Փորձված, ստուգված և հղկված
Ամենամեծ օրհնությունը, որը կստանանք, երբ փորձությունների ժամանակ ապացուցենք, որ հավատարիմ ենք մեր ուխտերին, կլինի մեր էության փոփոխությունը։
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես երախտապարտ եմ, որ հնարավորություն ունեմ այսօր ձեզ հետ խոսելու: Հուսով եմ, քաջալերել ձեզ այն ժամանակ, երբ կյանքն առավել դժվար և անորոշ է թվում։ Ոմանց համար այդ ժամանակը հենց հիմա է։ Եթե ոչ, միևնույնն է՝ այդպիսի պահեր կգան։
Դա հոռետեսական մոտեցում չէ։ Դա իրատեսական է, նույնիսկ՝ լավատեսական, հաշվի առնելով Աստծո նպատակը այս աշխարհի արարման հարցում։ Այդ նպատակն էր՝ Իր զավակներին հնարավորություն տալ ստուգվելու՝ արդյո՞ք ունակ են և կամենում են ընտրել ճիշտը դժվարության ժամանակ։ Այդպես վարվելով, նրանց էությունը կփոխվեր և նրանք ավելի կնմանվեին Նրան։ Աստված գիտեր, որ դրա համար կպահանջվեր անսասան հավատք Իր հանդեպ։
Իմ գիտելիքների մեծ մասը ես ձեռք եմ բերել իմ ընտանիքում։ Երբ ես մոտ ութ տարեկան էի, իմ իմաստուն մայրիկը խնդրեց ինձ և եղբորս, որ իր հետ քաղենք մեր տան բակի մոլախոտերը: Այժմ դա հեշտ առաջադրանք է թվում, բայց մենք ապրում էինք Նյու Ջերսիում։ Այնտեղ հաճախ էին լինում անձրևներ։ Հողը ծանր կավ էր: Մոլախոտերն ավելի արագ էին աճում, քան բանջարեղենը:
Ես հիշում եմ հիասթափությունս, երբ մոլախոտերը կոտրվում էին իմ ձեռքերում, իսկ արմատները ամուր խրված էին մնում թանձր ցեխի մեջ: Մայրս ու եղբայրս արագ առաջ էին ընկնում իրենց շարքերում։ Որքան շատ ճիգեր էի գործադրում, այնքան ավելի էի հետ մնում նրանցից։
«Սա շա՜տ դժվար է»,- բացականչեցի ես։
Կարեկցելու փոխարեն մայրս ժպտաց և ասաց․ «Այո՛, Հալ, անշուշտ, դժվար է: Պիտի որ դժվար լինի։ Կյանքը ստուգարք է»։
Այդ պահին ես գիտեի, որ նրա խոսքերը ճշմարիտ էին և կշարունակեին ճշմարիտ լինել հետագայում։
Մայրիկի սիրալիր ժպիտի պատճառը պարզ դարձավ տարիներ անց, երբ ես կարդացի, թե Երկնային Հայրն ու Նրա սիրելի Որդին ինչպես են խոսում այս աշխարհի ստեղծման Իրենց նպատակի և հոգևոր զավակներին մահկանացու կյանքի հնարավորություն տալու մասին․
«Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց․
Եվ նրանց, ովքեր պահում են իրենց առաջին վիճակը, կտրվի ավելին. իսկ նրանք, ովքեր չեն պահում իրենց առաջին վիճակը, փառք չեն ունենա այն նույն թագավորության մեջ, նրանց հետ, ովքեր պահում են իրենց առաջին վիճակը. և նրանք, ովքեր կպահեն իրենց երկրորդ վիճակը, նրանց գլխին փառք կավելացվի հավիտյանս հավիտենից»։1
Ես և դուք ընդունել ենք փորձվելու և ստուգվելու այդ հրավերը, որ կպահենք Աստծո պատվիրանները, երբ այլևս չենք լինի մեր Երկնային Հոր ներկայության մեջ։
Մեր Երկնային Հոր այդ սիրալիր հրավերի հետ մեկտեղ Լյուցիֆերը համոզեց հոգևոր զավակների մեկ երրորդին հետևել իրեն և մերժել Հոր ծրագիրը, որը մեր աճի և հավերժական երջանկության համար էր։ Ապստամբության պատճառով սատանան և նրա հետևորդները վռնդվեցին։ Այժմ՝ այս մահկանացու կյանքում, նա փորձում է, որքան հնարավոր է, շատերին շեղել Աստծուց։
Նրանք, ովքեր ընդունեցին ծրագիրը, այդպես վարվեցին Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքի շնորհիվ, ով առաջարկեց դառնալ մեր Փրկիչն ու Քավիչը: Այն ժամանակ մենք պիտի որ հավատայինք, որ ինչ մահացու թուլություններ էլ ունենայինք, և ինչ չար ուժեր էլ որ լինեին մեր դեմ, բարու ուժերը անհամեմատ ավելի մեծ կլինեին։
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեն և սիրում են ձեզ։ Նրանք ցանկանում են, որ դուք վերադառնաք Նրանց մոտ և նմանվեք Նրանց։ Ձեր հաջողությունը Նրանց հաջողությունն է։ Դուք զգացել եք այդ սերը, որը հաստատել է Սուրբ Հոգին՝ այս խոսքերը կարդալիս կամ լսելիս. «Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»։2
Աստված զորություն ունի մեր ճանապարհն ավելի հեշտ դարձնելու։ Նա մանանայով կերակրեց իսրայելի զավակներին, երբ նրանք թափառում էին՝ փնտրելով խոստացված երկիրը։ Տերն Իր երկրային առաքելության ժամանակ բժշկեց հիվանդներին, կենդանացրեց մահացածներին և հանդարտեցրեց ծովը։ Իր Հարությունից հետո Նա բացեց «[բանտը] նրանց համար, ովքեր բանտարկյալ էին»։3
Այնուամենայնիվ, մարգարե Ջոզեֆ Սմիթը՝ Աստծո մեծագույն մարգարեներից մեկը, տառապեց բանտում և սովորեց այն դասը, որից մենք էլ ենք օգուտ քաղում, և որի կարիքն ունենք մեր հավատքի կրկնվող փորձությունների ժամանակ. «Եվ եթե քեզ գցեն հորը կամ մարդասպանների ձեռքը, և մահվան դատավճիռն անցնի վրայովդ. եթե քեզ գցեն ջրանդունդը. եթե բարձրացող ալիքը դավ նյութի քո դեմ. եթե կատաղի քամիները դառնան քո թշնամին. եթե երկինքները մթնեն, և բոլոր տարրերը համախմբվեն՝ ճանապարհը խոչընդոտելու. և այդ ամենից բացի, եթե դժոխքի ծնոտները լայն բացեն երախը, որպեսզի քեզ կուլ տան, իմացիր, որդի՛ս, որ այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար»։4
Գուցե մտածեք, թե ինչո՞ւ է սիրող և ամենազոր Աստված թույլ տալիս, որ մեր մահկանացու փորձությունն այդքան դժվար լինի։ Պատճառն այն է, որ Նա գիտի, որ մենք պետք է աճենք հոգևոր մաքրության և ամրության մեջ, որպեսզի կարողանանք հավերժ ապրել ընտանիքներով Նրա ներկայության մեջ։ Որպեսզի դա հնարավոր լինի, Երկնային Հայրը տվել է մեզ Փրկիչին և զորություն, որ հավատքով ինքնուրույն ընտրենք՝ պահել Նրա պատվիրանները, ապաշխարել և, այդպիսով, գալ Նրա մոտ։
Հոր երջանկության ծրագրի առանցքային նպատակն այն է, որ մենք ավելի նմանվենք Նրա Սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Ամեն ինչում Փրկիչի օրինակը մեր լավագույն ուղեցույցն է։ Նա ազատված չէր ստուգվելու անհրաժեշտությունից: Նա տառապեց Երկնային Հոր բոլոր զավակների համար՝ վճարելով մեր բոլոր մեղքերի գինը։ Նա զգաց բոլոր մարդկանց տառապանքները, ովքեր եկել են և կգան մահկանացու կյանք։
Երբ մտածում եք, թե որքան ցավի կարող եք դիմանալ, հիշեք Նրան։ Նա տարել է այն ցավերը, որոնցով դուք եք տառապում, որպեսզի իմանա, թե ինչպես բարձրացնի ձեզ: Գուցե Նա չհեռացնի բեռը, բայց ձեզ ուժ, մխիթարություն և հույս կտա։ Նա գիտի ուղին։ Նա խմել է դառը բաժակից։ Նա դիմացել է բոլորի ցավերին։
Սիրող Փրկիչը ձեր համար հոգ է տանում և մխիթարում է, Նա գիտի, թե ինչպես աջակցել ձեզ ցանկացած փորձության ժամանակ։ Ալման ուսուցանել է.
«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և դա՝ որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները:
Եվ նա իր վրա վեր կառնի մահ, որ կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների»։5
Նրա օգնության եղանակներից մեկը կլինի հրավիրել ձեզ՝ միշտ հիշել Իրեն և գալ Իր մոտ։ Նա մեզ հորդորել է․
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:
Ձեզ վերայ առէք իմ լուծը և ինձանից սովորեցէք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստութիւն կգտնէք»։6
Քրիստոսի մոտ գալու ուղին է՝ սնվել Նրա խոսքերով, հավատք գործադրել ապաշխարության համար, մկրտվել ու հաստատվել Նրա լիազորված ծառայի կողմից, և ապա՝ պահել Աստծո հետ կապած ուխտերը։ Նա ուղարկում է Սուրբ Հոգուն, որ լինի ձեր ուղեկիցը, մխիթարիչն ու առաջնորդը։
Եթե այնպես ապրեք, որ արժանի լինեք Սուրբ Հոգու պարգևին, Տերը կարող է ուղղորդել ձեզ դեպի անվտանգություն, նույնիսկ, եթե չեք տեսնում այդ ճանապարհը: Իմ դեպքում Նա շատ հաճախ ցույց է տվել հաջորդ մեկ կամ երկու քայլերը, որոնք պետք է կատարեի։ Ավելի հազվադեպ, Նա ինձ պատկերացում է տվել հեռավոր ապագայի մասին, բայց նույնիսկ այդ հազվադեպ պատկերացումներն առաջնորդում են առօրյա կյանքի իմ անելիքների ընտրությունը։
Տերը բացատրել է․
«Ներկայումս, դուք ձեր բնական աչքերով չեք կարող տեսնել ձեր Աստծո ծրագիրը, այն բաների վերաբերյալ, որոնք ապագայում տեղի են ունենալու, և փառքը, որը պիտի գա շատ նեղությունից հետո:
Քանզի շատ նեղությունից հետո գալիս են օրհնությունները»։7
Ամենամեծ օրհնությունը, որը կստանանք, երբ փորձությունների ժամանակ ապացուցենք, որ հավատարիմ ենք մեր ուխտերին, կլինի մեր էության փոփոխությունը։ Պահելով մեր ուխտերը, Հիսուս Քրիստոսի զորությունը և Նրա Քավության օրհնությունները կարող են գործարկվել մեր մեջ։ Մեր սրտերը փափկում են, որ սիրենք, ներենք և հրավիրենք մյուսներին գալ Փրկիչի մոտ։ Տիրոջ հանդեպ մեր վստահությունը մեծանում է: Նվազում են մեր վախերը։
Այժմ, նույնիսկ խոստացված այսպիսի օրհնությունների համար, որոնք կստանանք նեղությունների դիմաց, մենք նեղություններ չենք ուզում ունենալ։ Մահկանացու փորձառության շրջանում մենք լայն հնարավորություն կունենանք ստուգում անցնելու, ունենալու այնպիսի փորձություններ, որ ավելի նմանվենք Փրկիչին և մեր Երկնային Հորը:
Բացի այդ, մենք պարտավոր ենք նկատել մյուսների նեղությունները և փորձենք օգնել։ Դա հատկապես դժվար կլինի, երբ մենք ինքներս լուրջ փորձության մեջ լինենք։ Բայց մեկ ուրիշի բեռը թեկուզ մի փոքր թեթևացնելիս մենք կհայտնաբերենք, որ գոտեպնդվել ենք և մշուշի մեջ նշմարում ենք լույսը։
Այս բանում, Տերը մեր Օրինակն է։ Գողգոթայի խաչի վրա, երբ Նա արդեն այնպիսի մեծ ցավից էր տառապել, որ պետք է մահացած լիներ, եթե Աստծո Միածին Որդին չլիներ, Հիսուսը նայեց Իր դահիճներին և ասաց Հորը. «Հայր, թողիր դորանց. որովհետեւ չ’գիտեն թէ ի՛նչ են անում»։8 Տանջվելով բոլոր նրանց համար, ովքեր երբևէ կապրեին, Նա խաչից նայեց Հովհաննեսին և վշտի մեջ գտնվող Իր մորը, և սպասավորեց մորը նրա փորձության ժամանակ.
«Յիսուսն էլ տեսնելով իր մօրը եւ այն աշակերտին՝ որ սիրում էր, որ մօտիկ կանգնած էր, իր մօրն ասեց. Ով կին, ահա քո որդին։
Յետոյ ասեց աշակերտին. Ահա քո մայրը։ Եւ այն ժամանակից այն աշակերտն իրան մօտ առաւ նորան»։9
Այդ ամենասրբազան օրերից մեկի ժամանակ Հիսուսն Իր գործողություներով ինքնակամ տվեց Իր կյանքը յուրաքանչյուրիս համար՝ օգնություն առաջարկելով ոչ միայն այս կյանքում, այլև ապագայում՝ հավիտենական կյանքում։
Ես տեսել եմ, թե ինչպես են մարդիկ զարմանալի գործեր կատարում՝ հաստատելով իրենց հավատարմությունը սաստիկ փորձությունների ժամանակ: Եկեղեցու շարքերում այսօր կան օրինակներ։ Ձախորդությունը ծնկի է բերում մարկանց։ Իրենց հավատարիմ տոկունությամբ և ջանքերով նրանք ավելի են նմանվում Փրկիչին և մեր Երկնային Հորը:
Ես իմ մայրիկից մեկ այլ դաս էլ եմ սովորել: Երիտասարդ ժամանակ նա հիվանդացել էր դիֆթերիայով և մահվան շեմին էր հայտնվել: Ավելի ուշ նրա մոտ առաջացել էր ողնաշարի մենինգիտ։ Նրա հայրը երիտասարդ էր հեռացել կյանքից, և իմ մայրն ու նրա եղբայրները օգնել են մայրիկին։
Իր ամբողջ կյանքում նա զգացել է հիվանդություններից եկող փորձությունների ազդեցությունը: Կյանքի վերջին 10 տարիների ընթացքում նա բազմիցս վիրահատվել էր։ Այդ ամենի միջով անցնելիս նա հավատարիմ մնաց Տիրոջը, նույնիսկ, երբ գամված էր անկողնուն։ Նրա ննջասենյակի պատից կախված միակ նկարը Փրկիչի նկարն էր։ Մահանալուց առաջ ինձ ուղղված նրա վերջին խոսքերն էին. «Հալ, դու ոնց-որ մրսում ես: Դու պետք է հոգ տանես քո մասին»:
Նրա հուղարկավորության ժամանակ, վերջին խոսնակը Երեց Սպենսեր Վ․Քիմբալն էր։ Նրա փորձություններից և հավատարմությունից որոշ բաներ խոսելուց հետո, նա, ըստ էության, ասաց հետևյալը. «Գուցե ոմանք մտածեն, թե ինչո՞ւ պետք է Միլդրիդն այսքան շատ և այսքան երկար տառապեր: Ես կասեմ ձեզ՝ ինչու։ Քանի որ Տերը ցանկանում էր նրան մի փոքր ավելի հղկել»։
Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Հիսուս Քրիստոսի Եկեղեցու բազմաթիվ հավատարիմ անդամների համար, ովքեր կայուն հավատով կրում են իրենց բեռը և օգնում են ուրիշներին՝ կրել իրենցը, երբ Տերը ձգտում է նրանց մի փոքր ավելի հղկել: Ես նաև իմ սերն ու հիացմունքն եմ հայտնում աշխարհում բոլոր խնամատարների և ղեկավարների հանդեպ, ովքեր ծառայում են ուրիշներին, մինչ իրենք և իրենց ընտանիքները դիմանում են նման հղկման:
Ես վկայում եմ, որ մենք Երկնային Հոր զավակներն ենք, ով սիրում է մեզ: Ես զգում եմ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի սերը բոլորիս հանդեպ: Նա այսօր Տիրոջ մարգարեն է աշխարհում: Սա եմ ես վկայում Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: