2011
Ոգեշնչված խոսքեր ոգեշնչված աշխատանքի մասին` ինչ ասացին խոսնակները բարօրության մասին
Մայիս 2011


Ոգեշնչված խոսքեր ոգեշնչված աշխատանքի մասին՝ ինչ ասացին խոսնակները բարօրության մասին

Եկեղեցու 181-րդ ամենամյա գերագույն համաժողովի մի շարք ելույթներ նվիրված էին Եկեղեցու բարօրության ծրագրին, որն այժմ 75 տարեկան է:

Ստորև կարող եք կարդալ հատվածներ խոսնակների ելույթներից բարօրության ծրագրի և սկզբունքների վերաբերյալ, որոնք սահմանվել են Տիրոջ կողմից՝ օգնելու համար Իր զավակներին օգնել իրենց:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Ես հայտարարում եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բարօրության ծրագիրը ոգեշնչված է Ամենազոր Աստծո կողմից» (տես «Սուրբ Տաճար՝ փարոս աշխարհին», էջ 90):

Նախագահ Հենրի Բ. Այրինգ, Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական

«Երկնային Հոր զավակների անցողիկ մեծ կարիքները նորից ի հայտ են եկել մեր ժամանակներում, ճիշտ ինչպես անցյալում, և ինչպես որ կգան ապագա բոլոր ժամանակներում: Եկեղեցու բարօրության ծրագրի սկզբունքները միայն մեկ ժամանակի կամ մեկ վայրի համար չեն: Դրանք բոլոր ժամանակների և բոլոր տեղերի համար են:

[Տերը] հրավիրել է և պատվիրել մեզ մասնակցել Իր գործին՝ բարձրացնելու նրանց, ովքեր կարիքի մեջ են: Մենք այդ ուխտը կապում ենք մկրտության ջրերում և Աստծո սուրբ տաճարներում: Մենք վերանորոգում ենք ուխտը կիրակի օրը, երբ ճաշակում ենք հաղորդությունը» (տես «Բարիք անելու հնարավորություններ»):

Եպիսկոպոս Հ. Դեյվիդ Բըրթն, Նախագահող Եպիսկոպոս

«Մարգարեական բարօրության ծրագիրը սոսկ աննշան դրվագ չէ Եկեղեցու պատմության մեջ: Սկզբունքները, որոնց վրա այն հիմնված է, բնորոշում են մեզ որպես ժողովուրդ: Դա մեր էությունն է՝ որպես մեր Փրկչի և Օրինակի՝ Հիսուս Քրիստոսի, առանձին աշակերտներ:

Այս սուրբ աշխատանքը ոչ միայն օգնում, այլև օրհնում է տառապյալներին և կարիքավորներին: Որպես Աստծո որդիներ և դուստրեր, մենք չենք կարող լիովին ժառանգել հավերժական կյանքը, եթե լիովին չներգրավվենք միմյանց մասին հոգ տանելու գործում, մինչ ապրում ենք այստեղ՝ երկրի վրա: Զոհաբերության և մեզանից ուրիշներին տալու բարեգործոթյան շնորհիվ է, որ մենք սովորում ենք զոհաբերության և նվիրաբերման սելեստիալ սկզբունքները:

Սա սուրբ աշխատանք է, որը Փրկիչն ակնկալում է Իր աշակերտներից: Սա այն աշխատանքն է, որ Նա սիրում էր կատարել, երբ քայլում էր երկրի վրա: Սա այն աշխատանքն է, որ Նա կկատարեր, եթե այսօր մեր մեջ գտնվեր» (տես «Բարօրության սրբագործող աշխատանքը», էջ 81):

Սիլվիա Ալրեդ, Սփոփող Միության Գերագույն Նախագահության Առաջին Խորհրդական

«Եկեղեցու տղամարդիկ և կանայք այսօր միասին մասնակցում են կարիքավորին օգնելու աշխատանքին: … Երբ սերը դառնում է առաջնորդող սկզբունք ուրիշների մասին հոգ տանելիս, նրանց մատուցած մեր ծառայությունը դառնում է ավետարանական արարք: Դա ավետարանն է իր լավագույն դրսևորման պահին: Դա մաքուր կրոնն է» (տես «Աշակերտ լինելու էությունը», էջ 84):