2020
Աչքեր՝ որ տեսնեք
Նոյեմբեր 2020


Աչքեր՝ որ տեսնեք

Սուրբ Հոգու զորությամբ Քրիստոսը մեզ հնարավորություն կտա տեսնել մեզ և տեսնել ուրիշներին այնպիսին, ինչպիսին Նա է տեսնում։

Տեսնել Աստծո ձեռքը

Ես սիրում եմ Հին Կտակարանի այն երիտասարդի պատմությունը, ով ծառայում էր Եղիսե մարգարեին։ Մի օր վաղ առավոտյան երիտասարդն արթնացավ, դուրս գնաց և տեսավ, որ մի մեծ զորք պաշարել էր քաղաքը՝ նրանց կործանելու մտադրությամբ։ Նա վազեց Եղիսեի մոտ․ «Վա՜յ, տէր իմ, ի՞նչ անենք»։

Եղիսեն պատասխանեց․ «Մի վախենար․ որովհետեւ մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները»։

Եղիսեն գիտեր, որ երիտասարդին ավելին էր պետք, քան հանգստացնող հավաստիացումը․ նրան տեսիլք էր պետք։ Ուստի, «Եղիսէն աղօթք արաւ, … Ով Տէր, … բաց նորա աչքերը որ տեսնէ։ Եւ Տէրը բացաւ ծառայի աչքերը եւ նա տեսաւ, եւ ահա սարը լիքն էր հրեղէն ձիերով եւ կառքերով Եղիսէի շուրջը»։ 1

Կարող են լինել պահեր, երբ դուք ինքներդ, այդ ծառայի նման դժվարանում եք տեսնել, թե ինչպես է Աստված աշխատում ձեր կյանքում՝ ժամանակներ, երբ դուք ձեզ շրջափակման մեջ եք զգում, երբ մահկանացու կյանքի փորձությունները ձեզ ծնկի են բերում։ Սպասեք և ապավինեք Աստծուն և Նրա ժամանակին, քանի որ դուք կարող եք վստահել Նրա սրտին ձեր ողջ սրտով։ Բայց այս պատմությունից մի բան էլ ենք սովորում։ Իմ թանկագի՛ն քույրեր և եղբայրներ, դուք նույնպես կարող եք աղոթել Տիրոջը, որպեսզի բացի ձեր աչքերը, որ տեսնեք այն, ինչը սովորաբար չեք տեսնում։

Տեսնել մեզ այնպիսին, ինչպիսին տեսնում է Աստված

Մեզ համար, թերևս, ամենակարևորն այն է, որ հստակ տեսնենք, թե ով է Աստված, և ով ենք մենք իրականում․ երկնային ծնողների որդիներ և դուստրեր՝ «աստվածային էությամբ և հավերժական ճակատագրով»։ 2 Խնդրեք Աստծուն հայտնել ձեզ այդ ճշմարտությունները, ինչպես նաև այն, թե Նա ինչ կարծիք ունի ձեր մասին։ Որքան շատ և խորությամբ եք հասկանում ձեր իրական ինքնությունն ու նպատակը, այնքան դա ավելի շատ կազդի ամեն ինչի վրա ձեր կյանքում։

Տեսնել ուրիշներին

Հասկանալով թե ինչպիսին է Աստված տեսնում մեզ, ուղի ենք նախապատրաստում՝ օգնելու մեզ տեսնել ուրիշներին այնպիսին, ինչպիսին տեսնում է Նա։ Մամուլի տեսաբան Դեյվիդ Բրուքսն ասել է․ «Մեր հասարակության մեծագույն խնդիրներից շատերը բխում են այն մարդկանցից, ովքեր իրենց անտեսված ու չգնահատված են զգում։ … [Կա մի] հիմնական … հատկություն, որը մենք բոլորս պետք է … ավելի շատ զարգացնենք, [և դա] միմյանց հանդեպ խորաթափանց վերաբերմունք ցուցաբերելն է և ուրիշների կողմից նույն վերաբերմունքին արժանանալը»։ 3

Հիսուս Քրիստոսը տեսնում է մարդկանց հոգիների խորքերը։ Նա տեսնում է անհատների, նրանց կարիքները, և թե նրանք ով կարող են դառնալ։ Որտեղ ուրիշները տեսնում էին ձկնորսների, մեղավորների կամ մաքսավորների, Հիսուսը տեսավ աշակերտների, որտեղ ուրիշները տեսնում էին դևերով բռնված մի մարդու, Հիսուսը, անտեսելով նրա արտաքինը, ճանաչեց նրան և բուժեց նրան։ 4

Նույնիսկ մեր զբաղված կյանքում մենք կարող ենք հետևել Հիսուսի օրինակին և տեսնել անհատներին՝ նրանց կարիքները, հավատքը, պայքարը և ով կարող են դառնալ։ 5

Երբ ես աղոթում եմ, որ Տերը բացի իմ աչքերը, որ տեսնեմ այն, ինչը սովորաբար կարող եմ չտեսնել, ես հաճախ ինքս ինձ երկու հարց եմ տալիս և ուշադրություն եմ դարձնում ստացած տպավորություններին․ «Ի՞նչ եմ անում, որ պետք է դադարեմ անել» և «Ի՞նչ չեմ անում, որ պետք է սկսեմ անել»։ 6

Ամիսներ առաջ հաղորդության ընթացքում ես ինձ այս հարցերը տվեցի և զարմացա ստացած տպավորությունից։ «Հերթում սպասելիս մի՛ նայիր քո հեռախոսին»։ Հերթում կանգնած՝ հեռախոսին նայելը գրեթե մեխանիկորեն էր ստացվում․ կարծում էի, որ դա լավ պահ էր բազմազբաղ լինելու համար, ինչպես նաև էլեկտրոնային փոստին, կարևոր նորություններին կամ սոցիալական լրատվամիջոցների լրահոսին հետևելու համար։

Հաջորդ առավոտյան ես կանգնած էի խանութի երկար հերթում։ Ես հանեցի հեռախոսս և անմիջապես հիշեցի իմ ստացած տպավորությունը։ Հեռախոսս տեղը դրեցի և նայեցի շուրջս։ Նկատեցի մի տարեցի, որ կանգնած էր հերթի վերջում։ Նրա զամբյուղը գրեթե դատարկ էր․ այնտեղ ընդամենը մի քանի տուփ կատվի կեր էր դրված։ Ես ինձ մի փոքր անհարմար էի զգացի, բայց ասացի իսկապես խելացի մի բան․ «Ես տեսնում եմ, որ դուք կատու ունեք»։ Նա ասաց, որ փոթորիկ էր սպասվում, և ինքը չէր ուզում մնալ առանց կատվի կերի։ Մենք մի փոքր զրուցեցինք, ապա նա շրջվեց իմ կողմը և ասաց․ «Գիտեք, ես ոչ ոքի չեմ ասել այդ մասին, բայց այսօր իմ ծնունդն է»։ Դա շատ հուզիչ պահ էր։ Ես շնորհավորեցի նրա ծնունդը և երախտագիտության աղոթք ասացի մտովի, որ չէի տարվել իմ հեռախոսով և բաց թողել մեկ այլ մարդու իսկապես տեսնելու և նրա հետ շփվելու հնարավորությունը, որի կարիքը նա ուներ։

Իմ ողջ սրտով ես չեմ ուզում նմանվել Երիքովի ճանապարհով անցնող քահանային կամ Ղևտացուն․ նրանց, ովքեր նայում և անցնում են։ 7 Սակայն շատ հաճախ կարծում եմ, որ այդպես եմ անում։

Տեսնել փոքրիկ հանձնարարությունները, որոնք Աստված տալիս է ինձ

Ես վերջերս մի արժեքավոր դաս քաղեցի խորաթափանց լինելու վերաբերյալ Ռոզլին անունով մի պարմանուհուց։

Այդ պատմությունով ինձ հետ կիսվել էր ընկերուհիներիցս մեկը, ով խիստ վշտացած էր, որ 20 տարվա ամուսնությունից հետո ամուսինը հեռացել էր։ Քանի որ նրա երեխաները շաբաթվա կեսն էին անցկացնում իր հետ, եկեղեցի մենակ գնալու միտքը սարսափ էր ներշնչում։ Նա պատմում է․

«Եկեղեցում, որտեղ ընտանիքը ամենակարևորն է համարվում, միայնակ նստելը կարող է ցավ պատճառել։ Այդ առաջին կիրակին ես ներս մտա աղոթելով, որ ոչ ոք ինձ հետ չխոսեր։ Ես հազիվ էի տիրապետում ինձ ու զսպում արցունքներս։ Ես նստեցի իմ մշտական տեղում, հուսալով, որ ոչ ոք չէր նկատի, թե որքան դատարկ է թվում նստարանը։

Մեր ծխի երիտասարդ աղջիկներից մեկը շրջվեց և նայեց ինձ։ Ես ձևացրի, թե ժպտում եմ։ Նա նույնպես ժպտաց՝ ի պատասխան։ Ես մտահոգություն նկատեցի նրա դեմքին։ Ես լուռ աղերսում էի, որ նա չմոտենար ինձ և չխոսեր․ ես ոչ մի դրական բան չունեի ասելու և գիտեի, որ լաց կլինեմ։ Ես աչքերս խոնարհեցի և ձգտեցի խուսափել նրա հայացքից։

Հաջորդ մեկ ժամվա ընթացքում ես նկատում էի, որ նա հաճախ նայում էր իմ ուղղությամբ։ Ժողովի ավարտից անմիջապես հետո նա մոտեցավ ինձ։ «Ողջույն, Ռոզլին»,- շշնջացի ես։ Նա գրկեց ինձ և ասաց․ «Քույր Սմիթ, ես նկատում եմ, որ սա վատ օր է ձեր համար։ Շատ եմ ցավում։ Ես սիրում եմ ձեզ»։ Ինչպես և կանխատեսել էի, արցունքներս հորդեցին, երբ նա կրկին գրկեց ինձ։ Բայց երբ տուն էի վերադառնում, ինքս ինձ մտածեցի․ «Գուցե ինձ հաջողվի՞ անցնել այս ամենի միջով»։

Նկար
Ռոզլինը և Քույր Սմիթը

Այդ 16-ամյա անուշիկ պարմանուհին, ով երկու անգամ ինձնից երիտասարդ էր, մի ամբողջ տարի ամեն կիրակի մոտենում էր ինձ, գրկում և հարցնում էր. «Ինչպե՞ս եք»։ Եկեղեցի հաճախելիս դա շատ բան փոխեց իմ զգացողություններում։ Ճշմարտությունն այն է, որ ես սկսեցի ապավինել այդ գրկախառնություններին։ Կար մեկը, ով նկատում էր ինձ։ Կար մեկը, ով գիտեր, որ ես այնտեղ էի։ Կար մեկը, ով մտահոգվում էր իմ մասին»։

Ինչպես բոլոր պարգևների դեպքում, որոնք Հայրը պատրաստակամորեն առաջարկում է, խորաթափանցությունը պահանջում է մեզանից խնդրել Նրանից, իսկ հետո գործել։ Խնդրեք, որ տեսնեք ուրիշներին այնպիսին, ինչպիսին Նա է տեսնում՝ Նրա իրական որդիներ և դուստրեր՝ անսահման և աստվածային ներուժով։ Ապա գործեք՝ սիրելով, ծառայելով և հաստատելով նրանց արժեքն ու ներուժը՝ համաձայն հուշումների։ Երբ սա օրինաչափություն դառնա մեր կյանքում, մենք կնկատենք, որ դառնում ենք «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ …»։ 8 Մարդիկ կկարողանան ամբողջ սրտով վստահել մեզ։ Եվ այս օրինաչափությամբ մենք նաև կբացահայտենք մեր իսկ իրական ինքնությունն ու նպատակը։

Նկար
Փրկիչը բժշկելիս

Ընկերուհիս կիսվել է ևս մեկ փորձառությամբ, մինչ միայնակ նստել էր այդ նույն դատարկ նստարանին, խորհելով, թե արդյոք իր տանը ավետարանով ապրելու այդ 20 տարիների բոլոր ջանքերը զուր էին անցել։ Նրան ավելին էր պետք, քան հանգստացնող հավաստիացում․ նրան տեսիլք էր պետք։ Նա զգաց, որ մի հարց թափանցեց իր սիրտը. «Ինչո՞ւ ես արել այդ բաները։ Դու արել ես դրանք վարձատրությա՞ն, ուրիշների գովասանքի՞ կամ գուցե ցանկալի արդյունքի՞ համար»։ Նա մի պահ տատանվեց, քննելով իր սիրտը, ապա կարողացավ վստահորեն պատասխանել. «Ես այդ ամենն արել եմ, քանի որ սիրում եմ Փրկիչին։ Եվ ես սիրում եմ Նրա ավետարանը»։ Տերը բացեց նրա աչքերը, որ օգնի նրան տեսնել։ Տեսիլքի այս հասարակ, սակայն զորեղ փոփոխությունը օգնեց նրան շարունակել առաջ ընթանալ Քրիստոսի հանդեպ հավատքով՝ անկախ իր հանգամանքներից։

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը սիրում է մեզ և կարող է տալ մեզ աչքեր՝ որ տեսնեք՝ նույնիսկ երբ դժվար է, նույնիսկ, երբ մենք հոգնած ենք, նույնիսկ, երբ մենք միայնակ ենք և նույնիսկ, երբ արդյունքները չեն արդարացնում մեր հույսերը։ Իր շնորհով Նա կօրհնի մեզ և կմեծացնի մեր ունակությունները։ Սուրբ Հոգու զորությամբ Քրիստոսը մեզ հնարավորություն կտա տեսնել մեզ և տեսնել ուրիշներին այնպիսին, ինչպիսին Նա է տեսնում։ Նրա օգնությամբ մենք կարող ենք հասկանալ, թե որն է ամենակարևորը։ Մենք կարող ենք սկսել տեսնել, թե ինչպես է Տիրոջ ձեռքը գործում մեր կյանքի սովորական մանրամասներում և դրանց միջոցով․ մենք կդառնանք խորաթափանց։

Եվ որպեսզի հետո՝ այդ մեծ օրը, «երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման. քանզի մենք պիտի տեսնենք նրան, ինչպես որ ինքն է. որ մենք կարողանանք ունենալ այդ հույսը», 9 ես այսպես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Դ Թագավորաց 6․15–17:

  2. Տես Երիտասարդ Կանանց Թեմա, ChurchofJesusChrist.org։

  3. David Brooks, “Finding the Road to Character” (Brigham Young University forum address, Oct. 22, 2019), speeches.byu.edu.

  4. Տես Մարկոս 5․1-15։

  5. «Լուրջ բան է՝ ապրել հնարավոր աստվածների և աստվածուհիների հասարակության մեջ, հիշել, որ ամենաձանձրալի … ամենաանհետաքրքիր անձը, որի հետ դուք կարող եք խոսել, մի օր կարող է լինել այն էակը, որին, եթե տեսնեք այժմ, երկրպագելու ուժեղ գայթակղություն կզգաք։ … Չկան հասարակ մարդիկ»։ (C. S. Lewis, The Weight of Glory [2001], 45–46)։

  6. Քիմ Բ․ Քլարկ, «Շրջապատված կրակով», (Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների հեռարձակում, Օգոստոսի 4, 2015), ChurchofJesusChrist.org։

  7. Տես Ղուկաս 10.30-32։

  8. Մորոնի 7.48:

  9. Մորոնի 7.48, շեշտադրումն ավելացված է։