2017
Ամուր կառչեք
October 2017


Ամուր կառչեք

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Ընկերները մեծ ազդեցություն կարող են ունենալ չափանիշներով ապրելու մեր կենսաձևը հեշտ կամ դժվար դարձնելու համար։

Նկար
surrounded by a circle of friends

Ես մեծացել եմ ընկերների հետ, ովքեր Եկեղեցու անդամ էին, և ես մեծ ոգևորությամբ ցանկանում էի մկրտվել, ինքս էլ դառնալ անդամ։ Երբ ուսում ստանալու համար ես տեղափոխվեցի երկրի մյուս ծայրը, միսիոներները սկսեցին ուսուցանել ինձ։ Ցավոք սրտի, իմ հասակակից նոր ընկերների ազդեցությունը դժվարացրեց ավետարանի չափանիշներին հետևելը։ Առաջին կուրսի իմ ընկերներից մեկը շատ ժամանակ էր անցկացնում խնջույքներում՝ ալկոհոլ օգտագործելով։ Նախկինում ես երբեք ալկոհոլ չէի փորձել, սակայն իմ նոր ընկերներն անընդհատ ինձ համոզում էին խմել։

Ես գիտեի, որ ավետարանը ճշմարիտ է, սակայն իմ հասակակիցների գայթակղություններին դիմադրելը դժվար էր։

Ես սկսեցի աղոթել Երկնային Հորը ուժի համար, որպեսզի ճիշտ որոշում կայացնեի։ Ես դեռ չէի ցածրացրել իմ չափանիշները, սակայն վախենում էի, որ հաջորդ անգամ ուժ չէի ունենա հրաժարվել ալկոհոլի առաջարկից։ Ես կարոտում էի իմ ընկերներին, ովքեր ունեին նույն արժեքները։

Մի շաբաթ օր ես գնացի երեկույթի իմ հանրակացարանի ընկերների հետ։ Նրանք բոլորն անմիջապես սկսեցին խմել ու խրախուսել ինձ առաջին անգամ փորձել ալկոհոլի համը։

Ես գայթակղվեցի: Վերցրի գարեջրի բաժակը, որն առաջարկվեց ինձ։ Մոտեցրի այն բերանիս, ինչն այդքան էլ հաճելի չէր, սակայն ուրախ էի, որ գրավեցի իմ ընկերների ուշադրությունը։ Ապա Նիկը, մի տղա, ով վատ համբավ ուներ որպես խմող, մոտեցավ մեզ։

«Դու չես խմել այն, այդպես չէ՞»,- հարցրեց նա։

«Դեռ ոչ»,- պատասխանեցի ես։

«Եթե դու անես դա,- ասաց Նիկը,- դրա համար կզղջաս քո հետագա կյանքի բոլոր օրերում»։

Ես ցնցված էի: Ես գիտեի, որ նա ճիշտ էր: Ես չէի ցանկանում խմել: Ես ուզում էի միանալ Եկեղեցուն: Ես ետ վերադարձրի բաժակը և հեռացա երեկույթից, ուրախ, որ չէի կայացրել սխալ որոշում։

Հաջորդ առավոտ ես գնացի եկեղեցի, գտա միսիոներներին և որոշեցի իմ մկրտության օրը։ Սկսած այդ օրվանից ես հեռու մնացի երեկույթներից, որտեղ ալկոհոլ էր օգտագործվում։ Ես նոր ընկերներ ունեցա եկեղեցում, ովքեր կիսում էին իմ արժեքները և չափանիշները։ Ես շարունակեցի ընկերություն անել իմ հանրակացարանի ընկերների հետ, սակայն պարզորոշ կերպով հստակեցրի իմ չափանիշները։ Երբ նրանք տեսան, թե որքան կարևոր էին իմ արժեքներն ինձ համար, հարգեցին դրանք և այլևս չփորձեցին համոզել ինձ։ Նրանք նկատում և հարգում էին այն հանգամանքը, որ ես դուրս էի գալիս սենյակից, մինչ նրանք դիտում էին անպարկեշտ ֆիլմեր կամ լսում անպատշաճ երաժշտություն։

Իմ վկայությունն ամրացավ այս փորձառության շնորհիվ, և ես կձգտեմ երբեք չցածրացնել իմ չափանիշները հասակակիցների ճնշման պատճառով։ Ես նաև գիտեմ, որ դժվար որոշումներ կայացնելիս լավագույն միջոցը կլինի իմանալ ձեր չափանիշները և ի սկզբանե ամուր կառչել դրանցից։

Ես գիտեմ, որ Երկնային Հայրը պատասխանել է գայթակղությանը դիմակայելու համար ուժ ունենալու իմ աղոթքներին։ Ես երախտապարտ եմ, որ Սուրբ Հոգին խրախուսեց ինձ կայացնել ճիշտ որոշում։ Ես գիտեմ, որ Եկեղեցու չափանիշները տրված են մեզ պաշտպանելու համար, և ես երախտապարտ եմ, որ դրանց հետևելն օգնեց ինձ ընտրել Եկեղեցուն միանալ։