը տրվում է յուրաքանչյուր տղամարդու, որը կարգված է Քահանայության որևէ աստիճանի:

Սակայն անհրաժեշտ է, որ այս իշխանության ներքո կատարված յուրաքանչյուր գործողություն կատարվի պատշաճ ժամանակին ու տեղում, պատշաճ ձևով ու կարգով: Այդ գործերը ուղղորդող զորությունները կազմում են Քահանայության բանալիները: Որոշակի ժամանակահատվածում այդ բանալիներն ամբողջությամբ կրում է միայն մեկ մարդ՝ Եկեղեցու Մարգարեն և Նախագահը: Նա կարող է այդ զորության մի մասը հանձնել մեկ ուրիշին, և այդ դեպքում տվյալ անձնավորությունը կկրի այդ մասնակի գործի բանալիները: Այսպես, տաճարի նախագահը, ցցի նախագահը, ծխի եպիսկոպոսը, միսիայի նախագահը, քվորումի նախագահը՝ նրանցից յուրաքանչյուրը կրում է տվյալ մասնավոր մարմնում կամ տեղում կատարվող աշխատանքների բանալիները: Նրա Քահանայությունը չի ավելանում այդ հատուկ նշանակման միջոցով, … երեցների քվորումի նախագահը չունի ավելի մեծ Քահանայություն, քան այդ քվորումի որևէ անդամ: Սակայն նա կրում է այդ քվորումում … կատարվող պաշտոնական գործերն ուղղորդող զորությունը, կամ այլ խոսքով, այդ աշխատանքի տվյալ մասի բանալիները: (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Ֆ. Սմիթ [1998], 141; շեղագրումն ավելացված է):

  • Ինչպե՞ս են քահանայության բանալիները պաշտպանում Եկեղեցին:

Ահարոնյան Քահանայության պաշտոններն ու պարտականությունները

  • Ինչպե՞ս են Ահարոնյան Քահանայություն կրողները ծառայում:

Երբ Ահարոնյան Քահանայությունը տրվում է տղամարդուն կամ տղային, նա կարգվում է այդ քահանայության պաշտոնին: Ահարոնյան Քահանայության պաշտոններն են՝ սարկավագ, ուսուցիչ, քահանա և եպիսկոպոս: Յուրաքանչյուր պաշտոն պարտականություններ և պատասխանատվություններ է կրում: Յուրաքանչյուր քվորում նախագահում է քվորումի նախագահը, որն ուսուցանում է անդամներին իրենց պարտականությունները և խնդրում է նրանց կատարել հանձնարարությունները:

Որոշ տղամարդիկ միանում են Եկեղեցուն կամ ակտիվ են դառնում, երբ արդեն անցել է այս քահանայության պաշտոնները ստանալու տարիքը: Նրանք սովորաբար կարգվում են Ահարոնյան Քահանայության մի պաշտոնի և արժանի մնալու դեպքում կարող են շուտով կարգվել այլ պաշտոնների:

Սարկավագ

Երիտասարդը, որը մկրտվել և հաստատվել է որպես Եկեղեցու անդամ և արժանի է, կարող է կարգվել սարկավագի պաշտոնին, երբ 12 տարեկան է դարձել: Սարկավագներին սովորաբար հանձնարարվում է Եկեղեցու անդամներին բաժանել հաղորդությունը, լավ վիճակում պահել Եկեղեցու շինություններն ու տարածքը, քահանայության ղեկավարների համար հաղորդագրություներ փոխանցել, կատարել հատուկ հանձնարարություններ, ինչպես ծոմի նվիրատվություններ հավաքելն է:

Ուսուցիչ

Երիտասարդ տղան կարող է ուսուցիչ կարգվել, երբ 14 տարեկան կամ ավելի է: Ուսուցիչները ունեն սարկավագի բոլոր պարտականությունները, իրավունքները և զորությունները, և այլ հավելյալ զորություններ, իրավունքներ ու պարտականություններ: Ահարոնյան Քահանայության ուսուցիչները օգնում են Եկեղեցու անդամներին ապրել պատվիրաններով (տես ՎևՈւ 20.53–59): Այս պարտականությունը կատարելու համար նրանց սովորաբար հանձնարարվում է ծառայել որպես տնային ուսուցիչներ: Նրանք այցելում են Եկեղեցու անդամների տները և խրախուսում նրանց ապրել ավետարանի սկզբունքներով: Նրանց պատվիրվում է սուրբ գրություններից ուսուցանել ավետարանի ճշմարտությունները (տես ՎևՈւ 42.12): Ուսուցիչները նաև պատրաստում են հաղորդության ծառայության հացն ու ջուրը:

Քահանա

Արժանի երիտասարդները կարող են կարգվել որպես քահանա, երբ 16 տարեկան կամ ավելի են: Քահանաները ունեն սարկավագի և ուսուցչի բոլոր պարտականությունները, իրավունքներն ու զորությունները, և հավելյալ պարտականություններ, իրավունքներ ու զորություններ (տես ՎևՈւ 20.46–51): Քահանան կարող է մկրտել: Նա կարող է նաև հաղորդությունը սպասավորել: Նա կարող է կարգել այլ քահանաների, ուսուցիչների և սարկավագների: Քահանան կարող է վարել ժողովները, երբ Մելքիսեդեկյան Քահանայություն կրողը ներկա չէ: Նա պետք է քարոզի ավետարանը իր շրջապատի մարդկանց:

Եպիսկոպոս

Եպիսկոպոսը կարգվում և ձեռնադրվում է նախագահելու ծխի Ահարոնյան Քահանայության վրա: Նա քահանաների քվորումի նախագահն է (տես ՎևՈւ 107.87–88): Երբ գործում է Ահարոնյան Քահանայության իր պաշտոնում, եպիսկոպոսը հիմնականում վարում է աշխարհիկ գործերը, օրինակ՝ ֆինանսները կառավարելը և գրանցումներ կատարելը և աղքատների ու կարիքավորների համար օգնություն կազմակերպելը (տես ՎևՈւ 107.68):

Եպիսկոպոսը նաև կարգվում է որպես քահանայապետ, այնպես որ նա կարող է նախագահել ծխի բոլոր անդամների վրա (տես ՎևՈւ 107.71–73; 68.15): Եպիսկոպոսը Իսրայելի դատավոր է (տես ՎևՈւ 107.74) և անդամների հետ առանձնազրույցներ է անցկացնում տաճարային երաշխավորագրերի, քահանայության կարգումների և այլ կարիքների համար: Նրա իրավունքն է ունենալ խորաթափանցության պարգևը:

  • Ինչպե՞ս եք օրհնվել Ահարոնյան Քահանայության կրողների ծառայությունից:

Մելքիսեդեկյան Քահանայության պաշտոններն ու պարտականությունները

  • Ինչպե՞ս են ծառայում Մելքիսեդեկյան Քահանայություն կրողները:

Մելքիսեդեկյան Քահանայության պաշտոններն են՝ երեց, քահանայապետ, հայրապետ, Յոթանասունական և Առաքյալ:

Երեց

Երեցները կանչվում են ուսուցանելու, մեկնաբանելու, հորդորելու, մկրտելու և Եկեղեցու վրա հսկելու (տես ՎևՈւ 20.42): Մելքիսեդեկյան Քահանայության բոլոր կրողները երեցներ են: Նրանք իշխանություն ունեն Սուրբ Հոգու պարգևը շնորհել՝ ձեռնադրելով (տես ՎևՈւ 20.43): Երեցները պետք է վարեն Եկեղեցու ժողովները՝ Սուրբ Հոգով առաջնորդվելով (տես ՎևՈւ 20.45; 46.2): Երեցները կարող են սպասավորել հիվանդներին (տես ՎևՈւ 42.44) և օրհնել փոքր երեխաներին (տես ՎևՈւ 20.70): Երեցները կարող են նախագահել Եկեղեցու ժողովներին, երբ քահանայապետ չկա (ՎևՈւ 107.11):

Քահանայապետ

Քահանայապետին իշխանություն է տրվում պաշտոնավարել Եկեղեցում և հոգևոր բաները սպասավորել (տես ՎևՈւ 107.10, 12): Նա կարող է նաև պաշտոնավարել բոլոր փոքր պաշտոններում (տես ՎևՈւ 68.19): Ցցի նախագահները, միսիայի նախագահները, բարձրագույն խորհրդականները, եպիսկոպոսները և Եկեղեցու մյուս ղեկավարները կարգված քահանայապետեր են:

Հայրապետ

Հայրապետները կարգվում են Բարձրագույն Իշխանավորների կողմից, կամ ցցի նախագահների կողմից, երբ նրանք լիազորվում են Տասներկուսի Խորհրդի կողմից, որպեսզի հայրապետական օրհնություններ տան Եկեղեցու անդամներին: Այդ օրհնությունները մեզ որոշ հասկացողություն են տալիս երկրի վրա մեր կոչումների վերաբերյալ: Դա անձնապես մեզ ուղղված Տիրոջ խոսքն է: Հայրապետերը նաև կարգված քահանայապետեր են: (Տես ՎևՈւ107.39–56:)

Յոթանասունական

Յոթանասունականները Հիսուս Քրիստոսի հատուկ վկաներն են աշխարհի համար և աջակցում են Եկեղեցու կառուցմանն ու կարգավորմանը Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի ղեկավարության ներքո (տես ՎևՈւ 107.25, 34, 38, 93–97):

Առաքյալ

Առաքյալը Հիսուս Քրիստոսի անվան հատուկ վկան է ողջ աշխարհում (տես ՎևՈւ 107.23): Առաքյալները կառավարում են Եկեղեցու գործերը ամբողջ աշխարհում: Նրանք, ովքեր կարգված են Մելքիսեդեկյան Քահանայության Առաքյալի պաշտոնում, սովորաբար ձեռնադրվում են որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներ: Նրանցից յուրաքանչյուրին շնորհվում է երկրի վրա Աստծո արքայության բոլոր բանալիները, սակայն բոլոր բանալիները ակտիվորեն գործադրում է միայն ավագ Առաքյալը, որը Եկեղեցու Նախագահն է: Մյուսները գործում են նրա ղեկավարության ներքո:

  • Ինչպե՞ս եք օրհնվել Մելքիսեդեկյան Քահանայություն կրողների ծառայությունից:

Ահարոնյան Քահանայության քվորումները

Տերը հրահանգել է, որ քահանայություն կրողները քվորումներ կազմեն: Քվորումը քահանայության միևնույն պաշտոնը կրող եղբայրների կազմ է:

Կան Ահարոնյան Քահանայության երեք քվորումներ՝

  1. Սարկավագների քվորում, որը բաղկացած է 12-ից ոչ ավել սարկավագներից (տես ՎևՈւ 107.85): Սարկավագների քվորումի նախագահությունը կանչվում է եպիսկոպոսի կողմից այդ քվորումի անդամներից:

  2. Ուսուցիչների քվորում, որը բաղկացած է մինչև 24 ուսուցիչներից (տես ՎևՈւ 107.86): Ուսուցիչների քվորումի նախագահությունը կանչվում է եպիսկսպոսի կողմից այդ քվորումի անդամներից:

  3. Քահանաների քվորում, որը բաղկացած է մինչև 48 քահանաներից (տես ՎևՈւ 107.87–88): Այնտեղ նախագահում է ծխի եպիսկոպոսը, որին պատկանում է տվյալ քվորումը: Եպիսկոպոսը քահանայապետ է և ուստի նաև պատկանում է քահանայապետերի քվորումին:

Երբ քվորումի անդամների թիվը նախատեսվածից ավելի է, քվորումը կարող է բաժանվել:

Մելքիսեդեկյան Քահանայության Քվորումներ

Եկեղեցու ընդհանուր մակարդակով, Առաջին Նախագահության անդամները կազմում են քվորում, ինչպեսև Տասներկու Առաքյալները: Յոթանասունականները նույնպես կազմում են քվորումներ:

Եկեղեցու տեղական մակարդակով, ծխերում և ճյուղերում, ցցերում և շրջաններում, Մելքիսեդեկյան Քահանայություն կրողները կազմակերպվում են հետևյալ քվորումներով.

Երեցների Քվորում

Երեցների յուրաքանչյուր քվորում «հաստատվել է տեղի սպասավորների համար. չնայած նրանք կարող են ճամփորդել, այնուամենայնիվ, նրանք կարգված են, որ տեղի սպասավորներ լինեն» (ՎևՈւ 124.137): Նրանք իրենց հիմնական գործը կատարում են իրենց տների մոտ: Քվորումը պետք է կազմված լինի մինչև 96 երեցներից, որոնց վրա նախագահում է քվորումի նախագահությունը: Երբ քվորումի անդամների թիվը նախատեսվածից շատ է, քվորումը կարող է բաժանվել:

Քահանայապետերի քվորում

Յուրաքանչյուր քվորում ընդգրկում է ցցի սահմաններում նախագահող բոլոր քահանայապետերին, ներառյալ՝ հայրապետերն ու եպիսկոպոսները: Ցցի նախագահը և նրա խորհրդականները այս քվորումի նախագահությունն են: Յուրաքանչյուր ծխում քահանայապետերը խումբ են կազմում՝ խմբի ղեկավարով:

Քահանայության քվորումների կարևորությունը

  • Ինչպե՞ս կարող են քահանայության քվորումները ամրապնդել անհատներին և ընտանիքներին:

Կարգվելով քահանայությանը տղամարդը կամ տղան մեխանիկորեն դառնում է քահանայության մի քվորումի անդամ: Այդ ժամանակից մինչև կյանքի վերջ ենթադրվում է, որ նա կմնա քահանայության քվորումի անդամ իր պաշտոնի համաձայն (տես Boyd K. Packer, “What Every Elder Should Know—and Every Sister as Well: A Primer on Principles of Priesthood Government,” Ensign, Feb. 1993, 9):

Եթե քահանայության քվորումը ճիշտ ձևով է գործում, քվորումի անդամները խրախուսվում են, օրհնվում, ընկերանում, և ավետարանը սովորում իրենց ղեկավարների կողմից: Թեև մարդը կարող է ազատվել Եկեղեցու կոչումներից, օրինակ ուսուցչի, քվորումի նախագահի, եպիսկոպոսի, բարձրագույն խորհրդականի կամ ցցի նախագահի, նա մնում է նույն քվորումի անդամը: Քահանայության տվյալ քվորումում անդամակցումը պետք է համարվի սուրբ արտոնություն:

Քահանայության օժանդակ կազմակերպություններ

  • Ինչպե՞ս են քահանայության օժանդակ կազմակերպություններն օգնում ամրապնդել անհատներին և ընտանիքներին:

Եկեղեցու բոլոր կազմակերպություններն աշխատում են քահանայության ղեկավարների ղեկավարության ներքո և օգնում են նրանց կատարել Տիրոջ աշխատանքը: Օրինակ, ծխի Սփոփող Միության, Երիտասարդ Կանանց, Երիտասարդ Տղամարդկանց, Երեխաների Միության և Կիրակնօրյա Դպրոցի կազմակերպությունների նախագահությունները ծառայում են եպիսկոպոսության ղեկավարության ներքո: Այս կազմակերպությունները կոչվում են քահանայության օժանդակ կազմակերպություններ:

  • Որպես անհատ ի՞նչ դեր եք կատարում, որով օգնում եք քահանայության քվորումներին և օժանդակ կազմակերպություններին հաջողությամբ գործել:

Լրացուցիչ սուրբ գրություններ

  • Ալմա 13.1–19 (ինչպես են տղամարդիկ կարգվել քահանայությանը)

  • Մատթեոս ԺԶ.19; ՎևՈւ 68.12 (Առաքյալներին շնորհված է քահանայության բանալիներն ու զորությունը. ինչ նրանք կնքում են երկրի վրա կնքվում է երկնքում)

  • ՎևՈւ 20.38–67 (երեցների, քահանաների, ուսուցիչների, սարկավագների պարտականությունները)

  • ՎևՈւ 84; 107 (հայտնություններ քահանայության վերաբերյալ)

  • Ա Կորնթացիս ԺԲ.14–31 (քահանայության բոլոր պաշտոնները կարևոր են)