2020
Լռիր, պապանձվիր
Նոյեմբեր 2020


Լռիր, պապանձվիր

Փրկիչն ուսուցանում է մեզ, թե ինչպես զգալ խաղաղություն և հանգստություն, նույնիսկ, երբ սաստիկ քամիները մոլեգնում են մեր շուրջը և փրփրադեզ ալիքները սպառնում են խորտակել մեր հույսերը:

Երբ մեր երեխաները փոքր էին, մեր ընտանիքը մի քանի օր անցկացրեց մի գեղեցիկ լճի ափին: Մի օր կեսօրին մի քանի երեխաներ հագան փրկարար օղակներ նախքան տախտակամածից ջրի մեջ ցատկելը: Մեր փոքր աղջիկը նայում էր՝ տատանվելով, ուշադիր հետևելով իր եղբայրներին և քույրերին: Իր ողջ քաջությունը հավաքելով՝ նա մի ձեռքով փակեց իր քիթն ու ցատկեց: Նա անմիջապես դուրս եկավ և մի քիչ տագնապած ձայնով կանչեց. «Օգնեք ինձ: Օգնեք ինձ»։

Այդ պահին նա որևէ մահացու վտանգի մեջ չէր, փրկարար օղակն անում էր իր գործը, և նա ապահով լողում էր: Մենք կարող էինք հասնել և հետ քաշել նրան տախտակամածի վրա` առանց մեծ ջանքեր գործադրելու: Սակայն իր տեսանկյունից նա կարիք ուներ օգնության: Հավանաբար ջրի սառնությունն էր կամ փորձառության նորությունը: Ամեն դեպքում նա հետ մագլցեց տախտակամած, որտեղ մենք նրան փաթաթեցինք չոր սրբիչով և հաճոյախոսություն արեցինք նրա քաջության առթիվ:

Անկախ նրանից՝ մենք մեծ ենք, թե փոքր, մեզանից շատերը փորձանքի պահերին արտաբերում են հրատապ բառեր, ինչպես օրինակ «Օգնեք ինձ» «Փրկեք ինձ» կամ «Խնդրում եմ, պատասխանիր իմ աղոթքին»:

Այդպիսի դեպք պատահեց Հիսուսի աշակերտների հետ Նրա մահկանացու ծառայության ընթացքում: Մարկոսի ավետարանում մենք կարդում ենք, որ Հիսուսը «սկսեց ծովի մոտ սովորեցնել և շատ ամբոխ հաւաքուեցաւ նորա մօտ»:1 Ամբոխն այնքան շատացավ, որ Հիսուսը «մտավ նաւի մեջ»2 և խոսեց տախտակամածից: Ամբողջ օրվա ընթացքում Նա առակներ ուսուցանեց ժողովրդին, երբ նրանք նստած էին ափին:

«Եւ այն օրը երբ, որ իրիկուն էր լինում, նորանց ասեց. «Եկեք անցնենք այն կողմը: Եվ երբ ժողովրդին բաց թողեցին»3 նրանք հեռացան ափից և անցան Գալիլեայի ծովով: Մի տեղ գտնելով նավի հետնամասում Հիսուսը պառկեց և արագ քնեց: Շուտով «քամու մեծ փոթորիկ բարձրացավ եւ ալիքները թափում էր նաւի մէջ, մինչև որ [համարեա] արդեն լցվում էր»4 ջրով:

Հիսուսի շատ աշակերտներ փորձառու ձկնորսներ էին և գիտեին, թե ինչպես կառավարել նավը փոթորիկի ժամանակ: Նրանք իսկապես Նրա վստահելի, Նրա սիրելի աշակերտներն էին: Նրանք թողել էին իրենց աշխատանքը, անձնական հետաքրքրությունները և ընտանիքը` հետևելու Հիսուսին: Նրա հանդեպ նրանց հավատքն ակնհայտ էր նավում իրենց ներկայության միջոցով: Եվ այժմ նրանց նավը փոթորիկի մեջ էր և սուզվելու վտանգի եզրին:

Մենք չգիտենք, թե որքան ժամանակ նրանք պայքարեցին նավը ջրի երեսին պահելու համար փոթորիկի մեջ, բայց նրանք արթնացրին Հիսուսին իրենց ձայնի մեջ մի փոքր խուճապի մատնված` ասելով.

«Վարդապետ հոգդ չէ՞, որ կորչում ենք»:5

«Տեր, փրկիր մեզ, կորչում ենք»:6

Նրանք կոչեցին Նրան «Վարդապետ», և այդ Նա է: Եվ Նա նաև «Հիսուս Քրիստոսն է, Աստծո Որդին, երկնքի և երկրի Հայրը, բոլոր բաների Արարիչը ի սկզբանե»:7

Նկար
Լռիր, պապանձվիր

Հիսուսը նավի Իր տեղից բարձրացավ և սաստեց քամիուն և ասաց մոլեգնած ծովին. «Լռիր, պապանձվիր»: Եվ քամին [դադարեց] և մեծ խաղաղութիւն եղավ»:8 Ընդմիշտ Վարդապետ Ուսուցիչ, Հիսուսն այնուհետև ուսուցանեց Իր աշակերտներին երկու պարզ, բայց սիրալիր հարցեր: Նա հարցրեց.

«Ի՞նչու այդպէս վախկոտ էք»9

«Ի՞նչպէս հաւատք չունիք»:10

Կա մի մահկանացու միտում. երբ մենք գտնվում ենք փորձությունների, վշտերի և չարչարանքների մեջ, գայթակղվում ենք աղաղակել. «Տէր, հոգդ չէ՞, որ կորչում եմ: Փրկիր ինձ»: Նույնիսկ Ջոզեֆ Սմիթն աղերսեց սոսկալի բանտից. «Ով Աստված, որտե՞ղ ես դու: Եվ ո՞րտեղ է տաղավարը, որ ծածկում է քո թաքնված տեղը»:11

Իհարկե, աշխարհի Փրկիչը հասկանում է մեր մահկանացու սահմանափակումները, քանզի Նա ուսուցանում է մեզ, թե ինչպես զգալ խաղաղություն և հանգստություն, նույնիսկ, երբ սաստիկ քամիներ են մոլեգնում մեր շուրջը և կատաղի ալիքները սպառնում են խորտակել մեր հույսերը:

Նրանց, ովքեր ապացուցված հավատքով են, մանկական հավատքով կամ նույնիսկ հավատքի փոքրագույն մասնիկով»,12 Հիսուսը հրավիրում է՝ ասելով. «Եկեք ինձ մոտ»:13 «Հավատացեք իմ անունին»:14 «Սովորեք իմ մասին և լսեք իմ խոսքերը»:15 Նա մեղմորեն պատվիրում է. «Ապաշխարեք և մկրտվեք իմ անունով»,16 «Իրար սիրէք, ինչպէս ես ձեզ սիրեցի»,17 և «միշտ հիշեք ինձ»:18 Նա հավաստիացնում է՝ բացատրելով. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք»: Աշխարհքում նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին»:19

Կարող եմ պատկերացնել, որ Հիսուսի աշակերտները փոթորկից քշված նավում անհրաժեշտությունից ելնելով, զբաղված էին իրենց տախտակամածին փլվող ալիքներին նայելով և ջուրը դուրս թափելով: Ես պատկերացնում եմ, թե նրանք ինչպես էին կառավարում թիակներով և փորձում պահպանել որոշ վերահսկողության հավասարակշռություն իրենց փոքրիկ նավի վրա: Նրանց ուշադրությունը կենտրոնացած էր այդ պահին գոյատման վրա, և նրանց անհապաղ օգնության աղերսն անկեղծ էր:

Մեզանից շատերը մեր օրերում ոչնչով չենք տարբերվում: Երկրագնդի շուրջ և մեր ազգերում, համայնքներում և ընտանիքներում տեղի ունեցած վերջին իրադարձությունները փլվեցին մեզ վրա անկանխատեսելի փորձություններով: Խառնաշփոթ իրավիճակներում մեր հավատքը կարող է ձգվել` մեր տոկունության և հասկացողության սահմանների մինչև վերջին կետը: Վախի ալիքները կարող են շեղել մեզ՝ ստիպելով մեզ մոռանալ Աստծո բարությունը, այդպիսով կարճատես թողնելով մեր հեռանակարը և կիզակետից դուրս: Այնուամենայնիվ, մեր ճանապարհի այս կոպիտ հատվածներում է, որ մեր հավատքը կարող է և՛ փորձվել, և՛ ամրացվել:

Անկախ մեր հանգամանքներից, մենք կարող ենք միտումնավոր ջանքեր գործադրել՝ կառուցելով և մեծացնելով մեր հավատքը առ Հիսուս Քրիստոս: Այն զորացվում է, երբ մենք հիշում ենք, որ մենք Աստծո զավակներն ենք, և որ Նա սիրում է մեզ: Մեր հավատքն աճում է, երբ մենք փորձարկում ենք Աստծո խոսքի վրա հույսով և ջանասիրությամբ, փորձելով այն ամենը, ինչ կարող ենք` հետևելու Քրիստոսի ուսմունքներին: Մեր հավատքն աճում է, երբ ընտրում ենք ավելի շուտ հավատալ, քան կասկածել, ավելի շուտ ներել, քան դատել, ավելի շուտ ապաշխարել, քան ապստամբել: Մեր հավատքն ավելի է զտվում, երբ մենք համբերությամբ ապավինում ենք Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմածությանը և շնորհին:20

«Չնայած հավատքը կատարյալ գիտելիք չէ», Երեց Նիլ Ա.Մաքսվելն ասել է. «այն խորին վստահություն է բերում առ Աստված, ում գիտելիքը կատարյալ է»:21 Նույնիսկ ցնցումնային ժամանակներում հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս հաստատակամ և ճկուն է: Այն օգնում է մեզ մաղել անկարևոր շեղումները: Այն խրախուսում է մեզ շարունակել առաջ շարժվել ուխտի արահետով: Հավատքը մեզ առաջ է հրում հուսահատության միջով և թույլ է տալիս մեզ հանդիպել ապագային՝ վճռական և թիկնեղ ուսերով: Այն հուշում է մեզ խնդրել փրկություն և սփոփանք, երբ աղոթում ենք Հորը՝ Իր Որդու անունով: Եվ երբ աղոթքով լի աղերսանքները, թվում է, գնում են անպատասխան, մեր հաստատուն հավատքն առ Հիսուս Քրիստոս առաջացնում է համբերություն, համեստություն և ունակություն` ակնածանքով արտաբերելու խոսքերը. «Քո կամքով թող լինի»:22

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

«Բայց մենք չպետք է թույլ տանք, որ մեր երկյուղը տեղահան անի մեր հավատքը: Մենք կարող ենք մարտնչել այդ երկյուղների դեմ՝ զորացնելով մեր հավատքը:

«Սկսեք ձեր երեխաներից: … Թույլ տվեք, որ նրանք զգան ձեր հավատքը, նույնիսկ երբ ցավագին փորձություններ են ընկնում ձեզ վրա: Թող ձեր հավատքը կենտրոնացած լինի ձեր սիրառատ Երկնային Հոր և և Նրա սիրելի Որդի՝ Տեր Հիսուս Քրիստոսի վրա: … Ուսուցանեք յուրաքանչյուր թանկագին տղայի կամ աղջկա, որ նա Աստծո զավակն է՝ ստեղծված Նրա պատկերով, սրբազան նպատակով և ներուժով: Յուրաքանչյուրը ծնվել է մարտահրավերներով, որոնք պիտի հաղթահարվեն, և հավատքով, որը պետք է զարգացվի»:23

Վերջերս ես լսեցի, որ երկու չորս տարեկան երեխաներ կիսվում էին իրենց հավատքով առ Հիսուս Քրիստոսը, երբ նրանք պատասխանում էին հարցին՝ «Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն օգնում ձեզ»: Առաջին երեխան ասաց. «Ես գիտեմ Հիսուսը սիրում է ինձ, որովհետև Նա մահացել է ինձ համար: Նա սիրում է նաև մեծահասակներին: Երկրորդ երեխան ասաց. «Նա օգնում է ինձ, երբ ես տխուր եմ կամ դժկամ: Նա օգնում է ինձ նաև, երբ ես սուզվում եմ»:

Հիսուսը հայտարարեց. «Հետևաբար, ով որ ապաշխարում է և գալիս ինձ մոտ, ինչպես մի փոքր երեխա, նրան ես կընդունեմ, քանզի այդպիսիններին է Աստծո արքայությունը»:24

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ»:25

Վերջերս Նախագահ Նելսոնը խոստացավ «որ վախի նվազում և հավատքի մեծացում կհետևի», երբ մենք սկսեք նորովի իսկապես լսել, ուշք դարձնել և հետևել Փրկիչի խոսքերին»։26

Նկար
Հիսուսը հանդարտեցնում է ծովը

Քույրե՛ր և եղբայրնե՛ր, մեր ներկա դժվարին հանգամանքները մեր վերջնական հավերժական նպատակակետը չէ: Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք մեզ վրա ենք վերցրել Հիսուս Քրիստոսի անունը ուխտի միջոցով: Մենք ունենք հավատք Նրա փրկագնող ուժի և հույս՝ Նրա մեծ և թանկագին խոստումների հանդեպ: Մենք ուրախանալու ամեն առիթ ունենք, քանի որ մեր Տերն ու Փրկիչը խորապես տեղյակ է մեր վշտերին, մտահոգություններին և ցավերին: Ինչպես Հիսուսը հնում իր աշակերտների հետ էր, Նա նաև մեր նավում է: Նա տվել է Իր կյանքը, որպեսզի ես և դուք չկործանվենք: Թող որ մենք վստահենք Նրան, հնազանդվենք Նրա պատվիրաններին և հավատքով լսենք Նրա խոսքը. «Լռիր, պապանձվիր»:27 Հիսուս Քրիստոսի սուրբ ու նվիրական անունով, ամեն: