2017
Ինքնահարգանքի զարգացում ինքնապահովման շնորհիվ
October 2017


Ինքնահարգանքի զարգացում ինքնապահովման շնորհիվ

Խոսե Ալբերտո Նավաս (պատմել է Միրիամ Սվինիին)

Սան Խոսե, Կոստա Ռիկա

Ես ամուսնացած էի, ունեի երեք երեխա և գործազուրկ էի: Գործազրկությունն ինձ հուսահատության էր հասցրել: Ես մտահոգված էի ընտանիքիս ապահովության համար և դադարել էի հավատալ սեփական ուժերիս:

Կինս՝ Կարլան, հորդորեց ինձ հաճախել ինքնապահովման խումբ: Ես անհարմար էի զգում խոստովանել, որ չունեմ աշխատանք, բայց նա խրախուսեց ինձ հաճախել խումբը, որ ես կարողանայի հոգ տանել մեր ընտանիքի մասին:

Ես դժկամությամբ փորձեցի: Հաճախելով խումբը, ես հասկացա, որ իմ անգլերենի հմտությունը կարող է պահանջված լինել աշխատանքի շուկայում: Ես անգլերեն էի սովորել իմ միսիայի ժամանակ, սակայն կարող էի խոսել անգլերենով միայն կրոնի շուրջ: Ես սկսեցի հաճախել Եկեղեցու անգլերենի դասերին, որպեսզի ընդլայնեմ բառապաշարս: Մի օր, երբ անգլերենի դասից վերադարձա տուն, Կարլան ինձ փոխանցեց հեռախոսափողը:

«Ո՞վ է»,- հարցրի ես:

«Չգիտեմ»,- պատասխանեց նա: «Անգլերեն են խոսում»:

Դա Կոստա Ռիկայի խոշորագույն ընկերություններից մեկի մարդկային ռեսուրսների բաժնի ներկայացուցիչն էր, ինձ հրավիրում էր հարցազրույցի: Ես ապշած էի, բայց հարցազրույցը շատ լավ ընթացավ: Ավելի ուշ ես իմացա, որ Կարլան էր պայմանավորվել հարցազրույցի համար:

Ես աշխատանք ունեցա և միշտ հիշում եմ, թե ինչ օգտակար եղավ ինձ համար ինքնապահովման խումբը: Հետո ես մտածեցի, թե ինչպես կարող եմ ավելի լավ կիրառել իմ սովորածը: Ես նույնիսկ սկսեցի ավելի լավ աշխատանք փնտրել և գտա: Այնուհետև ես նախաձեռնեցի իմ սեփական շինարարական բիզնեսը:

Ես չեմ պատկերացնում, թե որտեղ կլինեինք ես ու ընտանիքս, առանց այն սկզբնակետի, որը ձեռք բերեցինք ինքնապահովման նախաձեռնության շնորհիվ: Ես սովորեցի խոնարհ լինել և օգնություն խնդրել Տիրոջից: Ես նաև հասկացա, որ պետք է թույլ տամ, որ մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել ինձ՝ օրհնեն իմ կյանքը: Մենք շատ օրհնություններ ունենք: Այժմ ես ունեմ ինքնահարգանք և կարող եմ օրհնել ընտանիքս իմ վաստակած գումարով: Ես գիտեմ, որ Հոգին օրհնում է մեզ, երբ խոնարհ ենք: