2023
Բոլորը ունեն ավետարանի կարիքը
Հուլիս 2023


«Բոլորը ունեն ավետարանի կարիքը», Լիահոնա, հուլիս 2023

Բոլորը ունեն ավետարանի կարիքը

Ես ծրագրել էի ծառայել միսիայում, բայց քոլեջից հետո մտածեցի, որ կարիք չունեմ ծառայելու, մինչև աշխատանք գտա, որը կապված էր բռնության ենթարկված աղջիկների հետ: Հետո ես հասկացա, որ բոլորն ունեն ավետարանի կարիքը:

Նկար
կին՝ մետաղադրամը ձեռքին

Կորած դրամը, հեղինակ՝ Հարոլդ Կոպինգ © Providence Collection / արտոնագրված GoodSalt.com կայքի կողմից

Երբ ես Երեխաների միությունում էի, չէի կարողանում հիշել, թե քանի անգամ են իմ ուսուցիչները հարցրել, թե մեզանից ով է ծառայելու լիաժամկետ միսիայում: Իմ երիտասարդ միտքը միշտ ասում էր, որ ես ծառայելու եմ:

Մայրս ինձ ցույց էր տալիս, թե որքան կարևոր է Իսրայելի հավաքումը՝ օգնելով լիաժամկետ միսիոներներին ուսուցանել և կիսվել ավետարանով: Մի անգամ ես միացա նրան՝ գտնելու ծխի մի քրոջ տունը, որը որոշ ժամանակ չէր հաճախում եկեղեցի: Մենք գրեթե մոլորվել էինք, քանի որ չգիտեինք, թե նա որտեղ է ապրում: Նյարդայնանալու փոխարեն մայրս ջանասիրաբար փնտրեց այդ քրոջ տունը։ Կորած դրամի առակի կնոջ նման (տես Ղուկաս 15.8–10) նա գտավ այդ քրոջը և շատ ուրախացավ:

Այն, թե ինչպես էր մայրս գործադրում իր լավագույն ջանքերը Տիրոջ աշխատանքում՝ ոչ միայն ավետարանով կիսվելիս, այլև Եկեղեցու այլ կոչումներում ծառայելիս, օգնեց ինձ հասկանալ, որ բոլորը պետք է ծառայեն Տիրոջը, նույնիսկ փոքր գործերով:

Տարիների ընթացքում ես ավարտեցի սեմինարիան, ստացա Երիտասարդ կանանց մեդալիոնը, ավարտեցի քոլեջը և սկսեցի աշխատել: Կամաց-կամաց լիաժամկետ միսիոներ դառնալու զգացումն ավելի քիչ առաջնային դարձավ: Չնայած ես դեռ ակտիվ էի և լավագույնս ծառայում էի Եկեղեցու կոչումներում, ես ինքս ինձ ասացի. «Ավելի լավ է չծառայեմ լիաժամկետ միսիայում, քանի որ դա իմ պարտականությունը չէ: Ես քույր եմ և կարող եմ Տիրոջը ծառայել շատ այլ ձևերով»:

Ինչը փոխեց իմ որոշումը

Երբ 22 տարեկան էի, ես հնարավորություն ունեցա աշխատելու մի կենտրոնում, որտեղ ծառայում էի բռնության և անտեսման ենթարկված աղջիկներին: Ես խղճում ու կարեկցում էի նրանց։ Ես տեսնում էի, թե բռնությունն ինչպես էր կոտրել նրանց սրտերը և ոչնչացրել նրանց ինքնագնահատականը: Նրանցից ոմանք ինքնասպանության փորձ էին կատարել։ Նրանցից ոմանք չէին ցանկանում վստահել որևէ մեկին: Նրանցից շատերը կյանքի հույս չունեին և չէին զգում Փրկչի սերը:

Ես հաճախ ինքս ինձ հարցնում էի. «Կարո՞ղ էին այդ բռնությունները կանխվել: Իսկ եթե նրանց բռնարարները ընդունեին ավետարանը: Իսկ եթե նրանց ծնողները դառնային Եկեղեցու անդամներ մինչև այս աղջիկների ծնվելը»: Ես հասկացա, որ այդ աղջիկները գուցե չենթարկվեին այս փորձություններին, եթե նրանց ծնողներն ու բռնարարները ընդունեին և ապրեին ավետարանով:

Այս հարցերի շուրջ խորհրդածելով և կենտրոնում աշխատելով՝ ես հասկացա, որ բոլոր մարդիկ ունեն ավետարանի կարիքը: Ճիշտ, ինչպես Հելամանի բանակը Մորմոնի Գրքում կռվեց պաշտպանելու իրենց հավատքը և ընտանիքները, այնպես էլ անհրաժեշտ է, որ Տիրոջը լիաժամկետ միսիոներները կիսվեն Նրա ավետարանով և պաշտպանեն Նրա արքայությունը:

Կենտրոնի աղջիկների հետ ունեցած փորձառությունները ոգեշնչեցին ինձ քայլել այն ճանապարհով, որտեղ Տերն էր ցանկանում, որ ես գնայի: Ես որոշեցի, որ պետք է միանամ Տիրոջ միսիոներական բանակին: Տերը տեսավ այդ ցանկությունը, և ես կանչվեցի ծառայելու Ֆիլիպիններ Կաուայան միսիայում:

Իմ ծառայությունը միսիայում

Իմ միսիայի ժամանակ ես տեսա, որ մարդիկ փոխվում են, երբ սովորում են ավետարանը: Ես ուսուցանում էի մարդկանց, որոնք չգիտեին, թե ինչպես ներել, որոնք ծխում էին և խմում էին լիկյոր, որոնք հպարտ էին և որոնք չգիտեին, թե ինչպես աղոթել: Ավետարանի շնորհիվ նրանք թողեցին իրենց հին ճանապարհները՝ արժանի լինելու Աստծո խոստացած հավերժական կյանքին:

Փրկչի Քավության շնորհիվ ես իմացա, որ ցանկացած մարդ կարող է սկսել քաել կամ վերադառնալ նեղ ու անձուկ արահետ, եթե ապաշխարի: Հիսուս Քրիստոսի ավետարանը կօգնի մեզ փոխվել և առաջադիմել դեպի կատարելություն և արժանի լինել այն մեծ օրհնություններին, որոնք Երկնային Հայրը պատրաստել է մեզ համար: Այդ փոփոխությունները կարող են լինել տխրությունից դեպի երջանկություն, քաոսից դեպի խաղաղություն, զայրույթից դեպի ներողամտություն, թուլությունից դեպի ուժ, ատելությունից դեպի սեր:

Ես ինձ այնքան օրհնված եմ զգում՝ լինելով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Հիսուս Քրիստոսի ավետարանն օգնում է ինձ հասկանալ իմ արժեքը՝ որպես երկնային ծնողների դուստր, նույնիսկ վատ հանգամանքներում: Մեր Երկնային Հայրը միշտ մխիթարում է ինձ Սուրբ Հոգու միջոցով: Սուրբ գրություններն իմ կողմնացույցն են, երբ ես շփոթված եմ և որոշումներ կայացնելու կարիք ունեմ:

Ես և իմ ընտանիքը ձգտում ենք հավատարմությամբ դիմանալ մինչև վերջ: Ես երախտապարտ եմ, որ ամուսնացած եմ մի տղամարդու հետ, որը կրում է քահանայություն, և ամուր վկայություն ունի Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին: Տիրոջ հետ իմ ուխտը ոչ միայն ինձ համար է, այլև իմ ընտանիքի և Նրա արքայության համար:

Հեղինակն ապրում է Ֆիլիպիններում: