2011
Գտնել ուրախություն սիրով ծառայելու միջոցով
Մայիս 2011


Գտնել ուրախություն սիրով ծառայելու միջոցով

Թող մենք ցուցաբերենք մեր սերն ու երախտագիտությունը Փրկչի քավող զոհաբերության հանդեպ՝ ծառայելով մեր հասարակ, կարեկցող արարքներով:

Նկար
Elder M. Russell Ballard

Եղբայրներ և քույրեր, ես հույսով եմ, որ ձեզանից նրանք, ովքեր այցելել են Սոլթ Լեյք, կօգտվեն Տաճարային Հրապարակը զարդարող գեղեցիկ գարնանային ծաղիկների գույներն ու բուրմունքը վայելելու հնարավորությունից:

Գարունը բերում է լույսի ու կյանքի վերականգնում՝ եղանակների շրջափուլի միջոցով մեզ հիշեցնելով մեր Տեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի կյանքի, զոհաբերության և Հարության մասին. քանզի «բոլոր բաները վկայում են [Նրա] մասին» (Մովսես 6.63):

Գարնան այս գեղեցիկ տեսարանին և դրա հույսի խորհրդանիշին հակադրվում է անորոշության, խճճվածության և շփոթության աշխարհը: Ամենօրյա կյանքի պահանջները՝ կրթությունը, աշխատանքը, երեխաներին մեծացնելը, Եկեղեցու ծառայություններն ու կոչումները, աշխարհիկ միջոցառումները և նույնիսկ անսպասելի հիվանդության ու դժբախտ պատահարի ցավն ու վիշտը, կարող են մեզ հոգնեցնել: Ինչպե՞ս կարող ենք մենք ազատել մեզ դժվարությունների և անորոշությունների այս խճճված ցանցից, որպեսզի գտնենք մտքի խաղաղություն և երջանկություն:

Հաճախ մենք նմանվում ենք այն երիտասարդ առևտրականին Բոստոնից, ով 1849թ., ինչպես ասվում է այդ պատմությունում, խանդավառությամբ էր լցվել, լսելով Կալիֆոռնիայի ոսկու տենդի մասին: Նա ծախեց իր ողջ ունեցվածքը՝ իր բախտը Կալիֆոռնիայի գետերում որոնելու համար, քանզի իրեն ասել էին, որ դրանք լի էին ոսկու այնպիսի մեծ բնակտորներով, որ մի հոգին դժվար թե կարողանար այն տանել:

Մինչ անվերջանալի թվացող օրերը հաջորդում էին իրար, երիտասարդ տղան իր ամանը ընկղմում էր գետի մեջ և առանց սպասվող նյութի դուրս հանում: Նրա միակ վարձատրությունը քարերի մեծաղոց կույտն էր: Հուսալքված ու կոտրված, նա պատրաստ էր կանգ առնել, մինչ այն օրը, երբ մի ծեր, փորձառու հետազոտող նրան ասաց. «Դու բավականին մեծ քարակույտ ունես այդտեղ, իմ տղա»:

Երիտասարդ տղան պատասխանեց. «Այստեղ ոսկի չկա: Ես տուն եմ վերադառնում»:

Քարերի կույտի մոտով քայլելով ծերունին ասաց. «Օ՜, այստեղ բավականին ոսկի կա: Դու միայն պետք է իմանաս, թե որտեղ կարող ես այն գտնել»: Նա վերցրեց երկու քար և դրանք իրար խփեց: Քարերից մեկը կիսվեց և բացված տեղից երևացին ոսկու մի քանի մասնիկներ՝ շողալով արևի տակ:

Նկատելով հետազոտողի գոտկատեղից ամրացված ուռուցիկ կաշվե քսակը, երիտասարդ տղան ասաց. «Ես փնտրում եմ ոսկու այնպիսի բնակտորներ, ինչպիսին քո քսակում են, ոչ թե փոքրիկ մասնիկներ»:

Ծերունին մեկնեց իր քսակը դեպի երիտասարդ տղան, ով նայեց դրա մեջ, մտածելով, որ կտեսնի մի քանի մեծ ոսկու բնակտորներ: Նա ապշեց, երբ տեսավ, որ քսակը լի էր ոսկու հազարավոր մանր մասնիկներով:

Ծերունին ասաց. «Տղա, ինձ թվում է, որ դու այնքան զբաղված ես մեծ բնակտորներ որոնելով, որ կորցնում ես քո քսակը ոսկու այս թանկարժեք մասնիկներով լցնելու հնարավորությունը: Այս փոքր մասնիկները համբերությամբ հավաքելը ինձ մեծ հարստություն է բերել»:

Այս պատմությունը լուսաբանում է այն հոգևոր ճշմարտությունը, որ Ալման սովորեցրեց իր որդի Հելամանին.

 …«Փոքր և հասարակ բաներով են իրականացվում մեծ օրհնությունները …

Եվ խիստ փոքր միջոցներով Տերը … իրականացնում է բազում հոգիների փրկությունը» (Ալմա 37.6–7):

Եղբայրներ և քույրեր, Հիսուս Քրիստոսի ավետարանը պարզ է, անկախ նրանից, թե մենք որքան ենք փորձում այն բարդացնել: Մենք պետք է ջանանք մեր կյանքը նմանապես պարզ պահել՝ ազատ ավելորդ ազդեցություններից, կենտրոնացած այն բաների վրա, որոնք մեծ նշանակություն ունեն:

Որո ՞նք են ավետարանի թանկարժեք, պարզ բաները, որ բերում են մեր կյանք պարզություն և նպատակ: Որո ՞նք են ավետարանի մասնիկները, որոնց համբերատար կուտակումը մեր ողջ կյանքի ընթացքում կպարգևի մեզ կատարյալ գանձ՝ հավերժական կյանքի թանկարժեք պարգևը:

Ես կարծում եմ, որ կա մի պարզ, բայց շատ մեծ, նույնիսկ գերագույն սկզբունք, որ ընդգրկում է Հիսուս Քրիստոսի ողջ ավետարանը: Եթե մենք ամբողջ սրտով ընդունենք և դարձնենք այս սկզբունքը մեր կյանքի կիզակետը, այն կմաքրի և կսրբագործի մեզ այնպես, որ մենք կարողանանք ևս մեկ անգամ ապրել մեր Աստծո ներկայության մեջ:

Փրկիչը խոսեց այս սկզբունքի մասին, երբ պատասխանեց փարիսեցու հարցին. «Վարդապետ, ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը»:

Յիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը:

Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը:

Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթեոս 22.36–40):

Միայն այն ժամանակ, երբ մենք սիրում ենք Աստծուն մեր ողջ սրտով, անձով և մտքով, մենք կարողանում ենք կիսել այս սերը մեր ընկերոջ հետ բարի գործերի և ծառայության միջոցով՝ այն ձևով, ինչպես Փրկիչը կսիրեր և կծառայեր մեզ բոլորիս, եթե Նա լիներ մեր մեջ այսօր:

Երբ Քրիստոսի այս մաքուր սերը կամ գթությունը պարուրում է մեզ, մենք մտածում, զգում և գործում ենք ավելի շատ այնպես, ինչպես կմտածեին, կզգաին և կգործեին Երկնային Հայրն ու Հիսուսը: Մեր մղումը և անկեղծ ցանկությունը նմանվում են Փրկչի այդ հատկանիշներին: Նա կիսեց այս ցանկությունը Իր Առաքյալների հետ Իր Խաչելությանը նախորդող երեկոյան:

Նա ասաց. «Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք: …

Սորանով կգիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Հովհաննես 13.34–35):

Տիրոջ նկարագրած սերը ակտիվ սեր է: Այն չի դրսևորվում մեծ ու հերոսական արարքներով, այլ դրանց փոխարեն բարության ու ծառայության պարզ գործերով:

Կան բազմատեսակ ճանապարհներ և պայմաններ, որոնցով մենք կարող ենք ծառայել և սիրել ուրիշներին: Թույլ տվեք առաջարկել միայն մի քանիսը:

Առաջինը, գթությունը սկսվում է տանը: Միակ ամենակարևոր սկզբունքը, որ պիտի կառավարի յուրաքանչյուր տուն, Ոսկե Օրենքի՝ Տիրոջ խրատի կիրառումն է. «Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց» (Մատթեոս 7.12): Մի պահ պատկերացրեք, թե ինչպես ձեզ կզգայիք, եթե լինեիք չմտածված խոսքերի կամ վերաբերմունքի արժանացած մարդ: Մեր օրինակով եկեք մեր ընտանիքի անդամներին սովորեցնենք միմյանց հանդեպ սեր դրսևորել:

Մեկ այլ վայր, որտեղ մենք ունենք ծառայելու միանգամայն բավարար հնարավորություն, դա Եկեղեցին է: Մեր ծխերն ու ճյուղերը պետք է լինեն մի վայր, որտեղ Ոսկի Օրենքը առաջնորդում է մեր խոսքերն ու արարքները իրար հանդեպ: Իրար հետ բարությամբ վերաբերվելով, աջակցության և քաջալերման խոսքեր ասելով և իրար կարիքների հանդեպ զգայուն լինելով, մենք կարող ենք ծխի անդամների մեջ ստեղծել նվիրված միություն: Այնտեղ, որտեղ կա գթություն, բամբասանքն ու անբարյացակամ խոսքերը տեղ չունեն:

Ծխի անդամները, թե չափահասները և թե պատանիները, կարող են միանալ ուրիշների կյանքն օրհնելու բովանդակալից ծառայության մեջ: Ընդամենը երկու շաբաթ առաջ Հարավային Ամերիկայի Հյուսիս-Արևմտյան Տարածաշրջանի Նախագահը՝ Յոթանասունից Երեց Մարկուս Բ. Նաշը զեկուցեց, որ կցելով «հոգով ուժեղներին նրանց, ովքեր թույլ են», նրանք փրկում են հարյուրավոր քիչ ակտիվ չափահասների և երիտասարդների: Սիրո և ծառայության միջոցով նրանք «մեկ առ մեկ» վերադառնում են: Այս բարի գործերը ստեղծում են ամուր և տևական կապ այդ գործում ներգրավված բոլոր անդամների միջև՝ և օգնողների, և օգնություն ստացողների: Այնքան շատ հիշողություններ են կապված նման ծառայության հետ:

Երբ ես մտածում եմ Եկեղեցու իմ ծառայության բազմաթիվ տարիների մասին, իմ ամենավառ հիշողությունները կապված են այն ժամանակների հետ, երբ ես միացել եմ ծխի անդամներին՝ օգնելով կարիքի մեջ գտնվողին:

Օրինակ, ես հիշում եմ, թե ինչպես էի որպես եպիսկոպոս աշխատում իմ ծխի մի քանի ակտիվ անդամների հետ, ցցի բարօրության ագարակում մաքրելով անասնակերով լցված հորը: Սա հաճելի հանձնարարություն չէր: Ոչ-ակտիվ մի եղբայր, ով Եկեղեցում չէր եղել երկար տարիներ, մեզ միանալու հրավեր էր ստացել: Այն սիրո և ընկերական մթնոլորտի արդյունքում, որը նա զգացել էր, երբ մենք աշխատում և խոսում էինք այդ անասնակերով լցված գարշահոտ հորի մոտ, նա վերադարձավ Եկեղեցի և հետագայում կնքվեց տաճարում իր կնոջ ու երեխաների հետ: Մեր ընկերությունը ծառայության միջոցով օրհնեց նրա երեխաներին, թոռներին և այժմ ծոռներին: Նրանցից շատերը ծառայել են միսիայում, ամուսնացել են տաճարում և հոգ են տանում հավերժական ընտանիքների համար: Հրաշալի աշխատանք կատարվեց պարզ մի արարքի շնորհիվ՝ ահա ոսկու մի փոքր մասնիկ:

Օրինակ, ես հիշում եմ, թե ինչպես էի որպես եպիսկոպոս աշխատում իմ ծխի մի քանի ակտիվ անդամների հետ, ցցի բարօրության ագարակում մաքրելով անասնակերով լցված հորը: Սա հաճելի հանձնարարություն չէր: Ոչ-ակտիվ մի եղբայր, ով Եկեղեցում չէր եղել երկար տարիներ, մեզ միանալու հրավեր էր ստացել: Այն սիրո և ընկերական մթնոլորտի արդյունքում, որը նա զգացել էր, երբ մենք աշխատում և խոսում էինք այդ անասնակերով լցված գարշահոտ հորի մոտ, նա վերադարձավ Եկեղեցի և հետագայում կնքվեց տաճարում իր կնոջ ու երեխաների հետ: Մեր ընկերությունը ծառայության միջոցով օրհնեց նրա երեխաներին, թոռներին և այժմ ծոռներին: Նրանցից շատերը ծառայել են միսիայում, ամուսնացել են տաճարում և հոգ են տանում հավերժական ընտանիքների համար: Հրաշալի աշխատանք կատարվեց պարզ մի արարքի շնորհիվ՝ ահա ոսկու մի փոքր մասնիկ:

Մեր անկեղծ սիրալիրության և ծառայության միջոցով մենք կարող ենք ընկերանալ նրանց հետ, ում մենք ծառայում ենք: Այս ընկերություններից գալիս է ավետարանին նվիրված լինելու ավելի լավ ըմբռնումը և մեր մասին ավելին իմանալու ցանկությունը:

Իմ լավ ընկեր՝ Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը ասել է այս սկզբունքի զորության մասին. «Բարությունը մեծության էությունն է: … [Այն] անցագիր է, որ բացում է դռներ և ստեղծում է ընկերներ: Այն փափկացնում է սրտերը և միաձուլում է հարաբերություններ, որոնք կարող են տևել ողջ կյանքի ընթացքում» (“The Virtue of Kindness,” Liahona, May 2005, 26):

Մեկ այլ ճանապարհ, որի միջոցով մենք կարող ենք ծառայել Երկնային Հոր զավակներին, միսիոներական ծառայությունն է՝ ոչ միայն որպես լիաժամկետ միսիոներ, այլ նաև որպես ընկերներ և հարևաններ: Եկեղեցու ապագա աճը չի իրականանա միայն օտար դռներ թակելով: Դա տեղի կունենա, երբ անդամները մեր միսիոներների հետ միասին, լցված լինելով Աստծո և Քրիստոսի սիրով, կնկատեն կարիքներն ու կպատասխանեն այդ կարիքներին գթառատ ծառայության ոգով:

Երբ մենք անենք սա, եղբայրներ և քույրեր, սրտով ազնիվները կզգան մեր անկեղծությունն ու սերը: Շատերը կցանկանան ավելին իմանալ մեր մասին: Այդ ժամանակ և միայն այդ ժամանակ Եկեղեցին կտարածվի և կլցնի ողջ երկիրը: Սա չի կարող իրագործվել միայն միսիոներների միջոցով, այլ պահանջում է յուրաքանչյուր անդամի հետաքրքրությունն ու ծառայությունը:

Մեր բոլոր ծառայություններում մենք պետք է զգայուն լինենք Սուրբ Հոգու հուշումների հանդեպ: Մեղմ, հանդարտ ձայնը մեզ կհայտնի, թե ովքեր ունեն մեր օգնության կարիքը և ինչ կարող ենք մենք անել նրանց օգնելու համար:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է. «Կարևորագույնն այն է, որ մենք ծառայենք իրար թագավորությունում: … Շատ հաճախ մեր ծառայությունը բաղկացած է լինում հասարակ խրախուսանքից կամ … հասարակ բաներում օգնություն ցույց տալուց, բայց ինչ փառահեղ հետևանքներ կարող են հորդել … աննշան, բայց կշռադատված արարքներից» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 82):

Իսկ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խորհուրդ է տվել.

Կարիքավորներն ամենուր են, և մեզանից յուրաքանչյուրը կարող է ինչ-որ բան անել ինչ-որ մեկին օգնելու համար:

… Եթե մենք մեզ չկորցնենք մյուսներին ծառայելու մեջ, մեր կյանքում քիչ նպատակ կլինի» (“What Have I Done for Someone Today?” Liahona, Nov. 2009, 85):

Եղբայրներ և քույրեր, թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել, որ Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու ամենակարևոր հատկանիշը, որը մենք պետք է ցանկանանք և ձգտենք ունենալ մեր կյանքում, գթության պարգևն է՝ «Քրիստոսի մաքուր սերը» (Մորոնի 7.47): Այս պարգևից է առաջ գալիս ուրիշներին սիրելու և ծառայելու ունակությունը, ինչպես Փրկիչն է արել:

Մորմոն մարգարեն սովորեցրել է մեզ այս պարգևի մեծագույն կարևորության մասին և ասել, թե ինչպես կարող ենք այն ստանալ. «Ուստի, իմ սիրելի եղբայրներ, աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են. որ դուք կարողանաք դառնալ Աստծո որդիները. որպեսզի երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման. քանզի մենք պիտի տեսնենք նրան, ինչպես որ ինքն է. որ մենք կարողանանք ունենալ այդ հույսը. որ մենք կարողանանք մաքրվել, ճիշտ ինչպես նա է մաքուր» (Մորոնի 7.48):

Մեծ բաներ են առաջ եկել հասարակ և փոքր բաներից: Ինչպես ոսկու փոքրիկ մասնիկները կուտակվում և ժամանակի ընթացքում դառնում են մեծ գանձեր, երբ ամեն անգամ մենք իրար օգնության հասնենք, բարության և ծառայության մեր փոքր ու հասարակ արարքները կկուտակվեն ու կդառնան Երկնային Հոր հանդեպ սիրով լցված, Տեր Հիսուս Քրիստոսի գործին նվիրված և խաղաղության ու ուրախության զգացումով լի կյանք:

Մինչ մենք մոտենում ենք Զատկի ժամանակաշրջանին, թող մենք ցուցաբերենք մեր սերն ու երախտագիտությունը Փրկչի քավող զոհաբերության հանդեպ՝ տանը, Եկեղեցում և մեր համայնքներում, մեր եղբայներին և քույրերին ծառայելով մեր հասարակ, կարեկցող արարքներով: Այս ամենի համար ես խոնարհաբար աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: