2020
Արթուն կացէք և ամեն ժամանակ աղոթք արէք
Նոյեմբեր 2020


Արթուն կացէք և ամեն ժամանակ աղոթք արէք

Այսօր իմ աղոթքի կոչն եմ հղում աշխարհի բոլոր երկրների բոլոր մարդկանց:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Իր մահկանացու ծառայության վերջին շաբաթվա ընթացքում Հիսուսը ուսուցանեց իր աշակերտներին․ «Ուրեմն արթո՛ւն կացեք ու ամեն ժամ աղոթե՛ք, որ արժանի լինեք փրկվելու այն ամենից, որ տեղի է ունենալու, և կանգնելու Մարդու Որդու առաջ»։1

Նրա Երկրորդ գալուստին նախորդող իրադարձություններից են՝ «պատերազմները և պատերազմների լուրերը… սովերը եւ մահտարժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւնները»։2

Վարդապետություն և Ուխտերում Փրկիչն ասել է. «Եվ բոլոր բաները կլինեն խառնաշփոթության մեջ… քանզի երկյուղը կպատի բոլոր մարդկանց»:3

Իհարկե, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ ամեն ինչ խառնաշփոթի մեջ է: Շատ մարդիկ վախենում են ապագայից, և շատ սրտեր շրջվել են Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքից:

Լրատվամիջոցները լի են բռնության մասին հաղորդումներով: Համացանցով բարոյական զրպարտանք է տարածվում։ Գերեզմանները, եկեղեցիները, մզկիթները, ժողովարանները և կրոնական սրբավայրերը վայրագությունների են ենթարկվում:

Համաշխարհային համաճարակը հասել է երկրի գրեթե բոլոր անկյուններին. միլիոնավոր մարդիկ վարակվել են, մեկ միլիոնից ավել մարդ է մահացել: Խափանվել են ավարտական միջոցառումները, եկեղեցական պաշտամունքի ծառայությունները, ամուսնությունները, միսիոներական ծառայությունը և բազմաթիվ այլ կարևոր իրադարձություններ: Բացի այդ, անթիվ մարդիկ մնացել են միայնակ և մեկուսացված:

Տնտեսական ցնցումները մարտահրավերներ են առաջացրել շատերի համար, հատկապես մեր Երկնային Հոր զավակներից ամենախոցելի խմբերի համար:

Մենք ականատես ենք, թե ինչպես են մարդիկ եռանդուն օգտվում խաղաղ բողոքի ակցիայի իրենց իրավունքից, ինչպես նաև տեսել ենք զայրացած ամբոխների խռովություն:

Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք զինված բախումներ տեսնել ամբողջ աշխարհում:

Ես հաճախ եմ մտածում նրանց մասին, ովքեր տառապում են, անհանգստացած են, վախենում կամ իրենց մենակ են զգում: Վստահեցնում եմ յուրաքանչյուրիդ, որ Տերը ձեզ ճանաչում է, որ տեղյակ է ձեր անհանգստությունների և տառապանքի մասին, և որ նա սիրում է ձեզ մտերմորեն, անձնապես՝ խորը և հավիտենական սիրով:

Ամեն երեկո, երբ աղոթում եմ, ես խնդրում եմ Տիրոջը օրհնել բոլոր մարդկանց, ովքեր ծանրաբեռնված են վշտով, ցավով, միայնությամբ և տխրությամբ։ Գիտեմ, որ եկեղեցու մյուս ղեկավարները ևս նման աղոթքներ են ասում։ Թե՛ անհատապես, թե՛ հավաքականորեն մեր սրտերը ուղղված են ձեզ, իսկ աղոթքները առ Աստված՝ հանուն ձեզ։

Անցյալ տարի մի քանի օր անցկացրի Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան տարածաշրջանում՝ այցելելով ամերիկայի և եկեղեցու պատմական վայրերը, հանդիպումներ անցկացնելով մեր միսիոներների և անդամների հետ և շփվելով կառավարության ու բիզնեսի տարբեր ղեկավարների հետ:

Հոկտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը, Բոստոնում (Մասաչուսեթս) ես խոսեցի մի մեծ հավաքի ժամանակ։ Խոսելիս ես ոգեշնչում զգացի ասել. «Ես աղաչում եմ ձեզ … աղոթել այս երկրի համար՝ մեր ղեկավարների, մեր ժողովրդի և այն ընտանիքների համար, որոնք ապրում են Աստծո կողմից հիմնադրված այս մեծ ազգի մեջ»:4

Ես ասացի նաև, որ Ամերիկան և երկրագնդի ազգերից շատերը անցյալի պես գտնվում են վճռական ևս մեկ դարձակետի վրա և ունեն մեր աղոթքների կարիքը։5

Խնդրանքս իմ պատրաստած ելույթի մասը չէր: Այդ խոսքերը եկան միտքս, երբ զգացի, որ Հոգին հուշում է ինձ հրավիրել ներկաներին աղոթել իրենց երկրի և իրենց ղեկավարների համար:

Այսօր իմ աղոթքի կոչն եմ հղում աշխարհի բոլոր երկրների բոլոր մարդկանց: Անկախ նրանից, թե ինչպես եք աղոթում կամ ում եք աղոթում, խնդրում եմ գործադրել ձեր հավատը, ինչպիսին էլ որ լինի այն, և աղոթել ձեր երկրի և ձեր ազգի առաջնորդների համար: Ինչպես ասել եմ անցյալ հոկտեմբերին Մասաչուսեթսում, մենք այսօր կանգնած ենք պատմության գլխավոր խաչմերուկում, և երկրի ժողովուրդները աստվածային ներշնչանքի և առաջնորդության սաստիկ կարիք ունեն: Խոսքը քաղաքական հայացքների կամ քաղաքականության մասին չէ։ Սա խաղաղության և ապաքինման մասին է, որը կարող է գալ Խաղաղության իշխանի և բոլոր բժշկությունների աղբյուրի՝ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով՝ ինչպես անհատներին, այնպես էլ երկրների հոգուն՝ նրանց քաղաքներին և գյուղերին:

Անցած մի քանի ամիսների ընթացքում ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ աշխարհի ներկա իրավիճակին օգնելու լավագույն միջոցն այն է, որ բոլոր մարդիկ լիովին ապավինեն Աստծուն և անկեղծ աղոթքով իրենց սրտերը դարձնեն Նրան: Այս անհանգստացնող ժամանակներում մեր մարտահրավերներին դիմանալու կամ դրանք հաղթահարելու ամենաապահով և ամենաստույգ ճանապարհը կլինի՝ խոնարհեցնել մեզ և փնտրել երկնքի ոգեշնչումը։

Սուրբ գրությունները կարևորում են Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուսի հղած աղոթքները, ինչպես նաև աղոթքի վերաբերյալ Նրա ուսմունքները: Դուք կհիշեք Տերունական աղոթքը.

«Մեր Հայր, որ երկնքումն ես․ սուրբ լինի քո անունը․

«Քո արքայությունը գայ: Քո կամքը թող կատարվի երկրի վրա, ինչպես որ երկնքում է»:

Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր։

Եվ ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին:

Եւ մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը. Որովհետեւ քոնն է թագավորութիւնը եւ զորութիւնը եւ փառքը յաւիտեանս: Ամեն»։6

Այս նպատակաուղղված, գեղեցիկ աղոթքը, որ հաճախ է կրկնվել ողջ քրիստոնեության ընթացքում, պարզ է դարձնում, որ մեզ հուզող հարցերի պատասխանների համար պատշաճ է ուղղակիորեն դիմել երկնքում գտնվող մեր հորը: Ուստի եկեք աղոթենք աստվածային առաջնորդության համար:

Ես հրավիրում եմ ձեզ անդադար աղոթել։7 Աղոթեք ձեր ընտանիքի համար։ Աղոթեք ձեր ազգի ղեկավարների համար։ Աղոթեք այն համարձակ մարդկանց համար, ովքեր մարտերի առաջնագծում են՝ ներկայիս սոցիալական, բնապահպանական, քաղաքական և կենսաբանական պատուհասների դեմ, որոնք ազդում են աշխարհի բոլոր մարդկանց՝ հարուստների ու աղքատների, երիտասարդների ու ծերերի վրա:

Փրկիչը մեզ սովորեցրել է չսահմանափակել մեր աղոթքները: Նա ասել է. «Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. բարի արէք ձեզ ատողներին. եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար»:8

Գողգոթայի խաչի վրա, որտեղ Հիսուսը մահացավ մեր մեղքերի համար, Նա կիրառեց այն, ինչ ուսուցանում էր աղոթքի մասին․ «Հայր, թողիր դորանց. որովհետեւ չ’գիտեն թէ ի՛նչ են անում»։9

Անկեղծորեն աղոթելով նրանց համար, ովքեր կարող են համարվել մեր թշնամիներ, ցույց ենք տալիս մեր հավատքը, որ Աստված կարող է փոխել ինչպես մեր, այնպես էլ ուրիշների սրտերը: Նման աղոթքները պետք է ամրապնդեն մեր կյանքում, ընտանիքում և համայնքներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու անհրաժեշտ վճռականությունը:

Անկախ նրանից, թե որտեղ եք ապրում, ինչ լեզվով եք խոսում, և որոնք են ձեր առջև ծառացած մարտահրավերները, Աստված լսում և պատասխանում է ձեզ՝ իր ձևով և իր ժամանակին: Քանի որ Նրա զավակներն ենք, մենք կարող ենք մոտենալ Նրան, որ աշխարհում դրական փոփոխություն կատարելու համար օգնություն, սփոփանք և նորացված ցանկություն խնդրենք:

Հաճախ բավարար չէ միայն արդարության, խաղաղության, աղքատների և հիվանդների համար աղոթելը: Աղոթքի համար ծունր դնելուց հետո պետք է ոտքի կանգնենք և անենք՝ ինչ կարող ենք, որ օգնենք ինչպես մեզ, այնպես էլ ուրիշներին։10

Սուրբ գրությունները լի են հավատքի մարդկանց օրինակներով, ովքեր աղոթքը համատեղում էին գործերի հետ՝ իրենց և ուրիշների կյանքում փոփոխություն մտցնելու համար: Մորմոնի Գրքում, օրինակ, մենք կարդում ենք Ենովսի մասին: Կա նկատառում, որ «նրա կարճ գրքի մոտ երկու երրորդը աղոթքի կամ աղոթքների շարքի նկարագրություն է, իսկ մյուս մասը պատմում է, թե ինչ է նա արել ստացված պատասխանների արդյունքում»:11

Մենք բազում օրինակներ ունենք, թե ինչպես է աղոթքը փոփոխություն բերել Եկեղեցու մեր պատմության մեջ 1820 թվականի գարնանից սկսած, երբ Ջոզեֆ Սմիթը առաջին բարձրաձայն աղոթքն ասաց իր ծնողների փայտաշեն տան մոտակայքի անտառապատ բացատում: Ներում և հոգևոր ուղղություն փնտրելով՝ Ջոզեֆի աղոթքը բացեց երկինքները: Այսօր մենք Մարգարե Ջոզեֆի և Վերջին Օրերի մյուս հավատարիմ սուրբ տղամարդկանց և կանանց շահառուներն ենք, ովքեր աղոթել և գործել են՝ օգնելով հիմնել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին:

Հաճախ եմ մտածում այնպիսի հավատարիմ կանանց աղոթքների մասին, ինչպես Մերի Ֆիլդինգ Սմիթը, ով Աստծո օգնությամբ իր ընտանիքը համարձակ առաջնորդեց հետապնդումներից դեպի անվտանգություն՝ Իլինոյսից մինչև այս հովիտ, որտեղ նրա ընտանիքը հոգևոր և նյութական բարգավաճում ապրեց: Ծունր դրած անկեղծորեն աղոթելուց հետո նա քրտնաջան աշխատում էր, որպեսզի հաղթահարեր իր մարտահրավերները և օրհներ իր ընտանիքը:

Աղոթքը մեզ կբարձրացնի և մեզ կմոտեցնի որպես անհատներ, ընտանիքներ, եկեղեցի և աշխարհ: Աղոթքը կազդի գիտնականների վրա և կօգնի նրանց պատվաստանյութեր և դեղամիջոցներ հայտնաբերել, որոնք վերջ կդնեն այս համավարակին: Աղոթքը կմխիթարի նրանց, ովքեր հարազատ են կորցրել: Այն կօգնի իմանալ, թե ինչ պետք է անենք անձնական պաշտպանության համար:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, կոչ եմ անում կրկնապատկել աղոթելու ձեր պարտավորվածությունը: Ես ձեզ հորդորում եմ աղոթել ձեր սենյակներում, ձեր առօրյա քայլերում, ձեր տներում, ձեր ծխերում և մշտապես ձեր սրտերում:12

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավարների անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ աղոթում եք մեզ համար: Հորդորում եմ ձեզ անդադար աղոթել, որ մենք ոգեշնչում և հայտնություն ստանանք՝ այս դժվարին ժամանակաշրջանում Եկեղեցին առաջնորդելու համար:

Աղոթքը կարող է փոխել մեր իսկ կյանքը։ Անկեղծ աղոթքով մղված՝ մենք կարող ենք ինքներս աճել և ուրիշներին օգնել, որ աճեն:

Անձնական փորձից գիտեմ աղոթքի զորության մասին։ Վերջերս մենակ էի գրասենյակում։ Հենց նոր բժշկական միջամտություն էր կատարվել ձեռքիս վրա։ Ձեռքս սևացել, կապտել, այտուցվել էր և ցավում էր։ Սեղանի մոտ նստած՝ չէի կարողանում կենտրոնանալ կարևոր և վճռորոշ գործերի վրա, որովհետև ցավը ինձ շեղում էր:

Ես ծնկի իջա աղոթելու և խնդրեցի Տիրոջը, որ օգնի ինձ կենտրոնանալ, որ կարողանայի կատարել իմ աշխատանքը։ Ես կանգնեցի և վերադարձա սեղանիս կիտված թղթերին: Գրեթե անմիջապես պարզություն և կենտրոնացում մտավ միտքս, և ես կարողացա ավարտել իմ առջև դրված հրատապ խնդիրները:

Աշխարհի ներկայիս քաոսային իրավիճակում, տեսնելով խնդիրների և մարտահրավերների բազմությունը, հնարավոր է, ճնշված զգանք։ Բայց ես ջերմեռանդորեն վկայում եմ, որ եթե աղոթենք և Երկնային Հորը խնդրենք անհրաժեշտ օրհնություն և առաջնորդություն տա, մենք կիմանանք, թե ինչպես կարող ենք օրհնել մեր ընտանիքները, հարևաններին, համայնքները և նույնիսկ երկիրը, որտեղ ապրում ենք:

Փրկիչը աղոթում էր, ապա «ման [գալիս] բարի անելով»,13 կերակրելով աղքատներին, քաջալերելով ու աջակցելով կարիքավորներին և սիրո, ներողամտության, խաղաղության և հանգստության ձեռք մեկնելով բոլոր նրանց, ովքեր գալիս էին Իր մոտ: Նա շարունակում է մեզ օգնության ձեռք մեկնել։

Ես հրավիրում եմ Եկեղեցու բոլոր անդամներին, ինչպես նաև աշխարհի մյուս հավատացյալ խմբերի մեր հարևաններին ու ընկերներին վարվել այնպես, ինչպես Փրկիչը խորհուրդ տվեց Իր աշակերտներին. «Արթուն կացէք և ամեն ժամանակ աղոթք արէք»14 խաղաղության, մխիթարություն, անվտանգության և միմյանց ծառայելու հնարավորությունների համար։

Շատ մեծ է աղոթքի զորությունը և շատ մեծ է առ Աստված և Նրա Սիրելի Որդին մեր հավատքով աղոթքների անհրաժեշտությունը։ Եկեք հիշենք և գնահատենք աղոթքի զորությունը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։