2011
Ամուսնության հավերժական օրհնությունները
Մայիս 2011


Ամուսնության հավերժական օրհնությունները

Տաճարային կնքումն ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում ավելի ուշ, երբ կյանքն արդեն ապրել ես:

Նկար
Elder Richard G. Scott

Հրաշալի երգչախմբի այս սքանչելի ուղերձը, կարծում եմ, նկարագրում է «Հիսուսին փորձելու նմանվելու» մեր շատերի կյանքի ուղին:

1953թ. հուլիսի 16-ին, իմ սիրելի Ջենինն ու ես՝ որպես երիտասարդ զույգ, ծնկի իջանք Յութայի Մանթիի Տաճարի զոհասեղանի առաջ: Նախագահ Լուիս Ռ. Անդերսոնը գործադրեց կնքելու իշխանությունը և մեզ հայտարարեց ամուսին և կին՝ ժամանակի և հավերժության համար ամուսնացած: Իմ ուժերից վեր է նկարագրել այն խաղաղությունն ու անդորրը, որ եկան այն հավաստիացումից, որ եթե ես շարունակեմ ապրել արժանի, ապա Տիրոջ տանը համապատասխան քահանայության իշխանությամբ կատարված այդ սուրբ արարողության շնորհիվ կկարողանամ ընդմիշտ լինել իմ սիրելի Ջենինի ու մեր երեխաների հետ:

Մեր յոթ երեխաները կապված են մեզ տաճարային սուրբ արարողություններով: Իմ թանկագին կինը՝ Ջենինն ու մեր երեխաներից երկուսը վարագույրի մյուս կողմում են: Մեր ընտանիքի մնացած անդամների համար դա հզոր դրդապատճառ է այնպես ապրելու, որ մենք միասին կարողանանք ստանալ տաճարում խոստացված բոլոր հավերժական օրհնությունները:

Երկու կարևոր սյուները, որոնց վրա հենվում է Երկնային Հոր երջանկության ծրագիրը, ամուսնությունը և ընտանիքն են: Դրանց լուրջ նշանակությունը նվազեցվում է Սատանայի համառ ջանքերով՝ բաժանելու ընտանիքը և ցածրացնելու տաճարային արարողությունների նշանակությունը, որոնք կապում են ընտանիքը միասին՝ հավերժության համար: Տաճարային կնքումն ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում ավելի ուշ, երբ կյանքն արդեն ապրել ես: Դուք կարող եք չափից շատ մտերմանալ իրար հետ և գտնել շատ մեծ երջանկություն ու գոհունակություն մահկանացության մեջ:

Մի անգամ ես մի կարևոր դաս սովորեցի իմ կնոջից: Ես հաճախ էի ճամփորդում կապված իմ աշխատանքի հետ: Մոտ երկու շաբաթ բացակայելուց հետո ես վերադարձել էի տուն շաբաթ առավոտյան: Մինչև հաջորդ ժողովի գնալը ես չորս ժամ ունեի: Ես նկատեցի, որ մեր փոքր լվացքի մեքենան փչացել էր և կինս ձեռքով լվացք էր անում: Ես սկսեցի նորոգել մեքենան:

Ջենինը եկավ և ասաց.«Ռիկ, ի՞նչ ես անում»:

Ես ասացի. «Ես վերանորոգում եմ լվացքի մեքենան, որպեսզի դու ձեռքով չլավանաս»:

Նա ասաց. «Ոչ, գնա խաղա երեխաների հետ»:

Ես ասացի. «Ես կարող եմ խաղալ երեխաների հետ ցանկացած ժամանակ, ես ուզում եմ օգնել քեզ»:

Այդ ժամանակ նա ասաց. «Ռիչարդ, խնդրում եմ, գնա խաղա երեխաների հետ»:

Երբ նա խոսեց ինձ հետ այդպես լուրջ, ես հնազանդվեցի:

Ես հրաշալի ժամանակ անցկացրեցի մեր երեխաների հետ: Մենք վազում էինք իրար հետևից և թավալվում աշնան տերևներում: Հետո ես գնացի իմ ժողովին: Ես, հավանաբար, կմոռանայի այդ փորձառությունը, եթե չլիներ այն դասը, որ նա ուզում էր, որ ես սովորեի:

Հաջորդ առավոտյան՝ մոտ ժամը 4:00-ին, ես արթնացա՝ զգալով երկու փոքրիկ ձեռքեր իմ պարանոցի շուրջ, մի համբույր այտիս և իմ ականջին շշնջացին այս բառերը, որոնք ես երբեք չեմ մոռանա. «Հայրիկ, ես սիրում եմ քեզ: Դու իմ ամենալավ ընկերն ես»:

Եթե նման փորձառություն ես ունենում ընտանիքիդ հետ, ապա ունենում ես այս կյանքի մեծագույն ուրախություններից մեկը:

Եթե դուք համապատասխան տարիքի երիտասարդ տղամարդիկ եք և դեռ ամուսնացած չեք, ժամանակ մի ծախսեք դատարկ բաների վրա: Առաջ շարժվեք կյանքում և աշխատեք ամունանալու ուղղությամբ: Կյանքի այս ժամանակահատվածը իզուր մի վատնեք: Երիտասարդ տղամարդիկ, ծառայեք արժանի միսիա: Այնուհետև ձեր առաջնահերթ նպատակը թող լինի արժանի հավերժական զուգընկեր գտնելը: Երբ զգաք, որ հետաքրքրություն ունեք որևէ երիտասարդ կնոջ հանդեպ, ցույց տվեք նրան, որ դուք բացառիկ անձնավորություն եք, որ նրա համար հետաքրքիր կլինի ձեզ ավելի լավ ճանաչելը: Տարեք նրան արժանի վայրեր: Որոշ հնարագիտություն ցուցաբերեք: Եթե ուզում եք ունենալ հրաշալի կին, դուք պետք է ցույց տաք նրան, թե ինչպիսի հիանալի տղամարդ եք և ապագա ամուսին:

Եթե գտել եք արժանի մեկին, ապա Տիրոջ կողմից սահմանված արժանավորության սահմանների մեջ կարող եք զարմանահրաշ սիրատածում և ամուսնություն ձևավորել և շատ, շատ երջանիկ լինել հավերժորեն:

Եթե դուք ամուսնացած եք, դուք հավատարի՞մ եք ձեր կողակցին ինչպես մտքով, այնպես էլ ֆիզիկապես: Դուք հավատարի՞մ եք ձեր ամուսնական ուխտերին՝ մեկ այլ անձնավորության հետ երբեք չմասնակցելով այնպիսի զրույցների, որը չէիք ցանկանա ձեր կողակիցը պատահմամբ լսեր: Դուք բարյացակամ ու օգնո՞ղ եք ձեր ամուսնուն և երեխաներին:

Եղբայրնե՛ր, արդյոք դուք ղեկավարո՞ւմ եք այնպիսի ընտանեկան միջոցառումներ, ինչպիսիք են սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ընտանեկան աղոթքը և ընտանեկան երեկոն, թե՞ ձեր կինն է լրացնում տան հանդեպ ձեր ուշադրության պակասը: Արդյոք, դուք հաճա՞խ եք ասում ձեր կնոջը, թե որքան շատ եք սիրում նրան: Չէ՞ որ այն մեծ երջանկություն կբերի նրան: Շատ եմ ասել այդ մասին տղամարդկանց, բայց նրանցից միշտ լսել եմ. «Օ, նա դա գիտի»: Միևնույն է, դուք պետք է ասեք նրան: Կինը ծաղկում, փթթում և մեծապես օրհնվում է այդ վերահաստատումը լսելով: Երախտագիտություն հայտնեք այն ամենի համար, ինչ ձեր կինն անում է ձեր փոխարեն: Հաճախ արտահայտեք այդ սերն ու երախտագիտությունը: Դա կյանքը շատ ավելի հարուստ, ավելի հաճելի ու նպատակասլաց կդարձնի: Եվ դա ավելի լավ է ներգործում, երբ դա ասելիս նրան գրկում եք:

Ես իմ կնոջից եմ սովորել այդ ամենի կարևորությունը: Մեր ամուսնության վաղ շրջանում, երբ բացում էի սուրբ գրությունները ելույթ պատրաստելու համար, շատ հաճախ էջերի արանքից ընկնում էր Ջենինից մի խրախուսող, օգնող երկտող: Երբեմն դրանք այնքան զգացմունքային էին, որ ես չէի կարողանում խոսել: Սիրող կնոջ այս թանկարժեք երկտողերը, տարիներ շարունակ մխիթարության և ոգեշնչման անգին գանձեր են եղել ու շարունակում են մնալ:

Ես սկսեցի նույնն անել նրա համար, առանց գիտակցելու, թե ինչ նշանակություն դա կունենար նրա համար: Հիշում եմ, մի տարի ես միջոց չունեի Վալենտինի օրը նվերի համար, և որոշեցի ջրաներկով նկարել սառնարանի վրա: Ես արեցի այն լավագույնը, որ կարող էի, բայց մի սխալ գործեցի: Դա չմաքրվող յուղաներկ էր, ոչ թե ջրաներկ: Բայց, միևնույն է, նա այդպես էլ թույլ չտվեց, որ ես մաքրեի այն:

Հիշում եմ, ինչպես մի օր հավաքեցի այդ փոքրիկ կլոր թղթի կտորները, որոնք առաջանում էին, թուղթը դակելուց, և դրանց վրա գրեցի 1--ից մինչև 100 համարները: Դրանք շուռ տվեցի, յուրաքանչյուրի վրա մի ուղերձ գրեցի նրա համար, ապա հավաքեցի և լցրեցի բոլորը մի ծրարի մեջ, մտածելով, որ նա մի լավ կծիծաղի:

Երբ նա մահացավ, նրա անձնական իրերի մեջ ես տեսա, թե որքան էր նա գնահատում հասարակ ուղերձները, որոնցով մենք կիսվում էինք: Ես տեսա, ինչպես էր նա սոսնձել այդ փոքրիկ շրջաններից յուրաքանչյուրը մի թղթի վրա: Նա ոչ միայն պահել էր իմ ուղերձները, այլ պահպանել էր դրանք պլաստիկ ծածկույթով, կարծես դրանք թանկարժեք գանձեր լինեին: Դրանցից միայն մեկն էր, որ նա չէր դրել մնացածների հետ: Այն շարունակում է մնալ մեր խոհանոցի ժամացույցի ապակու ներսի կողմում: Այնտեղ գրված է. «Ջենին, ժամանակն է քեզ ասել, որ ես քեզ սիրում եմ»: Դա մնում է այնտեղ՝ ինձ հիշեցնելու Երկնային Հոր այդ բացառիկ դստեր մասին:

Մտածելով մեր միասին ապրած կյանքի մասին, ես հասկացա, թե մենք որքան օրհնված ենք եղել: Մեր տանը երբեք վեճ չի եղել, մենք երբեք իրար վատ խոսքեր չենք ասել: Այժմ ես հասկանում եմ, որ օրհնությունը եկել է դրա արդյունքում: Դա նրա սերը հոժարակամ կիսելու և անձնվիրության արդյունքն էր: Մեր իրար հետ ապրած հետագա տարիներին ես փորձել եմ հետևել նրա օրինակին: Ես խորհուրդ եմ տալիս, որ որպես ամուսին և կին դուք նույնն անեք ձեր տանը:

Մաքուր, բարի, անզուգական սերը ազդեցիկ ուժ ունի: Անզուգական սերը հաջողակ ամուսնության հիմքն է: Այն բարեկիրթ, տաղանդավոր, զարգացած երեխաներ ունենալու հիմնական նախադրյալն է: Ո՞վ կարող է արդարացիորեն գնահատել մոր սիրո առաքինի ազդեցությունը: Ի՞նչ հարատև պտուղներ կստացվեն սիրո ճշմարիտ սերմերից, որոնք դուք, որպես մայր կարող եք զգուշորեն ցանել և սիրով մշակել երեխայի վստահող մտքի ու սրտի բերքատու հողում: Որպես մայր ձեզ տրված է աստվածային ներքին զգացողություն՝ նկատել և օգնել երեխային, նրա հատուկ տաղանդն ու եզակի կարողությունները ի հայտ բերելով: Ձեր ամուսնու հետ միասին դուք կարող եք փայփայել ու ամրացնել, նպաստելով՝ այդ գծերի զարգացմանը:

Չափազանց մեծ պարգև է ամուսնացած լինելը: Ամուսնությունը հրաշալի բան է: Ժամանակի ընթացքում դուք սկսում եք միանման մտածել, ունենալ նույն մտքերն ու տպավորությունները: Ժամանակներ են լինում, երբ դուք չափազանց երջանիկ եք, լինում են փորձելու և փորձվելու ժամանակներ, սակայն Տերն առաջնորդում է ձեզ այդ բոլոր փորձառությունների միջով անցնելիս, երբ դուք միասին եք:

Մի գիշեր մեր սրտի խնդիր ունեցող տղան՝ Ռիչարդն արթնացավ: Մենք երկուսս էլ լսեցինք այդ: Սովորաբար, իմ կինն էր վեր կենում լացող երեխայի համար հոգ տանելու, բայց այս անգամ ես ասացի. «Ես կհոգամ նրա մասին»:

Կապված նրա խնդրի հետ, երբ նա սկսում էր լաց լինել, նրա փոքրիկ սիրտը սկսում էր շատ արագ աշխատել: Նա փսխում էր իր կերածը և կեղտոտում անկողինը: Այդ գիշեր ես ամուր գրկել էի նրան, փորձելով հանգստացնել նրա բաբախող սիրտը և չդադարող լացը, մինչ փոխում էի նրա շորերն ու սավանները: Ես գրկած պահեցի նրան, մինչև նա քնեց: Ես այդ ժամանակ չգիտեի, որ ընդամենը մի քանի ամիս հետո նա կմահանար: Ես միշտ կհիշեմ, թե ինչպես էի գրկել նրան այդ գիշեր:

Ես միշտ հիշում եմ, որ մեր փոքր տղան շատ հիվանդ էր: Նա հիվանդանոցում էլ մահացավ: Հիվանդանոցից վերադառնալիս, մենք՝ես ու կինս, մեքենան մի կողմ քաշեցինք: Ես նրան գրկեցի, երկուսս էլ մի քիչ լաց եղանք, բայց հասկացանք, որ նրա հետ կլինենք վարագույրի այն կողմում, քանի որ կապել ենք ուխտերը տաճարում: Դա մեզ մխիթարեց, օգնելով նրա կորուստը ավելի հեշտ տանել:

Ջենինի բարությունն ինձ այնքան շատ բան է սովորեցրել: Ես խելամիտ չէի, իսկ նա շատ կազմակերպված, շատ խելամիտ և շատ հոգևոր անձնավորություն էր: Ամուսնությունը հիանալի միջավայր է եսասեր կամ եսակենտրոն լինելու ցանկացած հակվածություն հաղթահարելու համար: Իմ կարծիքով, պատճառներից մեկը, որ կյանքում մեզ խորհուրդ է տրվում շուտ ամուսնանալ, այն է, որ մենք չհասցնենք զարգացնել անհամապատասխան բնավորության գծեր, որոնք հետագայում դժվար կլինի փոխել:

Ես կարեկցում եմ այն տղամարդուն, ով դեռ չի կատարել իր ընտրությունը հավերժական զուգընկերոջ հարցում, և իմ սիրտը ցավում է այն քույրերի համար, ովքեր ամուսնանալու հնարավորություն չեն ունեցել: Ձեզանից ոմանք, հնարավոր է, իրենց միայնակ և չգնահատված զգան, և չտեսնեն, թե ինչպես է հնարավոր ունենալ ամուսնության և երեխաների կամ սեփական ընտանիքի օրհնությունը:Տիրոջ համար ամեն բան հնարավոր է, և Նա պահում է խոստումները, որ ոգեշնչում է իր ծառաներին հայտարարել: Հավերժությունը երկար ժամանակ է: Հավատացեք այդ խոստումներին և ապրեք դրանց արժանի, որպեսզի Իր ժամանակին Տերը կարողանա դրանք իրականացնել ձեր կյանքում: Վստահ եղեք, որ դուք կստանաք յուրաքանչյուր խոստացված օրհնություն, որին արժանի եք:

Հայցում եմ ձեր ներողամտությունը իմ թանկագին կնոջ՝ Ջենինի մասին խոսելու համար, բայց մենք հավերժական ընտանիք ենք: Նա միշտ երջանիկ էր, և դա հիմնականում գալիս էր ուրիշներին ծառայելուց: Անգամ, երբ նա արդեն շատ հիվանդ էր, իր առավոտյան աղոթքներում խնդրում էր իր Երկնային Հորը առաջնորդել իրեն դեպի այն անձնավորությունը, ում նա կարող էր օգնել: Այդ անկեղծ աղոթքները բազմիցս պատասխանվել են, քանզի՝շատերի բեռները թեթևացան, շատերի կյանքը պայծառացավ: Իսկ նա՝մշտապես օրհնվեց Տիրոջ կողմից ղեկավարվող գործիք լինելու համար:

Ես գիտեմ, թե ինչ է նշանակում սիրել Երկնային Հոր դստերը, ով բարեհաճությամբ ու նվիրվածությամբ ապրեց՝ առաքինի կնոջ լիարժեք ու շքեղ իր կյանքը: Ես վստահ եմ, որ երբ ապագայում ես կրկին տեսնեմ նրան վարագույրի մյուս կողմում, մենք կզգանք, որ մենք հիմա ավելի շատ ենք սիրահարված: Մենք հիմա իրար ավելի շատ կգնահատենք՝ այս ժամանակը վարագույրով բաժանված անցկացնելու պատճառով, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: