2017
Փիղը դասարանում
October 2017


Ուսուցանել Փրկչի ձևով

Փիղը դասարանում

Ուսուցիչների խորհրդի ժողովները նպատակ չունեն պարզապես փոխել մեր ուսուցման ձևը, դրանք փոխում են մեր սովորելու ձևը։

Նկար
elephant

Միսվաք Սիտոլեն բախվում է դժվարությունների հետ։ Որպես Կիրակնօրյա Դպրոցի նախագահի՝ Աստված նրան պարտականություն է տվել՝ օգնել բարելավել ծխում ավետարանի ուսումնասիրությունը և ուսուցումը։1

Սակայն նրա ծխի անդամները Յոհանեսբուրգում (Հարավային Աֆրիկա) որոշ դեպքերում շատ տարբեր են և ունեն տարբեր ակնկալիքներ։ Ոմանք լավ կրթված են, ոմանք էլ ոչ։ Շատերին ուսուցանել են, որ ուսանողը պետք է լսի ու չխոսի։ Ուրիշներն էլ մշակութային մեծ պայքար են մղում հասկանալու համար, որ տղամարդիկ և կանայք պետք է միասին ներգրավվեն ուսուցման գործընթացում եկեղեցում և տանը։

«Կան մարդիկ, որոնք խոսում են տարբեր լեզուներով»,- ասում է Եղբայր Սիտոլեն։ «Սակայն Հոգին ցանկանում է հուշել յուրաքանչյուրին»։

Երբ անցած տարի ներկայացվեցին ուսուցիչների խորհրդի ժողովները և «Ուսուցանել Փրկիչի ձևով» ձեռնարկը, ծխերը և ճյուղերն ամբողջ Եկեղեցում սկսեցին անցկացնել ուսուցիչների խորհրդի ժողովներ, որպեսզի քննարկեն, սովորեն և կիրառեն ուսուցումը Փրկիչի ձևով։

Այդ ժամանակ էր, որ Եղբայր Սիտոլեն սկսեց նկատել, թե ուսուցիչների խորհրդի ժողովներն ինչպես կարող են օրհնել իր ծուխը։ Մշակութային հակասությունները հնարավոր է հաղթահարել, դասարանի մասնակցությունը կարող է մեծանալ, իսկ անդամների տարբեր մտածելակերպը կարող է օրհնություններ դառնալ։

Ինչպես շատերն աշխարհում, Եղբայր Սիտոլեն հասկացավ, որ Տերը չի օգտագործում ուսուցիչների խորհրդի ժողովները պարզապես մեր ուսուցման ձևը փոխելու համար․ Նա օգտագործում է դրանք նաև մեր սովորելու ուղիները փոխելու համար։

Փղի վերաբերյալ այլ պատկերացումներ

Ամենամեծ բացահայտումներից մեկը Եղբայր Սիտոլեի համար եղավ այն, որ երբ ուսուցիչները հնարավորություն են ընձեռում ուսանողներին մասնակցելու իրենց իսկ լեզվով, բոլորի համար օգտակար են լինում բազմազան տեսակետները, որոնք առաջ են գալիս տարբեր մտածելակերպի արդյունքում։

Եղբայր Սիտոլեն հասկացավ դա ուսուցիչների խորհրդի ժողովի ժամանակ, երբ ծխի անդամը կիսվեց կույր տղամարդկանց և փղի առակով, ինչը նրանք այլ կերպ էին ընկալում։ Առակը պատմում է, թե ինչպես են վեց կույր տղամարդ տարբեր ձևով նկարագրում փղին (ոտքը նման է սյան, պոչը նման է պարանի, կնճիթը նման է ջրի խողովակի և այլն), քանի որ նրանցից յուրաքանչյուրը հպվում է տարբեր մասերի։2

Նկար
parts of an elephant

«Սակայն պատկերացնենք, որ փիղը ներկայացնում է ավետարանի ուսուցումը»,- ասում է Եղբայր Սիտոլեն։ «Ուրեմն մենք պետք է հնարավորություն տանք դասարանի յուրաքանչյուր անդամի կիսվել իր տեսանկյունով, որպեսզի ստեղծվի ընդհանուր հասկացողություն այն մասին, թե ինչպես է ավետարանն օրհնում մեզ բոլորիս»։

Ահա թե ինչու են ուսուցիչների խորհրդի ժողովին Եղբայր Սիտոլեի ծխի ուսուցիչները միշտ նստում սեղանի շուրջ, որպեսզի զրույցը դյուրին դարձնեն։ «Դա հիշեցնում է մեզ, որ բոլորս էլ ունենք հավասար ձայնի իրավունք»,- ասում է նա։

Համաձայն նրանց կարիքների

Տոկիոյում (Ճապոնիա), Նատսուկո Սոջիման կասկածում էր, թե կարող է լավ ուսուցանել։ «Երբ ինձ կանչեցին երիտասարդների Կիրակնօրյա Դպրոցի ուսուցիչ,- ասում է նա,- ես ասացի եպիսկոպոսին, որ վախենում եմ։ Սակայն նա ասաց, որ կանչը Աստծուց է, ուստի ես ընդունեցի»։

Դասարանում, ընդհանուր առմամբ, նրան մտահոգում էին անհատների ունեցած խնդիրները։ Երիտասարդներից երկուսն ունեին լսողական խնդիրներ։ Դասարանի որոշ անդամներ, որոնք Ճապոնիա էին տեղափոխվել այլ երկրներից, խոսում էին միայն անգլերեն։ Նրան անհանգստացնում էր նաև իր և իր դասարանի անդամների միջև եղած տարիքային տարբերությունը։

Ապա ուսուցիչների խորհրդի ժողովին Քույր Սոջիման գտավ պատասխան։ «Մենք խոսեցինք դասարանի յուրաքանչյուր անդամին սիրելու, նրանց անունները սովորելու, մեկ առ մեկ նրանց համար աղոթելու և Հոգով առաջնորդվելով նրանց ուսուցանելու մասին՝ համաձայն նրանց կարիքների,- բացատրում է նա,- ուստի, դա այն էր, ինչը ես սկսեցի անել»։ Նա արեց մի բան ևս, ինչը սովորել էր խորհրդի ժամանակ․ «Ես օգտագործում էի լեզուն, որը փոխանցում էր իմ սերը»։

Արդյո՞ւնքը։ «Իմ սիրտը փոխվեց: Ես սկսեցի հոգատարություն զգալ իմ ուսանողների հանդեպ։ Ես մտահոգվում էի բացակաների մասին և նաև աղոթում նրանց համար։ Դասն ավարտելուց անմիջապես հետո սկսում էի նախապատրաստվել հաջորդին, որպեսզի ժամանակ ունենայի մտածել ուսուցանելու հնարավորությունների մասին։ Ես լցված էի ուրախությամբ»:

Հատուկ պատասխաններ

Բրադ Վիլսոնը՝ Կիրակնօրյա Դպրոցի մի նախագահ Մինեսոտայում (ԱՄՆ), հավաստիանում է, որ ուսուցիչները չեն հեռանում ուսուցիչների խորհրդի ժողովից, մինչև չեն քննարկում, թե ինչպես են փոխվելու այն ամենի արդյունքում, ինչը սովորեցին։

«Մենք հետևում ենք ցուցումներին, որոնք տրված են «Ուսուցանել Փրկիչի ձևով» ձեռնարկում»,- ասում է Եղբայր Վիլսոնը։ «Մենք քննարկում ենք ուսուցիչների փորձառությունները, ապա քննարկում ենք առաջարկված թեմաներից մեկը։ Որպես ժողովի համակարգող, ես տալիս եմ հարցեր և ամփոփում մտքերը: Ապա մենք փորձարկում ենք դրանց իրականացումը։ Մենք բաժանվում ենք փոքր խմբերի և քննարկում․ «Ի՞նչն եմ ես այլ կերպ անելու այսօրվա ժողովի արդյունքում»։

Ռոն Գուդսոնը՝ նույն ծխի սարկավագների քվորումի հրահանգիչը, ասում է, որ տպավորված է տեսնելով, թե ինչպես է Եղբայր Վիլսոնը «մարզում» խորհուրդը։ «Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կուսուցաներ Փրկիչը»,- ասում է նա։ «Ապա, երբ դուք զգում եք Հոգին, մտածում եք․ «Սա մի բան է, որը ես պիտի փորձեմ իմ դասարանի հետ»։ Մտածելով Փրկիչի մասին, մեր մոտեցումը փոխվում է։ «Ես պետք է դաս պատրաստեմ» միտքն այժմ դառնում է՝ «Ինչի՞ կարիք ունեն այս սարկավագները, և ես ինչպե՞ս կարող եմ օգնել նրանց, տալով դա»։

Նա հիշում է, թե ինչպես է գրել իր օրագրում․ «Այսօր ես հաճախեցի ուսուցիչների խորհրդի ժողովին, և ահա թե ինչ պետք է անեմ»։ Ի դեպ, նրա օրագիրը լի է նման նշումներով։ Այժմ նա նախապես է պատրաստվում․ «Վաղ սկսեք և դուք հուշումներ կստանաք ամբողջ շաբաթվա ընթացքում»։ Նա հարցնում է սարկավագներին, թե ինչ է կատարվում նրանց կյանքում․ «Ես ավելի արդյունավետ եմ կարողանում օգնել նրանց, երբ ավելի լավ եմ ճանաչում նրանց»։ Եվ նա հրավիրում է սարկավագներին օգնել ուսուցանել․ «Մինչ նրանք օգնում են, նաև ավելի լավ են սովորում»։3

Ես շարունակում էի երգել

«Մեր խորհրդի ժամանակ մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող էր երաժշտությունը հրավիրել Հոգին»,- ասում է Ջոսելին Հերինգթոնը՝ Երեխաների Միության մի ուսուցիչ նույն Մինեսոտա ծխում։ «Ավելի ուշ ես ուսուցանում էի Արևի շողերին։ Ես մտածեցի․ «Ես կերգեմ, մինչ նրանք գունավորում են, և դա հաճելի կլինի»։ Ես սկսեցի երգել․ նրանք բոլորը դադարեցրին իրենց աշխատանքը և սկսեցին լսել։ Ուստի ես շարունակեցի երգել։ Այն բերեց Հոգին, և երբ ես ավարտեցի, նրանք ակնածալից էին, սպասելով, որ ես խոսեմ։ Մենք նաև այդ մասին էինք խոսել [խորհրդի] ժամանակ՝ բերել վկայություն, երբ հարմար պահ է լինում։ Ուստի, ես բերեցի իմ վկայությունն այնպիսի բառերով, որոնք հասկանալի էին նրանց համար»։

Քույր Հերինգթոնն իր երախտագիտությունն է հայտնում, որ Երեխաների Միության ուսուցիչներն ընդգրկված են խորհրդի ժողովներում։ «Մենք խոսում ենք չափահասներին ուսուցանելու մասին,- ասում է նա,- բայց հետո Եղբայր Վիլսոնն ասում է․ «Ի՞նչ կասեք պատանիներին ուսուցանելու մասին։ Ի՞նչ կասեք երեխաներին ուսուցանելու մասին»։ Նա մեր ուշադրությունն է հրավիրում տարիքային տարբեր խմբերի վրա»։

Խորհրդից խորհուրդ

Ադամ Մարտինը՝ մի ծխի Կիրակնօրյա Դպրոցի նախագահ Կալգարիում՝ Ալբերտա (Կանադա), ասում է, որ երախտապարտ է ծխի խորհրդի առաջարկների համար։ «Սփոփող Միության նախագահը կամ երեցների քվորումի նախագահն ասում են․ «Կցանկանայինք, որ ուսուցիչները կենտրոնանան այս բանի վրա», ուստի, մենք բարձրացնում ենք այդ հարցը ուսուցիչների խորհրդի [ժողովին]»,- ասում է նա։

Երբ ուսուցիչների խորհրդի ժողովները նոր էին սկսվել, ուսուցիչները համոզված չէին, թե ինչ ակնկալիքներ կարող են ունենալ, ուստի, նա ինքը շատ հրավերներ էր հղում և ներկայացնում էր ուսուցման նյութեր, որոնք մատչելի էին teaching.lds.org-ում։ «Այժմ աշխատանքը հունի մեջ է ընկել»,- ասում է նա։ «Նրանք գիտեն, որ սա այն վայրն է, որտեղ քննարկվում են իրադարձությունները»։

Վերջերս տեղի ունեցած ժողովներից մեկը կենտրոնացած էր Հոգուն հետևելու վրա։ «Մենք խոսում ենք լավ պատրաստվելու, սակայն նյութն ամբողջությամբ մատուցելու մասին չանհանգստանալու վերաբերյալ»,- ասում է նա։ «Մի քույր ասաց, որ ինքը միշտ զգացել է, որ պիտի խոսի իր դասի ծրագրի բոլոր կետերի մասին։ Կարծես լույս վառվեց նրա համար, երբ մենք խոսեցինք քննարկումների ժամանակ ոգեշնչմանը հետևելու մասին»։

Լուծումներ գտնել միասին

Նկար
elephant on a table

Ուսուցման յուրաքանչյուր իրավիճակ ունի իր հնարավորությունները, դժվարությունները և հնարավոր օրհնությունները։ Ահա թե ինչու են խորհուրդներն արդյունավետ, որովհետև դրանք թույլ են տալիս ուսուցիչներին Հոգու օգնությամբ փնտրել և գտնել պատասխաններ իրենց որոշակի խհդիրների համար։

Ջոֆրի Ռիդը՝ ցցի Կիրակնօրյա Դպրոցի նախագահը Արիզոնայում (ԱՄՆ), ասում է, որ ուսուցիչների խորհրդի ժողովները լավ արդյունք են ունենում, երբ ուսուցիչները հասկանում են, որ իրենց նպատակն է խորհուրդ անել․ «Այդ ժամանակ նրանք տեսնում են, որ կարող են օգնել միմյանց»։

Նա ասում է, որ ցիցը կենտրոնանում է այն բանի վրա, որ ուսուցիչները փոխեն իրենց մտածելակերպը և «Ես լա՞վ եմ մատուցում դասը» հարցի փոխարեն խորհեն՝ «Ինչպե՞ս ընդունվեց ուղերձը»։

Մարիսա Կանովան՝ ցցի Երեխաների Միության ուսուցիչը, ասում է, որ արձագանքելով ուսուցիչների խորհրդի ժամանակ ունեցած ոգեշնչմանը, այժմ նա խրախուսում է Քաջարիների 8 տարեկանների դասարանի անդամներին աղոթել միմյանց համար։ Դա արդյունավետ եղավ, սակայն այն գուցե նույն արդյունքը չտա չափահասների դասարանում։ «Ավետարանի Վարդապետության մեծ դասարանում յուրաքանչյուր անդամի համար աղոթելը կարող է ճնշող լինել»,- ասում է նա։ «Բարեբախտաբար, այդ ուսուցիչներն ասում են․ «Ձեր կարծիքով, ինչպե՞ս մենք կարող ենք հարմարեցնել այն մեր դասարանի համար»։ Եվ մենք լուծումներ ենք գտնում միասին։

«Ես երախտապարտ եմ ուսուցիչների խորհրդի ժողովների համար,- ասում է նա,- քանի որ դրանք մեզ ժամանակ են տալիս խորհելու այն մասին, թե ինչպես և ինչ ենք մենք անում։ Օգտակար է աջակցություն և հետադարձ կապ ունենալը, զգալը, որ դուք բոլորդ էլ աշխատում եք նույն նպատակի համար։ Ինձ նաև դուր է գալիս մտածելակերպերի բազմազանությունը, որն առաջ են քաշում բազմաթիվ մարդիկ։ Դա օգնում է ինձ խորհել այնպիսի բաների մասին, որոնք ես միանշանակ ինքնուրույն չէի խորհի»։

Երբ մենք մասնակցում և կիսվում ենք ուսուցիչների խորհրդի ժողովների ժամանակ, «ավետարանի ուսուցում» կոչվող փղի տեսլականը սկսում է ավելի պարզորոշ դառնալ մեզ համար։ Ինչպես Եղբայր Սիտոլեն Աֆրիկայում, շատ անդամներ ամբողջ Եկեղեցում գտնում են, որ մինչ Փրկիչի ձևով ուսուցանելու մեր ունակությունը զարգանում է, այն փոխում է ոչ միայն մեր ուսուցանելու ձևը, այլ նաև մեր սովորելու ձևը։

Հղումներ

  1. Տես Ձեռնարկ 2․ Սպասավորել Եկեղեցում (2010), 12.2.2:

  2. Առակը ներառված է Դիտեր Ֆ․ Ուխդորֆի «Ի՞նչ է Ճշմարտությունը» ելույթում։ (Եկեղեցու Կրթական Համակարգի հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, հուն. 13, 2013), broadcasts.lds.org, և Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Ի՞նչ է Ճշմարտությունը»։ Ընկեր, մարտ 2017, 2։

  3. Լրացուցիչ առաջարկների համար տես Բրայան Ք․ Աշթոն, «Օգնենք երիտասարդներին ուսուցանել», Լիահոնա, օգոստոս 2016, 24–25։