2020
Համբերության զորությունը
Նոյեմբեր 2020


Համբերության զորությունը

Միայն հավատքն ու Աստծո խոսքը, որոնք լցնում են մեր հոգին ներքուստ, բավարար են մեզ օգնելու և թույլ տալու, որ ունենանք Նրա զորությունը:

Վերընթերցելով մեր սիրելի մարգարե Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուսմունքները, ես գտա մի բառ, որը նա հաճախ է օգտագործել շատ ելույթներում: Այդ բառը զորությունն է։

Առաքյալ հաստատվելուց հետո առաջին գերագույն համաժողովում Նախագահ Նելսոնը խոսել է զորության մասին:1 Տարիների ընթացքում նա շարունակել է ուսուցանել, թե ինչ է զորությունը։ Սկսած այն պահից, երբ մենք հաստատել ենք Նախագահ Նելսոնին որպես մեր մարգարե, նա ուսուցանել է զորության սկզբունքը, մասնավորապես՝ Աստծո զորության, և թե ինչպես այն կարող է հասանելի լինել մեզ համար։ Նա ուսուցանել է, թե ինչպես կարող ենք ապավինել Աստծո զորությանը, երբ ուրիշներին ենք ծառայում,2 ինչպես է ապաշխարությունը մեր կյանք հրավիրում Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության զորությունը,3 և ինչպես է քահանայությունը՝ Աստծո զորությունն ու իշխանությունը, օրհնում բոլորին, ովքեր Նրա հետ ուխտեր են կապում և պահում։4 Նախագահ Նելսոնը վկայել է, որ Աստծո զորությունը հորդում է նրանց վրա, ովքեր օժտվել են տաճարում և պահում են իրենց ուխտերը։5

Ինձ հատկապես հուզեց այն մարտահրավերը, որը Նախագահ Նելսոնը հնչեցրեց 2020 թվականի ապրիլի գերագույն համաժողովում: Նա հրահանգեց մեզ․ «Ուսումնասիրեք և աղոթեք, որպեսզի ավելին իմանաք այն զորության և գիտելիքի մասին, որոնցով օժտվել եք, կամ որոնցով դեռ կօժտվեք»։6

Այս մարտահրավերին արձագանքելով՝ ես ուսումնասիրել, աղոթել և իմացել եմ որոշ օգտակար բաներ այն զորության և գիտելիքների մասին, որոնցով ես օժտվել եմ, կամ՝ դեռ կօժտվեմ:

Հեշտ չէ հասկանալ, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի ունենանք Աստծո զորությունը մեր կյանքում, բայց ես հասկացել եմ, որ դա հնարավոր է՝ ուսումնասիրելով այն մեր մտքում և աղոթելով, որ Սուրբ Հոգին լուսավորի մեզ:7 Երեց Ռիչարդ Գ. Սքոթը հստակ սահմանել է, թե որն է Աստծո զորությունը. դա «զորություն է՝ անելու ավելին, քան մենք կարող ենք անել ինքներս»։8

Մեր սիրտը և նույնիսկ հոգին Աստծո խոսքով լցնելը, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի հիմքն ունենալն էական է, որպեսզի կարողանանք օգտվել Աստծո զորությունից, որը կօգնի մեզ այս դժվար ժամանակներում։ Եթե Աստծո խոսքը և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը չտանենք մեր սրտի խորքը, մեր վկայությունները և հավատքը կարող են ձախողվել, և մենք կարող ենք զրկվել այն զորությունից, որն Աստված ուզում է մեզ տալ։ Մակերեսային հավատքը բավարար չէ։ Միայն հավատքն ու Աստծո խոսքը, որոնք լցնում են մեր հոգին ներքուստ, բավարար են մեզ օգնելու և թույլ տալու համար, որ ունենանք Նրա զորությունը:

Մեր երեխաներին դաստիարակելիս ես և քույր Ջոնսոնը նրանց քաջալերեցինք, որ սովորեն նվագել որևէ երաժշտական գործիք։ Բայց մենք երեխաներին ասացինք, որ թույլ կտանք հաճախել երաժշտության դասերին միայն այն դեպքում, եթե իրենք էլ կատարեն իրենց բաժինը և ամեն օր պարապեն գործիքով: Մի շաբաթ օր մեր դուստրը` Ջեյլինը, ոգևորված էր, քանի որ գնալու էր իր ընկերների հետ խաղալու, սակայն նա դեռ չէր պարապել դաշնամուրի դասը։ Քանի որ պարտավորվել էր 30 րոպե պարապել, նա որոշեց ժամաչափ դնել, որովհետև չէր ուզում պարապել պահանջվածից նույնիսկ մեկ րոպե ավել։

Դաշնամուրին մոտենալիս, երբ անցնում էր միկրոալիքային վառարանի կողքով, նա կանգ առավ և մի քանի կոճակ սեղմեց։ Բայց ժամաչափը դնելու փոխարեն, նա ծրագրավորեց միկրոալիքային վառարանի 30 րոպե եփելու կոճակը և սեղմեց «Սկիզբ»: Մոտ 20 րոպե պարապելուց հետո նա գնաց խոհանոց՝ ստուգելու, թե որքան ժամանակ է մնացել և տեսավ, որ միկրոալիքային վառարանը վառվում է։

Ապա նա վազեց դեպի բակ, որտեղ ես աշխատում էի՝ բղավելով, որ տունն այրվում է: Ես արագ վազեցի տուն և, իրոք՝ միկրոալիքային վառարանը բոցավառվում էր։

Տունն այրվելուց փրկելու ջանքերում ես հոսանքից անջատեցի միկրոալիքային վառարանը, և հոսանքալարից քաշելով, հեռացրի այրվող վառարանը սեղանի վրայից։ Հույս ունենալով հերոսանալ և փրկել օրն ու մեր տունը, ես հոսանքալարի օգնությամբ շրջանաձև պտտում էի բոցավառվող վառարանը, որ այն հեռու մնա իմ մարմնից, ապա հասնելով բակ, մեկ այլ ճոճող շարժումով նետեցի այն դեպի մարգերը։ Այնտեղ, մենք կարողացանք ջրով մարել կրակը:

Ի՞նչն այնպես չգնաց։ Միկրոալիքային վառարանն էներգիա կլանելու համար ինչ-որ բանի կարիք ունի, և երբ ներսում ոչինչ չկա դրված, վառարանը կլանում է սեփական էներգիան, տաքանում է, և կարող է բռնկվել` ինքնաոչնչանալով կրակի ու մոխրի կույտի մեջ։9 Մեր միկրոալիքային վառարանը բռնկվեց և այրվեց, քանի որ ներսում ոչինչ չկար դրված:

Նմանապես, այն մարդիկ, ովքեր իրենց սրտի խորքում ունեն հավատք և Աստծո խոսքը, կկարողանան կլանել ու հաղթահարել կրակոտ նետերը, որոնք հակառակորդը հաստատ կուղարկի՝ մեզ ոչնչացնելու համար:10 Հակառակ դեպքում, մեր հավատը, հույսը և համոզմունքը կարող են չդիմանալ, և մենք կարող ենք զոհ դառնալ, դատարկ միկրոալիքային վառարանի նման։

Ես հասկացել եմ, որ Աստծո խոսքն իմ հոգու խորքում ունենալը, զուգորդված Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ հավատքով, թույլ է տալիս ինձ ապավինել Աստծո զորությանը` հաղթահարելու հակառակորդին և այն ամենը, ինչ նա կարող է նետել ինձ վրա։ Դժվարությունների հանդիպելիս մենք կարող ենք ապավինել Տիրոջ խոստմանը, որ ուսուցանել է Պողոսը․ «Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան»։11

Մենք գիտենք, որ մանուկ հասակում Փրկիչը «աճում էր եւ զօրանում հոգիով՝ իմաստութիւնով լցուած. Եւ Աստուծոյ շնորհքը նորա վերայ էր»։12 Մենք գիտենք, որ երբ մեծացավ, «Հիսուսը զարգանում էր իմաստութիւնով և հասակով, և շնորհքով` Աստուծոյ և մարդկանց մոտ»։13 Եվ մենք գիտենք, որ երբ Նրա ծառայությունը սկսվեց, Նրան լսողները «զարմանում էին նորա վարդապետութեան վերայ, որ նորա խօսքը իշխանութիւնով էր»։14

Պատրաստվելու միջոցով Փրկիչը աճեց զորությամբ և կարողացավ դիմակայել սատանայի բոլոր գայթակղություններին։15 Երբ հետևում ենք Փրկիչի օրինակին և պատրաստվում՝ ուսումնասիրելով Աստծո խոսքը և խորացնելով մեր հավատքը, մենք նույնպես կարող ենք ապավինել Աստծո զորությանը՝ գայթակղություններին դիմակայելու համար։

Ժողովների սահմանափակումների այս ժամանակահատվածում, երբ անհնար է տաճարի կանոնավոր այցելությունը, ես իրականում որոշել եմ, որ շարունակեմ ուսումնասիրել և ավելին իմանալ Աստծո զորության մասին, որը ստանում ենք, երբ տաճարային ուխտեր ենք կապում և պահում։ Ինչպես խոստացված է Կիրթլենդի տաճարի նվիրագործման աղոթքում, մենք տաճարից դուրս ենք գալիս՝ զինված Աստծո զորությամբ։16 Սպառման ժամկետ չկա այն զորության համար, որն Աստված տալիս է նրանց, ովքեր կապում և պահում են տաճարային ուխտեր, ոչ էլ կա որևէ սահմանափակում՝ համավարակի ընթացքում այդ զորությունից օգտվելու համար։ Նրա զորությունը նվազում է մեր կյանքում միայն այն դեպքում, երբ մենք թերանում ենք պահել մեր ուխտերը և չենք ապրում այնպես, որ շարունակաբար արժանի լինենք ստանալ Նրա զորությունը։

Երբ ես և իմ սիրելի կինը ծառայում էինք որպես միսիայի ղեկավարներ Թաիլանդում, Լաոսում և Մյանմայում, մենք անմիջական ականատեսները եղանք Աստծո զորության, որը ստանում են նրանք, ովքեր տաճարում սուրբ ուխտեր են կապում և պահում։ Տաճարի այցելուների օգնության ֆոնդը հնարավորություն տվեց, որ այս երեք երկրների սրբերից շատերը այցելեն տաճար՝ անձնական զոհաբերության և նախապատրաստության միջոցով հնարավոր ամեն բան անելուց հետո։ Ես հիշում եմ, որ Թայլանդի Բանգկոկի օդանավակայանում հանդիպեցինք լաոսցի 20 հավատարիմ սրբերից կազմված խմբի հետ, որպեսզի օգնեինք նրանց տեղափոխվել Բանգկոկի մեկ այլ օդանավակայան՝ դեպի Հոնկոնգ թռչելու համար։ Այս անդամներն այնպիսի ոգևորությամբ էին լցված, քանի որ վերջապես գնալու էին Տիրոջ տուն:

Նկար
Անդամները Լաոսում

Երբ մենք հանդիպեցինք այս բարի սրբերին վերադարձի ժամանակ, ակնհայտ ավելացել էր ավետարանի հետ կապված հասունությունը և այն զորությունը, որը կապված էր իրենց տաճարային օժտումը ստանալու և Աստծո հետ ուխտեր կապելու հետ: Այս սրբերը միանշանակ դուրս էին եկել տաճարից «[Նրա] զորությամբ զինված»:17 Այս զորությունը՝ անելու ավելին, քան նրանք կարող էին անել, նրանց ուժ տվեց դիմանալու իրենց հայրենի երկրում Եկեղեցու անդամության մարտահրավերներին և առաջ շարժվել, «չափազանց մեծ և փառավոր ավետիք տանել, ճշմարտությամբ»,18 Տիրոջ արքայությունը Լաոսում կառուցելու ճանապարհին։

Այն ժամանակ, երբ մենք չէինք կարող այցելել տաճար, արդյո՞ք յուրաքանչյուրս ապավինել ենք տաճարում կապած ուխտերին՝ մեր կյանքում հստակ, անփոփոխ ուղղություն սահմանելու համար: Այս ուխտերը, եթե պահվեն, մեզ տեսլական և սպասումներ են տալիս ապագայի վերաբերյալ և հստակ վճռականություն՝ արժանի լինել ստանալու այն ամենը, ինչ Տերը խոստացել է մեր հավատարմության դեպքում:

Ես հրավիրում եմ ձեզ փնտրել այն զորությունը, որն Աստված ցանկանում է տալ ձեզ։ Ես վկայում եմ, որ ձգտելով ունենալ այս զորությունը, մենք կօրհնվենք՝ ավելի լավ հասկանալով այն սերը, որը մեր Երկնային Հայրը տածում է մեր հանդեպ:

Ես վկայում եմ, որ քանի որ Երկնային Հայրը սիրում է ինձ և ձեզ, Նա ուղարկել է Իր սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ լինի մեր Փրկիչը և Քավիչը: Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի մասին, Նրա, ով ունի ողջ զորությունը,19 և դա անում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: