2023
Երախտապարտ եմ, որ կարողանում եմ «Լս[ել] Նրան»
Սեպտեմբեր 2023


«Երախտապարտ եմ, որ կարողանում եմ «Լս[ել] Նրան», Լիահոնա, սեպտ. 2023:

Երախտապարտ եմ, որ կարողանում եմ «Լս[ել] Նրան»

Ես դժվարությամբ եմ լսում եկեղեցում, բայց Նոր Կտակարանի այդ պատմությունն օգնեց ինձ այլ կերպ տեսնել իմ իրավիճակը:

Նկար
մարդը կանգնած է ամբիոնի մոտ

Ես իմ կյանքի մեծ մասը ունեցել եմ լսողության լուրջ կորուստ և կարողանում եմ հասկանալ միայն 20 տոկոսը այն ամենից, ինչ ասվում է ամբիոնի մոտ՝ Եկեղեցու ժողովների մեծ մասի ժամանակ: Երբեմն, իմ խլությունը ստիպում է ինձ միայնակ և մեկուսացած զգալ, օրինակ, երբ համայնքը ծիծաղում է խոսնակի հումորային դիտողության վրա, բայց ես՝ ոչ, քանի որ չեմ լսել այն։ Եվ ես միակը չէի։ Ծխի տարեց անդամներն ինձ վստահեցրին, որ իրենք նույնպես դժվարությամբ են լսում:

Երբեմն, հաղորդության ժողովի ժամանակ ես մաքառումների մեջ եմ մեղմախոս խոսնակին հասկանալու համար կամ, երբ Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչը հայտարարում է, որ կարիք չկա օգտագործել խոսափողը, քանի որ բոլորը կարող են լսել: Այդ ժամանակ ես զարմանում եմ, թե ինչու եմ նույնիսկ գնում եկեղեցի, երբ այդքան վատ եմ լսում: Ավելի լավ չէ՞, որ իմ ժամանակն անցկացնեմ տանը՝ կարդալով Եկ, հետևիր ինձ ձեռնարկի դասերը, կամ ուսումնասիրեմ սուրբ գրությունները:

Այնուհանդերձ, ես ցանկանում էի հնազանդ լինել և շարունակեցի հաճախել ընտանիքիս հետ՝ նորոգելու իմ մկրտության ուխտերը և հիշելու Փրկչին՝ ճաշակելով հաղորդությունը: Հոգին զգալը միշտ օրհնություն էր, և ես միշտ զորացած էի զգում այն բաներից, որոնք կարողանում էի լսել:

Նկար
Հիսուսը և արյան խնդիր ունեցող կինը

Մի կիրակի բարձրագույն խորհրդականը, որը ելույթ ունեցավ հաղորդության ժողովին, ուներ պարզ, ցայտուն ձայն, որը հեշտացնում էր լսելը: Նա քննարկեց Նոր Կտակարանի պատմությունը այն կնոջ մասին, որը 12 տարի տառապում էր արյան խնդրով և հավատ ուներ, որ կարող է բուժվել, եթե կարողանա միայն ձեռք մեկնել և դիպչել Հիսուսի հանդերձին, երբ Նա անցնում էր իր կողքով (տես Ղուկաս 8.43–48):

Այնուհետև խոսնակը մի ցնցող միտք առաջարկեց, որը խորապես հուզեց ինձ: Նա բացատրեց, որ իր վիճակի պատճառով այս կինը կհամարվեր անմաքուր և, ամենայն հավանականությամբ, նրան թույլ չէին տա հաճախել եկեղեցի: 12 տարի:

Ես պատկերացրի դրա անցանկալի հետևանքները և շունչս կտրվեց: Լինելով հիվանդ՝ այս կինը, հավանաբար, այնքան էլ վատառողջ չէր, որ չկարողանար եկեղեցի հաճախել՝ գոնե երբեմն: Բայց ժամանակի սոցիալական բարքերի պատճառով նրան թույլ չէին տալիս եկեղեցի հաճախել։ Ի՜նչ սարսափելի փորձություն է հավատացյալ մարդու համար։

Երբ ես խորհում էի այն սրտի ցավի մասին, որ նա պետք է զգացած լիներ, երբ նրան արգելվում էր երկրպագել Աստծուն հավատակիցների հետ՝ իր ֆիզիկական վիճակի պատճառով (մի բան, որը նա չէր վերահսկում), Հոգու զորությամբ իմ աչքերը բացվեցին, և ես հասկացա, թե որքան է նրա իրավիճակը նման իմ իրավիճակին: Դա ինձ օգնեց հասկանալ, որ թեև ես չէի կարողանում լինել լիարժեք մասնակից, սակայն առնվազն արտոնություն ունեի հաճախելու եկեղեցի և լսելու այն, ինչ կարող էի: Այդ կինը նման ընտրություն չուներ։ Ես ամաչում էի այն պահերի համար, երբ մի կարճ ժամանակ մտածում էի տանը մնալու մասին:

Անմիջապես Աստված խոսեց իմ սրտի հետ՝ տեղեկացնելով, որ Ինքը չի ցանկանում, որ ես ինձ մեղավոր զգամ: Նա ցանկանում էր, որ ես երախտապարտ լինեմ եկեղեցի հաճախելու արտոնության համար և զորանամ՝ շփվելով Քրիստոսի հավատարիմ աշակերտների հետ: Չնայած ես չէի կարողանում լսել ամեն ինչ, սակայն կարողանում էի հասկանալ որոշ բաներ, և դրանցից յուրաքանչյուրն օրհնում էր իմ կյանքը: Կային նաև հատուկ պահեր, երբ Հոգին օգնում էր ինձ հասկանալ այն բաները, որոնք ես չէի կարողանում լսել:

Ես երախտապարտ էի Աստծուն՝ երկրպագելու և Նրա տուն գնալու օրհնությունները վայելելու ազատության համար: Հոգին վկայեց ինձ, որ ինձ համար շատ ավելի լավ է մասնակցել Եկեղեցու ժողովներին, ճաշակել հաղորդությունը և սովորել՝ ինչ կարողանում էի, քան ընդհանրապես չմասնակցել:

Այդ օրը իմ վերաբերմունքը փոխվեց։ Իմ սահմանափակումներից վհատված զգալու փոխարեն՝ խաղաղություն լցվեց սիրտս, և ես որոշեցի կենտրոնանալ եկեղեցի հաճախելու օրհնությունների վրա: Ես որոշեցի անկեղծ ջանքեր գործադրել՝ շնորհակալ լինելու այն ամենի համար, ինչ կարողանում էի լսել, այլ ոչ թե հուսալքվել այն ամենի համար, ինչ ես չէի կարողանում լսել:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է. «Նեղության ժամանակ երախտապարտ լինելը չի նշանակում, որ մենք գոհ ենք մեր հանգամանքներից: Դա իրապես նշանակում է, որ հավատքի աչքերով մենք նայում ենք մեր այսօրվա մարտահրավերներից այն կողմ»:1 Կինը, որը ձեռքը մեկնեց՝ դիպչելու Հիսուսի հանդերձին, ինձ համար հրաշալի հիշեցում էր՝ բավականաչափ հավատք ունենալ առ Տերը, որպեսզի տեսնեմ իմ սահմանափակումներից այն կողմ և բավարար վստահություն ունենամ Աստծո հանդեպ՝ իմանալով, որ Նա կօրհնի ինձ հաջողության հասնել՝ չնայած իմ ֆիզիկական սահմանափակումներին:

Կյանքը լի է ամեն տեսակի դժվարություններով, որոնք մեզ փորձության են ենթարկում հոգևոր, հուզական և ֆիզիկական առումներով, բայց նույնիսկ նեղության ժամանակ խրախուսվում է, որ մենք երախտապարտ լինենք այն օրհնությունների համար, որոնք վայելում ենք: Տերն ասել է.

«Իմ ընկերներ, մի վախեցեք, թող ձեր սրտերը մխիթարվեն. այո, հավիտյան ուրախ եղեք, և ամեն ինչում շնորհակալություն հայտնեք: …

… Եվ բոլոր բաները, որոնցով դուք տառապել եք, միասին կգործեն ձեր բարօրության և իմ անվան փառքի համար» (Վարդապետություն և Ուխտեր 98.1, 3):

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):