Գրքեր և դասեր
Գլուխ 6. Ադամի և Եվայի Անկումը


Գլուխ 6

Ադամի և Եվայի Անկումը

Նկար
Adam and Eve walking together after leaving the Garden of Eden. There are storm clouds in the sky, and plant growth along the path they are walking. There is a waterfall in the background.

Ադամն ու Եվան առաջինը եկան աշխարհ

  • Ի՞նչ փաստեր են օգնում մեզ ըմբռնել, որ Ադամն ու Եվան քաջարի հոգիներ էին:

Աստված պատրաստել է այս երկիրը որպես տուն Իր զավակների համար: Ադամն ու Եվան ընտրվեցին լինելու առաջին ծնողները, որոնք պետք է ապրեին երկրի վրա (տես Մովսես 1.34; 4.26): Մեր Հոր ծրագրում նրանց գործն էր մահկանացու կյանքի սկիզբը դնել աշխարհի վրա: Նրանք պետք է լինեին առաջին ծնողները: (Տես ՎևՈւ 107.54–56:)

Ադամն ու Եվան մեր Հոր ազնվազարմ զավակների շարքում էին: Հոգևոր աշխարհում Ադամը կոչվում էր Միքայել հրեշտակապետ (տես ՎևՈւ 27.11; Հուդա Ա.9): Մեր Երկնային Հայրն ընտրեց նրան, որ Սատանայի դեմ կռվում առաջնորդի արդարակյացներին (տես Հայտնություն ԺԲ.7–9): Ադամն ու Եվան նախակարգվել էին դառնալու մեր առաջին ծնողները: Տերն Ադամին մեծ օրհնություններ խոստացավ. «Ես քեզ դրել եմ, որ լինես գլխավերևում. ազգերի բազմություն կծնվի քեզանից, և դու նրանց վրա իշխան կլինես հավիտյան» (ՎևՈւ 107.55):

Եվան բոլոր կենդանի էակների մայրն էր Մովսես 4.26): Աստված Ադամին և Եվային ամուսնացրեց, որովհետև «լավ չէ, որ մարդը մենակ լինի» (Մովսես 3.18; տես նաև Ա Կորնթացիս ԺԱ.11): Նա կիսում էր Ադամի պատասխանատվությունը և կիսելու էր նաև նրա հավերժական օրհնությունները:

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել Ադամի և Եվայի օրինակներից:

Եդեմի Պարտեզը

  • Ինչպիսի՞ պայմաններում էին Ադամն ու Եվան ապրում Եդեմի Պարտեզում:

Երբ Ադամն ու Եվան տեղադրվեցին Եդեմի Պարտեզում, նրանք դեռևս մահկանացու չէին: Այդ վիճակում «նրանք երեխաներ չէին կարող ունենալ» (2 Նեփի 2.23): Մահ չկար: Նրանք ֆիզիկական կյանքով էին ապրում, որովհետև նրանց հոգիները ֆիզիկական մարմնի մեջ էին բնակվել, որը պատրաստվել էր հողից (տես Մովսես 6.59; Աբրահամ 5.7): Նրանք հոգևոր կյանքով էին ապրում, որովհետև գտնվում էին Աստծո ներկայության մեջ: Նրանք դեռևս բարու և չարի միջև ընտրություն չէին կատարել:

Աստված պատվիրեց նրանց երեխաներ ունենալ: Նա ասաց. «Պտղաբեր եղեք և բազմացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան և իշխեք … երկրի վրա շարժվող ամեն կենդանու վրա» (Մովսես 2.28): Աստված ասաց նրանց, որ կարող են ազատորեն ուտել պարտեզի բոլոր ծառերից, բացի մեկից՝ բարու և չարի գիտության ծառից: Այդ ծառի համար Աստված ասաց. «Այն օրը, երբ դու ուտես դրանից, դու անկասկած կմեռնես» (Մովսես 3.17):

Սատանան, չիմանալով Աստծո միտքը, սակայն ձգտելով կործանել Աստծո ծրագիրը, մոտեցավ Եվային Եդեմի Պարտեզում: Նա գայթակղեց Եվային, որ ուտի բարու և չարի գիտության ծառի պտղից: Նա հավաստիացրեց Եվային, որ նա և Ադամը չեն մեռնի, այլ «աստվածների պես կլինեն՝ բարին և չարը գիտեցող» (Մովսես 4.11): Եվան տեղի տվեց գայթակղությանը և կերավ այդ պտուղը: Երբ Ադամը իմացավ, նա ևս որոշեց ճաշակել դրանից: Պտուղն ուտելու հետևանքով Ադամի և Եվայի հետ տեղի ունեցած փոփոխությունը կոչվում է Անկում:

Ադամի և Եվայի Բաժանումն Աստծուց

  • Ի՞նչ ֆիզիկական և հոգևոր փոփոխություններ կատարվեցին Ադամի և Եվայի մեջ իրենց օրինազանցության արդյունքում:

Քանի որ Ադամն ու Եվան կերան բարու և չարի գիտության ծառի պտղից, Տերը նրանց Եդեմի Պարտեզից դուրս հանեց աշխարհ: Նրանց ֆիզիկական վիճակը փոխվեց արգելված պտուղն ուտելու արդյունքում: Ինչպես Աստված խոստացել էր, նրանք մահկանացու դարձան: Նրանք և իրենց երեխաները պետք է ճաշակեին հիվանդություն, ցավ և ֆիզիկական մահ:

Իրենց օրինազանցության պատճառով, Ադամն ու Եվան նաև հոգևոր մահ կրեցին: Դա նշանակում էր, որ նրանք և իրենց երեխաները չէին կարող քայլել և դեմառդեմ խոսել Աստծո հետ: Ադամը, Եվան և իրենց երեխաները բաժանվեցին Աստծուց՝ թե ֆիզիկապես և թե հոգեպես:

Մեծ օրհնություններ եկան օրինազանցության արդյունքում

  • Ինչպե՞ս է Անկումը հնարավորություն ընձեռում մեզ դառնալ մեր Երկնային Հոր պես:

Որոշ մարդիկ հավատում են, որ Ադամն ու Եվան ծանր մեղք գործեցին, երբ բարու և չարի գիտության ծառի պտղից ճաշակեցին: Ինչևէ, վերջին օրերի սուրբ գրություններն օգնում են մեզ հասկանալ, որ նրանց Անկումը անհրաժեշտ քայլ էր կյանքի ծրագրում և մեծ օրհնություն բոլորիս համար: Անկման շնորհիվ մենք օրհնվեցինք ֆիզիկական մարմնով, բարու և չարի միջև ընտրելու իրավունքով և հավերժական կյանք ստանալու հնարավորությամբ: Այդ արտոնություններից ոչ մեկը չէինք ունենա, եթե Ադամն ու Եվան մնային պարտեզում:

Անկումից հետո, Եվան ասաց. «Եթե չլիներ մեր օրինազանցությունը, մենք երբեք [երեխաներ] չէինք ունենա, և երբեք չէինք գիտենա բարին և չարը, և մեր փրկագնման ուրախությունը, և հավերժական կյանքը, որն Աստված տալիս է բոլոր հնազանդներին» (Մովսես 5.11):

Լեքի մարգարեն բացատրել է.

«Եվ, ահա, եթե Ադամն օրինազանցություն չաներ, նա չէր ընկնի [չէր զրկվի Աստծո ներկայությունից], այլ նա կմնար Եդեմի պարտեզում: Եվ բոլոր բաները, որոնք արարվել էին, պետք է մնացած լինեին նույն վիճակում, որում եղել էին արարվելուց հետո: …

Եվ նրանք երեխաներ չէին ունենա. ուստի, նրանք մնացած կլինեին անմեղության վիճակում, չունենալով ուրախություն, քանզի չգիտեին թշվառություն. չանելով բարիք, քանզի նրանք չգիտեին մեղքը:

Բայց, ահա, բոլոր բաներն արվել են նրա իմաստությամբ, ով գիտի բոլոր բաները:

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.22–25):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ Անկման մասին և ինչպես է այն ազդում մեզ վրա:

Լրացուցիչ սուրբ գրություններ