2023
Երախտագիտության զորությունը
Սեպտեմբեր 2023


Տարածքի ղեկավարության ուղերձ

Երախտագիտության զորությունը

2020 թվականի աշնանը COVID-ի համավարակը ծնկի բերեց ողջ աշխարհը։ Իհարկե, մենք բոլորս ինչ-որ կերպ ենթարկվեցինք դրա ազդեցությանը:

Քանի որ ես աշխատում եմ մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում, համավարակը լուրջ մարտահրավեր էր ինձ համար մասնագիտական առումով: Ուստի, ես լի էի սպասումներով, երբ իմացա, որ մեր սիրելի մարգարեն՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, 2020 թ.-ի նոյեմբերի 20-ին հատուկ ուղերձով դիմելու է աշխարհին:

Նախագահ Նելսոնը սկզբում պատմեց իր կյանքում ապրած որոշ մարտահրավերների մասին և մեծ մտահոգություն հայտնեց համավարակի վերաբերյալ: Հետո նա ասաց.

«Սակայն կա մի միջոց, որը կարող է զարմանալի թվալ, քանի որ այն հակասում է մեր բնական ընկալմանը: Այնուամենայնիվ, դրա ազդեցությունը հաստատվել է գիտնականների, ինչպես նաև հավատացյալ տղամարդկանց և կանանց կողմից:

Ես նկատի ունեմ երախտագիտության բժշկող զորությունը»:1

Նախագահ Նելսոնը հրավիրեց մեզ օգտագործել սոցիալական մեդիան որպես մեր անձնական երախտագիտության օրագիր և մեր ամենօրյա աղոթքներում մեր շնորհակալությունը հայտնել Աստծուն՝ մեր կյանքում ունեցած անթիվ օրհնությունների համար:

Ես կիրառեցի նրա առաջարկած «թերապիան» և զգացի, որ այդ դժվարին ժամանակաշրջանում այն օգնեց ինձ զգալ բժշկումը և ունենալ ուրախ, հավատացող սիրտ:

Լիաժամկետ միսիան իմ կյանքի գլխավոր օրհնություններից մեկն է: Այդ ընթացքում ես ծանոթացա բազմաթիվ մարդկանց հետ, որոնք գտնվում էին կյանքի տարբեր իրավիճակներում։ Ոմանք, կարծես, ունեին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր երջանիկ կյանքի համար։ Սակայն, ես հանդիպեցի նաև մարդկանց, որոնք ապրում էին ծայրահեղ աղքատության մեջ, տառապում էին ծանր հիվանդությունից և բախվում էին այլ դժվարությունների, բայց դեռ ուրախությամբ էին լցված։ Երբ ես մտածում էի իմ դիտարկման մասին, հասկացա, որ նրանք, ովքեր ուրախություն էին ճառագում նույնիսկ դժվարին հանգամանքներում, նույնպես միշտ երախտապարտ էին: Ես հասկացա, որ երախտագիտությունը ուրախության բանալին է:

Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք զարգացնել երախտապարտ սիրտ։

Մեր առօրյա կյանքում մեզ անհրաժեշտ են կանոնավոր պահեր՝ դադար տալու և լուռ մնալու համար: Նախագահ Նելսոնն ասել է. «Հանգիստ ժամանակը սուրբ ժամանակ է. ժամանակ, որը կհեշտացնի անձնական հայտնությունը և կսերմանի խաղաղություն»:2

Այդ հանգիստ պահերին մենք կարող ենք բացել մեր աչքերը, ականջները և հատկապես մեր սրտերը՝ տեսնելու, թե որքան է մեր Երկնային Հայրը սիրում և շռայլորեն օրհնում մեզ: Մենք կարող ենք տեսնել, որ, ի վերջո, մեր կյանքի յուրաքանչյուր պահը պարգև է Աստծուց: Դա մեզ կլցնի ուրախությամբ ու երախտագիտությամբ և կօգնի մեզ կյանքի տհաճ ու ցավոտ փորձառությունները դիտարկել որպես նոր բան սովորելու, անձնապես աճելու և Քրիստոսանման հատկանիշներ զարգացնելու հնարավորություն:

Եթե մեր սիրտը լի է երախտագիտությամբ, մենք, բնականաբար, ցանկություն կզգանք ուրիշների հետ կիսվել այն ամենով, ինչը մեզ ուրախություն է պատճառում:

Երախտագիտությունը ոչ միայն անձնական ուրախության բանալին է: Այն նաև մղում է մեզ օրհնություն լինել ուրիշների համար և փոխել աշխարհը դեպի լավը:

Ես խորապես երախտապարտ եմ իմ Երկնային Հորը իմ կյանքում ունեցած առատ օրհնությունների համար, մասնավորապես՝ իմ ընտանիքի և իմ կողքին գտնվող հոգատար մարդկանց համար: Ես շնորհակալ եմ Նրան երջանկության մեծ ծրագրի և իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի համար: Նա մեզ համար հիանալի օրինակ է, թե ինչ է նշանակում երախտապարտ լինել՝ մշտապես Իր երախտագիտությունը Իր Հորը արտահայտելով: Եկեք հետևենք Նրա օրինակին և օգտվենք բոլոր հնարավորություններից՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն և մեզ շրջապատողներին՝ մեր կյանքի բոլոր լավ բաների համար: Որքա՜ն հիանալի կլիներ, եթե մեր ամենօրյա աղոթքները նախ և առաջ մեր երախտագիտության արտահայտությունը լինեին։

Ես միշտ երախտապարտ եմ Հիսուս Քրիստոսին: Նա մեզ ցույց է տվել, թե ինչպես ապրել։ Նա մեզ տվել է կյանքի մեծ հարցերի պատասխանները։ Նա իրականացրեց քավությունը՝ այդպիսով հարթելով մեր ճանապարհը՝ մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու համար:

Նա իմ հույսն է։ Իմ ողջ սիրտը Նրան է պատկանում:

Նշումներ

  1. «Երախտագիտության բժշկող զորությունը», նախագահ Ռասսել Մ. Նելսոն, նոյեմբեր 2020թ.։

  2. «Այն, ինչ սովորում ենք, երբեք չենք մոռանա», նախագահ Ռասսել Մ. Նելսոն, 2021 թվականի ապրիլի գերագույն համաժողով։