2020
Իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ Աստուծոյ հետ
Նոյեմբեր 2020


Իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ Աստուծոյ հետ

«Իրավունք անել» նշանակում է պատվով գործել։ Մենք պատվում ենք Աստծուն, երբ խոնարհությամբ ենք վարվում Նրա հետ։ Մենք պատվում ենք ուրիշներին, երբ սիրում ենք ողորմությունը։

Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ և Վերջին Օրերի Սրբեր, մենք ձգտում ենք, և մեզ խրախուսում են ձգտել ավելի լավ գործել և ավելի լավը լինել։1 Հավանաբար դուք, ինչպես ես, խորհել եք,՝ «Արդյո՞ք ես բավարար ջանքեր եմ գործադրում»։ «Ուրիշ ի՞նչ կարող եմ անել» կամ «Ես, որպես անկատար էակ, ինչպես կարող եմ որակվել «բնակվել[ու] Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում»։2

Հին Կտակարանի մարգարե Միքիան հարցը ձևակերպել է այսպես․ «Ես ի՞նչով դիմաւորեմ Տիրոջը, ընկնեմ Բարձրեալ Աստուծոյ առաջին»։3 Միքիան զավեշտով մտածում էր՝ գուցե հենց մեծաթիվ զոհաբերությունները բավարար լինեն մեղքը փոխհատուցելու համար, ասելով. «Մի՞թէ Տէրը կհաճի հազարաւոր խոյերի, կամ բիւրաւոր իւղի գետերի․ Արդե՞օք իմ անդրանիկը տամ … իբրեւ իմ անձի մեղքի զոհ … »։4

Պատասխանն է՝ ոչ։ Լավ գործերը բավարար չեն։ Փրկությունը չեն վաստակում։5 Միքիան գիտեր, որ նույնիսկ ամենամեծ զոհաբերություններն անգամ չեն կարող փրկագնել ամենափոքր մեղքը։ Երբ ապավինում ենք սեփական հնարավորություններին՝ Աստծո մոտ վերադառնալու և Նրա հետ ապրելու հեռանկարն անհուսալի է դառնում։6

Առանց Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օրհնությունների՝ մենք երբեք չենք կարող ինքներս բավականաչափ անել կամ լինել։ Բարի լուրը, ինչևէ, այն է, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ և միջոցով մենք կարող ենք դառնալ բավականաչափ լավը։7 Բոլոր մարդիկ կփրկվեն ֆիզիկական մահից Աստծո շնորհով՝ Հիսուս Քրիստոսի մահվան և Հարության միջոցով։8 Եվ եթե մենք մեր սրտով դառնանք առ Աստված, հոգևոր մահից փրկվելը հնարավոր կլինի բոլորի համար «[Հիսուս] Քրիստոսի Քավության շնորհիվ … հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին»։9 Մենք կարող ենք փրկագնվել մեղքից՝ անբիծ ու անարատ կանգնելու Աստծո առաջ։ Ինչպես բացատրել է Միքիան՝ «[Աստված] քեզ յայտնել է, ով մարդ, թէ ինչ է բարին. Եւ Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ քո Աստուծոյ հետ»։10

Առ Աստված մեր սիրտը դարձնելու և փրկությանը արժանի դառնալու Միքիայի ուղին պարունակում է երեք փոխկապակցված տարրեր։ Իրաւունք անել նշանակում է պատվել Աստծուն և այլ մարդկանց։ Մենք պատվում ենք Աստծուն, երբ խոնարհությամբ ենք վարվում Նրա հետ։ Մենք պատվում ենք ուրիշներին, երբ սիրում ենք ողորմությունը։ Հետևաբար, իրավունք անելը առաջին և երկրորդ մեծ պատվիրանների գործնական կիրառում է՝ «Սիրիր Տիրոջը քո Աստծուն քո ողջ սրտով, և քո ողջ հոգով և քո ողջ մտքով, … [և] սիրիր քո ընկերին քո անձի պես»։11

«Իրավունք անել և խոնարհութեամբ վարուիլ Աստուծոյ հետ» նշանակում է՝ միտումնավոր կերպով հեռացնել մեր ձեռքն անօրինությունից, գնալ Նրա օրենքներով և իսկապես հավատարիմ մնալ։12 Արդար մարդը շրջվում է մեղքից և դառնում Աստծուն, ուխտեր է կապում Նրա հետ և պահում այդ ուխտերը։ Արդար մարդն ընտրում է հնազանդվել Աստծո պատվիրաններին, ապաշխարում է սխալվելիս և շարունակում է փորձել։

Երբ հարություն առած Քրիստոսն այցելեց նեփիացիներին, Նա բացատրեց, որ Մովսեսի օրենքը փոխարինվել էր ավելի բարձր օրենքով։ Նա հրահանգեց նրանց, որ «այլև …չպետք է մատուցեն … զոհեր և ողջակեզներ», այլ մատուցեն «կոտրված սիրտ և փշրված հոգի»։ Նա նաև խոստացավ․ «Եվ ով որ գալիս է ինձ մոտ կոտրված սրտով և փշրված հոգով, նրան ես կմկրտեմ կրակով և Սուրբ Հոգով»։13 Երբ մկրտվելուց հետո մենք ստանում և օգտագործում ենք Սուրբ Հոգու պարգևը, մենք կարող ենք վայելել Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը և ուսուցանվել բոլոր բաները, որ մենք պետք է անենք,14 ներառյալ, թե ինչպես խոնարհաբար քայլել Աստծո հետ։

Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը մեղքի համար և փրկությունը հոգևոր մահից հասանելի են նրանց համար, ովքեր ունեն կոտրված սիրտ և փշրված հոգի։15 Կոտրված սիրտը և փշրված հոգին հուշում են մեզ ուրախությամբ ապաշխարել և փորձել ավելի նմանվել մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Երբ մենք դա անում ենք, ստանում ենք Փրկիչի մաքրագործող, բժշկող և ամրացնող զորությունը։ Մենք ոչ միայն «իրավունք ենք անում և խոնարհությամբ վարվում Աստծո հետ», այլ նաև սովորում ենք ողորմություն սիրել այնպես, ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը։

Աստված ողորմած է և ուրախանում է ողորմածությամբ։ Համաձայն Եհովային ուղղված Միքիայի խոսքերի՝ «Ո՞վ է Աստուած քեզ նման, անօրէնութիւն վեր առնող, … մեզ պիտի ողորմէ» և «բոլոր մեղքերը … կգցես ծովի խորքերը»։16 Աստծո նման ողորմություն սիրելը անքակտելիորեն կապված է ուրիշների հետ արդարությամբ վարվելու և նրանց հետ վատ չվերաբերվելու հետ։

Ուրիշների հետ վատ չվերաբերվելու կարևորությունն ընդգծվում է հրեա գիտնական Հիլելի մասին մի ակնարկում, ով ապրել է Քրիստոսից առաջ առաջին դարում։ Հիլելի ուսանողներից մեկին նյարդայնացնում էր Թորայի բարդությունը՝ Մովսեսի հինգ գրքերն իրենց 613 պատվիրաններով և ռաբիի մեկնաբանություններով։ Ուսանողը մարտահրավեր նետեց Հիլելին, որ բացատրի Թորան այնքան ժամանակում, որքան Հիլելը կարող էր կանգնել մեկ ոտքի վրա։ Հիլելը գուցե չուներ գերազանց հավասարակշռություն, սակայն ընդունեց մարտահրավերը։ Նա մեջբերում կատարեց Ղևտացոց գրքից, ասելով․ «Վրէժ չառնես, եւ քո ժողովրդի որդիներին ոխ չպահես, այլ քո ընկերին սիրես քո անձի պէս. Ես եմ Եհովան»։17 Ապա Հիլելը եզրակացրեց․ «Այն, ինչն ատելի է քեզ համար, մի՛ արա քո հարևանի նկատմամբ։ Դա է ամբողջ Թորան․ մնացածը մեկնաբանություններ են։ Գնա և սովորիր»։18

Ուրիշների հանդեպ միշտ հարգալից լինելը ողորմություն սիրելու մի մասն է։ Խորհեք մի զրույցի շուրջ, որը լսել եմ տասնամյակներ առաջ Միացյալ Նահանգների Բալթիմոր քաղաքի (Մերիլենդ) Ջոնս Հոփքինսի հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունքում։ Հիվանդը՝ պարոն Ջեքսոնը, քաղաքավարի, հաճելի մարդ էր, ում լավ էր ճանաչում հիվանդանոցի անձնակազմը։ Նախկինում նա բազմիցս հոսպիտալացվել էր ալկոհոլիզմի հետ կապված հիվանդությունների բուժման համար։ Այս անգամ պարոն Ջեքսոնը վերադարձել էր հիվանդանոց նախանշաններով, որոնք ախտորոշվեցին որպես ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ ալկոհոլի ազդեցության պատճառով։

Իր հերթափոխի ավարտին աշխատասեր և հարգարժան բժիշկ Քոհենը քննեց պարոն Ջեքսոնին և հաստատեց, որ հոսպիտալացումը ճիշտ որոշում է։ Բժիշկ Քոհենը հանձնարարեց բժիշկ Ջոնսին՝ հերթափոխի հաջորդ բժշկին, ընդունել պարոն Ջեքսոնին և վերահսկել նրա բուժումը։

Բժիշկ Ջոնսը ավարտել էր հեղինակավոր բժշկական համալսարան և նոր էր սկսում իր ուսումը ասպիրանտուրայում։ Այս հոգնեցուցիչ պարապմունքները հաճախ պահանջում էին անքուն գիշերներ, ինչը, հավանաբար, նպաստեց բժիշկ Ջոնսի բացասական արձագանքին։ Գիշերվա ընթացքում ընդունելով հինգերորդ հիվանդին՝ նա բարձրաձայն բողոքեց բժիշկ Քոհենին։ Նա կարծում էր, որ անարդար է, որ ինքը ստիպված է շատ ժամեր ծախսել պարոն Ջեքսոնի մասին հոգ տանելու համար, քանի որ, ի վերջո, իր ծանր վիճակի մեղավորը հենց ինքն էր։

Բժիշկ Քոհենի ընդգծված պատասխանը գրեթե շշուկով արտասանվեց։ Նա ասաց․ «Բժիշկ Ջոնս, դուք բժիշկ եք դարձել, որպեսզի հոգ տանեք մարդկանց մասին և աշխատեք բուժել նրանց։ Դուք բժիշկ չեք դարձել նրանց քննադատելու համար։ Եթե չեք հասկանում դրանց տարբերությունը, դուք իրավունք չունեք աշխատելու այս հաստատությունում»։ Այդ ուղղումից հետո բժիշկ Ջոնսը հոսպիտալացման ընթացքում ջանասիրաբար հոգ էր տանում պարոն Ջեքսոնին։

Պարոն Ջեքսոնը շուտով մահացավ։ Թե՛ բժիշկ Ջոնսը և թե՛ բժիշկ Քոհենը հաջողակ կարիերա ունեցան։ Բայց իր ուսուցման վճռական պահին բժիշկ Ջոնսին հարկավոր էր հիշեցում, որ «իրավունք անի, ողորմություն սիրի» և հոգ տանի պարոն Ջեքսոնի մասին՝ առանց քննադատելու։19

Տարիների ընթացքում ես օգուտ եմ քաղել այդ հիշեցումից։ Ողորմություն սիրել նշանակում է, որ մենք ոչ միայն սիրում ենք ողորմությունը, որն Աստված շնորհում է մեզ․ մենք ուրախանում ենք, երբ Աստված նույն ողորմությունն է շնորհում ուրիշներին։ Եվ մենք հետևում ենք Նրա օրինակին։ «Բոլորը նույնն են Աստծո համար»20 և բոլորիս անհրաժեշտ է հոգևոր հոգածություն, որպեսզի օգնեն մեզ և բժշկեն։ Տերն ասել է. «Դուք մի մարմին չպիտի բարձր համարեք մեկ ուրիշից, կամ մարդ չպիտի իրեն բարձր համարի մեկ ուրիշից»։21

Հիսուս Քրիստոսն Իր օրինակով ցուց տվեց, թե ինչ է նշանակում իրավունք անել և ողորմություն սիրել։ Նա ազատ շփվում էր մեղավորների հետ՝ պատվելով նրանց և հարգանք ցուցաբերելով։ Նա ուսուցանեց Աստծո պատվիրանները պահելու ուրախության մասին և ձգտել բարձրացնել նրանց, այլ ոչ թե դատապարտել նրանց, ովքեր մաքառումների մեջ էին։ Նա դատապարտում էր նրանց, ովքեր մեղադրում էին Նրան՝ իրենց կարծիքով անարժաններին ծառայելու համար։22 Նման ինքնարդարացումը հաճելի չէր Նրան և մինչ օրս էլ հաճելի չէ։23

Քրիստոսանման լինելու համար մարդը պետք է «իրավունք անի», պատվի թե՛ Աստծուն և թե՛ այլ մարդկանց։ Արդար մարդը քաղաքավարի խոսք և վարք ունի, նաև գիտակցում է, որ հայացքների կամ համոզմունքների տարբերությունները չեն բացառում բարյացակամությունն ու անկեղծ ընկերությունը։ Անհատները, ովքեր «իրավունք են անում», «մեկը մյուսին վնասելու միտք չեն ունենա, այլ խաղաղությամբ ապրելու»24 միմյանց հետ։

Քրիստոսանման լինելու համար մարդը սիրում է ողորմությունը։ Ողորմություն սիրող մարդիկ չեն դատում ուրիշներին. նրանք կարեկցանք են դրսևորում ուրիշների հանդեպ, հատկապես նրանց, ովքեր ավելի քիչ հաջողակ են. նրանք ողորմած են, բարի և հարգալից։ Այս անհատները սիրով և ըմբռնումով են վերաբերվում յուրաքանչյուրին, հաշվի չառնելով ռասան, սեռը, կրոնական պատկանելությունը, սեռական կողմնորոշումը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը և ցեղային, տոհմական կամ ազգային տարբերությունները։ Դրանց փոխարինում է Քրիստոսանման սերը։

Քրիստոսանման լինելու համար մարդն ընտրում է Աստծուն,25 խոնարհությամբ է վարվում Նրա հետ, ձգտում է գոհացնել Նրան և պահում Նրա հետ կապած ուխտերը։ Աստծո հետ խոնարհությամբ վարվողները հիշում են, թե Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսն ինչ են արել իրենց համար։

Արդյո՞ք ես բավարար ջանքեր եմ գործադրում։ Ուրիշ ի՞նչ կարող եմ անել։ Գործողությունը, որը մենք անում ենք ի պատասխան այս հարցերի, կարևոր դեր ունի այս կյանքում և հավերժության մեջ մեր երջանկության համար։ Փրկիչը չի ցանկանում, որ մենք սխալ ընկալենք փրկությունը։ Նույնիսկ սրբազան ուխտեր կապելուց հետո հնարավոր է «շնորհից ընկնել և հեռանալ կենդանի Աստծուց»։ Ուստի մարդը պետք է «զգուշանա և միշտ աղոթի», որպեսզի «գայթակղության մեջ» չընկնի։26

Միևնույն ժամանակ, մեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը չեն ցանկանում, որ անընդհատ անորոշ վիճակում լինելը մեզ շեղի մեր մահկանացու ճամփդության ընթացքում, մտածելով, թե արդյո՞ք մենք բավարար ջանքեր ենք գործադրել փրկվելու և վեհացվելու համար։ Նրանք, անկասկած, չեն ցանկանում, որ մեզ տանջեն սխալները, որոնց համար մենք զղջացել ենք, կարծելով, որ դրանք վերքեր են, որոնք երբեք չեն ապաքինվում,27 կամ չափազանց վախենալ, որ մենք կարող ենք նորից սայթաքել։

Մենք կարող ենք գնահատել մեր սեփական առաջընթացը։ Մենք կարող ենք իմանալ, որ «կյանքի ընթացքը [որին մենք հետևում ենք] Աստծո կամքին համապատասխան է»,28 երբ մենք «իրավունք ենք անում, ողորմություն սիրում և խոնարհությամբ վարվում» մեր Աստծո հետ։ Մենք ձուլում ենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հատկությունները մեր բնավորության մեջ և սիրում ենք միմյանց։

Երբ դուք անեք այդ բաները, դուք կհետևեք ուխտի արահետին և արժանի կդառնաք «բնակվել Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում»։29 Ձեր հոգիները կլցվեն Աստծո փառքով և հավիտենական կյանքի լույսով։30 Դուք կլցվեք անսահման ուրախությամբ։31 Ես վկայում եմ, որ Աստված ապրում է և, որ Հիսուսը Քրիստոսն է, մեր Փրկիչը և Քավիչը, ով սիրով և ուրախությամբ ողորմում է բոլորին։ Արդյո՞ք դա հիանալի չէ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։