Բաժին 87
Հայտնություն և մարգարեություն պատերազմի մասին՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, 1832թ. դեկտեմբերի 25-ին (History of the Church, 1.301–302): Այս բաժինը ստացվեց այն ժամանակ, երբ եղբայրները խորհում և տրամաբանում էին Ամերիկյան աշխարհամասում Աֆրիկյան ստրկության և ամբողջ աշխարհում մարդկանց զավակների ստրկության մասին:
1–4՝ Հյուսիսային նահանգների և Հարավային նահանգների միջև պատերազմ է կանխագուշակվում. 5–8՝ Մեծ աղետներ պիտի ընկնեն երկրի բնակիչների վրա:
1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը պատերազմների մասին, որոնք շուտով պիտի լինեն, սկսվելով Հարավային Կարոլինայի ապստամբությունից, որն ի վերջո կավարտվի բազում հոգիների մահով և թշվառությամբ.
2 Եվ կգա ժամանակ, երբ պատերազմ կթափվի բոլոր ազգերի վրա՝ սկսվելով այստեղից:
3 Քանզի ահա, Հարավային նահանգները կառանձնանան ընդդեմ Հյուսիսային Նահանգների, և Հարավային նահանգները կդիմեն այլ ազգերի, նույնիսկ Մեծ Բրիտանիայի ազգին, ինչպես այն անվանում են, և նրանք նույնպես կդիմեն այլ ազգերի՝ ուրիշ ազգերից պաշտպանվելու համար. և այն ժամանակ պատերազմ կթափվի բոլոր ազգերի վրա:
4 Եվ կլինի այնպես, շատ օրեր անց, որ ստրուկները կբարձրանան իրենց տերերի դեմ, որոնք շարք կկանգնեցվեն և կվարժեցվեն պատերազմի համար:
5 Եվ նաև կլինի այնպես, որ մնացածը, ովքեր մնացել են երկրում, իրենք պիտի շարք կանգնեն, և պիտի խիստ բարկանան, և դառը նեղությամբ պիտի նեղեն հեթանոսներին:
6 Եվ այդպես, սրով և արյունահեղությամբ, երկրի բնակիչները կսգան. և սովով, և պատուհասով, և երկրաշարժով, և երկնքի որոտով, և նաև կատաղի ու վառ կայծակով պիտի զգան երկրի բնակիչները ցասումը, և զայրույթը, և խրատող ձեռքն Ամենազոր Աստծո, մինչև որ որոշված ավերումը լիովին վերջ տա բոլոր ազգերին.
7 Որ սրբերի և սրբերի արյան աղաղակը դադարի երկրից բարձրանալ վեր՝ Սաբաովթի Տիրոջ ականջներին, նրանց թշնամիներից վրեժ առնելու համար:
8 Ուստի, կանգնեք սուրբ տեղերում, և մի շարժվեք, մինչև որ Տիրոջ օրը գա. քանզի ահա, այն արագ մոտենում է, ասում է Տերը: Ամեն: