2023
Եղբայրներ և քույրեր Տիրոջով
Սեպտեմբեր 2023


«Եղբայրներ և քույրեր Տիրոջով», Լիահոնա, սեպտ. 2023:

Եղբայրներ և քույրեր Տիրոջով

«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց», և Նա մեզ տվեց միմյանց:

Նկար
Հիսուսը կենդանացնում է Նայինի այրի կնոջ որդուն

Նային քաղաքում Հիսուսը կենդանացնում է այրի կնոջ որդուն։

Ճամփորդելով Կափառնայումից՝ մեր Փրկիչը գնաց Նային անունով մի քաղաք: Քաղաքի դարպասի մոտ Նա տեսավ թաղման մի թափոր: Միակ զավակի անժամանակ մահը մենակ էր թողել մի չքավոր այրի կնոջ։

«Տերը, նրան տեսնելով, գթաց ու ասաց. «Մի՛ լար»:

Եվ մոտենալով դիպավ դագաղին. դագաղը տանողները կանգնեցին։ Եվ ասաց. «Պատանի, քեզ եմ ասում, վեր կաց»։

Երբ պատանին նստեց և սկսեց խոսել, «Հիսուսը նրան իր մորը տվեց» (տես Ղուկաս 7.11–15, շեշտադրումն ավելացված է):

Իր ծառայության ողջ ընթացքում՝ լինի դա 1-ի թե 99-ի դեպքում,1 մեր Փրկիչը հանդիսացավ կարեկցանքի, հավատքի, հույսի, գթության, սիրո, ներողամտության, ողորմության և ծառայության կատարյալ օրինակ:2 Նա հրավիրում է մեզանից յուրաքանչյուրին՝ «արի ու ինձ հետևիր» (Ղուկաս 18.22) և դարձիր՝ «ճիշտ ինչպես ես եմ» (3 Նեփի 27.27):3

«Ճիշտ ինչպես ես եմ»

Որպեսզի հետևենք մեր Փրկչի կատարյալ օրինակին և դառնանք ճիշտ ինչպես Նա է, մենք ընդունում ենք Նրա հրավերը՝ քայլել Նրա հետ Իր ուխտի ճանապարհով (տես Մովսես 6.34): Մենք երբեմն բացահայտում ենք ուխտի ուղին փրկության և վեհացման այն արարողությունների միջոցով, որոնցով այն նշվում է՝ մկրտություն և հաստատում՝ Սուրբ Հոգու պարգևը ստանալու և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ դառնալու համար, Մելքիսեդեկյան Քահանայության ձեռնադրում (եղբայրների համար), օժտում Տիրոջ տանը (մեզնից յուրաքանչյուրի համար՝ որպես անհատ) և տաճարային կնքում:

Արարողությունը, որն անհրաժեշտ է փրկության և վեհացման համար, սուրբ գործողություն է, որը կատարվում է լիազորված քահանայության իշխանության կողմից, որը մեզ ուսուցանում է այն ուխտը, որի հետ կապված է արարողությունը: Որոշ առումներով մենք կարող ենք մտածել փրկության և վեհացման արարողության մասին՝ որպես արտաքին գործողության, որը ուխտի միջոցով մեր կյանք է բերում Աստծո և Նրա սուրբ Որդու հետ ամրացնող հարաբերություններ:

Որպես Աստծո սիրելի որդին կամ դուստրը՝ մեզանից յուրաքանչյուրը իր սուրբ ուխտերն է կապում Աստծո հետ: Մենք դա անում ենք որպես անհատ, մեր անունով, մեկ առ մեկ: Աստծո հետ ունեցած այս ուխտի կապը մեզանից յուրաքանչյուրին տալիս է զորություն, հույս և խոստում: Այս ուխտերը կարող են փոխել մեր էությունը, սրբացնել մեր ցանկություններն ու արարքները և օգնել մեզ հեռացնել բնական տղամարդուն կամ բնական կնոջը, երբ մենք ենթարկվում ենք Սուրբ Հոգու հորդորներին: Ուխտով՝ Տեր Քրիստոսի Քավության միջոցով, մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ Աստծո զավակ՝ «ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի» (Մոսիա 3.19):

Միասին ծառայենք ուխտով

«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց» (Հովհաննես 3.16), և Նա մեզ տվեց միմյանց: Ուխտի պատկանելությունը (կապված լինել Աստծո և միմյանց հետ ուխտի միջոցով) հրավիրում է մեզ իրականացնելու մեր աստվածային ինքնությունն ու նպատակը՝ հաղորդակցվելով երկնքի հետ և միացնելով ու ստեղծելով Սրբերի համայնք, երբ մենք սիրում ու ծառայում ենք միմյանց և մեզ շրջապատողներին: Ուխտի պարտավորության և ուխտին պատկանելու հնարավորություն ընձեռելու գործում Աստված աչառու չէ: Նա հրավիրում է մեզանից յուրաքանչյուրին՝ կանանց և տղամարդկանց, ամուսնացած կամ չամուսնացած, անկախ մեր ծագումից և հանգամանքներից, գալ Իր մոտ և միմյանց մոտ՝ ուխտով:

Երբ մենք ուխտով պատկանում ենք Տիրոջը, մենք նաև ուխտով ենք պատկանում միմյանց: Ուշագրավ բաներ են տեղի ունենում, երբ մենք սիրում ենք Տիրոջը և համագործակցում, խորհուրդ ենք տալիս ու ծառայում ենք միմյանց: Ուխտի ծառայությունն ամրացնում է մեր կապերը Տիրոջ և միմյանց հետ: Սա ներառում է մեր անձնական հարաբերությունները մեր Երկնային Հոր, ընտանիքի, Եկեղեցու համայնքի և ընտանիքի սերունդների հետ: Երբ մենք ապրում ենք մեր ուխտերով, մենք կորցնում ենք մեր եսակենտրոն եսը, և գտնում ենք մեր լավագույն Քրիստոսակենտրոն եսը:

Աստծո աստվածային երջանկության ծրագիրը

Աստծո երջանկության ծրագրում, ասել է նախագահ Ռասել Մ. Նելսոնը, «երկինքը նույնքան բաց է կանանց համար, ովքեր օժտված են Աստծո զորությամբ, որը բխում է նրանց քահանայության ուխտերից, ինչպես որ այն բաց է քահանայություն կրող տղամարդկանց համար»:4

Սփոփող միության գերագույն նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնը նկատել է. «Մենք իրավունք ունենք օգտվելու քահանայության իշխանությունից՝ ելնելով անձնական արժանավորությունից»:5 Մեջբերելով նախագահ Նելսոնին, նա ասել է. «Մեզ պետք են կանայք, որոնք գիտեն, թե ինչպես հասնել այն զորությանը, որը Աստված հասանելի է դարձնում ուխտը պահողներին»:6 Նախագահ Ջոնսոնը հավելել է. «Ուխտ պահողները, որոնք ձգտում և ապրում են հավատքով, խոնարհությամբ և ջանասիրությամբ, կարող են ստանալ առաջնորդություն, ոգեշնչում, Հոգու պարգևներ, հայտնություն, «օգնություն և ուժ՝ ավելի նմանվելու Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորը»:7 Երբ յուրաքանչյուրս առաջարկում ենք մեր եզակի պարգևները՝ համագործակցելով Տիրոջ և միմյանց հետ, մենք ստեղծում ենք «մեկ մարմին» (Ա Կորնթացիս 12.13).

Աստծո ծրագրում մայրերն ու հայրերը ուղեկիցներ և օգնականներ են: Մենք օգնում ենք միմյանց՝ որպես սիրո և արդարության հավասար գործընկերներ՝ դաստիարակելու և ապահովելու միմյանց ու մեր ընտանիքները: Մտքի և վարքի մաքրությունը հայտնության և ոգեշնչման նախապայմանն է, որի կարիքն ունեն կանայք և տղամարդիկ: Իրենց տներում հայրերն ու ամուսինները պետք է նախագահեն մեղմությամբ, հեզությամբ և անսխալ սիրով. արդար հատկություններ, որոնց կարիքն ունեն տղամարդիկ և կանայք մեր բոլոր հարաբերություններում:8

Երկինքն արտասվում է, երբ ցանկացած հարաբերություններում կան բռնություն, հսկողություն կամ ցանկացած տեսակի պարտադրանք տղամարդկանց կամ կանանց կողմից: Համոզումը, երկայնամտությունը, բարությունը և մաքուր գիտելիքը Քրիստոսանման հատկանիշներ են, որոնք յուրաքանչյուրս փնտրում ենք՝ անկախ նրանից՝ ամուսնացած ենք, ամուրի, այրի կամ ամուսնալուծված (տես Վարդապետություն և Ուխտեր 121.41–42): Դա պայմանավորված է նրանով, որ մեր արժանավորությունը Տիրոջ և Նրա Եկեղեցում որոշվում է մեր անձնական բնավորությամբ և ուխտը պահելու արդարությամբ:

Նկար
տղամարդիկ և կանայք հավաքվել են խորհրդի ժողովում

Խորհրդակցություն խորհրդում

Այս նույն ոգով Տիրոջ Եկեղեցում մենք խորհրդակցում ենք խորհուրդներում, երբ միասին ծառայում ենք: Մեր խորհուրդներում ղեկավարները բոլորին հնարավորություն են տալիս մտքեր և գաղափարներ առաջարկել: Ես երախտապարտ եմ այն արտասովոր կանանց և տղամարդկանց համար, որոնց հետ ես արտոնություն ունեմ կողք կողքի ծառայելու Եկեղեցու գործադիր խորհուրդներում: Այս վեհանձն քույրերն ու եղբայրները օգնում են հավաքել Իսրայելը միսիոներական ծառայության միջոցով, նախապատրաստել մեզ՝ հանդիպելու Աստծուն քահանայության և ընտանեկան ծառայության միջոցով, հավերժական ընտանիքները միավորել տաճարային և ընտանեկան պատմության ծառայության միջոցով և ծառայել կարիքավորներին՝ բարօրության և ինքնապահովման ծառայության միջոցով:

Ամեն անգամ մենք ավելի լավ որոշումներ ենք ընդունում և ավելի մեծ հաջողություններ ունենում Տիրոջ ծառայության մեջ, երբ գնահատում ենք միմյանց ներդրումները, և որպես եղբայրներ ու քույրեր միասին կատարում ենք Նրա աշխատանքը:

Նմանապես՝ ես երախտապարտ եմ, որ մեր ցցերում և ծխերում եղբայր և քույր ղեկավարներն ու անդամները միավորված են փրկության և վեհացման աշխատանքում: Ամբողջ Եկեղեցում միսիայի նվիրված ղեկավարների ուղղորդումով միսիայի ղեկավարության խորհուրդները ներառում են երեց և քույր ուսուցման ղեկավարներ, որոնք ղեկավարում են մեր միսիոներներին, որոնցից յուրաքանչյուրի աշխատանքն ու պարտականությունները գնահատվում են և կարևոր են: Միացյալ Նահանգների բանակում Վերջին Օրերի Սրբերի քահանաները, Եկեղեցու կողմից հաստատված տղամարդ և կին սպաները օրհնում են նրանց, ովքեր ծառայում են ծառայության տարբեր ճյուղերում:9 Սպասավորելիս մեր երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք ծառայելու հնարավորություն և կարիք ունեն: Մեր ծառայության մեջ մենք բոլորս միասին ենք։

Որպես Աստծո վկաներ կանգնելու ուղիներից մեկն է՝ ծառայել որպես վերականգնված ավետարանի արարողությունների վկաներ: Քույրերն ու եղբայրները կանգնում են որպես մկրտությունների վկաներ՝ ինչպես ողջերի, այնպես էլ մահացածների համար: Եղբայրներն ու քույրերը կանգնում են որպես վկաներ Տիրոջ տանը լրացուցիչ արարողությունների համար: Այնտեղ՝ տաճարի նախագահի բանալիների ներքո, քույրերը սուրբ արարողություններ են կատարում քույրերի համար, իսկ եղբայրները սուրբ արարողություններ են կատարում եղբայրների համար:

Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, ասել է. «Աստծո երջանկության ծրագրում քահանայության զորությունը օրհնում է մեզ բոլորիս: Քահանայության բանալիները առաջնորդում են թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց, և քահանայության արարողություններն ու քահանայության իշխանությունը վերաբերում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց։ Ցանկացած մարդ, ով գործում է իր պաշտոնում կամ կոչման մեջ, որը ստացել է քահանայության բանալիներ կրողի կողմից, իրեն հանձնարարված պարտականությունները կատարելիս գործադրում է քահանայության իշխանությունը»։10

Բարձրանալ աշխարհից վեր

Երբ մենք ձգտում ենք «մեկ լինել», ինչպես որ Հիսուս Քրիստոսը մեկ է Հոր հետ (Հովհաննես 17.21), մենք պետք է «զգեստավորվե[ն]ք Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռոմեացիներին 13.14):

Մենք կարող ենք սրբագործվել, քանի որ շնորհ առ շնորհ մենք սովորում և յուրացնում ենք Հիսուս Քրիստոսի հատկանիշները՝ լիարժեք սիրել, ավելի հեշտ ներել, ավելի քիչ պատրաստակամությամբ դատել, ավելի պատրաստակամորեն ծառայել և զոհաբերել, ավելի խորը և ավելի հաճախ կարեկցանքի օրինակ լինել:

Եկեք վստահենք Քրիստոսի վարդապետությանը և օրինակին, ուրախանալով ճշմարտությամբ և դառնալով Նրա խոնարհ հետևորդները (տես 2 Նեփի 28.14)՝ մեզանից յուրաքանչյուրը որպես անհատ և որպես եղբայրներ և քույրեր Տիրոջով:11