2023
Ուրբաթ երեկոյան մկրտություն
Սեպտեմբեր 2023


«Ուրբաթ երեկոյան մկրտություն», Լիահոնա, սեպտ. 2023 թ.

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Ուրբաթ երեկոյան մկրտություն

Ապաշխարելու իմ ցանկությունն օգնեց ինձ գտնել Փրկչին և Նրա Եկեղեցին:

Նկար
Կինը կանգնած է եկեղեցու դիմաց

Նկարը՝ Կետի Դոքրիլի

Երբ ես Չինաստանից եկա Միացյալ Նահանգներ՝ գիտությունների դոկտորի աստիճան ստանալու համար, սկզբնական հուզմունքն ապրելուց հետո ծանրաբեռնված էի բազմաթիվ գիտական աշխատություններով, որոնք ես պետք է կարդայի և գրեի: Ես նաև չգիտեի՝ ինչպես շփվել իմ գիտական խորհրդատուի հետ, ինչն ավելի մեծացրեց լարվածությունը: Ես մոլորված ու միայնակ էի զգում, և չգիտեի ինչ անել:

Ապա եզրակացրի, որ իմ անցյալի սխալ արարքները պատճառ են դարձել իմ ներկայիս տառապանքին, և որ ես պետք է ապաշխարեմ: Երեկո էր, ուստի ես համացանցում փնտրեցի «church»՝ «եկեղեցի» բառը: Ես պարզեցի, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միակ եկեղեցին էր, որը բաց էր մինչև երեկոյան ժամը 9:00-ն: Որոշելով եկեղեցում ապաշխարել՝ ես մեկնեցի մեկ ժամ տևողությամբ զբոսանքի:

Երբ 18:00-ի սահմաններում հասա եկեղեցի, տեսա լույսեր և լսեցի ներսից հնչող ծիծաղ ու երաժշտություն: Շենքի շուրջը պտտվեցի, բայց դուռը չգտա։ Պատուհանից տեսա, որ սենյակներից մեկում հայրը խաղում էր որդու հետ։ Ես թակեցի պատուհանը, որպեսզի գրավեմ նրա ուշադրությունը։ Նա ինձ առաջնորդեց դեպի դուռը, ներս հրավիրեց և ասաց, որ ինչ-որ մեկը մկրտվում է։

Ես հետևեցի նրա առաջնորդությանը և մտա մի սենյակ, որտեղ մի մարդ օրհնում էր մի տղայի, որը նոր էր մկրտվել: Կանգնելով դռան մոտ և լսելով օրհնությունը, ես զգացի, որ Աստված ինձ նույնպես օրհնություններ է շշնջում։ Սիրտս ջերմացավ, և զգացի այն, ինչը ես հետագայում ճանաչեցի որպես Սուրբ Հոգի: Նաև մի ձայն լսեցի, որ ինձ ներել են։

Մկրտությունից հետո միացա հավաքվածներին և ծանոթացա շատ հաճելի մարդկանց հետ: Ես այլևս միայնակ չէի։ Մի մարդ, որը ներկայացավ որպես «ճյուղի նախկին նախագահ», առաջարկեց ինձ տուն տանել։ Մի քանի ամիս անց՝ միսիոներական դասեր անցնելուց հետո ես մկրտվեցի:

2018-ին իմ մկրտության օրը Քեմբրիջում Մասաչուսեթս), մի եղբայր խոսեց այն մասին, թե ինչպես էր մեր սիրելի Երկնային Հայրը կազմակերպել այդ ուրբաթ օրվա մկրտությունը: Նա բացատրեց, որ մկրտությունը պետք է տեղի ունենար հաջորդ կիրակի օրը, սակայն ժամանակային անհամապատասխանության պատճառով ստիպված էին տեղափոխել այն ուրբաթ երեկոյան։ Առանց այդ փոփոխության ես գուցե երբեք չճանաչեի Եկեղեցին, մեր Փրկչին և մեր Երկնային Հորը, ինչպես նաև ավետարանի իմ եղբայրներին ու քույրերին: