2023
Դու հավատո՞ւմ ես Աստծուն
Հուլիս 2023


«Դու հավատո՞ւմ ես Աստծուն», Լիահոնա, հուլիս 2023:

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Դու հավատո՞ւմ ես Աստծուն

Երբ ընկերուհիս կիսվում էր իր մտահոգություններով, ես հանկարծ ու արագ ինչ-որ բան հասկացա:

Նկար
երիտասարդ կինը և երիտասարդ տղամարդը զրուցում են

Նկարը՝ Կետի Դոքրիլի

Երբ մեծանում էի, ես իսկապես երբևէ չէի կասկածում ավետարանի ճշմարտացիության վերաբերյալ: Այնուամենայնիվ, երբ հասա իմ պատանեկության տարիներին, ես կասկածի տակ էի դնում՝ արդյոք իսկապես վկայություն ունեմ, թե պարզապես ընդունում էի այն, ինչին հավատում էին իմ ծնողներն ու ընկերները: Ես աղոթեցի, որ իմանամ, որ ավետարանը ճշմարիտ է:

Չնայած իմ պայքարին, մի երիտասարդ կին, որին հանդիպեցի իմ համայնքային քոլեջում, ասաց, որ զգում է, որ ես հասկանում եմ իմ կյանքի նպատակն ու ուղղությունը:

«Դու հավատո՞ւմ ես Աստծուն», - հարցրեց նա:

Ես ասացի նրան, որ հավատում եմ, և որ իմ եկեղեցին ուսուցանում է Աստծո հետ մեր հարաբերությունների և կյանքի նպատակի մասին: Ես նրան պատմեցի նաև մարգարե Ջոզեֆ Սմիթի և Վերականգնման մասին: Նա ուշադիր լսում էր:

Հաջորդ կիրակի եկեղեցում իմ ընկերուհու համար ես գրքույկներ վերցրի Ջոզեֆ Սմիթի և փրկության ծրագրի մասին: Երբ նա կարդաց դրանք և սկսեց կարդալ Մորմոնի Գիրքը, ես նրան տարա եկեղեցի:

Ավելի ուշ նա ինձ ասաց, որ շատ մտերիմ է եղել իր ավագ եղբոր հետ: Նա եղել է սպորտային օդաչու և ելույթ է ունեցել տեղական օդային ցուցադրություններում: Ցավոք սրտի մեր հանդիպումից առաջ՝ ամռանը, նա սպանվել էր ցուցադրության թռիչքի ժամանակ: Եղբոր մահից հետո նա իրեն լքված ու միայնակ էր զգում և մտահոգված էր, քանի որ եղբայրը ագնոստիցիզմի կողմնակից էր և անտարբեր էր հավատքի հարցերի հանդեպ: Այդ աղջիկն աղոթում էր, որպեսզի իմանար, թե իր եղբայրն ինչ հասկացողություն ուներ Աստծո մասին:

Երբ նա կիսվում էր իր մտահոգություններով, ես հանկարծ ու արագ ինչ-որ բան հասկացա: Դա մաքուր ճշմարտության և լույսի զգացողություն էր: Ես հասկացա, որ մեր հանդիպումը պատահական չի եղել։ Ավելի շուտ Աստված լսել ու պատասխանել էր վշտից կոտրված այդ երիտասարդ կնոջ անկեղծ աղոթքին:

Ես խոնարհված էի՝ իմանալով, որ Երկնային Հայրը տեղյակ է ինձնից և ինձ արժանի կհամարեր որպես գործիք լինել Իր ձեռքում՝ պատասխանելով նրա աղոթքին: Ես հասկացա Նրա մեծ իմաստությունը. օգտագործելով այս փորձառությունը՝ Նա պատասխանում էր նաև իմ աղոթքին, որպեսզի իմանամ, որ ավետարանը ճշմարիտ է:

Պատրաստվելուց հետո ես հավաքեցի ճամպրուկներս կյանքիս լավագույն երկու տարիների համար: Այդ ընթացքում ընկերուհիս միսիոներական դասեր անցավ իր քրոջ հետ: Նրանք երկուսն էլ միացան Եկեղեցուն և հետագայում ծառայեցին միսիայում: Իմ միսիայից հետո ընկերուհիս խնդրեց ինձ տաճարային արարողություններ կատարել իր եղբոր համար:

Ես գիտեմ, որ Աստված լսում ու պատասխանում է անկեղծ աղոթքներին, թեև երբեմն այնպիսի ձևով կամ ժամկետով, որը մենք չենք սպասում: