2017
Երբեք ուշ չէ նորից փորձելու համար
October 2017


Մենք խոսում ենք Քրիստոսի մասին

Երբեք ուշ չէ նորից փորձելու համար

Հեղինակն ապրում է Վիրջինիայում, ԱՄՆ:

Ուսման մեջ դժվարացող իմ ուսանողուհիներից մեկի հայրն ասաց դստերը. «Երբեք ուշ չէ, որ հաջողության հասնես»: Տերը մեզ նույն ուղերձն է հղում:

Նկար
father and daughter at a parent teacher conference

Նկարը՝ Քելլի Մակմորիսի

Սանդրան իմ անգլերենի ավարտական դասարանի ուսանողուհին էր: Մի քանի շաբաթ էր անցել ուսումնական տարվա սկզբից, նա ոչ մի տնային աշխատանք կամ ծրագիր չէր կատարել: Նա երազանքների գրկում էր՝ իր նստարանին նստած: Սանդրան արդարանում էր, թե ինչու չի ավարտել իր հանձնարարությունները, և ոչ տրամադրվածություն էր ցուցաբերում, ոչ էլ աշխատանքը կատարում, որն անհրաժեշտ էր այսպիսի պատասխանատու դասընթացի շրջանակներում հաջողության հասնելու համար:

Ես և նրա խորհրդատուն որոշեցինք հանդիպում ունենալ Սանդրայի, նրա հոր և մի քանի մյուս ուսուցիչների հետ, որոշելու համար, թե ինչ ուղղություն տալ Սանդրային. արդյո՞ք նա պետք է ավարտական դասարանը թողներ և տեղափոխվեր սովորական դասարան: Ամենադժվարն այս անխոս հարցն էր, որը բոլորս մտովի ծանրութեթև էինք անում. կարո՞ղ ենք արդյոք մի ելք գտնել՝ օգնելու Սանդրային հաջողության հասնել:

Իմանալով, որ Սանդրան բավականաչափ հնարավորություններ է ունեցել հաջողության հասնելու, բայց թերացել է աշխատել, ես գնացի հանդիպմանն առանց հուսադրող զգացումի: Սրտիս խորքում հույս ունեի, որ նա կորոշեր բաց թողնել իմ դասարանը, այնպես որ էլ կարիք չէի ունենա նրա մասին մտահոգվելու: Ես զգում էի, որ արել եմ այն ամենը, ինչ կարող էի, բայց արդեն շատ ուշ էր:

Հանդիպման ժամանակ Սանդրայից էլ էր երևում, որ նա կասկածում է հաջողելու իր ընդունակության վրա: Սանդրան հայացքը հառել էր սեղանին, երբ ես պատմում էի, որ նա թերանում է անգլերենից: Երբ նրա պատմության ուսուցիչն ասաց, որ Սանդրան իր դասերին էլ է թերանում, նրա մարմինը ցած սահեց աթոռի վրա և ես տեսա, թե ինչպես են արցունքներ հոսում աչքերից:

Կարեկցանքից դրդված ես բացատրեցի նրան և նրա հորը, որ եթե Սանդրան ցանկանում է հաջողության հասնել այս պատասխանատու դասարանում, նա պետք է փոխի իր վարքագիծը, որն իրեն այդքան խորը փոսի մեջ է գցել, և որ դա շատ դժվար է լինելու:

Նրա հոր արձագանքը

Ապա խորհրդատուն շրջվեց դեպի Սանդրայի հայրը. վերջինս ուսյալ մարդ չէր և իրեն անհարմար էր զգում դպրոցական միջավայրում: Խորհրդատուն հարցրեց նրան, թե արդյոք հարցեր ունի՞ ուսուցիչներին: Նա ասաց, որ հարցեր չունի և շնորհակալություն հայտնեց մեզ՝ ի նպաստ Սանդրայի ներդրած մեր ջանքերի համար: Բայց հետո նա ասաց, որ ասելիք ունի իր դստերը:

Սիրտս նեղվեց: Ես ներկա եմ եղել որոշ ծնող-ուսուցիչ հանդիպումներին, որտեղ ծնողները ուսուցիչների և խորհրդատուների ներկայությամբ հանդիմանել են իրենց երեխաներին, նախատելով ծուլության, անուշադրության և առարկայի նկատմամբ անտարբեր լինելու համար: Ես պատրաստվեցի նման մի բան լսելու:

Բայց այն, ինչ ես լսեցի, զարմացրեց ինձ: Սանդրայի խոնարհ հայրը դիմեց ամոթից ու զղջումից ճնշված իր արտասվող 16-ամյա աղջկան, ասելով. «Երբեք ուշ չէ: Երբեք ուշ չէ, որ հաջողության հասնես: Իրոք ուշ չէ»:

Երբ հանդիպումն ավարտվեց, ես երախտապարտ էի այդ մարդու սիրահորդ արձագանքի համար, սակայն մտահոգված էի, որ նա պատկերացում չուներ, թե ինչ ջանքեր պիտի գործադրեր իր դուստրը այս փուլն անցնելու համար: Դա անհնար էր թվում: Ավելի ուշ ես իմացա, որ Սանդրան որոշել էր բաց թողնել պատմություն առարկան, բայց ոչ անգլերենը:

Ավելի ուշ այդ օրը, երբ ես ծնկի իջա աղոթելու սեփական թերություններիս համար և ներում խնդրելու իմ Երկնային Հորից, հասկացա, թե ինչքան շատ բան ունեի սովորելու Սանդրայի հորից: Անվստահության և անհամապատասխանության զգացումները երբեմն իմ կյանքում էլ ստիպել են ինձ մտածել, թե արդյո՞ք արժանի եմ եղել ունենալու երկրորդ հնարավորությունը: Այդպիսի պահերին Տերը Սանդրայի հոր պես չի հանդիմանել ինձ, հակառակը, վստահեցրել է. «Երբեք ուշ չէ, ի՛մ աղջիկ: Ուշ չէ»:

Ավետարանի ուղերձը

Որքա՞ն հաճախ ենք մենք հավատում հակառակորդի ուղերձին, որ մեր վիճակն անհույս է: Բայց մարգարեները մեզ այլ բան են ասում: Եսայիան քարոզում է. «Ամբարիշտը թողէ իր ճանապարհը, և անօրէն մարդը՝ իր խորհուրդները, և դառնայ Տիրոջը, և նա կողորմէ նորան, և՝ մեր Աստծուն, որովհետև նա շատ ներող է» (Եսայիա 55.7): Մորմոնն ավելացնում է այս վկայությանը. «Բայց որքան հաճախ որ նրանք ապաշխարում էին ու ներում փնտրում, անկեղծ միտումով, նրանք ներվում էին» (Մորոնի 6.8): Ավետարանի ուրախությունն այն է՝ որ երբեք ուշ չէ: Եվ որքան հաճախ մենք ներում փնտրենք, Տիրոջ փրկագնումը մեզ թույլ կտա նորից սկսել:

Սանդրան նորից սկսելու վճռականությամբ կատարում էր դանդաղ, սակայն էական քայլեր: Փոփոխությունը հեշտ չէր, այն ամենօրյա ջանքեր էր պահանջում՝ հաղթահարելու իր վատ սովորությունները, բայց նա տեսավ իր ջանքերի արդյունքը, երբ գնահատականներն աստիճանաբար բարելավվեցին:

Ավետարանի տեսանկյունից մեր վերջնական գնահատականի համար հաշվի չի առնվելու, թե որքան ենք մենք սխալվել կամ ինչ խորության փոսի մեջ ենք ինքներս մեզ գցել: Փոխարենը, Տերը կդատի մեր կյանքը, ելնելով նրանից, թե որ ուղղությամբ ենք մենք շարժվում, ինչպես ենք ապաշխարել, և որքանով ենք ապավինել Տիրոջ Քավությանը:

Իմ սահմանափակ հասկացողությամբ ես կասկածում էի Սանդրայի ունակության վրա՝ հաղթահարելու անցյալի սխալները: Ի տարբերություն դրա, մեր կատարյալ Հայրը երբեք չի կորցնում հույսը փրկության հասնելու Իր զավակների ընդունակության հանդեպ, կատարելագործվելով Քրիստոսում: Կարևոր չէ, թե որքան հեռու ենք մենք գնացել, Նա միշտ կփնտրի կորածին: Տերը խնդրում է մեզ՝ այլևս չթափառել մեղքի մեջ, որպես օտարական, փոխարենը, փնտրել Նրան հույսով և վայելել Նրա անսահման Քավության օրհնությունները: Իսկապես, երբեք ուշ չէ: