2023
Փրկչի ավետարանով կիսվելու մեր կոչը
Հուլիս 2023


«Փրկչի ավետարանով կիսվելու մեր կոչը», Լիահոնա, հուլիս 2023։

Փրկչի ավետարանով կիսվելու մեր կոչը

Մենք՝ որպես Աստծո ծառաներ, կանչված ենք կիսվելու այն հույսով, որն առաջարկում է Փրկիչը Իր կյանքի, ուսմունքների, Քավության և վերականգնված ավետարանի միջոցով:

Նկար
երկու միսիոներ երեցներ նայում են պլանշետին

Ես և իմ զուգընկերը` որպես երիտասարդ միսիոներներ, Անգլիայում ուսուցանեցինք մի մարդու, որն անցել էր սարսափելի, կյանքին սպառնացող իրադարձությունների միջով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Նա ընդգրկված էր եղել զինված հակամարտությունների մեջ ցամաքում, այնուհետև նավի վրա գտնվելիս փրկվել էր ավերիչ հարձակումից՝ նախքան Անգլիա վերադառնալը: Երբ նա վերջապես ժամանեց Անգլիա, այնքան տարված էր հուզմունքի ու երախտագիտության խառը զգացումներով, որ ծնկի իջավ ու համբուրեց հողը և շնորհակալություն հայտնեց, որ ապահով տուն էր հասել:

Երբ մենք ուսուցանեցինք նրան Վերականգնման մասին և նկարագրեցինք Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը, նա արտասվեց: Արցունքն աչքերին նա նկարագրեց իր ստացած մեծ վկայությունը։ Նա բացատրեց, որ Վերականգնման ուղերձն իրեն տվեց այնպիսի զգացողություններ, ինչպիսիք նա զգացել էր, երբ ապահով վերադարձել ու կանգնել էր անգլիական հողի վրա: Նա զգում էր, որ հավերժական ճակատագիր ունի։

Նկար
միսիոներների խումբ Անգլիայում

«Վերականգնված ավետարանն առաջարկում է այն լույսը, որն անհրաժեշտ է Աստծո զավակներին վտանգավոր ժամանակներում», - ասում է երեց Քվենթին Լ. Քուքը (վերևի շարքը, աջից հինգերորդը), ով ծառայում էր բրիտանական միսիայում երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետ (վերևի շարք, ձախից յոթերորդը):

Աջից. լուսանկարները տրամադրել է հեղինակը

Մեր կոչումը՝ որպես Աստծո ծառաներ

Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, Աստծո ծառաներն ենք: Որպես Նրա ծառաներ՝ մեր առաքելությունն է ուրիշների (ինչպես նրանց, ում ես ուսուցանել եմ Անգլիայում) հետ կիսվել այն հույսով, որ Փրկիչը առաջարկում է Իր կյանքի, ուսմունքների, Քավության և վերականգնված ավետարանի միջոցով (տես 3 Նեփի 27.13–14): Դա հեշտ գործ չէ՝ կասկածներով, հուսահատությամբ և խավարով լցված աշխարհում, սակայն վերականգնված ավետարանն առաջարկում է հենց այն լույսը, որն անհրաժեշտ է Աստծո զավակներին անհանգիստ ժամանակներում:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է, որ աշխարհին այժմ, ավելի քան երբևէ, պետք է Հիսուս Քրիստոսի ավետարանը. «Նրա ավետարանը միակ պատասխանն է, երբ աշխարհում շատերը շփոթված են վախից: Սա ընդգծում է հրատապ անհրաժեշտությունը, որ մենք պետք է հետևենք Իր աշակերտներին տված Տիրոջ հրահանգին․ «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին Ավետարա՛նը քարոզեք» [Մարկոս 16.15, շեշտադրումն ավելացված է, տես նաև Մատթեոս 28.19]: Մենք սուրբ պարտականություն ունենք կիսվելու Հիսուս Քրիստոսի զորությամբ ու խաղաղությամբ բոլոր նրանց հետ, ովքեր կլսեն և թույլ կտան, որ Աստված տնօրինի իրենց կյանքում»: Նախագահ Նելսոնն ավելացրել է․ «Մեզանից յուրաքանչյուրն իր դերն ունի Իսրայելի հավաքման գործում»։1

Նկար
քույր միսիոներները և մի զույգ նայում են հեռախոսին

Այդ դերը կատարելու ուղիներից մեկը որպես լիաժամկետ միսիոներներ ծառայելու կոչումներն ընդունելն է: Մենք գիտենք, ինչպես նախագահ Նելսոնը վերջերս շեշտեց, որ լիաժամկետ միսիոներական աշխատանքի պատասխանատվությունը հիմնականում ընկնում է երիտասարդ տղամարդկանց վրա, որոնք պահպանվել են վերջին օրերի հավաքի համար: Նրանց համար միսիոներական աշխատանքը «քահանայության պարտականություն է»: Թեև երիտասարդ կանանց համար միսիոներական աշխատանքը կամավոր ընտրություն է, նախագահ Նելսոնը խնդրել է նրանց հարցնել Տիրոջը՝ արդյոք Նա կցանկանար, որ իրենք նույնպես ծառայեին: «Այն, ինչ դուք ներդնում եք այս աշխատանքում, փառահեղ է», - նա ասել է նրանց: Եվ, իհարկե, Տիրոջը պետք է, որ տարեց զույգերը ծառայեն այնպես, ինչպես թույլ են տալիս նրանց հանգամանքները: «Նրանց ջանքերը, - ասել է նախագահ Նելսոնը, - ուղղակի անփոխարինելի են»:2

Մեկ այլ միջոց, որով մենք կատարում ենք մեր դերը Իսրայելի հավաքման գործում, մեր ուխտը հիշելն է՝ «կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (Մոսիա 18.9): Մեզ պետք չէ լիաժամկետ միսիոներական կոչումը՝ որպես վկա կանգնելու համար: Երբ մենք ապրենք ավետարանով, սիրենք և ծառայենք ուրիշներին, ամուր կանգնենք գայթակղության և հալածանքի դեմ, և վկայություն տանք խոսքով ու գործով, մենք ուրիշներին կբերենք Հիսուս Քրիստոսի մոտ:

Ավետարանով կիսվելը կարող է վախեցնող լինել նույնիսկ նրանց համար, ովքեր արդեն ծառայել են միսիայում: Բայց երբ մենք ունենք ամուր վկայություն Փրկչի և Վերականգնման մասին, մենք չենք կարող վկայություն չտալ այն մասին, ինչ գիտենք:

Նկար
Կինը ժպտում է

Վկայության կարևորությունը

Ինչպե՞ս ենք մենք ամրապնդում մեր վկայությունը, որպեսզի կարողանանք արդյունավետ միսիոներներ դառնալ: Մենք պարզապես պետք է հետևենք մեր կենդանի մարգարեի խորհրդին: Մեր վկայությունները կաճեն, երբ մենք.

  • Մեծացնենք մեր հոգևոր լիցքը:3

  • Ժամանակ տրամադրենք Տիրոջը:4

  • Ամրապնդենք մեր հոգևոր հիմքը:5

  • Թուլ տանք, որ Աստված տնօրինի մեր կյանքում։6

  • Լսենք Նրան:7

Երբ մենք ուսումնասիրենք նախագահ Նելսոնի խոսքերը և ականջ դնենք նրա խորհրդին, մենք կուժեղացնենք մեր վկայությունը Փրկչի և Նրա ավետարանի, այն դերի մասին, որը խաղացել է մարգարե Ջոզեֆ Սմիթը Վերականգնման գործում, ինչպես նաև Մորմոնի Գրքի ճշմարտացիության և ժամանակակից մարգարեների ու առաքյալների կոչման վերաբերյալ: Ամրապնդված վկայությունը կպատրաստի մեզ և կուժեղացնի մեր ցանկությունները՝ ականջ դնել նախագահ Նելսոնի մարգարեական կոչին՝ հավաքելու Իսրայելը վարագույրի երկու կողմերում:

Ավետարանով արդյունավետորեն կիսվելու համար կարիք չկա, որ մենք լինենք շնորհալի հռետոր: Կարիք չկա, որ մենք իմանանք ավետարանի վարդապետության յուրաքանչյուր կետն ու վերնագիրը: Կարիք չկա, որ անգիր սովորենք տասնյակ սուրբ գրություններ: Նույնիսկ կարիք չկա, որ մենք լավ կրթություն ունենանք: Այդ բաներն օգնում են մեզ կիսվել մեր ուղերձով, բայց դարձի բերելու իսկական զորությունը բխում է խոնարհ սրտից, կենսունակ վկայությունից և Սուրբ Հոգուց եկող հաստատող վկայությունից:

«Ոչ ոք, - ասել է Մարգարե Ջոզեֆ Սմիթը, - չի կարող քարոզել Ավետարանը առանց Սուրբ Հոգու»:8

«Կրակ իմ ոսկորներում»

1830թ.-ին, լսելով, որ միսիոներները ուսուցանում են վերականգնված ավետարանի ուղերձը, Բրիգամ Յանգը ցանկացավ անձամբ իմանալ, թե ինչ են նրանք ուսուցանում: Մեթոդական առումով նա ուսումնասիրեց Մորմոնի Գիրքը, ինչպես նաև նրանց բնավորությունը, ովքեր վկայում էին դրա և Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին:

Այդ վաղ միսիոներներին վերաբերող ինչ-որ բան հուզեց Բրիգամի սիրտն ու հոգին: «Նրանց վկայությունը կարծես կրակ լիներ իմ ոսկորներում»,- ասել է նա։9

Այդ միսիոներներից մեկը՝ Էլիզեր Միլլերը, Եկեղեցու անդամ էր ընդամենը չորս ամիս:10 Նա, այսօրվա միսիոներական լեզվով ասած, «անփորձ» էր և լավ հրապարակախոս չէր: Բայց դա նշանակություն չուներ։

Նկար
Էլիզեր Միլլեր

Էլիզեր Միլլեր

Տարիներ անց նախագահ Բրիգամ Յանգն ասել է. «Երբ տեսա մի մարդու, որն առանց պերճախոսության, տաղանդների կամ հասարակության առջև վարժ խոսելաձևի կարողանում էր միայն ասել. «Սուրբ Հոգու զորությամբ ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, որ Ջոզեֆ Սմիթը Տիրոջ մարգարեն է», այդ անհատից բխող Սուրբ Հոգին լուսավորեց իմ հասկացողությունը, և լույսը, փառքն ու անմահությունը [հայտնվեցին] իմ առջև»:

Նախագահ Յանգն ասել է, որ ինքը շրջապատված ու լցված էր այդ լույսով ու փառքով, և գիտեր, որ Էլիզերի վկայությունը ճշմարիտ էր:

«Աշխարհն իր ողջ իմաստությամբ և զորությամբ, ողջ փառքով և իր թագավորների ու հզորների ոսկեզօծ ցուցադրությամբ, - ասել է նախագահ Յանգը, - սուզվում է կատարյալ աննշանության մեջ՝ համեմատած Աստծո ծառայի պարզ, չզարդարված վկայության հետ»:11

Որքա՜ն մեծ է մեր ուրախությունը

«Երբ ամեն ինչ ասված է, ամենամեծ և ամենակարևոր պարտականությունը ավետարանը քարոզելն է»:12

Մենք՝ որպես Աստծո արքայության անդամներ, պատվում ենք մեր ուխտերը, որը ներառում է Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելը: Ավետարանով կիսվելը՝ մեր մերձավորին ինքներս մեզ նման սիրելու բարձրագույն արտահայտություններից մեկն է (տես Մատթեոս 22.37–39): Ավետարանով կիսվելը Փրկչի մեծ հանձնարարությունն է:

Մեզանից նրանք, ովքեր օգնել են հոգիներ բերել Քրիստոսի մոտ, ճաշակել են հավերժական ուրախությունը, որը խոստացվել է նրանց, ովքեր աշխատում են փրկել Աստծո զավակներին (տես Վարդապետություն և Ուխտեր 18.15–16): Ես դեռ հիշում եմ իմ լիաժամկետ ծառայությունը՝ որպես երիտասարդ միսիոներ Անգլիայում, զուգընկերներիս, որոնց հետ ես ծառայում էի, մարդկանց, որոնց մենք հանդիպում էինք, Աստծո թանկագին որդիներին ու դուստրերին, որոնց օգնեցինք բերել Նրա հոտը: Իմ կյանքն այլևս նույնը չէր:

Ելնելով իմ անձնական փորձից՝ ես կրկնում եմ Առաջին Նախագահության խոստումը նրանց, ովքեր «աշխարհին բերում են նրա ճշմարտությունը»՝13 լինի տանը, թե դրսում. «Տերը կպարգևատրի և առատորեն կօրհնի ձեզ, երբ խոնարհաբար և աղոթքով ծառայեք Նրան: Նրա զավակների մեջ աշխատելիս ձեզ ավելի շատ երջանկություն է սպասվում, քան դուք երբևէ զգացել եք»:14