2011
Նախապատրաստել աշխարհը Երկրորդ Գալստին
Մայիս 2011


Նախապատրաստել աշխարհը Երկրորդ Գալստին

Ձեր միսիան սուրբ հնարավորություն կլինի՝ ուրիշներին դեպի Քրիստոս բերելու և օգնելու համար նրանց նախապատրաստվել Փրկչի Երկրորդ Գալստին:

Նկար
Elder Neil L. Andersen

Այս երեկո ես իմ խոսքը հատկապես ուղղում եմ 12-ից 25 տարեկաններին, ովքեր կրում են Աստծո քահանայությունը: Մենք ձեր մասին շատ ենք մտածում և մենք աղոթում ենք ձեզ համար: Մի անգամ ես պատմել եմ մեր չորս տարեկան թոռնիկի պատմությունը, ով շատ ուժեղ հրել էր իր փոքր եղբորը: Լացող երեխային սփոփելուց հետո կինս՝ Քեթին, շրջվեց դեպի չորս տարեկանն ու մտախոհ հարցրեց. «Ինչու՞ հրեցիր քո փոքր եղբորը»: Նա նայեց իր տատիկին և պատասխանեց. «Միմի, կներես: Ես կորցրել եմ իմ ԸՃ մատանին, և ես չեմ կարողանում ընտրել ճիշտը»: Մենք գիտենք, որ դուք միշտ ճիշտն ընտրելու ջանք չեք խնայում: Մենք ձեզ շատ ենք սիրում:

Արդյոք երբևէ մտածե՞լ եք, թե ինչու եք աշխարհ ուղարկվել հենց այս որոշակի ժամանակաշրջանում, այլ չեք ծնվել Ադամի և Եվայի ժամանակներում, կամ երբ փարավոններն էին կառավարում Եգիպտոսում, կամ էլ Մինգ դինաստիայի ժամանակներում: Դուք աշխարհ եք եկել հենց այս ժամանակ՝ Քրիստոսի առաջին գալստից 20 դար անց: Աստծո քահանայությունը վերականգնվել է երկրի վրա, և Տերը առաջ է մեկնել Իր ձեռքը՝ նախապատրաստելու աշխարհը Իր փառահեղ վերադարձին: Սրանք մեծ հնարավորության և կարևոր պարտականությունների օրեր են: Սրանք ձեր օրերն են:

Ձեր մկրտությամբ դուք հաստատել եք ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: Քահանա ձեռնադրվելով՝ ձեր տաղանդներն ու հոգևոր կարողությունները ավելացել են: Ձեր կարևոր պարտավորություններից մեկն է՝ օգնել նախապատրաստել աշխարհը Փրկչի Երկրորդ Գալուստը:

Տերը նշանակել է իր մարգարեին՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին կազմակերպել Իր քահանայության աշխատանքը: Ձեզ Նախագահ Մոնսոնն ասել է. «Տիրոջը միսիոներներ են հարկավոր»:1 «Յուրաքանչյուր արժանի, ունակ երիտասարդ տղամարդ պետք է պատրաստվի միսիայում ծառայելուն: Միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է՝պարտավորություն, որ Տերն ակնկալում է [ձեզանից], ում այսքան շատ է տրված»:2

Միսիոներական ծառայությունը զոհաբերություն է պահանջում: Միշտ որևէ բան կգտնվի, ինչը դուք հետևում կթողնեք, երբ պատասխանեք ծառայելու մարգարեի կանչին:

Նրանք, ովքեր հետևում են ռեգբիի խաղերին, գիտեն, որ Նոր Զելանդիայի Ամբողջովին սևեր՝ անունը, որը տրվել է նրանց իրենց համազգեստի գույնի պատճառով, ռեգբիի երբևէ եղած ամենանշանավոր թիմն է:3 Նոր Զելանդիայի «Ամբողջովին սևերում» ընտրվելը կարող է համեմատվել ամերիկյան ֆուտբոլի Սուպերբոուլ թիմում կամ Աշխարհի Գավաթի ֆուտբոլային թիմում ընդգրկվելու հետ:

1961թ.-ին, Սիդնի Գոինգ անունով Ահարոնյան Քահանայության մի կրող 18 տարեկանում արդեն աստղ էր Նոր Զելանդիայի ռեգբիի բնագավառում: Նրա աչքի զարնող բացառիկ ունակությունների շնորհիվ շատերը համոզված էին, որ նա հաջորդ տարի կընդգրկվեր «Ամբողջովին սևեր» ազգային թիմում:

19 տարեկանում, ռեգբիի կարիերայի վերելքի խիստ կարևոր պահին, Սիդը հայտարարեց, որ կթողնի ռեգբին՝ միսիայում կծառայելու համար: Որոշ մարդիկ նրան խենթ, ուրիշները՝ հիմար անվանեցին:4 Նրանք հավատացնում էին, որ նրա հաջողությունները ռեգբիում կարող էին երբեք նորից չկրկնվել:

Սիդի համար դա այն չէր, ինչը նա թողնում էր հետևում, դա գալիք հնարավորություն և պարտավորություն էր: Նա քահանայության պարտականություն ուներ՝ տալու իր կյանքի երկու տարիները Տեր Հիսուս Քրիստոսի վերականգնված ճշմարիտ ավետարանը քարոզելու աշխատանքին: Ոչինչ, նույնիսկ ազգային թիմում խաղալու ողջ համբավը և դրանից բխող հնարավորությունը, նրան չէին կանգնեցնի, հետ չէին պահի այդ պարտականությունը կատարելուց:5

Աստծո մարգարեի կողմից նա կանչվեց արևմտյան Կանադա՝ միսիայում ծառայելու: Քառասունութ տարի առաջ այս ամսին 19-ամյա Երեց Սիդնի Գոինգը թողեց Նոր Զելանդիան, որպեսզի որպես միսիոներ ծառայեր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:

Սիդը ինձ պատմել է մի փորձառություն մասին, որն ունեցել էր իր միսիայի ընթացքում: Մի երեկո, երբ նա ու իր զուգընկերն արդեն պետք է վերադառնային իրենց բնակարան, նրանք որոշեցին այցելել ևս մեկ ընտանիքի: Ընտանիքի հայրը թույլ տվեց նրանց ներս մտնել: Երեց Գոինգը և նրա զուգընկերը վկայեցին Փրկչի մասին: Ընտանիքը ընդունեց Մորմոնի Գիրքը: Հայրը կարդաց այն ամբողջ գիշեր: Հաջորդ մեկ ու կես շաբաթվա ընթացքում նա կարդաց ամբողջ Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերն ու Թանկագին Մարգարիտը: Մի քանի շաբաթ անց ընտանիքը մկրտվեց:6

Նոր Զելանդիայի «Ամբողջովին սևերի թիմում» ընդգրկվելու փոխարեն՝ մի՞սիա: Սիդը պատասխանել էր. «Ուրիշներին դեպի ավետարան բերելու օրհնությունը շատ ավելի կարևոր է, քան որևէ բան, որ [դուք] երբևէ կզոհաբերեք»:7

Դուք հավանաբար կուզենաք իմանալ, թե ինչ պատահեց Սիդ Գոինգի հետ իր միսիայից հետո: Ամենակարևորը. հավերժական ամուսնություն իր սիրելի Քոլլինի հետ, հինգ ազնվագույն երեխաներ և թոռների հրաշալի սերունդ: Նա ապրեցվ իր կյանքը, վստահելով իր Երկնային Հորը, պահելով պատվիրանները և ծառայելով ուրիշներին:

Իսկ ռեգբի՞ն: Իր միսիայից հետո Սիդ Գոինգը դարձավ «Ամբողջովին սևերի» պատմության մեջ ամենալավ խաղացողը, խաղալով 11 խաղաշրջաններում և երկար տարիներ ծառայելով որպես թիմի ավագ:8

Իսկ որքանո՞վ էր Սիդ Գոինգը լավ խաղացող: Նա այնքան լավն էր, որ մարզումների և խաղերի ժամանակացույցերը փոխվեցին, քանի որ նա չէր խաղում կիրակի օրը:9 Նա այնքան լավն էր, որ Անգլիայի թագուհին հաստատեց նրա ավանդը ռեգբիում:10 Նա այնքան լավն էր, որ նրա մասին գրվեց Սուպեր Սիդ վերնագրով գիրքը:

Ի՞նչ կլիներ, եթե իր միսիայից հետո Սիդը չհասներ այդ փառքին: Այս Եկեղեցու միսիոներական ծառայության մեծագույն հրաշքներից մեկն այն է, որ Սիդ Գոինգը և նրա նման հազարավորները չեն հարցրել՝ «Ինձ ի՞նչ կտա իմ միսիան», այլ դրա փոխարեն ասել են՝ «Ի՞նչ կարող եմ ես տալ»:

Ձեր միսիան սուրբ հնարավորություն կլինի՝ ուրիշներին դեպի Քրիստոս բերելու և օգնելու համար նրանց նախապատրաստվել Փրկչի Երկրորդ Գալստին:

Տերը երկար ժամանակ խոսել է Իր Երկրորդ Գալստին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին: Ենովքին Նա հայտարարել է. «Ես արդարություն ցած կուղարկեմ երկնքից. և ճշմարտություն առաջ կուղարկեմ երկրից … և արդարությունով ու ճշմարտությունով ես կսրբեմ երկիրը, ասես ջրհեղեղով, որպեսզի հավաքեմ իմ ընտրյալներին աշխարհի չորս կողմերից»:11 Դանիել մարգարեն մարգարեացել է, որ վերջին օրերում ավետարանն առաջ կգլորվի մինչև աշխարհի ծայրերը, ինչպես «սարիցը մի քար կտրուեցաւ առանց ձեռքի»:12 Նեփին խոսեց վերջին օրերի եկեղեցու մասին, որ այն թվով փոքր էր, բայց տարածվում էր ողջ երկրի երեսի վրա:13 Տերը հայտարարել է այս տնտեսությունում. «Դուք կանչված եք՝ իրագործելու իմ ընտրյալների հավաքումը»:14 Իմ երիտասարդ եղբայրներ, ձեր միսիան մեծ հնարավորություն և պարտավորություն է, այն կարևոր է այս խոստացված հավաքման համար և կապված է ձեր հավերժական ճակատագրի հետ:

Վերականգնման վաղ շրջանից սկսած Եղբայրները շատ լուրջ են վերաբերվել ավետարանի մասին հայտարարելու իրենց պարտականությանը: 1837թ. Եկեղեցու կազմավորումից ընդամենը յոթ տարի անց, ավետարանն ուսուցանելու համար միսիոներներ ուղարկվեցին Անգլիա: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում միսիոներները քարոզում էին զանազան երկրներում՝ Ավստրալիայում, Ֆրանսիական Պոլինեզիայում, Հնդկաստանում, Յամայկայում, Չիլիում և Չինաստանում:15

Տերն օրհնել է այս աշխատանքը և եկեղեցիներ է հիմնել աշխարհով մեկ: Այս ժողովը թարգմանվում է 93 լեզուներով: Մենք շնորհակալ ենք 52225 լիաժամկետ միսիոներներին, որոնք ծառայում են 150-ից ավելի երկրներում:16 Արևը երբեք մայր չի մտնում արդարակյաց միսիոներների համար, ովքեր վկայում են Փրկչի մասին: Մտածեք 52000 միսիոներների հոգևոր ուժի մասին, ովքեր օժտված են Տիրոջ Հոգով և համարձակորեն հայտարարում են, որ «տրված չի լինի ոչ ուրիշ անուն, ոչ ուրիշ ճանապարհ, ոչ էլ միջոց, որի շնորհիվ կարող է փրկություն գալ մարդկանց զավակներին … միայն Քրիստոսի՝ Ամենակարող Տիրոջ անունով և միջոցով»:17 Մենք մեր երախտագիտություն ենք հայտնում տասնյակ հազարավոր վերադարձած միսիոներներին, ովքեր տվել և շարունակում են տալ իրենց լավագույնը: Աշխարհը նախապատրաստվում է Փրկչի Երկրորդ Գալստին բացառապես Տիրոջ աշխատանքի շնորհիվ՝ Նրա միսիոներների միջոցով:

Միսիոներական ծառայությունը հոգևոր աշխատանք է: Արժանիությունն ու նախապատրաստությունը խիստ կարևոր են: Նախագահ Մոնսոնն ասել է. «Երիտասարդ տղաներ, ես խրախուսում եմ ձեզ նախապատրաստվել որպես միսիոներ ծառայելուն: Որպեսզի ներկայացնեք Տիրոջը՝ ձեր անձը մաքուր, անարատ ու արժանի պահեք»:18 Ձեր միսիային նախորդող տարիներին, խնդրում եմ, հիշեք, որ ձեր առաջ սրբազան հանձնարարություն ունեք: Միսիայից առաջ ձեր արած գործերը մեծապես կազդեն ձեզ հետ միսիա բերած քահանայության զորության վրա: Լավ նախապատրաստեք ձեր անձերը:

Նախագահ Մոնսոնը խոսել է այն մասին, որ «յուրաքանչյուր արժանի, ունակ երիտասարդ [պատրաստվի] միսիայում ծառայելուն»:19 Երբեմն առողջական կամ որևէ այլ պատճառով, ինչ որ մեկը ի վիճակի չի լինի ծառայել: Դուք կիմանաք ձեր ծառայելու կարողության մասին, երբ խոսեք ձեր ծնողների և ձեր եպիսկոպոսի հետ: Եթե ձեր իրադրությունը այդպիսին լինի, խնդրում եմ, պակաս կարևոր չհամարեք ձեր առջև դրված կարևոր լիազորությունը: Տերը շատ առատաձեռն է նրանց հանդեպ, ովքեր սիրում են Իրեն, և Նա այլ դռներ կբացի ձեզ համար:

Ոմանք կարող է մտածեն, որ, միգուցե, իրենք շատ մեծ են ծառայելու համար: Իմ ընկերներից մեկը, ով Չինաստանից էր, գտել էր Եկեղեցին Կամբոջիայում, երբ մոտավորապես 25 տարեկան էր: Նա խորհում էր, թե արդյոք կկարողանար ծառայել միսիայում: Աղոթելուց և իր եպիսկոպոսի հետ խոսելուց հետո, նա կանչվեց և ազնվորեն ծառայեց Նյու Յորք Սիթիում: Եթե դուք մտահոգություններ ունեք՝ կապված ձեր տարիքի հետ, աղոթեք և խոսեք ձեր եպիսկոպոսի հետ: Նա կառաջնորդի ձեզ:

Միսիոներների հիսուն տոկոսը ծառայում է իր սեփական հայրենիքում: Թերևս դա է ճիշտը: Տերը խոստացել է, որ «ամեն մարդ կլսի ավետարանի լրիվությունն իր լեզվով՝ իր մայրենի լեզվով»:20 Դուք կկանչվեք մարգարեությամբ և կծառայեք այնտեղ, որտեղ ձեր կարիքը ամենամեծն է:

Ես սիրում եմ հանդիպել միսիոներներին աշխարհի տարբեր մասերում: Վերջերս, Ավստրալիա Սիդնի Միսիա այցի ժամանակ գիտե՞ք, թե ես ում գտա. Երեց Սիդնի Գոինգին՝ Նոր Զելանդիայի ռեգբիի լեգենդին: Այժմ, 67 տարեկան հասակում, նա մեկ անգամ ևս միսիոներ է, բայց այս անգամ իր ընտրած զուգընկերոջ՝ քույր Քոլլին Գոինգի հետ: Նա պատմեց ինձ մի ընտանիքի մասին, որին կարողացել էին ուսուցանել: Ծնողները Եկեղեցու անդամներ էին, սակայն տարիների ընթացքում դարձել էին քիչ ակտիվ: Երեց և Քույր Գոինգները օգնեցին բորբոքել ընտանիքի հավատքը: Երեց Գոինգն ինձ պատմեց իր զգացած զորության մասին, մինչ կանգնած էր ընտանիքի հոր կողքին մկրտության ավազանի մոտ, երբ ավագ որդին, որն այժմ քահանայություն էր կրում, մկրտեց իր կրտսեր եղբորը և քրոջը: Մեծ էր նրանց ուրախությունը, երբ տեսնում էին միասնական ընտանիք, ովքեր միասին ակնկալում էին հավերժական կյանք:21

Խոսքն ուղղելով ձեզ՝ Առաջին Նախագահությունն ասել է.

«[Դու] ընտրյալ [հոգի] [ես], որ ծնվել [ես] այս ժամանակաշրջանում, երբ ինչպես պատասխանատվություններն ու հնարավորությունները, այնպես էլ գայթակղություններն ամենամեծն են: …

Մենք աղոթում ենք ձեզանից յուրաքանչյուրի համար … որ դուք կարողանաք կատարել ձեր առջև դրված մեծ աշխատանքը … որ դուք արժանի լինեք [և ցանկանաք] շարունակելու Աստծո արքայությունը կառուցելու և աշխարհը Փրկչի Երկրորդ Գալուստին նախապատրաստելու պարտավորությանը»:22

Ես սիրում եմ Փրկչի Երկրորդ Գալուստը պատկերող Հարրի Անդերսոնի նկարը: Այն ինձ հիշեցնում է, որ Նա կգա վեհությամբ ու իշխանությամբ: Զարմանալիքներ տեղի կունենան երկրում և երկնքներում:23

Նրանք, ովքեր սպասում են Տիրոջ գալստին, «կփնտրեն [Նրան]»: Եվ Նա խոստացել է՝ «Ես կգամ»: Արդարները կտեսնեն Նրան «երկնքի ամպերի մեջ,[բոլոր սուրբ հրեշտակների հետ], զորություն ու մեծ փառք հագած»:24 «Հրեշտակը պիտի հնչեցնի իր փողը … և սրբերը [աշխարհի չորս կողմերից]25 … կհափշտակվեն վեր, որ դիմավորեն նրան»:26 Նրանք, «որ ննջել են», նկատի ունենալով այն արժանի սրբերին, ովքեր մահացել են, «[նույնպես] առաջ պիտի գան [Նրան] դիմավորելու»:27

Սուրբ գրություններում կարդում ենք. «Տերն իր ոտքը կդնի սարի վրա»28 և «[Նա] պիտի արձակի իր ձայնը, և աշխարհի բոլոր ծայրերը պիտի լսեն այն»:29

Քահանայություն կրող իմ երիտասարդ եղբայրներ, ես վկայում եմ այս փառահեղ իրադարձության վեհության, և, առավել ևս, հավաստիության մասին: Փրկիչն ապրում է: Նա կվերադառնա աշխարհ: Եվ լինի դա վարագույրի այս, թե այն կողմում, դուք և ես կհրճվենք Նրա Գալստով և շնորհակալություն կհայտնենք Տիրոջը, որ Նա մեզ աշխարհ ուղարկեց՝ կատարելու մեր սուրբ պարտականությունը այս ժամանակաշրջանում, օգնելու նախապատրաստել աշխարհը Նրա Վերադարձին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: