2023
Երախտագիտություն
Հուլիս 2023


Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Երախտագիտություն

Մեր կյանքը կլցվի Սուրբ Հոգու ազդեցությամբ, երբ մենք ավելի շատ ու ավելի լավ կենտրոնանանք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա: Դա տեղի կունենա, երբ մենք ժամանակ գտնենք ուսումնասիրելու Նրա կյանքը, ծանոթ լինենք Նրա վարդապետությանը և իրականում անենք այն, ինչ Նա արեց, որպեսզի Քրիստոսանման հատկանիշներ զարգացնենք մեր կյանքի ընթացքում:

Գոյություն ունեն մի քանի պատմություններ և տարբեր նկարագրություններ այն մասին, թե երբ է հաց ու ձուկ տրվել բազմությանը, և մարդիկ երբ են սնվել: Ինձ հատկապես դուր է գալիս այս պատմության նկարագրությունը Հովհաննես 6.5–14 հատվածներում։ Ավելի քան 5000 մարդ կար, և Փրկչին տվեցին հինգ գարեհաց և 2 ձուկ: Նա շնորհակալություն հայտնեց նրանց ունեցածի համար, օրհնեց կերակուրը, և Նրա աշակերտներն այն բաժանեցին բոլորին, ու «կշտացան»1: Չորս տարբեր հեղինակներից, որոնք նկարագրել են իրադարձությունը, մենք միայն Հովհաննեսից ենք սովորում, որ Փրկիչը «գոհություն հայտնեց»2 նրանց ունեցածի համար, թեև շատ բան չունեին բազմության համար: Նա ուներ ընդամենը 5 գարեհաց և 2 ձուկ, բայց դա բավական էր, որ բոլորը կշտանային։ Ինձ համար դա հիանալի օրինակ է այն բանի, թե ինչ կարող է տեղի ունենալ մեր կյանքում, երբ մենք երախտապարտ ենք, երբ գոհություն ենք հայտնում մեր ունեցածի համար: Մենք կարող ենք շատ բան չունենալ, բայց երբ երախտապարտ լինենք մեր ունեցածի համար, դա բավարար կլինի մեր կարիքների համար: Երախտագիտությունը Քրիստոսանման մեծ և հիմնարար հատկանիշ է, որը մենք պետք է զարգացնենք, որպեսզի ավելի շատ ուրախություն ունենանք մեր կյանքում և կարողանանք ավելի հաճախ տեսնել Տիրոջ ձեռքը:

Նախագահ Նելսոնն ուսուցանել է հետևյալը, երբ խոսել է երախտագիտության բժշկող զորության մասին.

«Մենք բոլորս կարող ենք շնորհակալություն հայտնել երկրի գեղեցկությունների և երկնքի վեհության համար, որոնք մեզ պատկերացում են տալիս հավերժության անսահմանության մասին: Մենք կարող ենք շնորհակալություն հայտնել կյանքի պարգևի, մեր զարմանալի մարմնի և մտքի համար, որը մեզ թույլ է տալիս աճել ու սովորել:

Մենք կարող ենք շնորհակալություն հայտնել արվեստի, գրականության և երաժշտության համար, որոնք սնուցում են մեր հոգիները:

Մենք կարող ենք շնորհակալություն հայտնել ապաշխարելու, նորից սկսելու, փոխհատուցելու և բնավորություն կառուցելու հնարավորության համար:

Մենք կարող ենք շնորհակալություն հայտնել մեր ընտանիքների, ընկերների և սիրելի մարդկանց համար:

Մենք կարող ենք շնորհակալություն հայտնել միմյանց օգնելու, փայփայելու և ծառայելու հնարավորության համար, ինչը կյանքն ավելի իմաստալի է դարձնում:

Մենք կարող ենք նույնիսկ շնորհակալություն հայտնել մեր փորձությունների համար, որոնցից մենք սովորում ենք բաներ, որոնք այլ կերպ չէինք իմանա:

Ամենից շատ մենք կարող ենք շնորհակալություն հայտնել Աստծուն՝ մեր հոգիների Հորը, որը մեզ բոլորիս դարձնում է եղբայրներ և քույրեր՝ մեկ մեծ համաշխարհային ընտանիք»3:

Ես իսկապես հավատում եմ, որ Տերը սիրում է երախտապարտ մարդկանց, և մենք ավելի շատ կօրհնվենք այն ամենով, ինչ մեզ անհրաժեշտ է, քանի որ մենք երախտապարտ ենք, քանի որ գիտենք և ճանաչում ենք մեր ունեցած բոլոր օրհնությունների աղբյուրը:

Ես ցանկանում եմ եզրափակել Ալմայի խոսքերով, երբ նա ուսուցանում էր իր ժողովրդին. «Եվ նա պատվիրեց նրանց, որ նրանք հարգեն հանգստության օրը և սուրբ պահեն այն, և նաև ամեն օր նրանք պիտի գոհություն հայտնեն Տիրոջը՝ իրենց Աստծուն»4: Մեզ հրավիրում են շնորհակալություն հայտնել Տիրոջը անհատապես և ընտանիքով: Մեր կյանքը կփոխվի, երբ մենք ամեն օր կենտրոնանանք այն օրհնությունների վրա, որոնք ստանում ենք Տիրոջից՝ տեսնելով Նրա ձեռքը մեր կյանքում և մեր երախտագիտությունը հայտնելով դրանց համար մեր աղոթքներում՝ ամեն օրվա վերջում: Մորմոնի Գիրքը լի է բազմաթիվ վկայություններով, որ երախտապարտ մարդիկ ուրախ մարդիկ են:

Ես երախտապարտ եմ մեր սիրառատ Երկնային Հոր և Նրա Որդու՝ մեր Փրկիչ ու Քավիչ Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու առաջնորդության համար, և ես վկայում եմ, որ Նրանք իրական են:

Հղումներ.

  1. Հովհաննես 6.12

  2. Հովհաննես 6.11

  3. «Երախտագիտության բժշկող զորությունը», տեսաուղերձ սոցիալական մեդիայի համար, նոյեմբեր 2020

  4. Մոսիա 18.23