2023
Փոփոխություններ, որոնք մենք ենք կատարում, և փոփոխություններ, որոնց հետ չենք ցանկանում առնչվել
Հուլիս 2023


«Փոփոխություններ, որոնք մենք ենք կատարում, և փոփոխություններ, որոնց հետ չենք ցանկանում առնչվել», Լիահոնա հուլիս 2023

Չափահաս երիտասարդներ

Փոփոխություններ, որոնք մենք ենք կատարում, և փոփոխություններ, որոնց հետ չենք ցանկանում առնչվել

Ո՞րն է ձեր երկարաժամկետ նպատակը: Եթե գիտեք, թե ինչի եք ձգտում, դուք պատրաստ և նույնիսկ ոգևորված կլինեք փոփոխություններ կատարել ձեր կյանքում:

Նկար
ճամփաբաժանին կանգնած մարդը ընտրում է քայլելու ուղղությունը

Երբևէ ստիպված եղե՞լ եք այնպիսի փոփոխություն կատարել, որի կատարման համար իրականում շարժառիթ չեք ունեցել: Կամ փոփոխություն, որը չէիք ակնկալում, որ երբևէ կկատարեք:

Մոտ 15 տարի առաջ իմ բժիշկն ասաց ինձ, որ ես պետք է փոխեմ իմ ապրելակերպը. «Սկսիր ավելի ակտիվ լինել, այլապես երկար չես ապրի», - ասաց նա ինձ: Ես լրջորեն ընդունեցի նրա նախազգուշացումը։ Որոշեցի սկսել վազել։

Ապրելակերպի այդ փոփոխության մեջ հաջողության հասնելու համար ես պետք է որոշեի, թե ինչն է ինձ օգտակար երկարաժամկետ հեռանկարում, այլապես շատ հեռու չէի գնա:

Իմ երկարաժամկետ հեռանկարը կրկնվող նպատակ է՝ վազել մեկ մարաթոն ամեն տարի: Այս նպատակն օգնում է ինձ վեր կենալ և վազել ամեն օր, քանի որ գիտեմ, որ հաջորդ տարվա որոշակի օրը ես պետք է վազեմ 42,2 կիլոմետր: Ես կարգապահ եմ ամեն շաբաթ մարզվելու և իմ կարճաժամկետ նպատակներին հասնելու գործում, քանի որ գիտեմ, որ դրանք ինձ պատրաստում են մրցավազքի օրվան:

Երբեմն որոշ հանգամանքներ խանգարում են ինձ, ինչպես օրինակ՝ եղանակը: Գուցե դրսում շատ շոգ է կամ շատ ցուրտ, կամ գուցե անձրև է գալիս: Ուստի, ես պետք է վազեմ ներսի վազքուղու վրա, չնայած հիմնականում նախընտրում եմ վազել փողոցում: Վնասվածքները նույնպես փորձում են կանգնեցնել ինձ։ Միգուցե ես ճիշտ չէի ձգվել իմ վազքից առաջ, այնպես որ ես ձգեցի իմ ծնկատակի մկանը: Կամ գուցե ոչ իմ մեղքով վնասվածք ստացա: Բայց անկախ նրանից, թե ինչպես է դա տեղի ունենում, ես չեմ կարող հանձնվել, քանի որ գիտեմ, որ հաջորդ տարի մարաթոն եմ վազելու: Այսպիսով, ես փոփոխություններ եմ կատարում իմ մարզման մեջ: Ես վերականգնվում եմ և նորից դուրս եմ գալիս վազելու:

Վազելն ինձ շատ բան է սովորեցրել ավետարանի մասին: Մենք բոլորս ունենք ավետարանի երկարաժամկետ նպատակ՝ դիմանալ մինչև վերջ և հասնել վեհացման: Բայց մենք կարճաժամկետ նպատակներ ենք դնում, օրինակ՝ ամեն շաբաթ եկեղեցում հաղորդություն ենք ստանում, որն օգնում է մեզ հասնել նպատակին: Մենք հոգևորապես վնասվում ենք, երբ սխալվում ենք։ Բայց մենք չենք հանձնվում։ Մենք ապաշխարում ենք և կրկին փորձում ենք հասնել մեր նպատակին: Միակ ճանապարհը, որով մենք կարող ենք հասնել մեր երկարաժամկետ նպատակին, ամբողջ ճանապարհին փոքր փոփոխություններ կատարելն է, որը կօգնի մեզ մնալ ուղու վրա:

Նկար
ճամփաբաժանին կանգնած կինը ընտրում է քայլելու ուղղությունը

Փոխվելու որոշում

Ավելի քան մեկ տասնամյակ ես աշխատել եմ որպես Բրազիլիայի Walmart-ի ավագ փոխնախագահ: Ընտանիքս ֆինանսապես կայուն էր, ես հաճույք էի ստանում աշխատանքից, կյանքս լավ էր։ Բայց աշխատանքս պահանջում էր շատ ժամանակ, ջանքեր և ուշադրություն։ Ինձանից պահանջվում էր նաև շատ ճամփորդել, ինչը խանգարում էր մեր ընտանիքին և իմ Եկեղեցու ծառայությանը: 11 կամ 12 տարի հետո դա այդ ծանրաբեռնվածությունն անտանելի էր դառնում։

Ես ու կինս միասին խորհրդակցեցինք և որոշեցինք, որ ես պետք է թողնեմ այդ աշխատանքը։ Մենք խոսեցինք մեր երեխաների հետ և միասին ասացինք. «Ժամանակն է, որ մենք փոփոխություն կատարենք»։

Երբ ես հրաժարվեցի ավագ փոխնախագահի պաշտոնից, դարձա գործազուրկ: Մոտ մեկ տարի պահանջվեց մեկ այլ աշխատանք գտնելու և այն ընդունելու համար: Երբ ես վերջապես պաշտոն զբաղեցրի Միացյալ Նահանգների անշարժ գույքի մի փոքրիկ ընկերությունում, ես ինձ լավ զգացի: Այդ աշխատանքը թույլ կտա ինձ ավելի շատ ժամանակ տրամադրել այն բաներին, որոնք իսկապես կարևոր են:

Բայց մարդիկ ինձ ասում էին, որ ես խելագար եմ: Ինչո՞ւ թողնել կայուն աշխատանքը և աշխատանքի անցնել անշարժ գույքի ընկերությունում, որի մասին ոչ ոք նույնիսկ չի լսել: Բացի այդ՝ ինչո՞ւ պետք է աշխարհը կտրել ու տեղափոխվել ԱՄՆ։

Նրանք ճիշտ էին, որ սա հսկայական փոփոխություն էր, որը մենք որոշեցինք կատարել: Բայց նրանք սխալվում էին, որ դա վատ ընտրություն էր։

Աշխատանքը փոխելու և նոր երկիր տեղափոխվելու համար մեզանից մեծ հավատք պահանջվեց, բայց Տերը հոգ տարավ մեր մասին: Եվ ես ավելի շատ ժամանակ ունեի կատարելու իմ պարտականությունները՝ որպես ամուսին, հայր և ծխի անդամ:

Ես կարծում եմ, որ փոփոխությունները պարտադիր են մեր ներուժը ձեռք բերելու համար: Մենք երբեք չենք դառնա այնպիսին, ինչպիսին Երկնային Հայրն է ցանկանում, որ մենք դառնանք, եթե առաջընթաց չունենանք մեր կյանքում: Եվ մենք նմանվում ենք Նրան, երբ կանխամտածված փոփոխություններ ենք կատարում հավատքի մեջ:

Հարկադրված փոփոխություն

Մեկ այլ մեծ փոփոխություն, որը տեղի ունեցավ իմ ընտանիքում, այն էր, որ կրտսեր եղբայրս մահացավ ավտովթարից: Մենք դա չընտրեցինք կամ չցանկացանք նրա կամ մեզ համար, և դա դեռևս ցավալի է, նույնիսկ 10 տարի անց: Հարկադիր փոփոխությունը երբեք հեշտ չէ։

Բայց փոփոխությունները, որոնք մենք չենք ընտրում, կարող են նաև հնարավորություններ դառնալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը կառուցելու համար: Հեշտ է հավատարիմ մնալ, երբ ամեն ինչ մեր հունով է ընթանում: Բայց կարո՞ղ ենք մենք պահպանել հավատքը և շարունակել առաջ գնալ, երբ փոփոխությունները մեր օգտին չեն:

Ամուսնալուծությունը, անպտղությունը, գործազրկությունը, հիվանդությունը և նման այլ ցավալի իրողություններ այն փորձառությունները չեն, մենք ցանկանում ենք և ծրագրում: Դրանք կարող են մեզ ստիպել զգալ, որ կյանքը մեր վերահսկողությունից դուրս է: Բայց դա լիովին ճիշտ չէ. ձեր անցանկալի հանգամանքների մեջ դեռ կան բաներ, որոնք դուք կարող եք վերահսկել: Դուք կարող եք փոքր նպատակներ դնել, նույնիսկ միայն մեկ օր հաղթահարելու նպատակը: Դուք կարո՛ղ եք դա անել: Դուք կարող եք համբերությամբ տանել ամեն ինչ (տես Ալմա 38.4):

Հովսեփը դրա կատարյալ օրինակն է: Նրա կյանքը լի էր հարկադրված փոփոխություններով. նա երկու անգամ կորցրեց իր ազատությունը։ (Մի անգամ, երբ նրա եղբայրները վաճառեցին նրան ստրկության, և կրկին, երբ Պետափրեսը նրան բանտ նետեց): Բայց Հովսեփը չկոտրվեց, քանի որ նրա հանգամանքները անցանկալի էին կամ չծրագրված: Նա հարմարվեց և աճեց իր փորձառությունների միջոցով: Եվ վերջում նա փրկեց իր ընտանիքն ու մի ամբողջ ազգ։ Տերը ձևավորում էր նրան և պատրաստում նրան ամբողջ ճանապարհին (տես Ծննդոց 37–46):

Դժվար է համբերատար լինել, երբ հարկադիր փոփոխությունը խաթարում է ձեր ծրագիրը, բայց հիշեք, որ երկարաժամկետ նպատակը վեհացման հասնելն է: Երկնային Հայրը գիտի, թե մեզ ինչ է անհրաժեշտ այնտեղ հասնելու համար. «Դուք ի զորու չեք տանել Աստծո ներկայությունն այժմ, ոչ էլ հրեշտակների սպասավորությունը. ուստի, համբերությամբ շարունակեք, մինչև որ կատարյալ դարձվեք» (Վարդապետություն և Ուխտեր 67.13):

Նկար
մարդը քայլում է ճանապարհով

Փոփոխությունն օգնում է մեզ դառնալ Փրկչի նման

Ձեր Երկնային Հայրը սիրում է ձեզ և ցանկանում է, որ դուք հաջողության հասնեք: Նա ցանկանում է, որ դուք երջանիկ լինենք: Եվ Նա ձեզ համար ծրագիր է կազմել՝ այդ երկուսին հասնելու համար:

Երբ ես տեսնում եմ, թե մահկանացու կյանքը ինչի համար է նախատեսված, մարզումները՝ իմ կյանքի փոփոխությունները, ավելի նպատակային են դառնում: Փոփոխությունն օգնում է ինձ հասնել իմ երկարաժամկետ նպատակին, որն է՝ նմանվել իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Ես գիտեմ, որ Երկնային Հայրը կիսում է նույն երկարաժամկետ նպատակը իմ և Իր բոլոր զավակների համար: Ինչպես իմ բժիշկը գիտեր, որ ես պետք է ինչ-որ բան փոխեմ հանուն իմ առողջության, Աստված նույնպես հստակ տեսնում է այն փոփոխությունները, որոնք մենք պետք է կատարենք՝ Իրեն նմանվելու համար: Նա աջակցում է մեզ և տրամադրում է այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են՝սուրբ գրությունները, տեղական համայնքը և կենդանի մարգարեն՝ օգնելով մեզ դեպի լավը փոխվելու մեր պրպտումներում:

Ամենադժվար օրերին, երբ դժվար է անկողնուց վեր կենալ և հագնել վազելու համար նախատեսված կոշիկները, երբ գիտես, որ պետք է ապաշխարես, կամ երբ պայքարում ես որևէ այլ անսպասելի փոփոխության դեմ, մենք մեզ հիշեցնում ենք Աստծո անսահման սիրո մասին և Նրա ցանկության մասին, որ մենք լինենք նույնիսկ ավելի երջանիկ, քան հիմա ենք:

Այդ հիշեցումը մեզ ուժ է տալիս կատարելու այն փոփոխությունները, որոնք Հոգին հուշում է մեզ անել: Եվ դա օգնում է մեզ վստահել, որ անսպասելի փոփոխությունները, որոնք մենք ստիպված ենք լինում կատարել, մեր ամենամեծ երջանկության համար Նրա ծրագրի մի մասն են: