2023
Բժշկվել է տաճարում
Սեպտեմբեր 2023


«Բժշկվել է տաճարում», Լիահոնա, սեպտեմբեր 2023

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Բժշկվել է տաճարում

Տաճարում ես խոր վստահություն զգացի, որ Տերը սիրում է ինձ և գիտի իմ մաքառումների մասին:

Նկար
Զույգը կանգնած է տաճարի առաջ

Լուսանկարը՝ հեղինակի կողմից, Դուրբանի (Հարավային Աֆրիկա) տաճարի ֆոնային լուսանկարը Մեթյու Ռեյերի կողմից

Մեր առաջին որդին մահացած ծնվեց 2017 թվականին: 2020 թվականին՝ Դուրբանի (Հարավային Աֆրիկա) տաճարի նվիրագործումից ինն ամիս առաջ մեր երկրորդ որդին մահացած ծնվեց:

Այդ ժամանակ ես ինձ զգում էի Հին Կտակարանի Աննայի նման: Ես «տրտմալից հոգով աղոթեց[ի] Տիրոջը և շատ լաց եղա» ( Ա Թագավորաց 1.10):

Ես զայրացած էի, ինձ անօգնական էի զգում, և տանջալի ցավի մեջ էի։ Ես դյուրահույզ էի և պայքարում էի ֆիզիկապես ու հոգևորապես: Ձողից կառչելն անհնար էր դառնում, և այն աստիճանաբար սահում էր ձեռքերիցս: Ես իսկապես այրվում էի «նեղության հալոցում» (Եսայիա 48.10):

Ես այնքան երախտապարտ եմ, որ ստացա օգնություն և բժշկում իմ ընտանիքի կողմից, սուրբ գրություններից և աղոթքից: Ես նաև օգնություն եմ ստացել խորհրդատուներից: Սակայն իմ ապաքինման գագաթնակետը եկավ տաճարում:

Երբ ես սկսեցի ծառայել տաճարում, ես լցվեցի աճող լույսով: Այնտեղ ինձ զգում էի ինչպես տանը։ Տաճարում ես խոր վստահություն զգացի, որ Տերը սիրում է ինձ և գիտի իմ մաքառումների մասին:

Երբ շարունակում էի ծառայել Տիրոջ տանը, ես սկսեցի այլ կերպ նայել իմ նախնիների անուններին: Դրանք պարզապես անուններ չէին: Ես հասկացա, օրինակ, որ մի նախնին միաժամանակ դուստր է, մայր, տատիկ, մորաքույր, քույր, զարմուհի: Նրա մահը, հավանաբար, դժվար է եղել ողջ մնացած հարազատների համար։ Բայց փոխարինող սուրբ արարողությունների միջոցով այդ նախնուն մատուցված օրհնությունները մեծ և քաղցր ուրախություն են, որոնք գերազանցում են ցանկացած ցավ, որ կարող էին զգալ նրա կենդանի հարազատները նրա մահից հետո:

Այս հասկացողությունն օրհնել է ինձ, երբ ես մտածում էի մեր թանկագին տղաների, մեր հոգիների հավերժական էության և Երկնային Հոր փրկության ծրագրի մասին: Մեր տղաների կորուստն ինձ հուշում է՝ անել հնարավոր ամեն ինչ՝ ավետարանով ապրելու համար:

Այնուամենայնիվ, որոշ օրեր ավելի դժվար են, քան մյուսները: Բայց իմ ուխտի խոստումներին հավատարիմ մնալը հեշտացնում է այդ օրերը:

Փոխառելով նախագահ Ռասել Մ. Նելսոնի խոսքերը, ասում եմ. «Մենք շատ ենք կարոտում մեր [որդիներին]: Սակայն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի շնորհիվ մենք չենք անհանգստանում [նրանց] համար: Երբ մենք շարունակում ենք պատվել Աստծո հետ կապած մեր ուխտերը, անհամբեր սպասում ենք, թե երբ պիտի կրկին հանդիպենք նրան»:1