Գլուխ 4
Ալման մկրտում է հազարավոր նորադարձների – Անօրինությունը մտնում է Եկեղեցին, և եկեղեցու առաջընթացը կասեցվում է – Նեփիան նշանակվում է գլխավոր դատավոր – Ալման՝ որպես քահանայապետ, իրեն նվիրում է ծառայության: Մոտ 86–83թթ. Ք.ծ.ա.:
1 Արդ եղավ այնպես, Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման վեցերորդ տարում չկային ո՛չ կռիվներ, ո՛չ էլ պատերազմներ Զարահեմլայի երկրում.
2 Բայց ժողովուրդը չարչարված էր, այո, իրենց եղբայրների կորստի համար՝ մեծապես չարչարված, և նաև իրենց հոտերի ու նախիրների կորստի համար, և նաև իրենց հատիկի արտերի կորստի համար, որոնք ոտքի տակ կոխկրտվել էին ու ավերվել Լամանացիների կողմից:
3 Եվ այնքան մեծ էին նրանց չարչարանքները, որ ամեն հոգի սգալու պատճառ ուներ. և նրանք հավատում էին, որ դրանք Աստծո դատաստաններն էին ուղարկված նրանց վրա՝ իրենց ամբարշտության և իրենց պղծությունների պատճառով. հետևաբար, նրանք զարթնեցվեցին ի հիշողություն իրենց պարտականությունների:
4 Եվ նրանք ավելի լիովին սկսեցին հաստատել եկեղեցին. այո, և շատերը մկրտվեցին Սիդոնի ջրերում և միավորվեցին Աստծո եկեղեցուն. այո, նրանք մկրտվեցին Ալմայի ձեռքով, որն իր հայր Ալմայի ձեռքով նվիրաբերվել էր, որպես քահանայապետ եկեղեցու ժողովրդի վրա:
5 Եվ եղավ այնպես, դատավորների կառավարման յոթերորդ տարում կային մոտավորապես երեք հազար հինգ հարյուր հոգի, որոնք միացան Աստծո եկեղեցուն ու մկրտվեցին: Եվ այսպես ավարտվեց Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման յոթերորդ տարին, և անընդհատ խաղաղություն եղավ այդ ողջ ժամանակաընթացքում:
6 Եվ եղավ այնպես, դատավորների կառավարման ութերորդ տարում, որ եկեղեցու ժողովուրդը սկսեց հպարտանալ իրենց անչափ մեծ հարստությունների պատճառով, և իրենց ընտիր մետաքսների, իրենց նրբահյուս բեհեզի և իրենց բազում հոտերի ու նախիրների պատճառով, և իրենց ոսկու ու իրենց արծաթի, և ամեն ձևի թանկարժեք բաների, որոնք նրանք ձեռք էին բերել իրենց աշխատասիրության միջոցով. և բոլոր այս բաների համար նրանք հպարտությունից բարձրացել էին իրենց աչքում, քանզի սկսել էին կրել շատ թանկարժեք հանդերձներ:
7 Արդ, դա Ալմայի համար խիստ չարչարանքի պատճառ էր, այո, և ժողովրդից շատերի համար, որոնց Ալման նվիրաբերել էր՝ լինելու ուսուցիչներ և քահանաներ և երեցներ եկեղեցու վրա. այո, նրանցից շատերը դառնորեն վշտացած էին այն ամբարշտության համար, որը նրանք տեսնում էին՝ սկսել էր լինել իրենց ժողովրդի մեջ:
8 Քանզի նրանք տեսնում էին և մեծ դառնությամբ նկատում, որ եկեղեցու ժողովուրդը հպարտությունից սկսել էր բարձրանալ իր աչքում, և դնել իր սիրտը հարստությունների վրա ու աշխարհի ունայն բաների վրա, որ նրանք սկսել էին դառնալ արհամարհական մեկը մյուսի հանդեպ, և նրանք սկսել էին հալածել նրանց, ովքեր չէին հավատում ըստ իրենց սեփական կամքի ու քմահաճույքի:
9 Եվ այսպես, դատավորների կառավարման այս ութերորդ տարում սկսեց լինել մեծ հակառակություններ եկեղեցու ժողովրդի մեջ. այո, կային նախանձություններ և պայքար և ոխ, հալածանքներ և հպարտություն, նույնիսկ գերազանցելով հպարտությանը նրանց, ովքեր չէին պատկանում Աստծո եկեղեցուն:
10 Եվ այսպես, ավարտվեց դատավորների կառավարման ութերորդ տարին, և եկեղեցու ամբարշտությունը մեծ գայթակղության քար էր նրանց համար, ովքեր չէին պատկանում եկեղեցուն. և այսպես եկեղեցին սկսեց թերանալ իր առաջընթացի մեջ:
11 Եվ եղավ այնպես, իններորդ տարվա սկզբին, Ալման տեսավ եկեղեցու ամբարշտությունը, և նա տեսավ նաև, որ եկեղեցու օրինակը սկսեց առաջնորդել նրանց, ովքեր անհավատներ էին՝ մի անօրեն արարքից դեպի մյուսը, այսպիսով, առաջ բերելով ժողովրդի կործանումը:
12 Այո, նա տեսավ մեծ անհավասարություն ժողովրդի մեջ, ոմանք՝ իրենց վեր բարձրացնելով իրենց հպարտությամբ, արհամարհելով մյուսներին, շրջելով իրենց մեջքը դեպի կարիքավորն ու մերկը, և նրանց, ովքեր քաղցած էին, և նրանց, ովքեր պապակ էին, և նրանց, ովքեր հիվանդ էին ու չարչարված:
13 Այսպիսով, սա ողբերի մեծ առիթ էր ժողովրդի մեջ, մինչդեռ մյուսները խոնարհեցնում էին իրենց՝ սատարելով նրանց, ովքեր իրենց սատարի կարիքն ունեին, ինչպես օրինակ, բաժին հանելով իրենց ստացվածքից աղքատին և կարիքավորին, կերակրելով սովածներին և տանելով ամեն ձևի չարչարանքներ հանուն Քրիստոսի, որը գալու էր՝ համաձայն մարգարեության ոգու.
14 Ակնկալելով այդ օրվան, այսպիսով պահպանելով իրենց մեղքերի մի թողություն. լցված լինելով մեծ ուրախությամբ՝ մեռելների հարության պատճառով, համաձայն Հիսուս Քրիստոսի կամքի ու զորության, և մահվան կապանքներից ազատման:
15 Եվ արդ եղավ այնպես, որ Ալման, տեսնելով Աստծո խոնարհ հետևորդների չարչարանքները և հալածանքները, որոնք կուտակվել էին նրանց վրա իր ժողովրդի մնացածի կողմից, և տեսնելով բոլոր նրանց անհավասարությունը, սկսեց շատ դառնանալ. այնուամենայնիվ, Տիրոջ Հոգին չլքեց նրան:
16 Եվ նա ընտրեց մի իմաստուն մարդու, որը եկեղեցու երեցներից էր, և ըստ ժողովրդի ձայնի, տվեց նրան իշխանություն, որ նա կարողանար ունենալ իշխանություն հաստատելու օրենքներ, համաձայն այն օրենքների, որոնք տրվել էին, և դնել դրանք ուժի մեջ՝ համաձայն մարդկանց ամբարշտության ու հանցանքների:
17 Արդ, այս մարդու անունը Նեփիա էր, և նա նշանակվեց գլխավոր դատավոր. և նա նստում էր դատավորի աթոռին՝ դատելու ու կառավարելու ժողովրդին:
18 Արդ, Ալման եկեղեցու վրա քահանայապետ լինելու պաշտոնը չշնորհեց նրան, այլ նա իրեն պահեց քահանայապետի պաշտոնը. բայց դատավորի աթոռը նա հանձնեց Նեփիային:
19 Եվ այս նա արեց, որ ինքն անձամբ կարողանար առաջ գնալ իր ժողովրդի մեջ, կամ Նեփիի ժողովրդի մեջ, որպեսզի կարողանար քարոզել նրանց Աստծո խոսքը՝ զարթնեցնելու նրանց ի հիշողություն իրենց պարտականությունների, և որպեսզի նա կարողանար տապալել Աստծո խոսքով ողջ հպարտությունն ու նենգությունը, և բոլոր հակառակությունները, որոնք կային իր ժողովրդի մեջ՝ չտեսնելով որևէ ճանապարհ, որով նա կարող էր ուղղել նրանց, բացի պարզ վկայությամբ հակադրվելով ընդդեմ նրանց:
20 Եվ այսպես, Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման իններորդ տարվա սկզբում, Ալման հանձնեց դատավորի աթոռը Նեփիային, և ամբողջությամբ սահմանափակվեց Աստծո սուրբ կարգի բարձրագույն քահանայությամբ, խոսքի վկայությամբ, համաձայն հայտնության և մարգարեության ոգու: