2023
Ինչպես փոխեցի վկայություն ձեռք բերելու իմ մոտեցումը
Հուլիս 2023


«Ինչպես փոխեցի վկայություն ձեռք բերելու իմ մոտեցումը», Լիահոնա, հուլիս 2023

Չափահաս երիտասարդներ

Ինչպես փոխեցի վկայություն ձեռք բերելու իմ մոտեցումը

Առաջին անգամ ես ունեի հավատքի մի պարզ սերմ, որն իրական էր:

Նկար
այգեգործության տարբեր իրեր, երկու ձեռքով պահված ծաղկաման՝ բույսով

Ես մեծացել եմ Եկեղեցում. ես գնում էի միջոցառումների, մասնակցում էի ընտանեկան աղոթքին և սուրբ գրությունների ուսումնասիրությանը: Բայց ես իրականում վկայություն չունեի: Ես չգիտեի՝ հավատում էի Աստծուն, թե Նրա Որդուն: Ես չգիտեի՝ արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Ես ուզում էի վկայություն ունենալ, բայց ես հիասթափված էի, քանի որ բազմաթիվ անգամներ աղոթելուց հետո զգում էի, որ պատասխան չեմ ստացել: Ես սկսեցի մտածել. «Եթե Աստված իրական է, ինչո՞ւ Նա ցույց չի տալիս ինձ: Ինչո՞ւ է Նա թույլ տալիս, որ նստեմ այստեղ և մտածեմ»:

Հետ նայելով՝ ես հստակ տեսնում եմ, թե ինչու չէի ստանում պատասխան. ես իսկապես ջանք չէի ներդնում: Ես շաբաթը մեկ անգամ հինգ րոպե կարդում էի իմ սուրբ գրությունները և ակնկալում էի հայտնության փորձառություն միայն այն պատճառով, որ ես դա խնդրեցի:

Ես չէի հասկանում, որ հավատքը գործելու սկզբունք է։

Հավատքի սերմ

Դրսից նայողն ինձ կկոչեր Եկեղեցու «ակտիվ» անդամ, բայց ես դեռ չգիտեի՝ արդյոք Եկեղեցին ճշմարիտ է: Բայց ես իրոք ցանկանում էի իմանալ:

Ուստի ես որոշեցի ծառայել միսիայում: Ես սխալմամբ ենթադրում էի, որ որպես միսիոներ, գուցե ինքնաբերաբար պատասխաններ կստանամ Աստծուց: Ես դեռ շատ ջանք չէի գործադրում աղոթելու կամ ուսումնասիրելու համար, բայց շուտով ստացա իմ հանձնարարությունը։

Իմ միսիայի սկզբում, մինչ համաճարակի ժամանակ առցանց ուսուցում էի անցնում, ես պայքարում էի՝ զգալու Հոգին իմ ոչ լիարծեք ջանքերի պատճառով: Բայց հետո ես անձամբ հասա միսիոներների ուսումնական կենտրոն: Իսկ այնտեղ անցկացրած ժամանակն իմ կյանքի ամենահոգևոր փորձառությունն էր: Առաջին անգամն էր, որ ես ունեի հավատքի մի պարզ սերմ, որն իրական էր:

Ինչպես տեղի ունեցավ փոփոխությունը

Ի վերջո, միսիոներական ծառայության մեջ մտնելը դժվար էր: Ես զգացի, որ իմ ձեռք բերած փոքրիկ վկայությունը կորավ:

Մի օր ես լաց էի լինում, և հետո մի հիշողություն հայտնվեց գլխումս: Հայրս ինձ սովորաբար հարցնում էր, թե ինչպես է անցել իմ օրը դպրոցում, և ես միշտ ասում էի, որ ձանձրալի էր: Եվ նա միշտ ասում էր. «Դե, դա այն պատճառով է, որ դու ես այն ձանձրալի դարձրել: Եթե ցանկանում ես, որ դպրոցը զվարճանք լինի, դարձրու այն զվարճալի»: Ես հասկացա, որ կա՛մ կարող եմ առավելագույնս օգտագործել իմ միսիայի ժամանակը սովորելու և աճելու համար, կամ կարող եմ թշվառ լինել:

Ուստի, ես աղոթեցի ավելի անկեղծորեն, քան երբևէ, որպեսզի ասեմ Երկնային Հորը, որ պատրաստվում էի փորձել ու փոխել իմ վերաբերմունքը: Դա ինձ ոգեշնչեց, որ նոր ջանքեր գործադրեմ։ Ես սկսեցի իսկապես ուսումնասիրել, աղոթել և խորհել, և ժամանակի ընթացքում վկայության այդ շողը վերադարձավ ու շարունակեց աճել: Ես ավելի քիչ էի հիասթափվում, և սկսեցի ուրախություն գտնել ավետարանում:

Եթե մենք ավելի շատ աշխատենք վկայություն ձեռք բերելու համար, ապա ավելի ամուր վկայություն կստանանք

Երբ դուք հիասթափված եք այն զգացումից, որ ձեր հավատքը չի աճում, դուք կարող եք մտածել՝ արդյո՞ք Աստված կա, և արդյո՞ք Նա հոգ է տանում իմ մասին: Բայց ես իմացա, որ Նա միշտ մեզ հետ է և կօգնի մեզ ամրապնդել մեր հավատքն ու վկայությունը, եթե պատասխանատվություն վերցնենք և ջանք գործադրենք (տես Մորոնի 10.4):

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը (1932–2017) Տասներկու Առաքյալների Քվորումից ասել է. «Չնայած թվում է, թե չկա ճշգրիտ բանաձև, որով մեզանից յուրաքանչյուրը վկայություն է ստանում, սակայն, կարծես, կա մի նկատելի օրինաչափություն»:1 Այդ օրինաչափությունը ներառում է՝ ունենալ ճշմարտությունն իմանալու անկեղծ ցանկություն, աղոթել, պատրաստակամ լինել ծառայելու այնտեղ, որտեղ մենք կանչված ենք, ձգտել լինել հնազանդ, ուսումնասիրել սուրբ գրությունները և կիրառել դրանք մեր կյանքում, նաև ունենալ խոնարհ վերաբերմունք:

Ես չէի պատրաստվում ամրապնդել իմ հավատքը՝ առանց իմ վերաբերմունքը փոխելու, այդ օրինաչափությանը հետևելու և իմ ամբողջ սրտով Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ կապվելու համար: Երբ ես կատարեցի այդ փոփոխությունները, սկսեցի պատասխաններ ստանալ և հավատալ ճշմարտություններին:

Քույր Ռեբեկա Լ. Քրեյվենը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, վերջերս ասել է. «Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը ներառում է ավելին, քան պարզապես հույս ունենալը կամ հավատալը: … Դա պահանջում է, որ մենք ինչ-որ բան անենք»։ 2 Ես իմ անձնական փորձից հասկացել եմ, որ դա ճիշտ է. այն, ինչ ես ներդնում եմ ավետարանի մեջ, այն է, ինչ ես ստանում եմ:

Ականատեսների համար Եկեղեցում իմ ակտիվության մակարդակը հավանաբար նույնն է, ինչ միշտ եղել է: Բայց իմ սրտում ես փոխել եմ ավետարանի հանդեպ իմ հանձնառությունը: Եվ դա էականորեն փոխեց իմ կյանքի մնացած մասը:

Հեղինակն ապրում է Վաշինգտոնում (ԱՄՆ):