2017
Դառնալ ճշմարիտ աշակերտներ
October 2017


Առաջին Նախագահության Ուղերձ

Դառնալ ճշմարիտ աշակերտներ

Նկար
youth, woman, man silhouettes

Ամեն հաղորդության ժողովին մենք հնարավորություն ունենք խոստանալու Երկնային Հորը, որ միշտ կհիշենք Փրկիչին և կպահենք Նրա պատվիրանները, որպեսզի Նրա Հոգին մեզ հետ ունենանք (տես Մորոնի 4.3, Մորոնի 5.2, ՎևՈւ 20.77, 79): Նրան հիշելը մեզ մոտ ինքնաբերաբար է ստացվում, երբ մեզ վրա ենք վերցնում Նրա անունը: Մենք դա անում ենք տարբեր ձևերով, հատկապես, երբ Նրա անունով ծառայում ենք ուրիշներին, կարդում ենք Նրա սուրբ խոսքերը և աղոթում ենք, որ իմանանք, թե ինչ է Նա ցանկանում, որ մենք անենք:

Ինձ հետ դա տեղի ունեցավ, երբ ես մկրտում էի մի երիտասարդի: Ես գիտեի, որ կանչվել եմ որպես միսիոներ Փրկիչի կարգված ծառաների կողմից, որպեսզի ուսուցանեմ Նրա ավետարանը ու վկայեմ Նրա և Նրա ճշմարիտ Եկեղեցու մասին: Ես և իմ միսիոներ զուգընկերը խոստացանք այդ երիտասարդին, որ նա կմաքրվի Հիսուս Քրիստոսի Քավության զորությամբ, երբ ապաշխարի Փրկիչի հանդեպ հավատքով և մկրտվի Նրա լիազորված ծառաներից մեկի կողմից:

Մկրտության ավազանում, երբ ես այդ երիտասարդին ջրից դուրս հանեցի, նա շշնջաց ականջիս. «Ես մաքուր եմ, ես մաքուր եմ»: Այդ պահին ես հիշեցի Փրկիչի մկրտությունը Հորդանան գետում Հովհաննես Մկրտիչի կողմից: Ես հասկացա նաև, որ կատարում էի հարություն առած, կենդանի Փրկիչի փրկող աշխատանքը Սուրբ Հոգու ներկայությամբ, ինչպես Հովհաննեսն էր կատարել:

Ինձ համար և մեզանից յուրաքանչյուրի համար Փրկիչին հիշելը կարող է ավելին լինել, քան Նրա հետ կապված մեր գիտելիների ու փորձառությունների հիշողությանն ապավինելը: Ամեն օր մենք կարող ենք ընտրություններ կատարել, որոնք մեզ կմոտեցնեն Նրան:

Ամենապարզ ընտրությունը կարող է լինել սուրբ գրություններ կարդալը: Դա անելով, մենք Նրան մոտենալու զգացում կունենանք: Անձամբ ես հաճախ եմ ունենում Նրան մոտենալու զգացում Մորմոնի Գիրքն ընթերցելիս: 2 Նեփիի գլուխները կարդալիս, առաջին իսկ րոպեներից ես մտովի լսում եմ Նեփիի և Լեքիի ձայները, որոնք նկարագրում են Փրկիչին այնպես, կարծես անձամբ գիտեն Նրան: Մտերմության զգացում է առաջանում:

Ձեր դեպքում կարող են սուրբ գրության ուրիշ հատվածներ լինել, որոնք ձեզ առավել կմոտեցնեն Նրան: Բայց երբ էլ կարդաք Աստծո խոսքը Փրկիչին հիշելու խոնարհ և իրական մտադրությամբ, դուք կուժեղացնեք Նրա անունն ամեն օր ձեզ վրա վերցնելու ցանկությունը:

Այդ ցանկությամբ դրդված, կփոխվեն Տիրոջ Եկեղեցում ծառայելու ձեր ջանքերը: Դուք կաղոթեք Երկնային Հորը օգնության համար, որպեսզի մեծարեք նույնիսկ փոքր թվացող ձեր կոչումը: Խնդրեք օգնել, որ ունակ լինեք մոռանալ ձեր սեփական անձը և ավելի շատ կենտրոնանալ նրա վրա, թե ինչ է Փրկիչը ցանկանում նրանց համար, ում դուք կանչված եք ծառայելու:

Ես զգացել եմ Նրա ձեռքը և Նրա մտերմությունը մեր երեխաներին ծառայելիս, երբ աղոթում էի իմանալու համար, թե ինչպես օգնեմ նրանց զգալ այն խաղաղությունը, որն ավետարանն է տալիս: Այդպիսի պահերին, ես քիչ եմ մտահոգվում հաջողակ ծնող երևալու մասին, բայց ես խորապես մտահոգվում եմ իմ երեխաների հաջողությամբ ու բարեկեցությամբ:

Նրանց, ում մենք ծառայում ենք, ցանկանում ենք տալ այն, ինչ Փրկիչը կտար նրանց, իսկ դա հանգեցնում է աղոթքների, որոնք աղերսանք են Երկնային Հորը, իսկապես Հիսուս Քրիստոսի անունով: Երբ մենք աղոթում ենք այդ կերպ՝ Փրկիչի անունով, հավատքով Նրա հանդեպ, Հայրը պատասխանում է: Նա ուղարկում է Սուրբ Հոգուն՝ առաջնորդելու, մխիթարելու և քաջալերելու մեզ: Քանի որ Հոգին միշտ վկայում է Փրկիչի մասին (տես 3 Նեփի 11.32, 36, 28.11, Եթեր 12.41), Տիրոջը մեր ողջ սրտով, մտքով և ուժով սիրելու մեր ունակությունը զորանում է (տես Մարկոս 12.30, Ղուկաս 10.27, ՎևՈւ 59.5):

Նրան ամեն օր ու անընդհատ հիշելու օրհնությունները կգան դանդաղ ու կայուն կերպով, երբ ծառայենք Նրան, սնվենք Նրա խոսքով և աղոթենք հավատքով՝ Նրա անունով: Այս հիշողությունը կձևավորի մեզ, դարձնելով Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները Նրա թագավորությունում՝ այս երկրի վրա, իսկ ավելի ուշ Նրա Հոր հետ՝ փառահեղ գալիք աշխարհում: